From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի կարմիր գիրք, բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։
Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987 թվականին հրատարակել է Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի՝ 155 անողնաշարավոր (16 տեսակի փորոտանիներ և 139 միջատներ) և 153 ողնաշարավոր, կաթնասունների՝ 29 (անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), թռչունների՝ 96 (սովորական ֆլամինգո, մոխրագույն սագ, հայկական որոր, սև անգղ, կովկասյան մայրեհավ և այլն), սողունների՝ 19 (հայկական իժ, կովկասյան կատվաօձ, անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, փոքրասիական մողես և այլն), երկկենցաղների՝ 2 (սիրիական սխտորագորտ) և ձկների 2 (Սևանի իշխան, Սևանի բեղլու) տեսակներ[1]։
Բուսաբանության ինստիտուտը կազմել և 1989 թվականին հրատարակել է Հայկական ՍՍՀ Կարմիր գիրքը, որտեղ ընդգրկվել են 387 տեսակի անոթավոր բույսեր։ 2007-2009 թվականներին առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ Հայաստանի ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնագետների կողմից տպագրվել է Հայաստանի բույսերի կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 452 բուսատեսակ և 40 սնկերի նկարագրություններ և 223 առանձին մտահոգիչ կարգավիճակով բուսատեսակներ[1]։ Կարմիր գրքում գրանցված 675 բուսատեսակները ներկայացված են միջազգայնորեն ընդունված 6 կարգավիճակով՝ կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված, խոցելի, վտանգման սպառնացող վիճակին մոտ, տվյալների անբավարարությամբ և քիչ մտահոգող տեսակներ[2]։ Կարմիր գրքում մանրամասն տեղեկություններ են տրված արգելոցների, Սևան ազգային պարկի, մշակաբույսերի վայրի ցեղակիցների, բուսական ծածկույթի վերաբերյալ։ Հայաստանի բույսերի Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ. թիվ 72– որոշմամբ[3][4]։
Հայաստանի տարածքի բույսերի ու կենդանիների որոշ տեսակներ (հայկական արոսենի, արարատյան և ուրարտական ցորեններ, Վավիլովի տարեկան, հայկական լեռնատափաստանային իժ, գանգրափետուր հավալուսն, հովազ) գրանցվել են նաև Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.