From Wikipedia, the free encyclopedia
Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ կամ Հորվաթի տակիրային կլորագլուխ (լատին․՝ Phrynocephalus horvathi), ագամաների ընտանիքի կլորագլուխների ցեղի (Prynocephalus) մողես։ Նախկինում համարվել է տակիրային կլորագլխի (Phrynocephalus helioscopus horvathi) կամ պարսկական կլորագլխի ենթատեսակ (Phrynocephalus persicus horvathi)[1][2][3]: 2008 թվականին ստացել է տեսակի կարգավիճակ[1][4][5]։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում[2][6]։
Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Phrynocephalus horvathi
Mehely, 1894
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Լայն մարմնով փոքր մողես է. երկարությունը տարիքի հետ փոխվում է (2.5-6.5 սմ), պոչը գրեթե նույն երկարության է և չի ինքնահատվում. նրա բազմազան շարժումներով ապահովվում է հաղորդակցումը։ Արտաքին ականջ և թմբկաթաղանթ չունի։ Մեջքային մակերեսին կան բազմաթիվ փշանման թեփուկներ։ Մեջքի գունավորումը բազմազան է, սովորաբար հողագույն է։ Ընդհանուր գորշավուն կամ մոխրագույն գունավորման վրա կա համաչափ մուգ և բաց բծերից կազմված նախշ։ Պարանոցի հատվածում կան կապույտ եզրագծով 2-3 կարմրավուն բծեր։ Պոչն ունի արտահայտված լայնակի զոլավոր նախշ։ Որովայնային մակերեսը սպիտակավուն է, հաճախ՝ խոշոր նարնջագույն բծով[7]։
Ակտիվանում են գալիս մարտի սկզբին և ակտիվ են մինչև նոյեմբեր։ Սնվում են մանր հոդվածոտանիներով (մրջյուններ, մանր բզեզներ, նեպուկներ, ճանճերի թրթուրներ, սարդեր և այլն)։ Տարվա ընթացքում ձվադրում է 2-3 անգամ, ձվակույտում` 2-7 (հիմնականում՝ 3-5) ձու։ Բնության մեջ կյանքի տևողությունը մինչև 3 տարի է։ Բնական թշնամիներից են սովորական մողեսօձն ու արևմտյան վիշապիկը, ինչպես նաև՝ գիշատիչ թռչուններն ու փոքր գազանները[2][8]։
Հանդիպում է Արաքս գետի հովտում՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արարատի մարզերում, Թուրքիայի հյուսիսարևելյան շրջաններում, Նախիջևանում, ինչպես նաև՝ Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում (Ուրմիա լճի ավազան)։ Բնակվում է տակիրային կիսաանապատներում և նոսր քսերոֆիտ բուսածածկով ավազուտների ու աղուտների ռելիկտային կղզյակներում՝ ծովի մակարդակից 800-1050 մ բարձրությունների վրա[1][2][4][5]։
ԲՊՄՄ գնահատմամբ Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ ընդհանուր թվաքանակը չի գերազանցում 1500-2000 առանձնյակը[1]։ Հայաստանում այժմ հայտնի են Արաքս գետի հովտում պահպանված միայն 6 պոպուլյացիաներ, որոնցում թվաքանակը խիստ փոքր է։ «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում խտությունը կազմում է 1-2, Արմավիրի շրջակայքում` 1-2, Բագարանի շրջակայքում` 2-3, Արարատի մարզի ավազուտներում՝ 1.5-2 առանձնյակ 1 հա վրա[2]։
1894 թվականին հունգարացի կենդանաբան Լայոշ Մեհեյը Արաքս գետի հովտում արած հետազոտությունների հիման անդրկովկասյան կլորագլուխը նկարագրեց որպես առանձին տեսակ կամ տակիրային կլորագլխի ենթատեսակ՝ Phrynocephalus helioscopus horvathi[4][5][9]: Սակայն 1950-ականներից սկսած բազմաթիվ կենդանաբաններ Անդրկովկասից մինչև Իրանի Կենտրոնական սարահարթ հանդիպող բոլոր կլորագլուխները նկարագրեցին Phrynocephalus persicus ձևով՝ Հորվաթի կլորագլուխը բնորոշելով պարսկական կլորագլխի ենթատեսակ՝ Phrynocephalus persicus horvathi, սակայն այլ գիտնականներ կասկածի տակ էին առնում այդ պոպուլյացիաների ընդհանրությունը[1][4][5][10][11][12]։
2008 թվականին ձևաբանական և մոլեկուլա-գենետիկական անալիզը ամփոփող գրականության տվյալների հիման վրա Ռուսաստանի ԳԱ Կենդանաբանական ինստիտուտի աշխատակիցներ Մելնիկովը և Անանևան, ՀՀ ԳԱԱ աշխատակից Աղասյանը և Շահիդ Բեհեշտիի համալսարանի աշխատակից Ռաջաբիզադեն առաջարկում են Phrynocephalus helioscopus horvathi և Phrynocephalus persicus տերմինները որպես առանձին կարգաբանական ձևեր, և ըստ այդ տվյալների՝ Արաքսի հովտում «պարսկական կլորագլխի» վերաբերյալ հավաքագրված ամբողջ նյութը հարկավոր է վերագրել անդրկովկասյան կլորագլխին։ Այսպիսով, անդրկովկասյան տակիրային կլորագլուխը բնորոշվեց որպես առանձին տեսակ (Phrynocephalus horvathi Mehely, 1894)[4][5]։
Խիստ սակավաթիվ, անհետացող տեսակ է, ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում, գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ (անգլ.՝ Critically Endangered), որովհետև վերջին 10-15 տարվա ընթացքում կորցրել է արեալի ավելի քան 80 %-ը հողատարածքները գյուղատնտեսական և քաղաքաշինական նպատակներով օգտագործելու հետևանքով[1][2][13]։
Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում[ն 1]: Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» և «Որդան կարմիր» արգելավայրերում։ Որոշակի պայմաններ ստեղծելու դեպքում հնարավոր է բազմացումը տերարիումներում[2]։ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի համաձայն անդրկովկասյան տակիրային կլորագլխի յուրաքանչյուր առանձնյակի և ձվի ոչնչացման համար սահմանվում է 15000 դրամ հատուցման վճար[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.