Remove ads
գյուղ Հայաստանի Տավուշի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Կողբ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի հյուսիս-արևելքում։
Գյուղ | ||
---|---|---|
Կողբ | ||
Կողբ գյուղի համայնապատկերը, 2017 թվական | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Կողբ համայնք | Կողբ | |
ԲԾՄ | 750 մետր | |
Կլիմայի տեսակ | Բարեխառն, մեղմ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 4420[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (266 5) | |
Փոստային ինդեքս | 4110 | |
Ավտոմոբիլային կոդ | 58 | |
| ||
Բնակավայրը գտնվում է Իջևանից Բագրատաշենի անցակետ տանող ավտոմոբիլային ճանապարհին։ Գյուղից հյուսիս-արևելք գտնվում է Բերդավան գյուղը, արևելքում՝ Նոյեմբերյան քաղաքը, հյուսիս-արևմուտքում, արևմուտքում և հարավ-արևմուտքում շրջապատված է անտառապատ լեռներով։
Կողբ գյուղը տեղաբաշխված է Տավուշի մարզի հյուսիս-արևմուտքում։ Մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է 50 կմ, մայրաքաղաք Երևանից՝ 195 կմ, մոտակա քաղաք Նոյեմբերյանից՝ 4 կմ։ Գյուղի հարավ-արևմուտքում է ձգվում Գուգարաց լեռնաշղթան, որը բաժանված Կոտմանի լեռնաբազուկով։ Ծովի մակարդակից բարձր է 750 մետր։ Բնակավայրի սահմանային գոտով է հոսում Կողբ գետը։ Հայ-ադրբեջանական շփման գծից հեռու է շուրջ 5 կմ։
Կլիման մեղմ է, ամռան և ձմռան ջերմաստիճանները՝ չափավոր։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +13 °C, իսկ տեղումները 600-700 մմ։ Գարունը կարճատև է և անձրևային, աշունը՝ մեղմ ու տևական։
Զիկատարը բնության հատուկ պահպանվող տարածք է Տավուշի մարզի հյուսիս-արևմուտքում։ 26 արգելավայրերից մեկն է[2]։ Կազմավորվել է 2010 թվականի ապրիլի 8-ին՝ ՀՀ կառավարության N 380-Ն որոշմամբ[2]։ Ունի 150 հա տարածք և զբաղեցնում է Գուգարաց լեռնաշղթայի Ձիգկատար լեռնագագաթի հյուսիսարևելյան լանջերը՝ Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները։ Ծովի մակարդակից բարձր է 1250-1650 մ[2]։
Արգելավայրը ստեղծվել է Ձիգկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացման, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու համար[2]։
Կողբը Հայաստանի հնագույն բնակավայրերից է և ունի բազմադարյա պատմություն։ Այդ մասին են վկայում Կողբի տարածքում հայտնաբերված պատմական հուշարձանները, որոնցից մի մասը թվագրվում է մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով։ Կողբ բնակավայրն ու Կողբաքար ամրոցը համապատասխանում են պատմական Կողբափոր գավառին, որի մասին հիշատակել է դեռևս Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ[3]։
Մեծ Հայքի ժամանակաշրջանում՝ մ․թ․ա․ 331-ից մինչև մ․թ․ 428 թվականներին, Կողբը իր ընդարձակ տարածքներով հանդերձ եղել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի գավառներից և կրել է Կողբափոր անունը[3]։ Գավառը սահմանակից էր Մեծ Հայքի Ուտիք նահանգին։
5-ից 7-րդ դարերի «Աշխարհացույց»-ում Կողբափորը հիշատակվում է որպես Գուգարքի 3-րդ գավառ։
9-ից 11-րդ դարերում Կողբափոր գավառը եղել է Տաշիր-Ձորագետի թագավորության կազմում։
12-ից 13-րդ դարերում Կողբափոր գավառը Զաքարյանների իշխանության կազմում էր։
Կողբը հարուստ է տարբեր դարերով թվագրվող պատմամշակութային հուշարձաններով[4][5][6]։
Կողբ գյուղի թվով 72 հուշարձան Հայաստանի կառավարության կողմից 2004 թվականին հաշվառվել և ներառվել են Կողբի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում[4]։ Գյուղի տարածքում կան բազմաթիվ այլ պատմամշակութային կառույցներ, որոնք ներառված չեն պետական ցուցակում։ Այդպիսի հուշարձաններից են գրեթե ամբողջությամբ ավերված կառույցները և այլն։
Պետական հշվառվում ունեցող հուշարձաններն են՝
Մշկավանքը գտնվում է Կողբ գյուղից 3 կմ հարավ՝ անտառապատ, բարձրադիր սարահարթի վրա։ Հանդիսանում է հայ առաքելական վանական համալիր[5][6][7]։ Կառուցման թվականի մասին հստակ հիշատակություններ չկան։ Կառույցի ճարտարապետական հորինվածքի հիման վրա կարելի է ասել, որ այն կառուցվել է 12-ից 13-րդ դարերում[5][6][7][8]։ Վանական համալիրը կազմված է եղել մի շարք շինություններից, որոնցից այժմ պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, նրան կից գավիթը, հարակից գերեզմանոցը, կիսավեր մատուռը։ Հիմնական շինությունը կառուցված է դեղնակարմրավուն ֆելզիտի խոշոր սրբատաշ քարերով[5][6][7]։ Վանքի մոտակայքում պահպանվել են վանքապատկան շինությունների ավերակներ։ Այն հայտնի է իր հարուստ խաչաքանդակներով և վիմական արձանագրություններով[6][6][7]։ Կողբից դեպի վանական համալիր առկա է գրունտային դժվարանցանելի ավտոճանապարհ։
Կոնդոխավանք, ավերված ամրոց Տավուշի մարզի Կողբից 4 կմ հարավ-արևմուտք։ Ամրոցի ավերակները գտնվում են անտառապատ վայրում։ Ընդգրկած տարածքը հյուսիսային, հյուսիսարևելյան և արևմտյան կողմերից շրջապատված է դժվարամատչելի թոեքադիր լանջերով, իսկ ամրոցը գտնվում է դրա գագաթին՝ հարթության վրա։ Ունի անկանոն ուղղանկյուն հատակագիծ ունեցող պարսպապատերով։ Ամրոցը ավերված է։ Համեմատաբար լավ են պահպանվել արևելյան և հարավարևելյան կողմերի 2․5-3 մետր լայնություն ունեցող պատերի ստորին շերտերը։ Այն կառուցված է անմշակ և խոշորածավալ քարերով, որոնց արանքում կա մանր քարերով լիցք։ Մուտքի կողմը չի նշմարվում, սակայն կարելի է ենթադրել որ եղել է համեմատաբար ավելի մատչելի հարավային կողմից։ Տարածքում կան ավերված այլ շինությունների ավերակներ։ Պահպանության տարածքը կազմում է 2,76 հա հողատարածք, իսկ հուշարձանինը՝ 0,44 հա[2][3]։
Ագեղցի (5-7 դար) Գյուղատեղի եկեղեցի։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք՝ Ագեղցի կոչվող հին գյուղատեղում պահպանվում են եռանավ եկեղեցու դահլիճի կիսավերպատը, արևելյան թևը՝ կիասշրջաաձև խորանով և կից ավանդարներով, մյուս կողմերի պատերը՝ կես բարձրությամբ։ Եկեղեցին մուտքեր է ունեցել հարավային և հյուսիսային կողմերից։ Պատերի ոչ մեծ հաստությունը, կամարների և թաղերի բացակայությունը, հիմք են տալիս ենթադրելու, որ եկեղեցին եղել է փայտածածկ։
Պատաշար, ավերված ամրոց Տավուշի մարզի Կողբից 5․5 կմ հարավ-արևմուտք։ Արևմտյան, արևելյան և հարավային կողմերից զառիթափ, իսկ հյուսիսային կողմից՝ մեղմաթեք լանջերով բարձունքի գագաթին։ Ամրոցի մնացորդները շրջապատված են գագաթի եզրագծին համապատասխան՝ արևմուտքում ձգվածությամբ, եռանկյունաձև հատակագիծ ունեցող պարսպապատերով։ Ամրոցը ավերված է։ Տեղ-տեղ կան պահպանված հատվածներ, որից կարելի է ենթադրել, որ ամրոցի պատշարը ունեցել է 3 մետր լայնություն, որը կառուցված է եղել անմշակ և խոշորածավալ քարերից։ Ամրոցը հյուսիս-արևմտյան, հարավ-արևմտյան, և արևմտյան անկյուններում ունեցել է աշտարակներ (պահպանվել են մնացորդները)։ Մուտքը եղել է հյուսային կողմից։ Ամրոցի տարածքից հայտնաբերվել են մ․թ․ա․ 1-ին հազարամյակի սկզբով թվագրված խեցեղենի բեկորներ։ Պահպանության տարածքը կազմում է 3,67 հա հողատարածք, իսկ հուշարձանինը՝ 0,5 հա։
Կողբի տարածքը հարուստ է հատկապես միջնադարյան հուշարձաններով, այդ ժամանակներին հատուկ կառույց է «Տվարաեղցի» կոչվող բազիլիկ եկեղեցին, որը կիսավեր վիճակում գտնվում է հին գյուղատեղում՝ գետի ձախ ափին։ Կանգուն է արևելյան պատը, խորանի գմբեթարդի զգալի մասով։ Մյուս կողմերում պատերի մի մասը պահպանվել է տարբեր չափերով։ Եկեղեցու շուրջը հին գերեզմանոց է։ Ճանապարհաշինության ժամանակ բացվել և ի հայտ են եկել քարարկղային գերեզմաններ։
Կողբի կենտրոնական եկեղեցին կոչվել է Սուրբ Աստվածածին։ Կառուցվել է 5-րդ դարում։ Պահպանվել են կիսավեր խորանները և երեք գերեզմանաքար։ 1936 թվականին եկեղեցին քանդել են։
Կողբը Հայաստանի ամենամարդաշատ գյուղերից է։ Բնակչության վիճակագրական թվային տվյալներ հայտնի են սկսած 1831 թվականից[9]։
Վերջին 200 տարում բնակչության ամենաշատ թվաքանակն արձանագրվել է 1989 թվականին՝ 5063 մարդ[9]։
Համաձայն Հայաստանի 2011 թվականի համընդհանուր մարդահամարի արդյունքների՝ Կողբ գյուղում բնակվում է 4420 մարդ, որից 2197-ը արական սեռի, 2223-ը՝ իգական[11]։
Կողբ գյուղն ընդգրկված է Կողբ համայնքի մեջ, որի կազմում է ներառված նաև Զորական գյուղը։ Կողբ համայնքի կենտրոնը Կողբ գյուղն է[12], որտեղ տեղակայված է համայնքապետարանը։
Կողբն ունի 2 միջնակարգ դպրոց[13][14][15], 2 մանկապարտեզ[15][16], երաժշտական դպրոց[17], գեղարվեստի դպրոց[18], մշակույթի կենտրոն[19], պատմության թանգարան[20][21], բուժկետ։
1920 թվականին Կողբում է կառուցվել առաջին գյուղական հիվանդանոցը[20]։
Կողբ գյուղում զարգացած է կրթական ոլորտը[22]։ Գյուղում գործում է 2 միջնակարգ[13][14][15], 1 երաժշտական[17], գեղարվեստի 1[18] դպրոց, 2 մանկապարտեզ[16]։
Մինչև 1928 թվականի դպրոցի շենքի կառուցումը Կողբում գործել է ծխական դպրոց, իսկ ավելի ուշ դասերը անց են կացվել մասնավոր տներում։
Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցը կրում է Ջահան Կարախանյանի անունը[13][15]։ Այն հիմնադրվել է 1928 թվականին[13]։ Գտնվում է գյուղի 30-րդ փողոցի 20-րդ շենքում[15]։ Յուրաքանչյուր տարի կրթական հաստատությունում սովորել են շուրջ 300 աշակերտ[13][15]։ 2020 թվականի դրությամբ դպրոցում սովորում է 284 աշակերտ, աշխատում է 55 աշխատակից[15]։ Դպրոցի տնօրենն է Գայանե Ավագյանը[13][15]։
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը կրում է Բագրատ Սահակյանի անունը։ Այն հիմնադրվել է 1972 թվականին[14]։ Գտնվում է գյուղի 1-ին փողոցի 9-րդ շենքում[15]։ 2020 թվականի դրությամբ դպրոցում սովորում է 250 աշակերտ, աշխատում է 54 աշխատակից[15]։ Դպրոցի տնօրենն է Հայկանուշ Ալեքսանյանը[14][15]։
Կողբի երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1993 թվականին Կողբի գյուղապետարանի նախաձեռնությամբ Նոյեմբերյան քաղաքի երաժշտական դպրոցի հիմքի վրա[17]։ Դպրոցում սովորում են շուրջ 76 աշակերտ և աշխատում մեկ տասնյակ աշխատակից[17]։ Գործում է դաշնամուրի, քանոնի, կլարնետի և շվիի բաժիններ[17]։ Երաժշտական դպրոցը մասնաճյուղեր ունի Բերդավան և Բագրատաշեն գյուղերում, որտեղ ընդհանուր առմամբ սովորում են շուրջ 150 աշակերտ[17]։
Կողբի գեղարվեստական դպրոցը հիմնադրվել է 1999 թվականին նկարիչ Կարո Ղուլիջանյանի նախաձեռնությամբ, ով հանդիսանում էր Կողբի գյուղի բնակիչ[18]։ Դպրոցում ուսուցանվում է գծանկարչություն, գեղանկարչություն, կոմպոզիցիա և արվեստի պատմություն[18]։ Յուրաքանչյուր տարի կատարվում է ընդունելություն` մրցութային կարգով[18][23]։
Կողբի թիվ 1 մանկապարտեզը հիմնադրվել է 1965 թվականին[16]։ Գտնվում է գյուղի Գետափնյա փողոցի 4-րդ շենքում[15]։ Զբաղվում է նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակությամբ և կրթությամբ[16]։ 2020 թվականի դրությամբ ունի 14 աշխատակից[15]։ Դպրոցի տնօրենն է Ալինա Մամյանը[15][16]։
Կողբի թիվ 2 մանկապարտեզը հիմնադրվել է 1974 թվականին[16]։ Գտնվում է գյուղի Նորաշենի փողոցում[15]։ Զբաղվում է նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակությամբ և կրթությամբ[16]։ 1994-1995 թվականներին մանկապարտեզը վերափոխվեց մանկապարտեզ-դպրոցի[16]։ Այդ կարգավիճակում այն գործեց 10 տարի, որից հետո կրկին ստացավ մանկապարտեզի կարգավիճակ[16]։ 2020 թվականի դրությամբ ունի 20 աշխատակից[15]։ Դպրոցի տնօրենն է Ծովինար Ասրիյանը[15]։
Կողբ գյուղում ակտիվ է մշակութային կյանքը։ Գործում են մի շարք հաստատություններ, պարբերաբար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ[19][19][20][24]։
Կողբի մշակույթի տունը սկսել է գործել 1945 թվականից Կողբ գյուղի գյուղխորհրդի կազմում։ 1976 թվականին շահագործման է հանձնվել մշակույթի տան տիպային նորակառույց շենքը։ 2002 թվականից մշակույթի տունը վերանվանվել է Կողբի մշակույթի կենտրոնի։ Մշակույթի կենտրոնում է գործում Կողբի պատմության թանգարանը, ինչպես նաև իր կազմի մեջ է գտնվում 2 գրադարան։ Մշակույթի կենտրոնում կազմակերպվում են պոեզիային և գրականությանը վերաբերող ցերեկույթներ, հիշատակի, տոնական և համերգային միջոցառումներ, մեծարման երեկոներ ու այլ մշակութային ծրագրեր։ Մշակույթի կենտրոնը գտնվում է գյուղի կենտրոնական մասում՝ գլխավոր ճանապարհին կից[19]։ Տնօրենն է Արման Տեր-Արսենյանը[15]։
Կողբի պատմության թանգարանը տեղակայված է գյուղի մշակույթի կենտրոնի երկրորդ հարկում և, որպես գյուղական թանգարան, իր ձևաչափով եզակի է ամբողջ Տավուշի մարզում[20][20][21]։ Այն հիմնադրվել է 1970 թվականին Սուրեն Աբովյանի կողմից[20][21][24]։
Թանգարանում հնարավորինս ներկայացված է Կողբի և հարակից տարածքների պատմությունը, կենցաղը, կյանքը[21]։ Այն ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ ցուցադրվում են հարյուրավոր ցուցանմուշներ[21]։ Ընդհանուր առմամբ թանգարանն ունի շուրջ 1700 ցուցանմուշ[20][24], որոնք հայտնաբերվել են պեղումների, պատահական շինարարական աշխատանքների, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում[21]։ Թանգարանի հավաքածուի մաս են կազմում 3000-ից 3700 տարվա կավե ամաններ ու բրոնզյա իրեր[21][24], պատմական մետաղադրամներ[21][24], կենցաղում օգտագործված իրեր[21][24], ազգագրական այլ ցուցանմուշներ[21], տարբեր ժամանակների և թեմատիկայի լուսանկարներ[20][21][24]։ Թանգարանի ամենահին ցուցանմուշը Կողբում գտնվող և մ.թ.ա. 9-րդ դարով թվագրվող դամբարանից հայտնաբերված մետաղյա թուրն է[20]։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։
Կողբը և իր շրջակա տարածքները՝ անտառները, հարուստ են օգտակար հանածոներով՝ երկաթ, սնդիկ, ցիոլիտ, իսկ անտառները՝ արքայախնձորով, նուշով, նուռով, զեյթունով (տնային պայմաններում), լիմոնով, ընտանի խնձորով և այլն։
1921 թվականին Կողբում են կառուցվել Խորհրդային Հայաստանի առաջին գյուղական ՀԷԿ-ը, փայտամշակման կոմբինատը, սղոցարան։ 1922 թվականին ստեղծվել է առաջին փորձնական անտառտնտեսությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.