Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Էրզրումի վիլայեթ, վարչական միավոր Թուրքիայում։ XVI դարից սկզբից եղել է Արևմտյան Հայաստանում նահանգ, վիլայեթ է անվանվել 1864 թվականին։ Վարչական կենտրոնը Էրզրում քաղաքն է։ Գտնվում է Թուրքիայի հյուսիս֊արևելյան մասում։
Վիլայեթ | ||
---|---|---|
Էրզրումի վիլայեթ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Հիմնադրված է | 1867 թ. | |
Մակերես | 72 000 կմ² | |
ԲԾՄ | 1960 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 600 000 մարդ (1905) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), Թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | էրզրումցի | |
| ||
XIX դարի վերջին XX դարի սկզբին սահմաններն էին՝ հյուսիս-արևելքից Կարսի մարզը, որ գտնվում էր Ռուսաստանի կազմում, հյուսիսից Տրապիզոնի, արևմուտքից Սեբաստիայի, հարավից Խարբերդի, Բիթլիսի և Վանի վիլայեթները։ Իր տարածքով հիմնականում համապատասխանում է պատմական Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգին։
Էրզրումի վիլայեթն ընդհանուր առմամբ ունի հարթ մակերևույթ։ Ընդգրկում է Էրզրումի, Երզնկայի, Կամախի սարահարթերը, ինչպես նաև Շաղագոմքի, Աշկալայի, Ալաշկերտի, Բասենի և Դութաղի դաշտերը։ Բնական սահմանները հյուսիսում կազմում էին Անտիպոնտական, հարավում՝ Բյուրակն-Մնձուրյան, արևելքում՝ Հայկական Պար, արևմուտքում՝ Արևմտյան Եփրատ գետի ջրբաժան բարձրությունները։
Էրզրումի սարահարթի միջին բարձրությունը ծովի մակերևույթից հասնում է 1960 մ։ Առանձին լեռնագագաթներից նշանավոր են Մարիամը, Գոհանամը, Այծպտկունքը, Թոփդաղը, Սուրբ Նշանը և Դումլուն։
Ունի խիտ գետային ցանց։ Նրա սահմաններում են սկիզբ առնում Արևմտյան և Արևելյան Եփրատ, Արաքս և Ճորոխ գետերը։ Էրզրումի դաշտի կենտրոնով հոսում է Արևմտյան Եփրատը, որն այդ մասում առաջացրել է եղեգներով ծածկված ընդարձակ ճահիճ-լիճ։ Հայ մատենագիրներն այն կոչել են Կարնո շամբ, Մոր, Ժողով ջուրց, իսկ Ղազար Փարպեցին նույնիսկ՝ Ծով Կարնո։
Էրզրումի վիլայեթն հռչակված էր իր աղբյուրներով և հանքային ջրերով։ Էրզրում քաղաքի բակերում, փողոցներում և առանձին տներում XIX դարում հաշվվում էին մոտ 500 աղբյուր։
Կլիման խիստ ցամաքային է, սակայն առողջարար։ Տարվա մոտ 6 ամիսը երկրամասը ծածկված է լինում ձյան հաստ շերտով։ Հողերն արգավանդ են, բերքառատ։
Օսմանյան թուրքերը պարսիկներից այն գրավել են 1514 թվականին, Չալդրանի ճակատամարտից հետո։ Ռուսները երեք անգամ (1829, 1878, 1916) գրավել են Էրզրումի վիլայեթի մեծ մասը և ստիպված վերադարձրել թուրքերին։ 1877—1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ Հայկական հարցը գրավեց միջազգային դիվանագիտության ուշադրությունը, թուրքական կառավարությունը ձգտում էր Արևմտյան Հայաստանը բաժան-բաժան անել այնպիսի վարչական միավորների, որտեղ հայերը փոքրամասնություն կազմեին։ Այդ նպատակով Էրզրումի վիլայեթը բաժանվեց Էրզրումի, Վանի, Հեքյարիի և Մուշի վիլայեթների։
Էրզրումի վիլայեթը Թուրքիայի ընդարձակ և բազմամարդ վիլայեթներից էր։ 1905 թվականին տարածքը 72 000 կմ2 էր, բնակչությունը՝ 600 000 մարդ։
Ըստ Ա-Դոյի, 1909 թվականին Էրզրումի վիլայեթում հաշվվում էր մոտ 389 հայաբնակ գյուղ և 9 քաղաք, որոնք ունեին 159 593 բնակիչ, մի այլ տվյալով՝ ավելի քան 200 000 հայ։ Հայաբնակ քաղաքներն էին՝ Էրզրում, Երզնկա, Խնուս, Բաբերդ, Կարաքիլիսե, Քղի, Ալաշկերտ, Կամախ։ Հայերն զբաղվում էին արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, անասնապահությամբ։ Ոչ միայն քաղաքները, այլն ամբողջական գյուղեր զբաղված էին առանձին, խիստ մասնագիտացված արհեստներով։
Գրիգոր Արծրունին նշում է, որ Էրզրումի գավառի Չիֆլիկ գյուղի բնակիչները հայտնի էին որպես հմուտ հյուսն-ատաղձագործներ, իսկ Օձնի գյուղինը՝ որպես քարակոփներ, որոնց արհեստները ժառանգաբար անցնում էին որդիներին։ Կանայք զբաղվում էին ջուլհակությամբ, ասեղնագործությամբ, գորգագործությամբ։
Հայաբնակ գյուղերում գործում էին հարյուրից ավելի վարժարաններ, որտեղ սովորում էին մոտ 8 000 երկսեռ աշակերտ։ 1830—1878 թվականներին Էրզրումից և հայաբնակ գյուղերից ավելի քան 9 000 ընտանիք գաղթեց ու բնակություն հաստատեց Անդրկովկասի տարբեր գավառներում։ Հետագայում, մինչև 1915 թվականի բռնագաղթը, այդ գյուղերը վերաբնակեցվեցին հայերով։
1895—1896 թվականներին, համիդյան կոտորածների ժամանակ, Էրզրումի վիլայեթում ևս տասնյակ գյուղեր ավերվեցին և հարյուրավոր հայեր զոհվեցին։ 1915 թվականի բռնագաղթի ժամանակ հայաբնակ գյուղերն իսպառ դատարկվեցին։ Բռնությամբ տեղահանված բնակիչների մեծ մասը զոհվեց թուրք ջարդարարների ձեռքով տարագրության ճանապարհին՝ մասնավորապես Կամախի կիրճում։
Էրզրումի վիլայեթը վարչականորեն բաժանված էր երեք սանջակի[1]՝
Վիլայեթն ուներ 28 գավառակ և 154 գյուղախումբ։
Բայազետի սանջակը տարածվում էր վիլայեթի հյուսիսարևելյան մասում։ Նրա մեջ մտնում էին 5 գավառակ՝
Էրզրումի գավառի կազմի մեջ մտնում էին 9 գավառակ՝
Երզնկայի սանջակը գրավում էր վիլայեթի արևմտյան մասը, որի մեջ մտնում էր 4 գավառ՝
1920-ական թթ. նախկին Էրզրումի վիլայեթի տարածքը վերաբաժանվեց մի քանի ավելի փոքր վիլայեթների, բայց համանուն վիլայեթը Էրզրում կենտրոնով պահպանվեց։ Չնայած ցուրտ կլիմային, Երզնկայի, Դերջանի և Աշկալայի դաշտերում կարելի է մշակել բամբակ, բրինձ, մրգատու և խաղողի այգիներ։ Հատկապես լավ են աճում հացահատիկային բույսերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.