Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Քղի, գյուղաքաղաք (ավան, քաղաք, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Հանդիսանում էր գավառակի կենտրոնը։ Գտնվում է Արածանիի աջակողմյան վտակ Քղիի (Կեղի) աջ ափին, վերջինիս գեղատեսիլ ձորալանջերին, բարձրաբերձ լեռների ու բլուրների գրկում, էրզրումից 132 կմ հարավ–արևմուտք։
Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Քղի | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Էրզրումի գավառ | |
Գավառակ | Քղիի գավառակ | |
Այլ անվանումներ | Կեղի, Կողոբերդ, Քեղի | |
ԲԾՄ | 1700 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 5013 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 12800 | |
| ||
Հնում Կողաբերդ անվան տակ մտել է Չորրորդ Հայք աշխարհի, Խորձյան գավառի մեջ։
Բնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները. Գասապա, Կեգի, Կեղ, Կեղի, Կիգի, Կիգ-Կասաբա, Կողաբերդ, Կողբերդ, Կողոբերդ, Ղասապա, Քեղի, Քեղի-Կասաբա, ՔղիճԳասապա, Քղի Կասապա։
Սետախառում և Քարագլուպ լեռների միջև ընկած ձորը կոչվում էր Քրականձոր։ Ձորի երկու կողմերից բխում էին սառնորակ և հանքային աղբյուրներ, որոնք ընդհանուր անունով կոչվում էին Սառատակ։ Այդ աղբյուրների ջրերը բավական էին Քղիի պես մի քանի քաղաքների։ Քղիի միջով հոսող գետակի առատ ջրերով աշխատում էին մի քանի ջրաղացներ։
Քաղաքի մոտ գտնվում էր Պոզաքար անունով ժայռաբեկորը, որի տակ ավանդության համաբայն մեծ պաշարով ոսկի էր կուտակված և այն կարող էր ձեռք բերել նա, ով մեկանով կգլորեր հսկա ժայռաբեկորը։
Քղին եղել է Արշակունիների երբեմնի ամառանոց։ Ենթադրվում է, որ այն եղել է Արշակունի սեպուհների նստավայրը և կառուցվել է IV դարում։
Հին Քղին (գտնվել է նոր Քղիից հյուսիս–արևելք, հետագայի Հագստուն գյուղի մոտ) խիստ տուժել է 1415 թվականի, ամբողջովին ավերվել 1616 թվականի երկրաշարժերից։ Ողջ մնացած բնակիչները նոր քաղաքը հիմնադրել են Սետեխառում և Քարագլուխ լեռների ստորոտին։ Մինչև 1616 թվականի երկրաշարժը Քղին եղել ե զուտ հայաբնակ և մարդաշատ։
XVI-XIX դարերում Քղիում բնակություն են հաստատել քրդեր և թուրքեր, բայց մինչև Մեծ եղեռնը մեծամասնությունը հայեր էին։ 1860-1870 թվականներին Քղիից բավականին շատ մարդիկ պանդխտության էին գնում։
1895 թվականի կոտորածի ժամանակ սպանվել է մոտ 1000 հայ։ Մինչև 1915 թվականը 200 հոգի հասցրել են գաղթել Արևելյան Հայաստան կամ տարագրվել այլ երկրներ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրք ջարդարարները Քղիի հայ բնակչությանը տեղահանել և կոտորել են Կամախի ձորում։ Կոտորածներից հաջողվել է փրկվել միայն 20 հոգու։ 1929 թվականի տվյալներով Քղիում հավաքված են եղել 500 նախկին քղիացի հայեր, որոնց հետագ ճակատագիրը հայտնի չէ։
1800-1830 թվականներին ուներ 14000 բանկիչ, որից 8000-ը՝ հայեր, 1830 թվականներին ուներ 13300 բանկիչ, որից 7000-ը՝ հայեր։
XX դարի սկզբին Քղին երկհարկանի քարաշեն տներով բարեկարգ քաղաք էր, 3500 բնակչությամբ (2450-ը՝ հայ)։ Հայերը կենտրոնացած էին քաղաքի Վերի կամ Քարկաձոր կոչվող մասի չորս թաղերում (Ս․ Հակոբ, Ս․ Սարգիս, Ս․ Լուսավորիչ, Վարի)։
Հայ բնակչության հիմնական զբաղմունքը արեհստագործությունն էր՝ մասնավորապես կոշկակարությունն ու կաշեգործությունը։ Զբաղվում էին նաև այգեգործությամբ, երկրագործությամբ և մողվաբուծությամբ։
Չնայած որ Քղին չուներ բանուկ ճանապարհներ, քաղաքն ուներ ներքին աշխույժ առևտուր և դրսի հետ կապված հարոստ վաճառականություն։ Քղիում կար շուկա, խանութներ և կրպակներ։
Քարագլուպ լերկ ու ապառաժոտ լեռան ստորոտում կար քարի ու կավի հանքեր։
Ս․ Հակոբի թաղում առաջնորդարանի շենքն էր։ 4 թաղերից յուրաքանչյուրն ուներ իր եկեղեցին, որոնցից նշանավոր էր Ս․ Սարգիսը (սյունազարդ, գմբեթավոր, ուներ նաև զանգակատուն)։ Ս. Հակոբն ու Ս. Սարգիսը ոչ շքեղ եկեղեցիներ էին, իսկ Ս. Աստվածածինը թեև խոշոր էր՝ 40 կանգուն բարձրությամբ և 40 կանգուն լայնությամբ, անզարդ ու անպաճույճ կառույց էր։
Քղին ուներ 3 մատուռներ, որոնք հիշատակում էին որպես եկեղեցիներ։
Քղիից 1 – 1,5 կմ հեռավորությամբ, ժայռոտ լեռան բարձր գագաթին, պահպանված են հնագույն (IV դար) բերդի մնացորդներ (հավանաբար եղել է Արշակունի ոստանիկների զորանիստ)։ Քղիի հիշարժան վայրերից էր սրբավայրի վերածված Ս․ Աստվածածին աղբյուրը, որը բխում էր Սետապառում լեռան ստորոտից։
Գյուղաքաղաքի տները քարաշեն էին։ Հին տները մի հարկանի էին՝ երդիկով և թոնիրով, իսկ նորերը՝ երկահարկ և եռահարկ։ Քաղաքը կառուցված էր ամֆիթատորնի ձևով։ Տները դասավորված էին շարքերով՝ սանդղանման։
XIX դարի վերջին և XX դարի սկզբին Քղիում գործել են արական (բացվել էր 1870 թվականին) ու օրիորդաց (բացվել էր 1880 թվականին) նախակրթարաններ և մեկ երկսեռ մանկապարտեզ։ Օրիորդաց նախակրթարանը գտնվում էր Ս. Հակոբի թաղում, իսկ տղաներինը՝ գեղեցիկ ու հարմարավետ շենք էր և գտնվում էր Ս. Սարգիս թաղում։
Քղին եղել է գրչության կենտրոն, հայտնի են 1464 թվականին Երեմիա սարկավագի օրինակած մի «Մաշտոց» և «Գանձարան»[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.