բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Ծորենի սովորական (լատին․՝ Bérberis vulgáris), ամիրպարիս, զրիշկ, թթութթվաշ, ժրիշկ, ծոր, կծոխուր, կոծոխրի, կոծոխուրի, կծուխուր, կծոխուր սովորական[1]։
Ծորենի սովորական | |
Ծորենի սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Ծորենազգիներ (Berberidaceae) |
Ենթաընտանիք | Ծորենայիններ (Berberidoideae) |
Տրիբա | Berberideae |
Ցեղ | Ծորենի (Berberis) |
Տեսակ | Ծորենի սովորական (B. vulgaris) |
Միջազգային անվանում | |
Berberis vulgaris |
Ծորենազգիների ընտանիքին պատկանող, տերևաթափ, 1,5-3 մ բարձրության փոշոտ թուփ է։ Տերևները հերթադիր են, փնջերով, ձվաձև կամ երկարավուն, բութ կամ սրածայր, ատամնավոր եզրերով, կարճ կոթուններով, բնորոշ թթու համով։ Ծաղիկները երկսեռ են, կրկնակի ծաղկապատյանով, անդուր հոտով, ծաղկաթերթիկները՝ ոսկեդեղին։ Հատապտուղը ձվաձև է, հյութալի, թթու, վառ կամ մուգ կարմիր, ծածկված բարակ մոմաշերտով։ Սերմերը մուգ դարչնագույն են, ձվաձև։ Ծաղկում է մայիս-հունիս, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Բազմանում է սերմերով և արմատամասերով։ Բազմաթիվ տեսակներից մեր հանրապետությունում հանդիպում են 3-ը (լատին․՝ B. vulgaris, iberica et orientalis), որոնք բոլորն էլ ունեն դեղորայքային նշանակություն և աճում են գետափերին, թփուտներում, անտառաեզրերին, մացառուտներում, չոր ու քարոտ լեռնալանջերին, արտեզրերին և այլուր։ Ծորենին լավ է աճում չեզոք կամ թույլ հիմնային հողերում, դիմացկուն է շոգի և չորության նկատմամբ։ Բացատներում հաճախ տալիս է անկանոն բուսուտներ։
Բերբերի անունը, որ հաճախ է հանդիպում Դիոսկորիդի մոտ, հունարեն նշանակում է մարգարիտ, որը վերցված է արաբական նույնանուն բառից և նշանակում է խեցի՝ ելնելով այն բանից, որ բույսի ծաղկաթերթիկները իսկապես նման են խեցու։
Տարածված է Կովկասում, Ռուսաստանում, Հարավային և Միջին Եվրոպայում, Բալկաններում, Փոքր Ասիայում։ Հայկական պայմաններում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Լոռիում, Սևանի ավազանում և Վայքում, աճում է անտառների եզրերին, թփուտների մեջ, ծովի մակերևույթից մինչև 2200—2500 մ բարձրության վրա։ Սովորական կծոխուրը չի կարելի տնկել հացահատիկային կուլտուրաների դաշտերի եզրերին, քանի որ միջանկյալ տեր է հանդիսանում ժանգասնկի համար։ Վերջինս այստեղ է անցկացնում իր կյանքի սկզբնական փուլը և հետո վարակում է ցորենին։ Սովորական կծոխուրը աչքի է ընկնում երաշտադիմացկունությամբ, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ցրտադիմացկուն և ստվերադիմացկուն է։ Պարունակում է զգալի քանակությամբ վիտամին և խնձորաթթու։
Բույսի արմատներում և կեղևում հայտնաբերված են 11 ալկալոիդներ, այդ թվում նաև բերբերին։ Տերևները պարունակում են բերբերին, դաբաղանյութեր, C, E վիտամիններ, կարոտին, խնձորաթթու և լիմոնաթթու, ծաղիկները՝ ալկալոիդ օքսիականթին, եթերայուղ, պտուղները՝ դեքստրոզա, լևուլոզա, խնձորաթթու (որով էլ պայմանավորված է դրանց թթու համը)։
Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի արմատը, կոճղարմատը և տերևները, որոշ դեպքերում՝ նաև ծաղիկներն ու պտուղները։ Արմատը և կոճղարմատը մթերում են գարնանը կամ աշնանը, պտուղները հասունանալուց հետո, երբ բերբերինի պարունակությունը դրանց մեջ հասնում է առավելագույնի։ Տերևները հավաքում են բույսի ծաղկելուց հետո, իսկ պտուղները՝ որպեսզի չփչանան դեռևս լրիվ չհասունացած վիճակում, չորացնում բացօթյա, միջանցուկ քամու տակ և պահում մինչև 3 տարի՝ արկղի կամ տոպրակի մեջ։ Պտուղները շաքարավազի մեջ ավելի երկար են պահպանվում։
Դեռևս մ.թ.ա 650 թ. ասորական թագավոր Աշուրբանիպալի գրադարանից մեզ հասած կավե սալիկի վրա կարդում ենք ծորենու մասին, որպես դեղաբույսի, որ այն համարվել է արյունը մաքրող միջոց։ Դեղաբույսի օգտակարության մասին իմացել են նաև հին հնդիկներն ու բաբելոնացիները։
Ավիցեննան ծորենու պտուղները՝ այլ բուսամիջոցների հետ խառնած, նշանակել է խումարային վիճակում գտնվողին, իսկ արմատը՝ բրոնխիալ ասթմայի և ջերմային վիճակից առաջ եկած հևոցի դեպքում։ Մ. Հերացին` պտուղները այլ միջոցների հետ զուգորդած, նշանակել է ուժեղ լուծի դեպքում, Ապուճարեհը` գաստրոէնտերիտների, Գալենը՝ փայծաղի ցավի, Սահակը՝ դեղնուկի ժամանակ։ Դեղաբույսը առավել մեծ չափով օգտագործել է Ամիրդովլաթը։ Ծորենու արմատի կեղևը՝ (աարղիս անվան տակ) եփուկի ձևով, նա օգտագործել է բերանի խոռոչի բորբոքումների, իսկ վարդաջրի հետ խառնած՝ աչքի քրոնիկական հիվանդությունների ժամանակ։ Նույն հումքը՝ քացախով կամ գինով եփած, թրջոցի ձևով օգտագործել է լյարդի, իսկ ջրաթուրմի ձևով՝ հոգնայի միջոցով, աղիների հիվանդությունների ժամանակ։ Բժշկապետը նշում է, որ դեղաբույսը (ծոր կամ ամիրպաղիս անվան տակ) օգնում է գինեհարին, կեղևը ամրացնում է շարժվող ատամը և բուժում նրա ոսկրափուտը, բերանի խոռոչի բորբոքումը, ամրացնում է մազարմատը, ուժեղացնում տեսողությունը, բուժում սիրտը, լյարդը և ստամոքսը, վերացնում դեղնուկը, կտրում ծարավությունը և զկռտոցը, առաջ բերում փորկապություն։ Արմատի կեղևը կանոնավորում է լյարդի գործունեությունը, բուժում աղիների խոցը, դադարեցնում լուծը, օծելուց՝ օգնում բորբոքական ուռուցքին։ Բույսի ծաղիկները մաքրում են սպիները, բուժում մաշկի թարախային ախտահարումները։ Այն մտնում է բրոնխիալ ասթմայի ժամանակ կիրառվող խառնուրդների մեջ։
Ընդհանրապես, Ամիրդովլաթը ծորենու պատրաստուկները նշանակել է նաև քթի արյունահոսությունան, մոլոքորի, նողկանքի, գերծարավության, ստամոքսային ցավերի, ջրգողության, դիզենտերիայի ժամանակ։ Ուշագրավ է այն, որ նա բացահայտել է նաև դեղաբույսի հակաուռուցքային հատկությունը. արմատը և կեղևը գինով կամ քացախով եփած, տվել է լյարդի քաղցկեղով հիվանդին։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի արմատի եփուկը տեղ է գտել աղիքային խիթերի բուժման ցանկում, իսկ արմատը և պտուղները՝ տրորված վիճակում, ներքին ընդունման ձևով, կիրառվել են պալարախտի ժամանակ, հատկապես հազի և հևոցի առկայության պայմաններում։
Հնդկական բժշկության մեջ ծորենին ճանաչվում է որպես մածող և միզամուղ միջոց։
Չեխոսլովակիայում դեղաբույսի պտուղներից պատրաստված գինին օգտագործվում է վատ ախորժակի, գլխացավի, փորկապության և դիֆթերիայի ժամանակ։
Բուլղարական բժշկության մեջ արմատը և կեղևը հանրահայտ են հեպատիտների, լեղաքարային հիվանդության, դեղնուկի, նեֆրիտների, միզապարկի հիվանդությունների, պոդագրայի, ռևմատիզմի և ռադիկուլիտի բուժման մեջ, իսկ ժողովրդական բժշկության մեջ՝ ստամոքսի սպազմի, արյունահոսությունների, դիզենտերիայի և լնդախտի ժամանակ։
Ֆրանսիայում դեղաբույսի պտուղները համարվում են որպես մարսողական տրակտի գործունեությունը խթանող, հակաջերմային, հիպոտենզիվ և մանրէասպան միջոց։ Եփուկի կամ թուրմի ձևով պտուղները նշանակվում են ստամոքսաաղիքային տրակտի սուր հիվանդությունների, հատկապես հղիների մոտ առաջ եկած լուծի և փսխման, ինչպես նաև որպես տոնուսավորող միջոց՝ մորֆինիզմի ժամանակ։
Լեհաստանում տերևներն օգտագործվում են ներքին արյունահոսությունների, լեղուղիների և ստամոքսային հիվանդությունների, ինչպես նաև C ավիտամինոզի ժամանակ։
Ավստրիայում բույսի պատրաստուկներն օգտագործում են հեպատոխոլեցիստիտների, տարբեր բնույթի լուծերի և լնդախտի ժամանակ։
Գերմանիայում պտուղներն օգտագործում են գաստրոէնտերոկոլիտների, հազով ուղեկցվող թոքային հիվանդությունների, ողողման ձևով՝ բերանի և բկանցքի բորբոքումների ժամանակ։
Հոլանդիայում` թարմ, մատղաշ տերևները, սալաթի ձևով` ախորժակը լավացնելու նպատակով։
Անգլիայում` ներքին արյունահոսությունների։
ԱՄՆ-ում` լեղուղիների հիվանդությունների և ստամոքսաաղիքային տրակտի թերֆունկցիոն վիճակի ժամանակ։
Իտալիայում գիտականորեն հիմնավորել են, որ ծորենու պատրաստուկները օժանդակ միջոց են մալարիայի բուժման դեպքում։ Նրանք մեծացած փայծաղի միջից արյան մեջ են դուրս բերում պլազմոդիումներին, որտեղ հակամալարիային դեղամիջոցները հեշտությամբ ներգործում են դրանց վրա։
Ռուսական ժողովրդական բժշկության մեջ բույսի պտուղները, կեղևը և արմատը օգտագործվում են որպես արյունահոսությունը դադարեցնող, լուծը վերացնող, լեղամուղ և ախորժակը լավացնող միջոց։
Անդրբայկալում դեղաբույսը համարվում է որպես քրտնամուղ՝ ցրտառական հիվանդությունների ժամանակ և հակամալարիային։
Սիբիրում, ուր աճում են ծորենու տարատեսակներ, դեղաբույսի արմատի թուրմն օգտագործում են որպես արգանդային, իսկ պտուղների եփուկը՝ որպես հակալնդախտային, սերմերը՝ որպես թեթև լուծողական միջոց։
Ուզբեկական ժողովրդական բժշկության մեջ պտուղներն օգտագործվում են որպես սրտամկանը ամրապնդող, ջերմն իջեցնող, ծարավը հագեցնող և հակալուծային միջոց, ինչպես նաև՝ նևրասթենիայի դեպքում։ Արմատի եփուկը տալիս են ռևմատիզմի, տարբեր բնույթի ջերմերի, աչքի և բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ։ Հոմեոպաթիայում ծորենու բոլոր մասերն օգտագործվում են լեղուղիների, միզուղիների և արյունահոսությամբ ուղեկցվող այլ հիվանդությունների ժամանակ։
Ա. Դ. Տուրովայի և նրա աշխատակիցների տվյալներով պարզվել է, որ դեղաբույսի արմատի ջրաթուրմը՝ 1։10 հարաբերությամբ, կենդանիների մոտ առաջ է բերում շարժումների ակտիվության նվազում, նրանց կոորդինացիայի խանգարում և մկանների լրիվ թուլացում։ Միաժամանակ ընկել է արյան ճնշումը։ Թուրմը և ոգեթուրմը ուժեղացրել են կենդանու արգանդի կծկումները, բարձրացրել արյան մակարդելիությունը, իսկ ֆիստուլավեր շների մոտ դեղաբույսի ներգործությունից նկատվել է լեղարտադրության ուժեղացում, լեղապարկի տոնուսի թուլացում, կծկումների ամպլիտուդի փոքրացում։ Բերբերինը, որ համարվում է ծորենու ամենաակտիվ ալկալոիդներից մեկը, փորձառական պայմաններում, մեծ դոզաներով կործանարար է ներգործում բոլոր կենդանիների վրա։ Ուշագրավ տվյալներ են արձանագրվել շների մոտ Բ. Ա. Վարդազարյանի կողմից։ Այսպես. երբ լեղու ընդհանուր ծորանը բաց է, բերբերինի ազդեցությունից լեղին ջրիկանում է, բայց նրա քանակը չի ավելանում, մինչդեռ երբ լեղածորանի վրա դրվում է կապ, բերբերինից ոչ միայն ջրիկանում է լեղին, այլև զգալի չափով ավելանում է նրա քանակը։
Բերբերինի կիրառման մեր բազմամյա փորձը հիմք է տալիս նշելու, որ պատրաստուկն օժտված է ոչ միայն լեղամուղ, այլև լեղուղիների սպազմը վերացնող և հակաբորբոքիչ հատկություններով։ Բուժման շնորհիվ նորմալանում է լեղու տեսակարար կշիռը, նվազում նրա մածուցիկությունը, ph-ը հաճախ դառնում հիմնային, ավելանում են լեղաթթուների քանակը, պակասում լորձը։ Քրոմատոգրաֆիկ ստուգմամբ, լեղապարկի լեղին ավելի լավ է ներկվում մեթիլեն կապույտով։ Այս բոլոր ցուցանիշների հետ մեկտեղ նկատվել է հիվանդների սուբյեկտիվ վիճակի լավացում։ Միաժամանակ նշենք, որ պտուղներից պատրաստված թուրմը հաջողությամբ կիրառել ենք սուր գաստրիտների ժամանակ՝ խառնելով հիդրոկարբոնատային հանքային ջրերի հետ։ Կարճ ժամանակում դադարել են հիվանդների նողկանքն ու փսխումը, հանգստացել վերփորի հատվածի ցավերը և այլ դիսպեպտիկ երևույթները։
Լեղամուղ հատկությամբ օժտված է նաև տերևներից պատրաստված ոգեթուրմը, որը նշանակվում է խոլեցիստիտների և լեղապարկի դիսկինեզիաների ժամանակ։ Արմատի կեղևից պատրաստված ոգեթուրմը մտնում է ’’խոլելիթին’’ պատրաստուկի մեջ, որը նշանակվում է խոլեցիստիտների և լեղաքարային հիվանդության ժամանակ։ Տերևներից պատրաստված ոգեթուրմն օգտագործվում է մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում` ետծննդյան ատոնիկ արյունահոսության, արգանդի թերկրճատման և նրա բորբոքական բնույթի արյունահոսությունների ժամանակ։ Պատրաստուկը հակացուցված է կլիմակտերիկ և ընկերքային արյունահոսությունների դեպքում։ Արմատը օֆիցինալ է ԱՄՆ-ում, իսկ մեզ մոտ՝ տերևների թուրմը (կանացի և լեղուղիների հիվանդությունների բուժման համար)։ Արմատը մտնում է ուռուցքաբանության պրակտիկայում կիրառվող Զդրենկոյի միքստուրայի բաղադրության մեջ։
Ծորենին նեկտարատու է։ Նրանցից ստացված մեղրը բուրավետ է և հաճելի համով։ Մատղաշ տերևները շատ տեղերում օգտագործվում են թրթնջուկի փոխարեն՝ սալաթի ձևով, ինչպես նաև մարինադի մեջ։ Արմատի կեղևը կաշին և բուրդը ներկում է կիտրոնադեղին, իսկ պտուղները՝ խառնված շիբի հետ, կարմիր։ Դեղին, ամուր բնափայտից պատրաստում են զարդարանք և կիրառական տարբեր առարկաներ։ Սակայն միակ անցանկալին այն է, որ նրա տերևների վրա բազմանում են որոշ ժանգասնկեր, որոնք անցնում են հացաբույսերին և մեծ վնաս պատճառում դրանց բերքատվությանը։
Ծորենու պտուղները օգտագործում են մուրաբա, ժելե, հյութ, օշարակ, զովացնող խմիչքներ, կոնֆետ և համեմունքներ պատրաստելու համար։ Պտուղներով համեմում են օղին, լիկյորը, հրուշակեղենային որոշ մթերք, կվասը, լիմոնադը։ Պտուղները միաժամանակ ուտում են թարմ կամ չորացրած։ Դրանք գրգռում են ախորժակը, հագեցնում ծարավը։
Էկոլոգիական խումբը Xll-ն է[2]։
1 ենթաընտանիք (համաձայն համակարգ APG II) |
11-14 դաս | |||||||||||||||
Ծորենազգիներ ընտանիք | ցեղ Ծորենազգիներ | Տեսակ Ծորենի սովորական | ||||||||||||||
Գորտնուկածաղկավորներ շարք | ենթաընտանիք Ծորենազգիներ | Ցեղ Ծորենի | ||||||||||||||
9 ընտանիք (համաձայն համակարգ APG II) |
ևս 1 ցեղ (համաձայն համակարգ APG II) |
ևս 450-600 տեսակներ | ||||||||||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.