From Wikipedia, the free encyclopedia
Իվան Միխայլովիչ Սեչենով (ռուս.՝ Иван Михайлович Сеченов, օգոստոսի 1 (13), 1829[1][2][3], Սեչենովո, Կուրմիշսկիյ շրջան, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - նոյեմբերի 2 (15), 1905[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][1][3]), ռուս գիտնական, ֆիզիոլոգ, ռուսական ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր, հոգեբան, հոգեֆիզիոլոգ, բժշկության ուսուցիչ։ Իվան Պավլովը նրան անվանում էր «ռուսական ֆիզիոլոգիայի հայր»։ Հայտնի է կենտրոնական նյարդային համակարգի, մասնավորապես, գլխուղեղի փորձարարական ֆիզիոլոգիական հետազոտություններով, ինչպես նաև նյարդային ռեֆլեքսների մասին իր աշխատություններով։
Ծնվել է 1829 թվականի օգոստոսի 13-ին (հին տոմարով՝ օգոստոսի 1-ին) Սիմբիրսկի նահանգի Կուրմիշի ուեզդի Տյոպլի Ստան գյուղում (այժմ՝ գ․ Սեչենովո, Նիժնի Նովգորոդի մարզ), աղքատ ազնվականի ընտանիքում։ 1848 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Գլխավոր զինվորական ինժեներական ուսումնարանը։ Ծառայել է պահեստային սակրավորային գումարտակում, զորացրվել է 1850 թվականին։ 1850-1856 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո երեք տարի աշխատել է արտասահմանում՝ Լայպցիգում, Վիեննայում, Բեռլինում։
1860 թվականին հրավիրվել է աշխատելու Սանկտ-Պետերբուրգի Բժշկա-վիրաբուժական ակադեմիայում (այժմ՝ Կիրովի անվան Ռազմաբժշկական ակադեմիա)՝ ֆիզիոլոգիայի ամբիոնում, որտեղ էլ նույն թվականին հաջողությամբ պաշտպանել է իր դոկտորական դիսերտացիան՝ «Նյութեր ալկոհոլային արբեցողության ապագա ֆիզիոլոգիայի համար» աշխատանքով։ Ամբիոնին կից կազմակերպել է Ռուսաստանում առաջին ֆիզիոլոգիական լաբորատորիաներից մեկի բացումը։ 1870 թվականին լքել է ակադեմիան՝ ի նշան բողոքի ընդդեմ «կանանց դիսկրիմինացիայի» և Ի․ Մեչնիկովի աշխատանքից հեռացման։
Նույն թվականին ընդունվել է աշխատանքի Դ․ Մենդելեևի լաբորատորիայում՝ Սանկտ-Պետերբուրգի համալսարանում։ 1871-1876 թվականներին զբաղեցրել է Օդեսսայի Նովոռոսիյսկյան համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1876-1888 թվականներին աշխատել է Պետերբուրգի համալսարանի զոոլոգիայի ամբիոնում, որտեղ 1888 թվականին կրկին բացել է առանձին ֆիզիոլոգիական լաբորատորիա։
1889-1901 թվականներին աշխատել է Մոսկվայի համալսարանում, սկզբում որպես պրիվատ-դոցենտ, հետո (1891 թվականից)՝ ֆիզիոլոգիայի պրոֆեսոր։ 1904 թվականին ընտրվել է Ռուսաստանի ԳԱ պատվավոր անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.