From Wikipedia, the free encyclopedia
«Թոմն ու Ջերին» (անգլ.՝ Tom and Jerry), անիմացիոն մուլտսերիալ՝ ստեղծված ծաղրանկարիչներ Ուիլյամ Հաննայի և Ջոզեֆ Բարբերայի կողմից։ Այն պատմում է Ջերի անունով մկան և Թոմ անունով կատվի թշնամական հարաբերությունների ու արկածների մասին։
Թոմն ու Ջերին | |
---|---|
Տեսակ | մեդիաֆրանշիզ և կարճամետրաժ մուլտֆիլմերի շարք |
Ժանր | կատակերգություն |
Հորինված երկիր | Tom & Jerry universe? |
Երաժշտություն | Սքոթ Բրեդլի |
Երկիր | ԱՄՆ[1] |
Լեզու | անգլերեն |
Հեռուստաալիք | Cartoon Network |
Սերիաների քանակ | 164 |
Ռեժիսոր | Ուիլյամ Հաննա և Ջոզեֆ Բարբերա |
Ընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Էկրաններին է | 1967-ը |
Մուլտֆիլմի առաջին սերիան ցուցադրվել է 1940 թվականի փետրվարի 20-ին։ Մուլտֆիլմի առաջին սերիաներում հերոսների անունները ուրիշ են եղել՝ Թոմը Ջասպեր իսկ Ջերին պարզապես Մուկ կամ Ջինկս։
Մուլտֆիլմը սկսած 1940 թվականից մինչև 1958 թվականը արտադրել է MGM ստուդիան, որի արտադրության տարիներին մուլտֆիլմը համարվել է լավագույնը՝ ստանալով 7 Օսկար, մուլտֆիլմը այլևս չարտադրելու պատճառը ստուդիայի փակումն էր։ 1961 թվականին «Rembrandt Films» ընկերությունը իրավունք ստացավ արտադրել մուլտֆիլմը, որի 13 թողարկումները ամենավատը համարվեցին մուլտֆիլմի պատմության մեջ։ Այնուհետև մուլտֆիլմը 1963 թվականից սկսեց արտադրել «Sib Tower 12 Productions» ընկերությունը մինչև 1967 թվականը։
Դրվագների մեծամասնության մեջ գործողություններն անցնում են փոքրիկ մի քաղաքում, Երկու-Հողաթափ-Մայրիկի տանը (որը երբեմն փոխարինվում է երիտասարդ կնոջով կամ ընդհանրապես չի մասնակցում)։ Սակայն մի շարք դեպքերում գործող անձինք կարող են ապրել նաև անմարդաբնակ կղզում, լողալ զբոսաշրջային նավով, հանգստանալ լողափում և այլն։ Ըստ սյուժեի՝ Թոմը ջանք չի խնայում մկնիկին բռնելու համար, սակայն նրան գրեթե երբեք դա չի հաջողվում[2]։ Այնուամենայնիվ, որոշ մասերում կերպարները բավականին համերաշխ կյանք են վարում և կարող են օգնել միմյանց ամենադժվարին պահերին[2]։ Ինչպես մարդիկ, այդպել էլ գլխավոր կերպարներն ունեն իրենց թշնամիներն ու ընկերները։ Օրինակ՝ Թոմին հաճախ ծաղրում են Բուչ անունով կատուն և Սփայք շունը, իսկ Ջերիի չարություններում նրան օգնում է իր զարմիկը՝ մի փոքրիկ մկնիկ՝ Նիբլս անունով, և Կրյաքեր բադիկը։ Դրվագների մեծամասնությունում կերպարները չեն խոսում՝ ամենը սահմանափակվում է միայն ցավի ճիչերով և նյարդային կլման ձայներով, սակայն մի շարք դեպքերում առկա է ամբողջական, թեև կարճ երկխոսություն[3][4]։
Մուլտֆիլմը քաջ ծանոթ է իր դաժանությամբ և բռնությամբ[5][6]։ Հաճախ կարճամետրաժ սերիաներում ցուցադրվում են պայթյուններ, կերպարների «կտրատում» և նույնիսկ մահ, սակայն դրանց մեծամասնությունն իրականանում է առանց արյան, և գլխավոր հերոսներն արդեն հաջորդ դրվագում վերակենդանանում են[7]։
Կարճամետրաժ ֆիլմերում մեծ դեր է զբաղեցնում երաժշտական նվագակցումը, որի միջոցով փորձ է կատարվում փոխանցել այս կամ այն հերոսի հույզերը։ Հատկապես առանձնացվում է Սքոթ Բրեդլի[8] կոմպոզիտորի դերը։ Նա, համատեղելով ջազի և կլասիկ երաժշտության տարրերը, ստեղծել է բարդ և յուրօրինակ պարտիտուրաներ, դրա հետ միասին դրվագներում հաճախ ներկայացնելով այդ ժամանակվա հայտնի մեղեդիների վերափոխված ձևերը։ Հետագա մուլտֆիլմներում երաժշտությունը հնչում է ավելի կարճ հատվածներով։
1930-ականների վերջերին Metro-Goldwyn-Mayer-ի մուլտիպլիկացիոն բաժինը մուլտֆիլմերի վատ վարձույթի հետևանքով անկում էր ապրում։ Ստորաբաժանման պրոդյուսեր ու ղեկավար Ռուդոլֆ Այզինգը կերպարներ էր փնտրում նոր նախագծի համար, ովքեր կկարողանային մրցել Միկի Մաուսի և Բագս Բաննիի հետ։ Նա հանձնարարեց դա անիմատորներ Ուիլյամ Հաննաին և Ջոզեֆ Բարբերաին։ Այս երկու աշխատակիցներն էլ մուլտֆիլմեր ստեղծելու մեծ փորձ ունեին. Հաննան աշխատել էր անիմացիոն «Ուրախ մեղեդիներ», «Լունի Թյունզ» սերիալների վրա, իսկ Բարբերան եղել էր Van Beuren Studios ընկերության նկարիչը։ Նրանք ցանկացան ստեղծել կարճամետրաժ ֆիլմ կատվի և մկան հակամարտության մասին, սակայն այդ կոնցեպտը գաղափարը ոչ այնքան ինքնատիպ համարող շատ աշխատակիցների հավանությանը չէր արժանանում[9]։ Բայց այնուամենայնիվ, թիմը 1940 թվականին ստեղծեց «Կատուն աքացի է ստանում» փորձնական թողարկումը, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես է Ջասպեր կատուն հալածում փոքրիկ մկնիկին[10]։ Այդ էպիզոդը ներկայացվեց Օսկարի, բայց մրցանակի չարժանացավ[2]։
Այնուամենայնիվ, այդ թողարկումը մեծ թվով հանդիսատեսի ուշադրություն գրավեց, և պրոդյուսեր Ֆրեդ Քուիմբին առաջարկեց Հաննային և Բարբերային նույն ոգով շարունակել և մուլտֆիլմ ստեղծել՝ դրանից առաջ ազատելով նրանց փոքր նշանակություն ունեցող նախագծերում ռեժիսորների պաշտոններից։ Անիմատորները համաձայնվեցին այդ որոշման հետ, բայց սկզբում MGM-ի իրենց աշխատակիցների հետ գլխավոր հերոսների նոր անունների մրցույթ անցկացրեցին[3]։ Հաղթեց Ջոն Քարրը, ով առաջարկեց կատվին և մկանն անվանել համապատասխանաբար Թոմ և Ջերի[11]։ 1941 թվականին կինոթատրոններում ցուցադրվեց «Կեսգիշերային հացկերույթ» դրվագը։ Ջոզեֆ Բարբերան ստեղծեց պատմություններ հաջորդ սերիաների համար, իսկ Ուիլյամ Հաննան մասնակցում էր արտադրության ստեղծագործական և տեխնիկական գործերին[12]։ Որպես նկարիչ-մուլտիպլիկատորներ հանդես էին գալիս Քեննեթ Մյուսը, Էդ Բրիջը և Մայքլ Լան։ Կերպարներին հնչյունավորում էին Ուիլյամ Հաննան, Դոուզ Բաթլերը, Լիլիան Ռենդոլֆը և Ռեջինալդ Քոֆին։ Մուլտֆիլմի երկրպագուների նամակներին պատասխանում էր այն ժամանակ դեռևս անհայտ դերասան Ջեք Նիկոլսոնը[13]։ Կատվի և մկնիկի մասին յուրաքանչյուր դրվագը MGM-ի համար արժենում էր 40 000 դոլար[14]։
Թողարկումներ ստեղծելու ժամանակ կատվի արտաքինը բազմիցս փոխվել է։ Սկզբից նա ավելի շատ էր նման իրական կատվի. կարողանում էր մլավել և հաճախ քայլում էր չորս ոտքով, բայց Թեքս Էյվերիի՝ MGM գալուց հետո, ստեղծողները որոշեցին պարզեցնել դիզայնը և հերոսին ավելի ուժեղ դարձնել։ Ջերիի արտաքինը գործնականում ոչ մի փոփոխություն չկրեց։
Հաննա-Բարբերա դուետը 17 տարիների ընթացքում կատվի և մկնիկի մասին ստեղծեց 116 թողարկում (այդ թվում՝ Սպայք շան և նրա փոքրիկ որդի Թայքի մասին առանձին թողարկումներ[10]), որոնցից 7-ն արժանացան Օսկար մրցանակի՝ «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում[15]։ Պարգևների շնորհիվ «Թոմը և Ջերի»-ն դարձավ հանրամատչելի և հայտնի։ Բայց 1950-ականների սկզբներին մուլտֆիլմերի բյուջեն սկսեց կրճատվել, իսկ գանձումները՝ պակասել[8][12]։ Սակայն հին դրվագների ռիմեյքներն ու հեռուստատեսությամբ հեռարձակումներն սկսեցին ավելի շատ եկամուտ բերել, քան նոր թողարկումների ստեղծումը։ Այդ պատճառով 1957 թվականին փակվեց MGM-ի մուլտիպլիկացիոն բաժինը, իսկ աշխատակիցների մեծ մասը տեղափոխվեցին Hanna-Barbera ընկերություն[3]։
Մուլտիպլիկացիոն բաժնի փակվելուց հետո MGM-ի ղեկավարները որոշեցին կրկին վերականգնել մուլտսերիալը և հանձնարարեցին չեխոսլովակյան Rembrandt Films ստուդիային ստեղծել Թոմի և Ջերիի մասին 13 դրվագ[16][17][18]։ Նշված կարճամետրաժ մուլտֆիլմերի պրոդյուսերն ընկերության հիմնադիր Ուիլյամ Սնայդերն էր, որպես ռեժիսոր հանդես էր գալիս անիմատոր Ջին Դեյչը, սցենարները գրում էր Էլի Բաուերը։ Գլխավոր անիմատորներն էին Լյու Գարները և Հարի Մունը, կոմպոզիտորը դարձավ Ստեֆան Կոնիչեկը, դերասան Ալեն Սվիֆթը հնչյունավորում էր բոլոր հերոսներին[16][18][19]։ Ջին Դեյչի խոսքերով, նոր կարճամետրաժ մուլտֆիլմերի ստեղծմանն օգնում էին նույնիսկ MGM-ի նախկին մուլտիպլիկացիոն բաժնի անիմատորները[14]։ Սակայն քանի որ Rembrandt Films-ը գտնվում էր «երկաթյա վարագույրից» այն կողմ, ստեղծողները ֆիլմի տիտրերում դիտավորյալ փոխում էին իրենց անուններն ու ազգանունները։ Օրինակ՝ կոմպոզիտոր Ստեֆան Կոնիչեկի անունը փոխել էին Սթիվենի, իսկ Վացլավ Լիդին նշվում էր որպես Վիկտոր Լիթլ[14]։
Ռեժիսորի խոսքերով, Metro-Goldwyn-Mayer-ի ղեկավարությունը ցույց էր տվել թիմին Ուիլյամ Հաննայի և Յոզեֆ Բարբերայի ստեղծած մուլտսերիալի մի քանի դրվագ և յուրաքանչյուր դրվագի համար հատկացվել էր 10 000 ԱՄՆ դոլար[14]։ Փոքր բյուջեն անդրադարձավ սերիաների որակի վրա. կերպարների ժեստիկուլյացիան կատարվում էր մեծ արագությամբ, իսկ կտրտված անիմացիան հանդիսատեսի աչքին լղոզված էր արտահայտիչ բծերով։ Ձայնն ուղեկցվում էր ֆուտուրիստական էֆեկտներով տարօրինակ երաժշտությամբ։ Այդ ամենը մուլտֆիլմին շատ կողմերից տարօրինակություն և անսովորություն էին հաղորդում։ Բազմաթիվ քննադատներ ու երկրպագուներ այդ սերիաները համարում էին մուլտսերիալի պատմության մեջ վատագույնը[14]։
Սակայն Rembrandt Films-ի ստեղծած սերիաները հաջողված դուրս եկան և թողարկվեցին մինչ 1962 թվականը[18]։ Նոր սերիաների ստեղծման ընդհատման պատճառ դարձավ MGM-ի ֆրենչայզը վերականգնելու համաձայնության որոշում կայացրած ղեկավար Ջոզեֆ Ֆոգելի պաշտոնանկությունը[14]։ Այդ սերիաները մի անգամ չէ, որ ցուցադրվել են հեռուստատեսությամբ և վերահրատարակվել տարբեր կրիչներով[20]։
Մուլտսերիալի հաջորդ 34 դրվագները թողարկվեցին Չաք Ջոնսի Sib Tower 12 Productions (որն ավելի ուշ վերանվանվեց Visual Arts) ընկերության կողմից 1963-1967 թվականներին։ Նշված կարճամետրաժ սերիաներում հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր հումորի վրա։ Բացի այդ, փոխվեց նաև գլխավոր հերոսների դիզայնը. փոխել էին Թոմ կատվի հոնքերը՝ հաստացնելով դրանք, մորթու գույնը փոխել էին մոխրագույնի, ականջները սուր ձև էին ստացել, իսկ պոչն ավելի երկար ձև ուներ։ Ջերի մկնիկի մոտ նկարիչները փոխել էին աչքերի և ականջների չափերը նաև մազածածկույթի գույնը փոխել էին շոկոլադագույնի։ Նշված փոփոխությունները դրական գնահատվեցին հանդիսատեսի կողմից, ովքեր այդ դրվագներն ավելի լավը համարեցին, քան Ջին Դեյչը։ Հատկապես գովասանքի արժանացավ MGM ընկերության նմանակումը, երբ Թոմ կատուն նմանակում էր Լեո առյուծի մռնչյունը։
Սկսած 1960-ական թվականներից՝ Հաննայի և Բարբերայի ստեղծած Թոմ կատվի և Ջերի մկնիկի մասին մուլտֆիլմերը հաճախ սկսեցին հայտնվել հեռուստատեսության եթերում։ Սակայն այդ թողարկումները «պոլիտկորեկտության» պատճառով կամ ձևափոխվեցին կամ վիճելի հատվածները հանվեցին Չակ Ջոնսի թիմի կողմից[21]։ Ամենակարևոր փոփոխությունը Թոմի տիրուհու՝ Մայրիկ-Երկու Հողաթափի փոփոխությունն էր, ով փոխարինվեց երիտասարդ իռլանդուհով և հնչյունավորվեց դերասանուհի Ջուն Ֆորեյի կողմից[22]։ Սակայն հետագայում այդ տարբերակից հրաժարվեցին. Մայրիկ-Երկու Հողաթափին թողեցին, բայց նրա ձայնը հնչյունավորեց Թիա Վիդեյլը։ Պատճառը աֆրոամերիկացիներին բնորոշ ձայնը վերացնելն էր։
1975 թվականին մուլտֆիլմի իրավունքները նորից տրվեցին Ուիլյամ Հաննային և Ջոզեֆ Բարբերային[23]։ Դրա շնորհիվ ABC-ում կայացավ «Թոմի և Ջերիի շոուն» անիմացիոն հեռուստասերիալի պրեմիերան[23][24]։ Յուրաքանչյուր դրվագի սյուժետային գիծը կատարված էր ավելի թեթև և բռնություններ չպարունակող ֆորմատով. այժմ գլխավոր հերոսները թշնամիներ չէին, այլ ընդհակառակը՝ դարձել էին լավագույն ընկերներ։ Ցուցադրվեց ընդամենը 16 դրվագ, որոնցից յուրաքանչյուրը բաժանված էր 3 մասի։
1980-1982 թվականներին CBS հեռուստաալիքով ցուցադրվեց «Թոմ և Ջերի։ Կատակերգական շոու» մուլտֆիլմը, որը ստեղծվել էր Filmation և MGM Television ստուդիաների կողմից։ Այս մուլտֆիլմը ստեղծված է բուֆոնադայի՝ խիստ ծաղրաշարժ ժանրով, իսկ բովանդակությունը հիշեցնում է 40-ական թվականների հին դրվագները։ Բացի Թոմից և Ջերիից, սերիաներում գլխավոր հերոսների դերեր են կատարում Դրուպի և Սփայք շները, ինչպես նաև համանուն մուլտֆիլմի Բարնի արջը։
1986 թվականին Turner Entertainment (հետագայում հայտնի որպես Warner Bros) ընկերությունը որպես սեփականություն ձեռք բերեց Hanna-Barbera ստուդիան, չնայած MGM-ը մի քանի տարի դեռևս տարածում էր Թոմի և Ջերիի տեսագրոթյամբ տեսաերիզներ ու օպտիկական սկավառակներ[8][12]։ 4 տարի անց տեղի ունեցավ «Թոմ և Ջերի։ Մանկության տարիներ» մուլտսերիալի թողարկումը, որը պատմում էր Թոմի և Ջերիի մանկության տարիների արկածների մասին։ Այն հեռարձակվեց Fox Kids հեռուստաալիքով, ցուցադրվեց ընդամենը 4 եթերաշրջան։ Ուիլյամ Հաննայի մահից հետո Hanna-Barbera ստուդիան միավորվեց Warner Bros.-ի անիմացիոն բաժնի հետ, իսկ աշխատակիցների մի մասը շարունակեցին աշխատել իրենց նախագծերում։ Ջոզեֆ Բարբերան մասնակցում էր «Թոմ և Ջերի։ Կատվի առանձնատունը» և «Կարատե-գվարդիա» կարճամետրաժ ֆիլմերի ստեղծմանը[23][25][26], իսկ նրա մահից հետո իրականացվեց մուլտիպլիկացիոն սերիալներ «Թոմի և Ջերիի արկածները» (2006) և «Թոմի և Ջերիի շոուի» նոր տարբերակի (2014) ցուցադրությունը[27]։
1980-ական թվականներից մուլտֆիլմերի բոլոր դրվագները թողարկվում են Metro-Goldwyn-Mayer և Warner ընկերությունների կողմից VHS տեսաերիզներով, LaserDisc, DVD և Blu-ray կրիչներով։
Ֆրենչայզի 70-ամյա պատմության ընթացքում տարբեր ստուդիաների կողմից ստեղծվեցին ընդհանուր առմամբ 163 կարճամետրաժ դրվագներ Թոմի և Ջերիի արկածների մասին, ինչպես նաև 4 մուլտսերիալ և հին թողարկումների 19 ռեմեյկներ՝ նկարահանված «Սինեմասկոպ» ֆորմատով։ Բացի այդ, Ուիլյամ Հաննան ու Ջոզեֆ Բարբերան 1957 թվականին ստեղծեցին «Սփայք և Թայք» մուլտֆիլմի 2 սերիաներ, որոնց բովանդակությունը կապ չուներ «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի սյուժեի հետ։
Մուլտֆիլմերի մեծ մասն աննշան ուղղումներով վերահրատարակվեցին Spotlight Collection, Golden Collection և The Chuck Jones Collection ժողովածուներում[28][29][30][31]։
Առաջին լիամետրաժ մուլտֆիլմը Turner Pictures և Film Roman ընկերությունների կողմից ստեղծված «Թոմ և Ջերի։ Ֆիլմ» էր։ Նրա պրեմիերան կայացավ 1992 թվականի հոկտեմբերին[32]։ Ռեժիսորը անիմատոր Ֆիլ Ռոմանն էր, իսկ երաժշտական ձևավորման հեղինակը Հենրի Մանչինինն էր։ Ջոզեֆ Բարբերան, դրվագների ստեղծողներից մեկը, անիմատորների խորհրդատուն էր և նոր սյուժետի գաղափարներ էր առաջարկում[33]։ Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսները իրենց տերերի հետ պատրաստվում են տեղափոխվել նոր տուն, բայց չեն հասցնում իրերով բեռնված մեքենայի հետևից։ Նրանք երկար ժամանակ թափառում են, մինչև հանդիպում են որբուկ աղջիկ Ռոբին Սթարլինգին։ Նրա հայրը մահացել էր Տիբեթում ձնակույտի տակ մնալով, իսկ մայրիկը մահացել էր, երբ աղջիկը դեռ շատ փոքր էր։ Սակայն հերոսուհին իմանում է, որ իր հայրը դեռ ողջ է և տուն է վերադառնաում իր անձնական ինքնաթիռով։ Այժմ կատուն, մկնիկը և որբուկ Ռոբինը պատրաստվում են գտնել Ռոբինի հայրիկին։ Դուրս գալուց հետո մուլտֆիլմը նեգատիվ արձագանքներ ստացավ. քննադատությունը հիմնականում վերաբերվում էր սյուժետին ու երկխոսություններին։ Արդյունքում՝ առաջին լիամետրաժ ֆիլմը ԱՄՆ-ում դրամարկղ բերեց ընդամենը 3,5 միլիոն դոլար[34]։
Թոմի և Ջերիի մասնակցությամբ հաջորդ սերիաները ստեղծվեցին Warner Bros.-ի կողմից, որը Hanna-Barbera ստուդիայի փակվելուց հետո 2001 թվական մարտին ձեռք բերեց մուլտֆիլմի իրավունքը[23]։ Հենց այդ տարի վիդեոկրիչների վրա ստեղծվեց «Կախարդական մատանին» մուլտֆիլմը։ Այն պատմում էր Ջերի մկնիկի արկածների մասին, որը չէր կարողանում դուրս բերել գլխին հագցրած հրաշագործ-տերոջ՝ Թոմի օղակը։ Այդ նախագիծն ստեղծվեց Ուիլյամ Հաննայի մահից հետո, որը այնուամենայնիվ հանդիսանում էր մուլտֆիլմի գործադիր պրոդյուսերը և անունը նշված էր մակագրերում։
2005 թվական լույս տեսան միանգամից երկու մուլտֆիլմեր՝ «Թռիչք դեպի մարս» և «Արագ և խելագար»[35][36]։ Երկու նախագծերի ռեժիսորը Բիլլ Կոպպն էր։ Մեկ տարի անց կայացավ լիամետրաժ «Դողա՛, բեղավոր» մուլտֆիլմի ցուցադրությունը, որտեղ գլխավոր հերոսները հանդես են գալիս ծովահենների դերում և զբաղված են անմարդաբնակ կղզում գանձերի որոնմամբ։
Սկսած 2007 թվականից մուլտֆիլմերի ստեղծմամբ զբաղվում էին ռեժիսոր և պրոդյուսեր Սփայկ Բրանդտը և Տոնի Չերվոնեն։ Նրանց ղեկավարությամբ վարձույթ դուրս եկան 5 ֆիլմեր՝ «Մարդուկ-ջարդուկի պատմությունը», որը հանդիսանում էր Չայկովսկու նույնանուն բալետի ադապտացիան, «Շերլոկ Հոլմսը», որը պատմում էր Լոնդոնում թանկարժեք իրերի կորստի մասին, «Թոմն ու Ջերին և Օզի կախարդը», որի սյուժեի հիմքում «Օզի զարմանահրաշ կախարդը»-ն էր, «Ռոբին Հուդը և ուրախալի մուկը», որի սյուժեն հիմնված էր Ռոբին Հուդի մասին բալլադի վրա[37] և «Հսկայական արկած»-ը[38]։
2006 թվականին Film Score Monthly լեյբլի կողմից թողարկվեց Tom and Jerry and Tex Avery Too! Volume 1: The 1950s ալբոմը։ Երկու կոմպակտ դիսկերի բովանդակությունը Սքոթն Բրեդլիի «Թոմ և Ջերի» և «Դրուպի» մուլտֆիլմերի համար ստեղծած երաժշտությունն է։ Սաունդթրեքը ներառում է ընդամենը 25 երգեր[39]։
Քանի որ Թոմն ու Ջերին շատ հանրաճանաչ էին, հայտնվեցին կոմիքսներում. նրանց մասնակցությամբ առաջին համարը դուրս է եկել 1942 թվականին որպես Our Gang Comics կոմիքսների մաս, որոնց սյուժեն «Չարաճճիներ» հեռուստասերիալի ադապտացիան էր։ Կոմիքսներն ավելի ուշ կոչվեցին «Թոմի և Ջերիի կոմիքսներ»։ Ամսագիրը թողարկվում է տարբեր երկրներում մինչ օրս[40][41]։ Բացի կոմիքսներից տարբեր հրատարակիչների կողմից ստեղծվեցին մի շարք տեսախաղեր Nintendo Entertainment System, Super NES, Nintendo 64, PlayStation 2, Xbox, Nintendo GameCube և այլ կոնսոլների համար[42]։ Տարբեր արտադրողների կողմից մինչ օրս արտադրվում են սննդամթերքի տարբեր տեսակներ՝ հերոսների պատկերներով, ինչպես նաև փափուկ խաղալիքներ և տարբեր հուշանվերներ[43][44]։
Թոմ կատվի և Ջերի մկնիկի արկածները համաշխարհային ճանաչում գտան և հանդիսատեսի կողմից հիշվեցին առաջին հերթին հերոսների և հետնանկարների ցայտուն պատկերներով, սյուժետային գծերով և երաժշտական ձևավորմամբ։ Մուլտֆիլմի 7 դրվագներ արժանացան «Օսկար» մրցանակի[15]։ Սակայն մուլտֆիլմին հանրաճանաչություն բերեցին նաև բռնության և դաժանության տեսարանները, վատ սովորությունների ցուցադրությունը և այլ ազգությունների նկատմամբ կարծրատիպերը, ինչը լրագրողների և փոքր երեխաների ծնողների կողմից բազմիցս կշտամբանքի առիթներ է տվել[5][6][45][46]։ Սակայն ինքը՝ Ուիլյամ Հաննան համաձայն չէր այդ կարծիքների հետ. նա գտնում էր, որ իր ամբողջ աշխատանքը (այդ թվում նաև «Թոմը և Ջերին») ուղղված է գլխավոր հերոսների միջև բարեկամական մթնոլորտի ձևավորմանը և ուղղորդում է երեխաներին ճիշտ արարքների[47]։ Ինդեպենդենտի լրագրող Թոմ Վալանսը, Ուիլյամ Հաննայի մասին հոդվածում գրում էր, որ դրվագների մեծ մասը «անիմացիայի գլուխգործոցներ են»[3]։ Նա ավելի ուշ հիշեց Ջերի մկնիկի դերը «Բարձրացնել խարիսխը» մյուզիքլում։ Նրա խոսքերով, այդ երաժշտական ֆիլմը «կենդանի դերասանների և անիմացիայի հիանալի համադրության» լավագույն օրինակ է[8][23]։ MADtv-ի քննադատները գովում էին կարճամետրաժ ֆիլմերը կատակերգական պատմությունների համար, որոնք, նրանց խոսքերով, հետագայում իրենց ազդեցությունը թողեցին այլ ընկերությունների ստեղծած մուլտֆիլմերի վրա[48]։
Շատ քննադատներ և երկրպագուներ Rembrandt Films ստուդիայի մուլտֆիլմերը համարում են ամենաչստացվածը մուլտսերիալի ողջ պատմության ընթացքում։ Այնուամենայնիվ, Ջին Դեյչը մշտապես պաշտպանել է իր աշխատանքը, հայտարարելով, որ շատերը չեն ընկալել չեխական մուլտիպլիկացիայի առանձնահատկությունները. նա չէր սիրում «Թոմը և Ջերին»՝ բռնության և դաժանության համար[49]։ Չակ Ջոնսի ստեղծած դրվագները հանդիսատեսի կողմից շատ ավելի լավ գնահատականների արժանացան, քան չեխ ռեժիսոր Ջին Դեյչի աշխատանքները։
Մուլտսերիալի Hanna-Barbera և Filmation-ի ստեղծած ճյուղավորումներն ու առանձին կինոֆիլմերը մեծ ոգևորությոն չառաջացրին։ Հիմնականում քննադատությունն ուղղված էր «Թոմի և Ջերիի շոուն» և «Թոմ և Ջերի:Կատակերգական շոու»-ն նախագծերին. որպես թերություն հիմնականում մատնանշվում էին տրված դրվագների թույլ սյուժեները։ Լրագրող Թոմ Վալանսը Ջոզեֆ Բարբերայի մասին հոդվածում նշում էր, որ բացի պատմություններից, Hanna-Barbera-ի ֆիլմերը շատ թերություններ ունեին. օրինակ՝ անիմատորներն արտադրության ծախսերը նվազեցնելու նպատակով հաճախ էին սահմանափակ անիմացիա օգտագործում[8]։ Սակայն կենդանության օրոք ինքը՝ Բարբերան ասել էր, որ առանց այդ հնարքների իրենց շատ նախագծեր մեծ ծախսերի պատճառով հեռուստատեսությամբ չէին ցուցադրվելու և ստիպված կլինեին, իր խոսքերով, նոր աշխատանք փնտրել[50]։
«Թոմը և Ջերին։ Ֆիլմ» լիամետրաժ մուլտֆիլմի թողարկումը բացասական վերաբերմունքի արժանացավ տեսաբանների և հանդիսատեսի կողմից. նրանց հիմնականում դուր չեկան հերոսների երկարաշունչ երկխոսությունները և սյուժեն, որում կատուն և մկնիկը բավականաչափ ուշադրության չէին արժանացել[51][52]։ Սակայն Warner Bros ընկերությունը, ձեռք բերելով ապրանքային նշանի և դրվագների իրավունքը, փորձեց վերացնել մուլտֆիլմերի յուրաքանչյուր ցուցադրությունից հետո կուտակվող թերությունները։
IGN կայքը վերը նշված մեդիաֆրանշեզին «100 լավագույն անիմացիոն շոուների» շարքում շնորհեց 66-րդ տեղը[53]։ 2000 թվականին Time ամսագիրը «Թոմը և Ջերին» անվանեց բոլոր ժամանակների լավագույն հեռուստատեսային շոուներից մեկը[54]։
Տարեթիվ | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Մրցանակակիր կամ թեկնածու | Արդյունք | |
---|---|---|---|---|---|
1941 | «Օսկար» 13-րդ կինոմրցանակաբաշխություն | Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ | «Կատուն հարված է ստանում» | Առաջադրված | [55][56] |
1942 | «Օսկար» 14-րդ կինոմրցանակաբաշխություն | Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ | «Սուրբ Ծննդյան նախորդող գիշերը» | Առաջադրված | [55][56] |
1943 | «Օսկար» 14-րդ կինոմրցանակաբաշխություն | Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ | «Աստղագծավոր մուկ» | Հաղթանակ | [55][56] |
1944 | «Օսկար» 14-րդ կինոմրցանակաբաշխություն | Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ | «Մկնային տհաճություններ» | Հաղթանակ | [55][56] |
1945 | «Օսկար» 17-րդ կինոմրցանակաբաշխություն | Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ | «Պահպանե՛ք լռություն» | Հաղթանակ | [55][56] |
1946 | «Օսկար» 18-րդ կինոմրցանակաբաշխություն | Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ | «Կատվային համերգ» | Հաղթանակ | [55][56] |
1947 | «Օսկար» 19-րդ կինոմրցանակաբաշխություն | Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ | «Բժիշկ Ջեքիլ և Պարոն Մուկ» | Առաջադրված | [55][56] |
1948 | «Օսկար» 20-րդ կինոմրցանակաբաշխություն | Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ | «Փոքրիկ որբուկը» | Հաղթանակ | [55][56] |
1949 | «Օսկար» 21-րդ կինոմրցանակաբաշխություն | Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ | «Հասունացրո՛ւ քո տհաճությունները» | Առաջադրված | [55][56] |
1950 | «Օսկար» 22-րդ կինոմրցանակաբաշխություն | Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ | «Ջերիի զարմիկը» | Առաջադրված | [55][56] |
1952 | «Օսկար» 24-րդ կինոմրցանակաբաշխություն | Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ | «Երկու մուկ-հրացանակիրը» | Հաղթանակ | [55][56] |
1953 | «Օսկար» 25-րդ կինոմրցանակաբաշխություն | Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ | «Յոհան մկնիկը» | Հաղթանակ | [55][56] |
1954 | «Օսկար» 26-րդ կինոմրցանակաբաշխություն | Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ | «Տուշե, մսյո Կատու» | Առաջադրված | [55][56] |
«Թոմն ու Ջերին» բազմիցս ընդօրինակվել են այլ մուլտսերիալներում, օրինակ՝ «Սիմփսոններ»-ում, որտեղ կարճամետրաժ դրվագներով ցուցադրվում էր մկան հետապնդող կատվի մասին պատմող «Խուտուտիկի և Չանգռանի շոուն»[7][57]։ Ջերին հանդես է եկել երաժշտական «Բարձրացնել խարիսխը» ֆիլմում, որտեղ նա պարում էր Ջին Քելլիի հետ[3]։ Տվյալ տեսարանը հայտնվեց «Գրիֆինների ընտանիք»-ի «Ճանապարհ դեպի Ռեպպերտ» դրվագում, որտեղ մկնիկը փոխարինվել էր Սթյուի Գրիֆինով։ Մեկ այլ մեծ էկրանային մյուզիքլում՝ «Dangerous When Wet»-ում գլխավոր հերոսները նավարկում էին Էսթեր Ուիլյամսի հետ[4]։ Պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը նույնպես պլանավորել էր Թոմին և Ջերիին ներառել «Ով է դավել Ռոջեր ճագարին» ֆիլմի հիմնական սյուժետային գծում, սակայն նա չկարողացավ պայմանավորվածության գալ իրավատեր Turner Entertainment ընկերության հետ։ Չնայած դրան, ֆիլմում որպես կամեո հայտնվեցին Սփայք և Դրուպի շները[58]։ Գրող Սթիվեն Միլհաուզերը ստեղծեց «Մուկը և Կատուն» (անգլ.՝ Cat 'n' Mouse) կարճ պատմությունը, որտեղ հերոսների զույգը հակադությունների մեջ է և միմյանց հանդեպ դավեր է նյութում։
Բացի ընդօրինակումներից, «Թոմ և Ջերի» անվանումը դարձավ «մուկն ու կատու խաղի» փոխաբերության հոմանիշը։ «Jackass»-ից Ջոննի Նոկսվիլլը նույնպես նշում էր, որ ֆիլմում հնարքների մեծ մասը վերցրել է տվյալ մուլտֆիլմից[48]։
Ինչպես և անցած հարյուրամյակի մուլտֆիլմերում, «Թոմը և Ջերին» մուլտֆիլմում ևս երևան էին գալիս ռասայական խտրականության և ռասայական կարծրատիպների դրսևորումներ։ Դրանք առաջ են գալիս, օրինակ՝ պայթյունների ժամանակ, որոնցից հետո կերպարների դեմքերը ներկվում են կեղտոտ սև գույնով, մեծանում են շուրթերը և առաջանում են «աֆրոհյուսեր»։ Սակայն ամենավիճելի տարրը շոուի մեջ Թոմի աֆրոամերիկացի տիրուհու՝ Մայրիկ-Երկու Հողաթափի հայտնվելն էր, որը խոսում է կաղապարային «սև առոգանությամբ» և վախենում է կրծողներից։ Ջոզեֆ Բարբերան, ով պատասխանատու էր սյուժետային գծի համար, պնդում էր, որ «Թոմը և Ջերին» մուլտֆիլմում կատակներն արտահայտում են ոչ թե իր ռասայական նախապատվությունները, այլ անցած դարի 40-ականների մթնոլորտը, երբ այդ հիմնախնդիրը մուլտֆիլմերում շրջանցում էին[9]։ Այնուամենայնիվ, այդպիսի կարծրատիպերը հեռուստադիտողների կարծիքով, այժմ համարվում են ռասիստական, և դրանց մեծ մասը ներկա ժամանակներում մոնտաժվել են կամ հեռուստատեսությամբ չեն ցուցադրվում[59]։ Հեռուաստաէկրանին հազվադեպ չէին հայտնվում օրիգինալ դրվագներն առանց ցենզուրայի, բայց մեծ մասամբ Մայրիկ-Երկու հողաթափի ձայնը վերահնչյունավորում էր մեկ այլ, իռլանդական առոգանությամբ խոսող դերասանուհի։
«Spotlight Collection» հավաքածուի մեջ դերասանուհի Վուփի Գոլդբերգը հանդիսատեսին նախազգուշացնում է մուլտֆիլմերում պոտենցիալ վիրավորական նյութերի մասին և նշում է, որ «դրանք ճիշտ չէին առաջ, ճիշտ չեն նաև այսօր»։ Պատասխանատվությունից խուսափելու այդպիսի ձև է կիրառվել նաև «Tom and Jerry Golden Collection: Volume 1» հավաքածուի մեջ[60]։
Հանդիսատեսի ուշադրությունը հատկապես գրավել էր հերոսների ծխելը, որոնք, նրանց խոսքերով, քարոզում են այդ վնասակար սովորույթը երեխաների շրջանում։ Սակայն այդ հարցը այնքան էլ չշոշափվեց մինչև 2006 թվականը, երբ բրիտանական Boomerang հեռուստաալիքը սկսեց կտրել ծխելու դրվագներով կադրերը։ Սակայն այդպիսի պրակտիկա ոչ բոլորի կողմից էր կիրառվում. OFCOM հանձնաժողովը որոշեց, որ այդպիսի պահերը կարելի է ցենզուրայի չենթարկել, այլ մի փոքր խմբագրել[61]։
«Թոմն ու Ջերին» սերիալի ընթացքում տեղի ունեցող փոքրաքանակ երկխոսությունների շնորհիվ այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Մուլտֆիլմը 1960-ականների կեսին սկսեցին ցուցադրել աշխարհի շատ երկրներում, այն շարունակում են ցուցադրել նաև այսօր։ Եվրոպայում, ինչպես ԱՄՆ-ում, սերիաների մի մասը ենթարկվել է ցենզուրայի՝ կտրել են Թոմի մասնակցությամբ այն դրվագները, երբ նա ծխախոտ է ծխում, իսկ Երկու-Հողաթափ-Մայրիկը նորից է կրկնագործվել։ Որոշ դեպքերում մուլտֆիլմը օգտագործում են այլ ծրագրերի ցուցադրման գրաֆիկի խախտման դեպքում՝ հեռարձակման շարքը լրացնելու համար։
«Թոմն ու Ջերին» մեծ տարածում գտավ նախկին ԽՍՀՄ-ի ու սոցիալիստական այլ երկրների տարածքում 1980-ականների սկզբին, երբ լայն տարածում գտան վիդեոմագնիտոֆոնները ու կեղծ վիդեոերիզները։ Հաճախ թարգմանությունները միաձայն էին, իսկ պատկերի որակը ցածր էր։ Մուլտֆիլմը նաև ցուցադրվում էր ռուսական կաբելային հեռուստատեսությամբ TV-6[62] ալիքով, որի համատերն էր ամերիկյան մեդիամագնատ Թեդ Թըրներն էր, ինչպես նաև Cartoon Network-ով[24][63]։ Մուլտֆիլմը ենթարկվել է խիստ քննադատության Ղազախստանում տեղի մուլտիպլիկատորների ընկերության կողմից, որոնք պահանջում էին դրա արգելումը։
Մուլտֆիլմը նաև հետաքրքրություն է առաջացնում Ճապոնիայում ու հաճախ հեռարձակվում է հեռուստացույցով։ 2005 թվականին TV Asahi ալիքը հարցում է անցկացրել 18-60 տարեկան մարդկանց մեջ։ Մարդկանց կարծիքով, «Թոմն ու Ջերին» բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմն է՝ լինելով միակը, որը ստեղծվել է ոչ ճապոնական ստուդիայի կողմից[64]։
Հայաստանում ևս ֆիլմը մեծ ճանաչում ունի։ Սակայն ֆիլմի հայերեն թարգմանություն կամ կրկնօրինակում չի կատարվել։ Տարածված են կամ բնօրինակով, կամ ռուսերեն՝ Յուրի Ժիվովի թարգմանությամբ DVD-ները և կարելի է գտնել հայկական վիդեո խանութներում կամ լու շուկաներում։
Հետևյալ մուլտֆիլմերը թվարկված են իրենց բնօրինակ անգլերեն վերնագրերով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.