From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Ալեքսանդրովիչ Եսենին (ռուս.՝ Сергей Александрович Есенин, սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1895[1][2][3][…], Կոնստանտինովո, Ryazan Uyezd, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 28, 1925[2][1][5][…], Լենինգրադ, ԽՍՀՄ[6]), ռուս բանաստեղծ, բանվորա-գյուղացիական գրականության ներկայացուցիչ, ավելի ուշ՝ իմաժինիզմի ներկայացուցիչ[7]։
Սերգեյ Եսենին ռուս.՝ Сергей Есенин | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1895[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոնստանտինովո, Ryazan Uyezd, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 28, 1925[2][1][5][…] (30 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ, ԽՍՀՄ[6] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Ստեղծագործական շրջան | 1910 - 1925 |
Ժանրեր | լիրիկա և քնարապատմողական |
Գրական ուղղություններ | New Peasant Poets? և Իմաժինիզմ |
Թեմաներ | բանվորա-գյուղացիական գրականություն (1914-1918), իմաժինիզմ (1918-1923) լիրիկա (1910-1925) |
Ուշագրավ աշխատանքներ | Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ... |
Ամուսին | Զինաիդա Ռայխ[5], Այսեդորա Դունկան[5], Սոֆյա Տոլստայա-Եսենինա[5] և Anna Izryadnov? |
Համատեղ ապրող | Նադեժդա Վոլպինա |
Զավակներ | Տատյանա Եսենինա, Ալեքսանդր Եսենին-Վոլպին և Կոնստանտին Եսենին |
Կայք | esenin.ru |
Sergei Yesenin Վիքիպահեստում |
Եսենինի ձայնագրությունը | |
Ծնվել է Ռյազանի նահանգի Կոնստանտինովո գյուղում։ Վաղ մանկությունից նրա վրա մեծ տպավորություն են թողել ժողովրդական բանահյուսության ժանրը, աստվածաշնչյան պատումներն ու հոգևոր երգերը, որոնք իրենց կնիքն են դրել նրա ստեղծագործության վրա։ Գրել սկսել է ինը տարեկան հասակից՝ ժողովրդական չաստուշկաների ազդեցությամբ։
1912 թվականին Եսենինը տեղափոխվում է Մոսկվա, 1913 թվականին որպես ազատ ունկնդիր հաճախում է Շանյավսկու համալսարանը։ Եսենինի առաջին բանաստեղծությունները հրատարակվել են մոսկովյան հանդեսներում՝ 1915 թվականին։ 1915 թվականին մեկնում է Պետրոգրադ, որտեղ ծանոթանում է Ալեքսանդր Բլոկի, Գորոդեցկու, Կլյուևի հետ. Եսենինը ջերմ ընդունելության է արժանանում։ Նրա բանաստեղծություններն իրենց թարմությամբ և ինքնատիպությամբ մեծ տպավորություն են թողնում ժամանակակիցների վրա։
1917 թվականին ծանոթանում և նույն թվականի հուլիսին ամուսնանում է դերասանուհի Զինաիդա Ռայխի հետ, որից ունենում է 2 երեխա։ Հետագայում Ռայխն ամուսնանում է հայտնի ռեժիսոր Վսևոլոդ Մեյերխոլդի հետ։ 1938 թվականին Մեյերխոլդի բանտարկությունից մի քանի օր հետո Զինաիդա Ռայխը դաժանաբար սպանվում է մոսկովյան իր բնակարանում։
1918 թվականին Անատոլի Մարիեգոֆի հետ ծանոթանալուց հետո Եսենինը միանում է իմաժինիստներին։ Այդ շրջանում են լույս տեսնում «Исповедь хулигана» («Խուլիգանի խոստովանությունը» 1921), «Стихи скандалиста» («Սկանդալիստի բանաստեղծություններ» 1923), «Мօсква кабацкая» («Կաբակների Մոսկվա» 1924) ժողովածուները։
1922 թվականին ամուսնանում է աշխարհահռչակ պարուհի Այսեդորա Դունկանի հետ և նրա հետ ճանապարհորդում է Եվրոպայում և Ամերիկայում։ Ամուսնությունը տևում է ընդամենը մեկ տարի։ Դունկանը մահացել է 1927 թվականին՝ դժբախտ պատահարից. վզին գցված երկար շարֆը փաթաթվում է այն ավտոմեքենայի անիվին, որով նա զբոսնում էր, և նա խեղդվում է։
1923 թվականին՝ Դունկանի մահից հետո, Եսենինը հանդիպում է դերասանուհի Ավգուստա Միկլաշևսկայային, որին նվիրված է «Любовь хулигана» շարքը։
Հայկական դպրոցի ուսուցչուհի Շահանե Տալյանի (Տերտերյան) հետ Եսենինը ծանոթանում է 1924 թվականին՝ Բաթումում։ 1925 թվականին լույս է տեսնում «Персидские мотивы» («Պարսկական մոտիվներ») շարքը։ Շարքի ամենահայտնի բանաստեղծություններից մեկը «Шагане ты моя, Шагане»-ն է։
1925 թվականի աշնանը Եսենինը պաշտոնապես ամուսնանում է երրորդ անգամ՝ Լև Տոլստոյի թոռնուհու՝ Սոֆյայի հետ, սակայն այս ամուսնությունն էլ երկար չի տևում։
1925 թվականի դեկտեմբերի 28-ին Եսենինին կախված են գտնում Լենինգրադի «Անգլետեր» հյուրանոցի իր համարում։ Երկար տարիներ ընդունված էր համարել, որ Եսենինը ինքնասպանություն է գործել՝ ծանր ապրումների ճնշման տակ վերջ դնելով իր բուռն ու խելահեղ կյանքին։ Սակայն հետխորհրդային տարիներից սկսած՝ հաճախ է շրջանառվում նաև սպանության վարկածը [8]:
1914 թվականին մանկական «Միրոկ» ամսագրում առաջին անգամ տպագրվում են Եսենինի բանաստեղծությունները։ 1915 թվականին Եսենինը տեղափոխվում է Պետրոգրադ, կարդում իր բանաստեղծությունները Բլոկին, Գորոդեցկուն և ուրիշ գրողներին։ 1916 թվականի հունվարին Եսենինը զորակոչվեց բանակ. ընկերների միջնորդությամբ նշանակվեց կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնայի Ցարսկոսելսկիական ռազմասանիտարական № 143 գնացքի սանիտար։ Այդ ժամանակ նա մտերմացավ բանվորագյուղացիական պոետների հետ և տպագրեց առաջին ժողովածուները («Ռադունիցա»-1916), որոնք նրան դարձրեցին հայտնի։ Նիկոլայ Կլուրի հետ միասին նա հաճախ ելույթ էր ունենում հանդիսատեսի առջև, այդ թվում՝ Ցարսկոյե ավանում կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնայի և նրա դստրերի։
1915-1917 թվականներին Եսենինը ընկերական հարաբերությունների մեջ էր գրող Լեոնիդ Կաննեգիսերի հետ[9], որը հետագայում սպանել է Պետրոգրադի ԱՀ նախագահ Ուրիցկուն։
1918-1920 թվականներին է վերաբերում Անատոլի Մարիենգոֆի հետ ծանոթությունը, ակտիվ մասնակցությունը իմաժինիստների խմբում։ Իմաժինիզմով հետաքրքրվելու շրջանում լույս են տեսնում բանաստեղծությունների մի քանի ժողովածուներ՝ «Трерядница», «Исповедь хулигана» (երկուսն էլ 1921 թվականին), «Стихи скандалиста» (1923), «Москва кабацкая» (1924), «Пугачев» պոեմը։
1921 թվականին իր ընկեր Յակով Բլյումկինի հետ մեկնում է Միջին Ասիա, այցելում Ուրալ ու Օրենբուրգ։ Մայիսի 13-ից մինչև հունիսի 3-ը հյուրընկալվել է իր ընկեր Ալեքսանդր Շիրյաևցին, Տաշքենդում[10]։ Այստեղ Եսենինը մի քանի անգամ ելույթ է ունեցել հանդիսատեսի առջև, կարդացել իր բանաստեղծությունները պոեզիայի երեկոների ժամանակ։ Ականատեսների խոսքերով՝ Եսենինը սիրում էր հին քաղաքը՝ Ուրդան, սիրում էր լսել ուզբեկական երգեր, բանաստեղծություններ, այցելել Տաշքենդի տեսարժան վայրերը իր ընկերների հետ։ Նա նաև կարճ ժամանակով եղել է Սամարղանդում[7]։ 1921 թվականի աշնանը Յակուլովի արվեստանոցում ծանոթանում է պարուհի Այսեդորա Դունկանի հետ, ում հետ ամուսնանում է կես տարի անց։ Հարսանիքից հետո Եսենինը Դունկանի հետ մեկնում է Եվրոպա՝ (Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա), իսկ այնուհետև՝ ԱՄՆ (4 ամիս), որտեղ մնացել է 1922 թվականի մայիսից մինչև 1923 թվականի օգոստոսը[11]։ «Իզվեստիա» թերթը տպագրել է Եսենինի տպավորությունները Ամերիկայի մասին՝ «Երկաթե Միրգորոդը» խորագրով։ Դունկանից բաժանվել է արտասահմանից վերադառնալուց հետո։
1920 թվականների սկզբին Եսենինը ակտիվորեն զբաղվում էր տպագրությամբ, վաճառում իր գրքերը Մեծ Նիկիտսկայա փողոցի վրա վարձած գրախանութում, որը զբաղեցնում էր գրողի ամբողջ ժամանակը։ Կյանքի վերջին տարիներին գրողը հաճախ ճանապարհորդում էր Ռուսաստանով։ Նա երեք անգամ եղել է Կովկասում, մի քանի անգամ Լենինգրադում, 7 անգամ՝ Կոնստանտինովոյում։ 1924-1925 թվականներին Եսենինը այցելել է Ադրբեջան, տպագրել բանաստեղծությունների ժողովածու, «Կարմիր արևելք» վերնագրով։ Կան կարծիքներ, որ հենց այստեղ է գրվել «Послание евангелисту Демьяну» բանաստեղծական ուղերձը։ Ապրում էր Մարդաքյանդ ավանում (Բաքվի մոտ)։ Ներկայումս այստեղ գտնվում է նրա տուն-թանգարանը՝ հուշատախտակով։
1924 թվականին Եսենինը վերջ տվեց իմաժինիզմին Մարիենգոֆի հետ վիճելու պատճառով։ Եսենինն ու Իվան Գրուզինովը հրատարակեցին բաց նամակ խմբի կազմալուծման մասին։
Թերթերում սկսեցին հայտնվել հոդվածներ, որոնք մեղադրում էին նրան հարբեցողության, ծեծկռտուքի, կռիվների մեջ /պետք է ասել, որ գրողը իր կյանքի վերջին տարիներին առիթ էր տալիս քննադատության համար/։ Եսենինի դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր. հիմնականում նրան մեղադրում էին խուլիգանության մեջ, հայտնի է նաև 4 գրողների գործը՝ կապված Եսենինի և իր ընկերների հակահրեական հայտարարությունների հետ։
Խորհրդային կառավարությունը անհանգստանում էր Եսենինի առողջության համար։ Այսպես, Ռակովսկին Ձերժինսկուն ուղղված նամակում խնդրում է «փրկել հայտնի գրող Եսենինի՝ անշուշտ, մեր Միությունում ամենատաղանդավոր գրողի կյանքը»՝ առաջարկելով. «Հրավիրե՛ք իրեն Ձեզ մոտ, խոսե՛ք նրա հետ, ուղարկե՛ք հանգստյան տուն՝ Ձեր ԳՔՎ-ի քարտուղար ընկերոջ մոտ, ով թույլ չի տա նրան հարբեցողությամբ զբաղվել»[12]։ Ձերժինսկին գրում է այդ ընկերոջը. «Կարող եք զբաղվել նրանով», կողքը Հերսոնի պիտակը. «Անընդհատ զանգահարում եմ՝ չեմ կարողանում գտնել Եսենինին»։
1925 թվականի վերջին Սոֆյա Տոլստայան պայմանավորվեց վճարովի հոգենյարդաբանական կլինիկայի տնօրենի՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Գաննուշկինի հետ Եսենինին հոսպիտալացնելու համար։ Սրա մասին գիտեին միայն գրողի մտերիմները. 1925 թվականի դեկտեմբերի 21-ին Եսենինը լքեց կլինիկան, հանեց իր բանկային գրքույկից ամբողջ գումարը, մի օր անց գնաց Լենինգրադ և կանգ առավ «Անգլետեր» հյուրանոցի 5-րդ համարում։
Լենինգրադում Եսենինի վերջին օրերը կապված են Կլյուևի, Ուստինովի, Իվան Պրիբլուդնու, Էրլիխի, Սադոֆևի, Նիկիտինի հետ։
1913 թվականին Սերգեյ Եսենինը ծանոթացավ Աննա Դավիդովնա Իզրյադնովայի հետ, ով աշխատում էր Սիտինի տպարանում, որտեղ Եսենինը ընդունվել էր աշխատանքի։ 1914 թվականին նրանք ամուսնացան։ 1914 թվականի դեկտեմբերի 21-ին ծնվեց որդին՝ Յուրին, ում, կեղծ մեղադրանքներով, սպանել են 1937 թվականին։ 1917 թվականին ծանոթացել է Զինաիդա Ռայխի հետ (ռուս դերասանուհի, ռեժիսոր Մեյերխոլդի ապագա կինը), նույն թվականի հուլիսի 30-ին նշանվել նրա հետ Կիրիկի-Ուլիտայում։ Փեսացուի վկաներն էին Պավել Խիտրովը՝ Իվանովսկոյե-Սպասսկոյե գյուղից և Սերգեյ Բարաևը՝ Ուստյայից, հարսնացուի վկաները՝ Ալեքսեյ Գանինն ու Դմիտրիյ Դևյատկովը Վոլոգդայից[13]։ Հարսանիքը տեղի է ունեցել «Պասսաժ» հյուրանոցում։ Ամուսնությունից հետո ծնվել է Տատյանան (1918-1992), ապագա՝ լրագրող ու գրող[14], հետո՝ Կոնստանտինը (1920-1986), ապագա ֆուտբոլային լրագրող։ 1919 թվականի վերջին (կամ 1920 թվականի սկզբին) Եսենինը լքեց ընտանիքը՝ թողնելով հղի կնոջը մեկուկես տարեկան դստեր հետ միայնակ։ 1921 թվականի փետրվարի 19-ին գրողը ամուսնալուծման համար դիմում գրեց և պարտավորվեց ապահովել նրանց (պաշտոնապես բաժանվել են 1921 թվականին)։ Հետագայում Եսենինը բազմիցս այցելել է իր երեխաներին, որոնց որդեգրել էր Մեյերխոլդը։
1920 թվականին Եսենինը ապրում է իր գրական քարտուղարի՝ Գալինա Բենիսլավսկայի մոտ։ Իր կյանքի ընթացքում Եսենինը բազմիցս հանդիպել է նրա հետ, երբեմն ապրել նրա մոտ, նույնիսկ մինչև 1925 թվականը։ 1921 թվականի մայիսի 13-ից մինչև հունիսի 3-ը Եսենինը հյուրընկալվել է իր ընկերոջ՝ Ալեքսանդր Շիրյաևցի տանը Տաշքենդում[15]։ Թուրքմենստանի գրադարանի տնօրենը հրավիրել է նրան 1921 թվականի մայիսի 25-ին ելույթ ունենալ գրական երեկոյի ժամանակ «Արվեստի ստուդիայի» ունկնդիրների առջև[16]։ Թուրքմեսնտան Եսենինը եկել էր իր ընկերոջ՝ Կոլոբովի գնացքով, որտեղ էլ ապրել է Տաշքենդում մնալու ընթացքում, հետո գնացքով գնացել է Սամարղանդ, Բուխարա և Պոլտորացկ։ 1921 թվականի հունիսի 3-ին Սերգեյ Եսենինը մեկնեց Տաշքենդից և հունիսի 9-ին վերադարձավ Մոսկվա։ Զուգադիպությամբ դստեր կյանքի մեծ մասն անցել է Տաշքենդում[14]։
1921 թվականի աշնանը Եսենինը Յակուլովի արվեստանոցում ծանոթանում է Այսեդորա Դունկանի հետ, ում հետ ամուսնանում է 1922 թվականի մայիսին։ Ընդ որում, Եսենինը չէր խոսում անգլերեն, իսկ Դունկանը մի փոքր կարողանում էր արտահայտվել ռուսերեն։ Ամուսնությունից հետո Եսենինը Դունկանին ուղեկցել է Եվրոպա և ԱՄՆ[7], որտեղ պետք է կայանային Դունկանի համերգները։ Հեղինակները Եսենինի և Դունկանի մասին խոսելիս նշում են նրանց սիրո սկանդալային կողմը. նրանց միանշանակ միավորում էր արվեստը[17]։ Այդուհանդերձ, նրանք 1923 թվականի օգոստոսին բաժանվեցին։ Եսենինը վերադարձավ Մոսկվա։
1923 թվականին Եսենինը ծանոթացավ դերասանուհի Ավգուստա Միկլաշևայի հետ, որին նա նվիրել է 7 բանաստեղծություն «Любовь хулигана» շարքից։ Ակնհայտ է տողերից մեկում ծածկագրված է դերասանուհու անունը. «Ինչո՞ւ է անունը քո հնչում, օգոստոսի ցրտի նման»[18][19]։ Ուշագրավ է, որ 1976 թվականի աշնանը տված հարցազրույցում Ավգուստան խոստովանել է, որ Եսենինի հետ սերը եղել է պլատոնական. նրանք նույնիսկ չեն համբուրվել[20]։
1924 թվականի մայիսի 12-ին բանաստեղծուհի Նադեժդա Վոլպինան Ալեքսանդր անունով տղա է ունենում Եսենինից՝ ապագայում հայտնի մաթեմատիկոս, միակ ողջ զավակը Եսենինի երեխաներից։
1925 թվականի փետրվարի 18-ին Եսենինը վերջին (երրորդ) անգամ ամուսնանում է Տոլստոյի թոռնուհու՝ Սոֆյա Անդրեևնայի (1900-1957)[21] հետ, ով Գրողների միության գրադանավարուհին էր։ Այս ամուսնությունը նույնպես գրողին երջակություն չբերեց, և նրանք շուտով բաժանվեցին։ Մենակությունը դարձավ Եսենինի ողբերգական վերջի պատճառներից մեկը։ Եսենինի մահից հետո Տոլստայան նվիրել է իր կյանքը Եսենինի ստեղծագործությունների հավաքմանը, պահպանմանը, տպագրմանը, թողել է հուշագրություններ նրա մասին[22]։
Համաձայն Սարդանովսկու հիշողությունների՝ Եսենինը որոշ ժամանակ եղել է բուսակեր[23]։
1925 թվականի դեկտեմբերի 28-ին Եսենինին գտան «Անգլետեր» հյուրանոցում մահացած։ Նրա վերջին ստեղծագործություն՝ «Մինչ հանդիպում, իմ ընկեր, մինչ հանդիպում» բանաստեղծությունը, Վոլֆ Էրլիխի վկայությամբ՝ փոխանցվել է նրան նախօրեին. Եսենինը բողոքում էր, որ համարում չկար թանաք, և նա ստիպված էր գրել իր արյունով[24]։ Համաձայն հասարակության կողմից ընդունված վարկածի՝ Եսենինը, գտնվելով ընկճախտի մեջ, ինքնասպան է եղել կախվելով։
Գրողների միությունում հոգեհանգստից հետո Եսենինի դիակը գնացքով տեղափոխվել է Մոսկվա, որտեղ Եսենինի բարեկամներն ու ընկերները հրաժեշտ են տվել նրան։ 1925 թվականի դեկտեմբերի 31-ին թաղվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։
Ո՛չ Եսենինի մահից հետո, ո՛չ հաջորդ տասնամյակներին ինքնասպանությունից բացի ուրիշ վարկածներ առաջ չեն քաշվել։ 1970-1980-ական թվականներին հրապարակ իջան ուրիշ վարկածներ Եսենինի սպանության վերաբերյալ։ Այս վարկածի զարգացմանը նպաստել է Մոսկվայի քրեական գործերի քննիչ Էդուարդ Խլիստալովը[25][26]։ Այս վարկածը թափանցել է համաժողովրդական մշակույթի մեջ՝ հիմնականում արտացոլվելով «Եսենին» հեռուստասերիալում։
1989 թվականին Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի հովանու ներքո ստեղծվել է հատուկ հանձնաժողով Պրոկուշևայի ղեկավարությամբ[27]։ Նրա խնդրանքով անց են կացվել հետազոտություններ, որոնք բերել են հետևյալ եզրակացությանը. «Այժմ պոետի սպանության վերաբերյալ հրատարակված վարկածները, չնայած որոշ հակասություններին, համարվում են հատուկ տեղեկատվության գռեհիկ, ոչ իրազեկ մեկնաբանություններ՝ երբեմն պարզապես կեղծելով քննչական արդյունքները»։ Եսենինի սպանության վարկածը անհավանական են համարում նաև մյուս եսենինագետները[28]։
Առաջին բանաստեղծական ժողովածուից ՝ «Ռադունիցա»-ից հետո (1916), հանդես է եկել որպես նուրբ քնարերգու, գյուղական Ռուսաստանի երգիչ, ժողովրդական լեզվի ու հոգու փորձառու գիտակ։
1919-1923 թվականներին հարել է իմաժինիստների խմբին։ Ողբերգական աշխարհընկալումն ու շփոթվածությունն արտահայված են «Զամբիկային նավեր» (1920), «Москва кабацкая» (1924) ժողովածուներում, «Черный человек» պոեմում (1925)։ «Баллада о двадцети шести» պոեմում (1924), «Русь Советская» ժողովածուում (1925), «Анна Снегина» պոեմում (1925)։ Եսենինը ձգում էր հասնել «համայնքով տարածված Ռուսաստանին», թեև շարունակում էր իրեն զգալ «Անհետացող Ռուսաստանի» գրող։ «Пугачев» պոեմը դրամատիկ է (1921)։
1916:
1920:
1921:
1922:
1923:
1924:
1925:
ко А. М. Есенин: Путь и беспутье. - М.: Астрель, 2012. - 606 с. 5000 экз. ISBN 978-5-271-39257-3
«Նամակ մորը» բանաստեղծության տողերը տպավորություն են թողել երիտասարդ կոմպոզիտոր Վասիլի Լիպատովի վրա (1897-1965)։ Այդ ժամանակներից Դմիտրի Գնատյուկը, Յուրի Գուլյաևը, Վադիմ Կոզինը, Կլավդիա Շուլժենկոն, Ալեքսանդր Մալինինը երգել են ռոմանսը Լիպատովի երաժշտության ներքո։ Այդ երգը Լիպատովը գրել է մեկ օրվա ընթացքում[29]։ Լիպատովին է նաև պատկանում «Клён ты мой опавший» բանաստեղծության համար գրված երաժշտությունը։ Եսենինի ստեղծագործությունները դառնում էին ռոմանսներ ժողովրդական արտիստ Գրիգորի Պոնոմորենկոյի շնորհիվ (1921-1996)։ Նրա «Отговорила роща золотая», «Не бродить, не мять в кустах багряных», «Пускай ты выпита другим», «Не жалею, не зову, не плачу», «Выткался на озере», «Шаганэ ты моя, Шаганэ», «Заметался пожар голубой», «Собаке Качалова» երգել են Իոսիֆ Կոբզոնը, Վլադիմիր Տրոշինը, Արկադի Սևերնին, «Ռադունիցա» անսամբլը, ՎԻԱ «Օրերան» և ուրիշները։ Եսենինի ստեղծագործությունների համար երաժշտություն են գրել Ալեքսանդր Վերտինկին («В том краю, где жёлтая крапива», «До свиданья, друг мой, до свиданья»), Իվան Կոզլովսկին («Ты поила коня», «Я по первому снегу»), Մուսլիմ Մագոմաևը («Королева», «Прощай, Баку»), Եվգենի Մարտինովը («Берёзка»), Վալերի Օբոդզինսկին («До свиданья друг мой, до свиданья»), Վլադիմիր Վիսոցկին[30]։ Եսենինի բանաստեղծությունները որպես երգեր մտել են Ռուսաստանի վաստակավոր դերասանուհի ՝ Կլավդիա Խաբարովայի երգացանկը։ Ալեքսեյ Կարելինի երաժշտությամբ հայտնի դարձան «Цветы мне говорят-прощай», «Черёмуха душистая», «Вот оно - глупое счастье» և այլ երգեր։ Արկադի Սևերնին իր ելույթներում ավելացնեց նաև «Ты меня не любишь», «Белая свитка и алый кушак», «Вечер чёрные брови насопил», «До свиданья друг мой, до свиданья» ռոմանսները։ Ալեքսանդր Վերտինսկու երաժշտության ներքո Ալեքսեյ Պոկրովսկին կատարեց «Последнее письмо»-ն և նաև մի քանի այլ երգեր։ Կոմպոզիտոր Սերգեյ Սարիչևը և «Ալֆա» խումբը «Я московский озорной гуляка» երգը դարձրեցին համամիութենական հիթ։
Թվական | Երկիր | Անվանում | Ռեժիսոր | Սերգեյ Եսենին |
---|---|---|---|---|
1968 | Միացյալ Թագավորություն Ֆրանսիա | «Այսեդորա» | Կարել Ռեյշ | Զվոնիմիր Չրնկո |
1969 | ԽՍՀՄ | «Աննա Սնեգինա» | Վիկտոր Սերկով | Վիտալի Բեզռուկով |
1971 | ԽՍՀՄ | «Երգիր երգը, պոետ» | Սերգեյ Ուրուսևսկի | Սերգեյ Նիկոնենկո |
2004 | Ռուսաստան | «Ոսկե գլուխը» | Սեմյոն Ռյաբիկով | Դմիտրի Մուլյար |
2005 | Ռուսաստան | «Եսենին» | Իգոր Զայցև | Սերգեյ Բեզռուկով |
1975 թվականին ԽՍՀՄ-ի Կապի նախարարությունը շրջանառության մեջ է դրել Եսենինի դիմանկարով ծրար։
1995 թվականին Ռուսաստանի կենտրոնական բանկը հատել է արծաթե դրամ՝ նվիրված Եսենինի ծննդյան 100-ամյակին[32]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.