Իսրայելի առաջին նախագահ From Wikipedia, the free encyclopedia
Դավիդ բեն Գուրիոն (եբրայերեն՝ דָּוִד בֶּן-גּוּרִיּוֹן, պետք է արտասանել [daˈvɪd ben gurˈjo:n] ( լսել), ծնունդով Դեյվիդ Գրյուն, հոկտեմբերի 16, 1886[1][2][3][…], Պլոնսկ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 1, 1973[2][3][5][…], Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել[6] և Յաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել[7]), Իսրայելի պետության հիմնադիր և Իսրայելի առաջին վարչապետ։
Բեն Գուրիոնը վաղ հասակից մոլի սիոնիստ էր, 1946 թվականին նա դարձավ Սիոնիստական գլխավոր առաջնորդ և Համաշխարհային սիոնիստական կազմակերպության գործադիր ղեկավար[9]։ 1935 թվականից որպես հրեական գործակալության ղեկավար, հետագայում նաև նախագահ, իսկ ավելի ուշ՝ հրեական գործակալության գործադիր, նա դե ֆակտո Պաղեստինում հրեական համայնքի առաջնորդն էր և շատ դեպքերում Հրեական անկախ պետության համար պայքարում առաջնորդել է համայնքը։ 1948 թվականի մայիսի 14-ին նա կարդաց Իսրայել պետության անկախության հռչակագիրը և առաջինը ստորագրեց այն։ Բեն Գուրիոնը առաջնորդել է Իսրայելը 1948-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում և հավաքագրել է հրեական տարբեր ռազմական միավորումներ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) կազմում։ Հետագայում նա հայտնի դարձավ որպես «Իսրայելի հիմնադիր-հայր»[10]։
Պատերազմից հետո Բեն Գուրիոնը ծառայեց Իսրայելի առաջին վարչապետ և պաշտպանության նախարար։ Նրա վարչապետության օրոք կառուցվել են պետական ինստիտուտներ, իրականացվել են երկրի զարգացմանն ուղղված բազմաթիվ ազգային ծրագրեր։ Նա նաև համակարգում էր աշխարհով մեկ ցրված հսկայական թվով հրեաների ներգրավումը պետության կայացման գործին։ Նրա արտաքին քաղաքականության հիմքում ընկած էր Արևմտյան Գերմանիայի հետ հարաբերությունների բարելավումը։ Նա սերտորեն համագործակցում էր Կոնրադ Ադենաուերի կառավարության հետ Բոննում, ինչի արդյունքում Արևմտյան Գերմանիան մեծ գումարներ տրամադրեց Իսրայելին, ի փոխհատուցում նացիստական Գերմանիայում Հոլոքոստի ընթացքում հրեաների հալածանքների[11]։
1954 թվականին նա հրաժարական տվեց վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոններից՝ մնալով Քնեսեթի անդամ։ 1955 թվականին, Պինհաս Լավոնի հրաժարականից հետո, նա նորից ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ավելի ուշ, 1955 թվականի ընտրությունների արդյունքում, նա կրկին դարձավ վարչապետ։ Նրա ղեկավարությամբ Իսրայելն ագրեսիվ պատասխան տվեց արաբական պարտիզանական հարձակումներին և 1956 թվականին, Եգիպտոսի կողմից Սուեզի ջրանցքի ազգայնացումից հետո, բրիտանական և ֆրանսիական ուժերի հետ միասին ներխուժեց Եգիպտոս (Սուեզի ճգնաժամ)։
Նա պաշտոնից հեռացավ 1963 թվականին և թոշակի անցավ 1970 թվականին։ Այնուհետև նա տեղափոխվեց Նեգև անապատում գտնվող կիբուց, որտեղ և ապրեց մինչև իր մահը։ Թայմ ամսագիրը Բեն Գուրիոնին հետմահու ճանաչեց 20-րդ դարի 100 առավել կարևոր մարդկանցից մեկը։
Դավիդ բեն Գուրիոնը ծնվել է Պլոնսկում (Լեհական Թագավորություն, այն ժամանակ Ռուսական կայսրության մաս)։ Նրա հայրը՝ Ավիգդոր Գրյունը, փաստաբան էր և սիոնական շարժման առաջնորդ։ Նրա մայրը մահացել էր, երբ նա 11 տարեկան էր։ 2003 թվականին, երբ Լեհաստանում գտնվեց բեն Գուրիոնի ծննդականը, պարզվեց, որ նա երկվորյակ եղբայր է ունեցել, ով մահացել է ծնվելուց կարճ ժամանակ անց[12]։ 14 տարեկանում, նա իր երկու ընկերների հետ հիմնեց Ezra երիտասարդական ակումբը՝ աջակցելով եբրայերենի ուսուցմանը և հրեաների վերադարձին Սուրբ երկիր։
1905 թվականին, որպես Վարշավայի համալսարանի ուսանող, նա անդամակցում է Սոցիալ-Դեմոկրատական հրեական բանվորական կուսակցությանը։ 1905 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ նա երկու անգամ ազատազրկվում է։
Բեն Գուրիոնը իր հիշողություններում գրում է իր հայրենի քաղաքի մասին.
Մեզնից շատերի համար հակասեմիտ զգացումը մեր սիոնիզմին նվիրվածության հետ ոչ մի առնչություն չուներ։ Ես անձնապես երբեք չեմ տառապել հակասեմիտական հալածանքից. Պլոնսկը զարմանալիորեն ազատ էր դրանից... Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Պլոնսկը ամենաշատ համամասնությամբ հրեաներ ուղարկեց Իսրայել, քան Լեհաստանի որևէ այլ քաղաք։ Մենք գաղթեցինք, ոչ թե բացասականից փախչելու պատճառով, այլ դրական նպատակով՝ վերակառուցելու մեր հայրենիքը... Կյանքը Պլոնսկում բավականին խաղաղ էր։ Այնտեղ երեք մեծ համայնքներ կային։ Ռուսներ, հրեաներ և լեհեր... Հրեաների և լեհերի թիվը քաղաքում մոտավորապես հավասար էր՝ հինգհազարական։ Հրեաները, սակայն կենտրոնացած խմբով զբաղեցնում էին կոմպակտ տարածք քաղաքի ներսում, մինչդեռ լեհերը ավելի ցրված էին, ապրում էին արվարձաններում, գյուղացիության ստվերում։ Հետևաբար, եթե հրեա տղաների խումբը հանդիպում էր լեհ տղաների խմբավորման հետ, նույնիսկ եթե թվով նրանք շատ էին, միևնույն է մեր հաղթելու պոտենցիալն ավելի մեծ էր, քան նրանցը։ Ավելի շուտ նրանք էին վախենում մեզնից, քան մենք նրանցից։ Ընդհանուր առմամբ հարաբերությունները բարեկամական էին, բայց հեռավորության վրա[13]։ |
1906 թվականին բեն Գուրիոնը գաղթում է Օսմանյան Պաղեստին։ Մեկ ամիս անց նա ընտրվում է Սիոնական կուսակցության նոր ձևավորված Ջաֆֆայի ճյուղի կենտրոնական կոմիտեում՝ դառնալով կուսակցության պլատֆորմի հանձնաժողովի նախագահ։ Նա ավելի ազգայնական ծրագիր է առաջարկում, քան հանձնաժողովի այլ ձախակողմյան կամ մարքսիստ անդամները։ Հաջորդ տարի նա բողոքում էր, որ խմբի անդամների մեծամասնությունը Ռուսաստանի քաղաքացիներ էին։ Այդ ժամանակ Պաղեստինում հրեաների թիվը մոտավորապես 55.000 էր, որոնցից 40.000-ը Ռուսաստանի քաղաքացիություն ունեին։
Բեն Գուրիոնը Պետահ Տիկվայում նարինջ էր տեսակավորում, 1907 թվականին նա տեղափոխվեց Գալիլեայի կիբուցը, որտեղ նա աշխատում էր որպես գյուղատնտեսական աշխատող և քաղաքականությունից հեռացավ։ Հաջորդ տարի նա միացավ զինվորական խմբի, որը գործում էր որպես պահակախումբ։ 1909 ապրիլի 12-ին կողոպուտի փորձի ժամանակ ծագած կռվի մեջ բեն Գուրիոնն էլ էր հայտնվել, մի արաբ և մի ֆերմեր սպանվեցին[14]։
1909 թվականին նա անդամագրվում է Հաշոմերին՝ կամավորական բանակ, ովքեր օգնեցին պաշտպանել հրեական մեկուսացած գյուղատնտեսական համայնքները։ 1911 թվականի նոյեմբերի 7-ին բեն Գուրիոնը մեկնում է Սալոնիկ, որպեսզի իրավաբանական ուսումնասիրությունների համար թուրքերեն սովորի։ Քաղաքը, որն ուներ հրեական մեծ համայնք, նրա վրա մեծ ազդեցություն գործեց, նա անվանեց «Հրեական քաղաք, որի նմանը չկա աշխարհում»։ Նա նաև հասկացավ, որ «հրեաներն ընդունակ են ամեն գործի», հրեաներից ոմանք հարուստ գործարարներ և պրոֆեսորներ էին, մյուսները՝ վաճառականներ, արհեստավորներ և դռնապաններ[15]։
1912 թվականին նա գնում է Կոստանդնուպոլիս՝ Ստամբուլի համալսարանում իրավագիտություն սովորելու։ Բեն Գուրիոնը միաժամանակ աշխատում էր որպես լրագրող։ Նա ապագան տեսնում էր Օսմանյան ռեժիմից անկախ։
Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկին, Բեն Գուրիոնը ապրում էր Երուսաղեմում, որտեղ նրան բեն Զվիի հետ հավաքագրեցին 40 հրեա աշխարհազորային Օսմանյան բանակին աջակցելու համար։ Չնայած դրան, նա 1915 թվականի մարտին արտաքսվեց Եգիպտոս։ Այնտեղից նա մեկնեց Միացյալ Նահանգներ, որտեղ մնաց երեք տարի։ Ժամանելուն պես նա և բեն Զվին շրջագայության մեկնեցին 35 քաղաքով՝ փորձելով կազմել 10000-անոց Ռահվիրա բանակ, Թուրքիայի կողմից կռվելու համար[16]։
1915 թվականին հաստատվելով Նյու Յորքում` նա հանդիպեց Ռուսաստանում ծնված Պաուլային։ 1917 թվականին նրանք ամուսնացան։
1917 թվականի նոյեմբերի Բալֆուրի հռչակագրի հրապարակումից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, և 1918 թվականին բեն Գուրիոնը, սիոնիզմով տարված, անցավ մյուս կողմ՝ միացավ Բրիտանական բանակում նոր ձևավորված հրեական լեգիոնին։ Նա կամավոր էր 38-րդ հրաձգային բատալիոնում, որը հրեական լեգիոնի չորս խմբավորումներից մեկն էր։ Նրա բատալիոնը կռվում էր թուրքերի դեմ Պաղեստինյան կամպանիայի ընթացքում։
Բեն Գուրիոնը ընտանիքի հետ Պաղեստին վերադարձավ Առաջին համաշխարհային պատերազմից հաջորդած Բրիտանիայի կողմից Պաղեստինը Օսմանյան կայսրության ձեռքից վերցնելուց հետո։
Դավիդ և Պաուլա բեն Գուրիոնները երեք երեխա ունեին։ Որդին՝ Ամոսը և երկու դուստրերը, Գեուլա բեն Էլիզերը և Ռենանա Լեշեմը։ Ամոս բեն Գուրիոնը կդառնա Իսրայելի ոստիկանության տեսուչի տեղակալ, նաև տեքստիլ գործարանի գլխավոր տնօրեն։ Նա ամուսնացավ իռլանդուհի Մարի Քալոուի հետ, ով դավանափոխվեց հուդայականության։ Ամոս և Մարի բեն Գուրիոնները երկու դուստր և մեկ որդի ունեն և վեց աղջիկ թոռնիկներ։ Գուելան երկու որդի և դուստր ունի՝ Ռենանան, ով աշխատում էր որպես միկրոկենսաբան Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտում, որդի ունի[17]։
Տեսաբան Բեր Բորոխովի մահից հետո Պոալեյ Սիոն հրեական սոցիալ դեմոկրատական կուսակցության ձախ ու կենտրոնամետ թևերը պառակտվեցին 1919 փետրվարին, որի արդյունքում բեն Գուրիոնը և նրա ընկեր Բերլ Կացնելսոնը գլխավորեցին կենտրոնամետ խմբակցությունը՝ ձևավորելով սոցիալիստական սիոնիզմ շարժումը։
1919 թվականի մարտին ձևավորվում է չափավոր սիոնիստական կուսակցություն, որի ղեկավարն է դառնում բեն Գուրիոնը։ 1920 թվականին, նրա օգնությամբ Պաղեստինում հիմնվում է Սիոնիստական աշխատավորական դաշնությունը, որի գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնում է 1921-1935 թվականներին։ Դաշնության երրորդ կոնգրեսը տեղի է ունենում 1924 թվականին, որի ժամանակ սիոնիստական կուսակցության վետերան առաջնորդներն առաջարկում են, որ կուսակցությունը աջակցի Բրիտանական մանդատի իշխանությանը, որը ծրագրում էր հիմնել ընտրովի օրենսդրական խորհուրդ Պաղեստինում։ Նրանք պնդում էին, թե նույնիսկ արաբական մեծամասնությամբ խորհրդարանը մի քայլ առաջ էր։ Բեն Գուրիոնը որպես նոր առաջնորդ կարողանում է հասնել կոնգրեսի կողմից այդ գաղափարների մերժմանը[18]։
Համաշխարհային սիոնիստական կազմակերպության մեջ աշխատավոր սիոնիստները դարձան գերիշխող և 1935 թվականին բեն Գուրիոնը դարձավ Հրեական գործակալության գործադիր կոմիտեի նախագահ և պաշտոնավարեց մինչև Իսրայել պետության հիմնումը 1948 թվականին։
1936–1939 թվականների Արաբական ապստամբության ընթացքում, Բեն Գուրիոնը վարում էր զսպողական քաղաքականություն՝ Հագանան և մյուս հրեական խմբերը արաբներին վրեժխնդիր չէին լինում, խաղաղ բնակիչների դեմ նրանց հարձակումներին ի պատասխան, այլ կենտրոնանում էին ինքնապաշտպանության վրա։ 1937 թվականին, Փիլ հանձնաժողովն առաջարկեց Պաղեստինը բաժանել հրեական և արաբական տարածքների և Բեն Գուրիոնը աջակցում էր այդ քաղաքականությանը[19]։
Շիմոն Պերեսը, իր և Դավիդ Լանդաուի «Բեն Գուրիոն՝ քաղաքական կյանք» գրքում անդրադառնում է, որպես երիտասարդական շարժման ակտիվիստ, Բեն Գուրիոնի հետ իր առաջին հանդիպմանը։ Ճանապարհին, Բեն Գուրիոնը անսպասելիորեն պատմեց, թե ինչու ինքը Լենինին ավելի է նախընտրում քան Տրոցկուն․ «Լենինն ինտելեկտով զիջում էր Տրոցկուն», բայց Լենինն ի տարբերություն Տրոցկու «վճռական էր»։ Հայտնվելով երկընտրանքի առջև Տրոցկին կմանևրի, ինչպես հնաոճ հրեական սփյուռքը, որի գործելաոճն արհամարհեց Բեն Գուրիոնը, դրան հակառակ, Լենինը, ընդունելով կորուստները, կկենտրոնանա գլխավորի վրա և կկտրի Գորդյան հանգույցը։ Պերեսի կարծիքով Բեն Գուրիոնի կյանքի գործունեության էությունը «Իսրայելի պատմության մեջ կրիտիկական փուլերում նրա ընդունած որոշումներն են», և դրանցից ամենակարևորը ՄԱԿ-ի Պաղեստինյան նախագիծն էր՝ ցավալի փոխզիջում, սակայն որն ըստ Պերեսի, Իսրայել պետության ստեղծման հնարավորություն ընձեռնեց[20]։
Բեն Գուրիոնը Սիոնիստների և Արաբական աշխարհի միջև հարաբերությունների մասին իր տեսակետը հրապարակել է իր երկու գրքերում՝ 1931-ին հրատարակված «Մենք և մեր հարևանները» և 1967-ին հրատարակված՝ «Իմ հանդիպումներն արաբ առաջնորդների հետ»։ Նա կարծում էր, որ արաբներն, ովքեր մնացել էին Իսրայելում, պետք է դառնան Իսրայելի քաղաքացի և հավասար իրավունքներ ունենան։ Նա ասում էր․ «Մենք պետք է սկսենք աշխատել Ջաֆֆայում։ Ջաֆֆայում պետք է արաբ բանվորներ աշխատեն։ Արաբ բանվորները նույնքան աշխատավարձ պետք է ստանան, որքան հրեա բանվորները։ Արաբը պետք է նախագահ ընտրվելու իրավունք ունենա, և ընտրվի բոլորի կողմից»[21]։ Բեն Գուրիոնը գիտակցում էր Պաղեստինի արաբների ամուր կապվածությունը հողին և 1947 թվականի հոկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի ամբիոնից իր ուղերձում նա կասկածի տակ է առնում խաղաղության հավանականությունը։
Սա մեր հայրենիքն է; մենք չվող թռչունների նման չենք վերադառնում։ Բայց այն գտնվում է մի տարածքում, որ շրջապատված է արաբախոս մարդկանցով, հիմնականում մուսուլմաններով։ Այժմ, քան երբևէ, մենք պետք է ավելին անենք քան խաղաղությունը, մենք պետք է հասնենք համագործակցության և հավասար պայմաններով դաշինքի։ Հիշեք, թե ինչ էին անում Պաղեստինի և հարևան երկրների արաբ պատվիրակությունները Գլխավոր ասամբլեայի և այլ ամբիոններից, արաբ-հրեական բարեկամության մասին խոսակցությունները ֆանտաստիկա են, արաբներն այդ չեն ցանկանում, նրանք հրեաների հետ միևնույն սեղանի շուրջ չեն նստի, նրանք հրեաներին նույն վերաբերմունքը ցույց կտան, ինչպես Բաղդադում, Կահիրեում և Դամասկոսում[22]։
Նաում Գոլդմանը քննադատում էր Բեն Գուրիոնին արաբական աշխարհի հետ առճակատման գնալու համար։ Նա գրում էր, «Բեն Գուրիոնն այն մարդն է, ով հակաարաբական քաղաքականության հիմնական պատասխանատուն է, որովհետև նա է ձևավորում Իսրայելի սերունդների մտածելակերպը»[23]։ Բեն Գուրիոնի 1938 թվականի ելույթից․ «Ես հավատում եմ մեր իշխանության հզորությանը, մեր հզորությանը, որը կաճի, և եթե աճի համաձայնագիրը կգա…»[24]:
1909 թվականին, Բեն Գուրիոնը փորձեց արաբերեն սովորել, բայց չհաջողեց։ Հետագայում նա տիրապետեց թուրքերենին։ Արաբ առաջնորդների հետ բանակցությունների ժամանակ նա միայն կարողացավ օգտագործել անգլերենը, մի փոքր էլ ֆրանսերենը[25]։
1939 թվականի բրիտանական սպիտակ թղթում ամրագրված էր հրեաների ներգաղթը Պաղեստին, առաջին հինգ տարվա համար պետք է սահմանափակվի 15, 000 մեկ տարում, և հետագայում պետք է կախված լինի արաբական համաձայնությունից։ Սահմանափակվում էին նաև արաբներից հրեաների հող ձեռք բերելու իրավունքները։ Այս ամենից հետո Բեն Գուրիոնը փոխեց իր վերաբերմունքը արաբների նկատմամբ, հայտարարելով․ « Խաղաղությունը Պաղեստինում լավագույն իրավիճակը չէ Սպիտակ թղթի քաղաքականությունը տապալելու համար»[26]։ Բեն Գուրիոնը չէր հավատում արաբների հետ խաղաղ լուծման հնարավորությանը, ուստի շուտով սկսեց Յիշուվը նախապատրաստել պատերազմի։ Բրիտանական պատերազմական ջանքերին աջակցելու պատրվակով, Յիշուվի մոբիլիզացիայի միջոցով, նա ձգտում էր «Հրեական Բանակի» կորիզը կառուցել, և այս փորձում նրա հաջողությունը հետագայում ապահովեց սիոնիստների հաղթանակը Հրեական պետության հիմնադրման պայքարում[27]։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում, Բեն Գուրիոնը Յիշուվի բնակչությանը խրախուսում էր որպես կամավոր ծառայել Բրիտանական բանակում։ Նա հրապարակայնորեն ասում էր հրեաներին «աջակցեք բրիտանացիներին այնպես ասես չկա Սպիտակ Թուղթ և հակադրվեք Սպիտակ Թղթին այնպես, իբր չկա պատերազմ»[28]։ Պաղեստինի հրեա բնակչության մոտ 10%-ը Բրիտանական բանակի կամավորներ էին, ներառյալ բազմաթիվ կանանց։ Միևնույն ժամանակ, Բեն Գուրիոնը աջակցում էր հազարավոր Եվրոպայի հրեա փախստականներին, ապօրենի ներգաղթել Պաղեստին, այն ժամանակահատվածում, երբ բրիտանացիները հրեական ներգաղթի վրա շատ խիստ սահմանափակումներ էին դրել։
1946 թվականին, Բեն Գուրիոնը համաձայնվում է, որ Հագահան և Մենաշեմ Բեգինի Իրգունը միասին կռվեն բրիտանացիների դեմ, ովքեր շարունակում էին սահմանափակել հրեական ներգաղթը։ Բեն Գուրիոնը սկզբում համաձայնվել էր Բեգինի՝ 1946-ին Քինգ Դավիդ հյուրանոցի ռմբակոծման ծրագրի իրականացմանը, այնտեղ տեղակայված բրիտանական զինվորականներին առավել անհարմարություններ ստեղծելու մտադրությամբ (քան սպանության)։ Սակայն, երբ զանգվածային սպանության ռիսկն ակնհայտ էր, Բեն Գուրիոնը Բեգինին ասաց օպերացիան չեղարկել։ Բեգինը հրաժարվեց[29]։
Պաղեստինում հրեաների ապստամբության, ընդդեմ հրեաների ներգաղթյալների սահմանափակման, արաբների կողմից Պաղեստինի հատվածային պետության տարբերակի բացառման, և Պաղեստինում 100, 000-անոց զորք պահելու ծախսերի պատճառով, Բրիտանիայի կառավարությունը հարցը բարձրացրեց ՄԱԿ-ում։ Անգլիան մասնատման ծրագրին դեմ էին և հայտարարեցին, որ 1948 թվականի մայիսի 15-ին մանդատը հետ կտան։ Սակայն մայիսի 14-ին հրեաները միակողմանիորեն հրապարակեցին Իսրայելի անկախության հռչակագիրը։
1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմի առաջին տաս օրից հետո, հայտնի էր, որ Իսրայելը ռազմականապես գերազանցում էր թշնամուն և հետագայում կաբինետն էր որոշում հաջորդ գրոհը երբ և որտեղ կազմակերպել[30]։ Սեպտեմբերի 24-ին, Պաղեստինյան անկանոն ուժերի կողմից հարձակում է իրականացվել Լատրունի՝ վիճարկելի հատվածի վրա (23 Իսրայելցի զինվոր էր սպանվել)։ Սեպտեմբերի 26-ին Դավիդ Բեն Գուրիոնը Լատրունի վրա հարձակվելու և Արևմտյան ափի մեծ մասը գրավելու իր պատճառաբանություններն է բերում կաբինետին[31][32][33][34]։ Առաջարկը քննարկումից հետո մերժվեց 5 ձայն կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ[34]։ Բեն Գուրիոնը կաբինետի որոշումը որակեց որպես bechiya ledorot («սերունդների ողբի աղբյուր»), համարելով, որ Իսրայելը հնարավոր է վերջնականապես կորցրեց Յերուսաղեմի հին քաղաքը[35][36][37]։
Այս իրադարձությունների շուրջ հակասություն կար։ Ըստ Ուրի Բար-Ջոզեֆի, Բեն Գուրիոնի ներկայացրած ծրագիրը, սահմանափակ գործողությունների նպատակ ունեին, Լատրունը գրավելու, այլ ոչ թե համատարած հարձակման։ Ըստ Դավիդ Տալի Կառավարության հավաքի ժամանակ, Բեն Գուրիոնը արձագանքել է Երուսաղեմի պատվիրակության հայտնածին։ Նա նշում է, որ Արևմտյան ափը գրավելու նրա ծրագրի մասին տեղեկությունները չեն հաստատվում ոչ Բեն Գուրիոնի օրագրով, ոչ Կառավարության արձանագրության մեջ[38][39] [40] [41]:
Թեման նորից բարձրացավ 1948 թվականի պատերազմի վերջում, երբ գեներալ Յիգալ Ալոնը նույնպես առաջարկեց գրավել արևմտյան ափը մինչև Հորդանան գետը, որպես պետության բնական պատնեշ։ Այս անգամ Բեն Գուրիոնը հրաժարվեց, չնայած նա համոզված էր բանակը ուժեղ էր այնքան, որպեսզի գրավումն ապահովեր։ Նա վախենում էր Արևմտյան ուժերի արձագանքից և ուզում էր պահպանել ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունները և անգլիացիներին չհրահրել։ Ավելին, նրա կարծիքով պատերազմի արդյունքները արդեն բավարար են և Իսրայելի առաջնորդները պետք է կենտրոնանան երկրի կառուցման վրա[42] [43][44]:
Ըստ Բենի Մորիսի, "Բեն Գուրիոնը պատերազմի ընթացքում վախեցավ։ Եթե նա լայնամասշտաբ տեղահանումներ իրականացներ և մաքրեր ողջ երկիրը՝ Իսրայելի ողջ տարածքը, մինչև Հորդանան գետը։ Կարող է պարզվել, որ դա նրա ճակատագրական սխալն էր։ Եթե միայն նա լիարժեք տեղահանում իրականացներ, այլ ոչ մասնակի, նա Իսրայել երկիրը կկայունացներ սերունդների համար"[45]:
1948 թվականի Արաբա-Իսրայելական պատերազմի ընթացքում, Բեն Գուրիոնը վերահսկում էր նորածին պետության ռազմական գործողությունները։ Իսրայելի անկախության առաջին շաբաթների ընթացքում, նա հրամայեց բոլոր զինյալներին միավորել մեկ ազգային բանակում՝ Իսրայելի պաշտպանության ուժեր (IDF)։ Այդ նպատակով, Բեն Գուրիոնը կիրառեց ուժեղ ձեռք Ալտալենա ռազմական նավի օգնությամբ, նա Իրգունի ողջ զենքը բռնագրավեց։ Նա հայտարարեց, որ ողջ զենքը կհանձնվի Իսրայելի պաշտպանության բանակին։ Երբ Թել Ավիվի ծովափում ռազմական գործողություններ բռնկվեցին, նա հրամայեց ուժով վերցնել և ռմբակոծել նավը։ Այդ կռվում տասնվեց Իրգունի զինյալներ և երեք Իսրայելի բանակի զինվորներ զոհվեցին։ Միասնական բանակ ունենալու քաղաքականությանը հետևելով` նա հրամայեց նաև Պալմախ շտաբները լուծարել և միավորել Իսրայելի ազգային բանակի հետ։ Այս գործողություններով նա կարողացավ վերահսկել երկրի ռազմական ուժերը։ Նա փորձեց նվազեցնել Մապամ-ի անդամների թիվը ռազմական ղեկավարությունում, սակայն գեներալները բունտ բարձրացրեցին։
1935 թվականից լինելով Հրեական գործակալության ղեկավար` Բեն Գուրիոնը փաստացի հրեա բնակչության ղեկավարն էր, նույնիսկ մինչև Իսրայել պետության հիմնադրման հայտարության։ Այս պաշտոնում նա մեծ դեր է խաղացել Արաբա-Իսրայելյան պատերազմում։ Այդ են վկայում Իսրայելի ազգային բանակի արխիվները, որոնք 1980-ականների վերջերին բացվեցին գիտնականների հետազոտման համար[46]։
1948 թվականի մայիսի 14-ին, Բրիտանական մանդատի վերջին օրը, Բեն Գուրիոնը հրապարակեց Իսրայելի անկախության հռչակագիրը։ Հռչակագրում, նա հայտարարում էր, որ նոր պետությունը կապահովի իր բոլոր քաղաքացիների սոցիալական և քաղաքական հավասարությունը, անկախ նրանց դավանած կրոնից և ռասայից։
Իր պատերազմական օրագրում, 1948-ի փետրվարին, Բեն Գուրիոնը գրում է․ «Պատերազմը մեզ երկիր կտա։ Մերոնք, ոչ մերոնք միայն խաղաղության հասկացություններ են, պատերազմի ժամանակ դրանք կորցնում են իրենց իմաստը»[47]։ Հետագայում նույնպես նա հաստատում է դա, հայտարարելով, « Նեգևում մենք չպետք է հող գնենք, մենք պետք է այն նվաճենք։ Դուք մոռացել եք, որ մենք պատերազմում ենք»[47]։ Միևնույն ժամանակ արաբները նույնպես պատերազմի միջոցով մրցում էին Իսրայելի հետ, տարածքների վերահսկման համար, իսկ Հորդանանի Արաբական լեգիոնը որոշում էր ընդունել ուժերը կենտրոնացնել Բեթղեհեմում և Հեբրոնում, որպեսզի պահեն այդ շրջանը արաբ բնակիչների համար, և կանխեն Իսրայելի տերիտորիալ ձեռքբերումները[48]։ Իսրայելցի պատմաբան Բեննի Մորիսը գրել է 1948 թվականի Պաղեստինյան արաբների ջարդերի մասին, և նշել, որ Բեն Գուրիոնը ջարդերը իրականացրած սպաներին կոծկել է[49]։
1948 թվականի Արաբա-Իսրայելյան պատերազմի ընթացքում Իսրայելը ղեկավարելուց հետո, Բեն Գուրիոնը ընտրվեց Իսրայելի վարչապետ, երբ նրա ղեկավարած Մապայ աշխատավորական կուսակցությունը հաղթեց 1949 թվականի փետրվարի 14-ին Իսրայելի առաջին ազգային ընտրություններում, ստանալով Քնեսեթի տեղերի առավելագույն քանակը։ Նա այդ պաշտոնում մնաց մինչև 1963 թվականը, բացառությամբ 1954 և 1955 թվականների միջև ընկած ժամանակահատվածը։ Որպես վարչապետ նա վերահսկում է պետական կառույցների հիմնումը։ Նա նախագահում էր երկրի և ազգաբնակչության արագընթաց զարգացմանն ուղղված բազում ազգային նախագծերում։ Կախարդական կարպետ գործողություն՝ հրեաների տեղափոխումն արաբական երկրներից, Իսրայելի ազգային ջրատարի կառուցումը, գյուղատնտեսության զարգացման և նոր գյուղերի և քաղաքների հիմնադրման ծրագրեր։ Մասնավորապես, նա կոչ էր անում նորարական բնակավայրեր ստեղծել հեռավոր շրջաններում, հատկապես Նեգևում։ Բեն Գուրիոնը Նեգև անապատը ծաղկացնելու դժվարությունները դիտում էր որպես հարթակ, որտեղ հրեա ժողովուրդը կարող էր ամենամեծ ներդրումն ունենալ ողջ մարդկությանը[50]։ Նա կարծում էր, որ նոսր բնակեցված և անպտուղ Նեգև անապատը, Պաղեստինում բնակություն հաստատելու համար, հիանալի հնարավորություն է, արաբ բնակչության կողմից նվազագույն դիմադրությամբ, և օրինակ ծառայեց, անձնապես հաստատվելով Նեգևի կենտրոնում, Սդե Բոկեր կիբուցում[50]։
Այս ժամանակաշրջանում Պաղեստինցի ֆիդայիները Արաբական տարածքից բազմիցս ներխուժում էին Իսրայել։ 1953-ին, մի շարք անհաջող պատասխան գործողություններից հետո, Բեն Գուրիոնը մեղադրում է Արիել Շարոնին՝ այդ ժամանակ հյուսիսային շրջանի անվտանգության ղեկավար, նոր հրամանատար նշանակելով հրամայում է պատասխանել ֆիդայական ներխուժումներին։ Բեն Գուրիոնը ասում է Շարոնին «Պաղեստինցիները պետք է իմանան, որ Իսրայելցիների կյանքերի համար նրանք բարձր գին պիտի վճարեն»։ Շարոնը ձևավորում է փոքր խումբ, որն անմիջական պատասխանելու է ֆիդայական խմբերի գործողություններին և պատժիչ գործողություններ իրականացնելու։ Իր գոյության հինգ ամիսների ընթացքում, խումբը պատժիչ գործողություններ իրականացրեց ֆիդայական բնակավայրերի և ռազմական թիրախների նկատմամբ[51]։ Այս հարձակումները հայտնի դարձան որպես հաշվեհարդարի գործողություններ։
1953 թվականին, Բեն Գուրիոնը հայտարարեց կառավարությունից հեռանալու իր մտադրության մասին։ Նրա փոխարինեց Մոշե Շարեթը, ով 1954-ի հունվարին ընտրվեց Իսրայելի երկրորդ վարչապետ։ Սակայն 1955 թվականին Բեն Գուրիոնը ժամանակավորապես փոխարինեց Շարեթին, երբ վերջինս այցելեց ԱՄն։ Այդ ընթացքում Բեն Գուրիոնը հաջող հարձակում կազմակերպեց Գալիլեի ծովի հյուսիսարևելյան ափերի Սիրիական կրակակետերի վրա։ Դա, Իսրայելի ձկնորսների վրա սիրիական հարձակումների պատասխանն էր։ Բեն Գուրիոնը հարձակումը կազմակերպել էր առանց կառավարության հետ խորհրդակցելու։ Հետագայում Շարեթը դառնությամբ կնշի, որ Բեն Գուրիոնը գերազանցել էր իր իրավունքները։
1955 թվականին Բեն Գուրիոնը վերադարձավ կառավարություն։ Նա ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը և շուտով վերընտրվեց վարչապետի պաշտոնում։ Երբ Բեն Գուրիոնը վերադարձավ, Իսրայելի զորքերը սկսեցին ավելի ագրեսիվ պատասխանել դեռևս Եգիպտական կառավարման տակ գտնվող Գազայից պաղեստինյան պարտիզանների հարձակումներին։ Եգիպտոսի պրեզիդենտ Գամալ Աբդել Նասերը Չեխիայի հետ պայմանագիր կնքելով մեծ քանակությամբ ժամանակակից զենք ձեռք բերեց։ Իսրայելը իր հերթին զինվեց Ֆրանսիայի օգնությամբ։ Նասերը արգելափակեց Իսրայելի նավերի մուտքը Տիրանի նեղուցով և Սուեզի ջրանցքով։ 1956 թվականի հուլիսին, ԱՄՆ-ը և Բրիտանիան հրաժարվեցին ֆինանսավորել Ասուանի ջրամբարի նախագիծը Նեղոսի վրա, և մեկ շաբաթ անց Նասերը կարգադրեց ազգայնացնել Ֆրանսիայի և Անգլիայի վերահսկողության տակ գտնվող Սուեզի ջրանցքը։ 1956 թվականի վերջում, Արաբական ռազմատենչ հայտարարությունները դրդեցին Իսրայելին Սինայում կենտրոնացած Եգիպտական զորքերին դուրս մղել, և Իսրայելը ներխուժեց Եգիպտական Սինայի թերակղզին։ Իսրայելի մյուս նպատակներն էին վերացնել ֆիդայիների ներխուժումը Իսրայելի տարածք, ինչը հարավային բնակչության կյանքն անտանելի էր դարձնում, և բացել Տրանի նեղուցը Իսրայելի նավերի համար[52] [53] [54][55]:
Իսրայելը թերակղզու մեծ մասը գրավեց մի քանի օրում։ Նախնական համաձայնության համաձայն, Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի օրվա ընթացքում ներխուժեցին Եգիպտոս, նպատակ ունենալով վերականգնել Սուեզի ջրանցքի վրա վերահսկողությունը և հեռացնել նախագահ Նասերին։ ԱՄՆ-ի ճնշումը ստիպեց Բրիտանիային և Ֆրանսիային հետ կանգնել, իսկ Իսրայելին հեռանալ Սինայից, որի դիմաց Իսրայելի նավերը ազատ կնավարկեն Կարմիր ծովով։ ՄԱԿ-ը առաջին խաղաղապահ զորքերը տեղադրեց Եգիպտոսի և Իսրայելի միջև, և հաջորդ տասնամյակում զորքերը պահպանում էին խաղաղությունը և ֆիդայիների ներխուժումը Իսրայելի տարածք դադարեց։
1959 թվականին, Բեն Գուրիոնը Արևմտյան Գերմանիայի պաշտոնական զեկույցներից պարզում է, որ տխրահռչակ նացիստական ռազմական հանցագործ Ադոլֆ Էյխմանը ամենայն հավանականությամբ ապրում է Արգենտինայում։ Բեն Գուրիոնը հրամայում է Իսրայելի արտաքին հետախուզական ծառայությանը՝ Մոսսադին, նրան կենդանի բռնել, Իսրայելում դատապարտելու համար։ 1960 թվականին, առաքելությունը ի կատար ածվեց՝ Էյխմանը դատվեց և դատապարտվեց բազմաթիվ հանցագործությունների՝ այդ թվում մարդկության դեմ հանցագործության համար, և 1962-ին մահապատժի դատապարտվեց։
Բեն Գուրիոնը սևեռվել էր Իսրայելի կողմից միջուկային զենք ձեռք բերելու մտքին, զգալով, որ միջուկային զինանոցը միակ ճանապարհն էր՝ դիմակայելու արաբական քանակական, տարածքային և ֆինանսական ռեսուրսների գերակայությանը և դա Իսրայելի փրկության և մեկ այլ Հոլոքոստի կանխարգելման միակ վստահելի երաշխիքն էր[56]։
Բեն Գուրիոնը անձնական պատճառներով 1963 թվականին հրաժարվեց վարչապետի պաշտոնից, և իրեն հաջորդ ընտրեց Լեվի Էշկոյին։ Մեկ տարի անց երկուսի միջև մրցակցություն առաջացավ, երբ 1954-ին Եգիպտոսում Իսրայելի գաղտնի գործողությունը ձախողելու պատճառով։ Բեն Գուրիոնը պնդում էր, որպեսզի հետաքննություն անցկացվեր, Էշկոլը հրաժարվեց։ Դրա հետևանքով Բեն Գուրիոնը Մապայից դուրս եկավ և 1965-ի հունիսին նոր Ռաֆի կուսակցությունը հիմնեց, մինչդեռ Մապայը միացավ մեկ այլ Ահդութ Հավոդա կուսակցության հետ։ Էշկոլը դարձավ միավորված կուսակցության առաջնորդ։ Իսրայելի պառլամենտական ընտրություններում Էշկոլի կուսակցությունը հաղթեց և Էշկոլը դարձավ երկրի առաջնորդ։
1967 թվականի մայիսին, ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի հեռանալուց հետո, Եգիպտոսը սկսեց ավելացնել զորքերը Սինայի թերակղզում և Տիրանի նեղուցը փակեց Իսրայելի նավերի համար։ Այս և մյուս Արաբական պետությունների գործողությունների պատճառով, Իսրայելը սկսեց պատրաստվել պատերազմի։ Իրադրությունը սրվեց հունիսի 5-ի վեցօրյա պատերազմի բռնկումով։ Երուսաղեմում ազգային միասնության կամ արտակարգ կառավարություն ստեղծելու կոչ արվեց։ Այդ ընթացքում, Բեն Գուրիոնը Սդե Բոկերում հանդիպեց իր վաղեմի հակառակորդ Մեխանեմ Բեգինի հետ, Բեգինը խնդրեց Բեն Գուրիոնին միանալ Էշկոլի ազգային միացյալ կառավարությանը։ Չնայած Էշկոլի Մապայ կուսակցության անդամները սկզբում դեմ էին կառավարության ընդլայնմանը, բայց ի վերջո համակերպվեցին[57]։ Մայիսի 23-ին, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Յիձակ Ռաբինը հանդիպեց Բեն Գուրիոնի հետ, նրա հովանավորությունը ստանալու։ Սակայն Բեն Գուրիոնը մեղադրեց Ռաբինին Իսրայելին մահացու վտանգի մեջ ներքաշելում, պահեստայիներին հավաքագրելով և հրապարակայնորեն Արաբական կոալիցիայի հետ պատերազմի պատրաստվելու համար։ Բեն Գուրիոնը Ռաբինին ասաց, որպեսզի նա գոնե ձեռք բերի արտաքին ուժերի աջակցությունը, ինչպես ինքն արել էր Սուեզի ճգնաժամի ժամանակ։ Հանդիպումից հետո Ռաբինը մի քանի օր անկողնային էր։
Իսրայելի կառավարությունը որոշեց պատերազմել և հանկարծակի հարվածով ոչնչացնել Եգիպտոսի Օդային ուժերը։ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Դայանը Բեն Գուրիոնին հայտնել էր հունիսի 4–5 գիշերվա հարձակման մասին։ Հետագայում Բեն Գուրիոնը գրել էր իր օրագրում, որ մտահոգված էր Իսրայելի վերահաս հարձակման համար։ Հունիսի 5-ին վեցօրյա պատերազմը սկսվեց Իսրայելի օդային հարձակումով, արդյունքում ոչնչացվեց Եգիպտոսի օդուժը։ Այնուհետև Իսրայելը՝ մի քանի հարձակումների արդյունքում, գրավեց Սինայի թերակղզին և Գազայի հատվածը Եգիպտոսից, Արևմտյան ափը, ներառյալ Արևելյան Երուսաղեմը Հորդանանից, և Գոլանի բարձունքները Սիրիայից։ Պատերազմից հետո, Բեն Գուրիոնը համաձայն էր վերադարձնել գրավյալ տարածքները, բացառությամբ Արևելյան Երուսաղեմի, Գոլանի բարձունքներից և Հեբրոն սարից, որպես խաղաղության համաձայնագրի մաս[58]։
Հունիսի 11-ին Բեն Գուրիոնը իր տանը հանդիպում է իր աջակիցների խմբի հետ։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Մոշե Դայանը առաջարկում է Արևմտյան ափի ինքնավարություն, Գազայի փախստականների հանձնում Հորդանանին և միացյալ Երուսաղեմը՝ Իսրայելի մայրաքաղաք։ Բեն Գուրիոնը համաձայնվում է նրա հետ, բայց պրոբլեմներ է կանխատեսում կապված Պաղեստինի փախստականներին Հորդանանին հանձնելու հարցում, և խորհուրդ է տալիս ուղիղ բանակցություններ վարել Եգիպտոսի հետ, առաջարկելով Սինայի թերակղզու միջանցքի դիմաց ստանալ խաղաղություն և նավարկության հնարավորություն Տիրանի նեղուցով։ Հաջորդ օրը նա Քնեսեթի իր կաբինետում հանդիպում է Երուսաղեմի քաղաքապետ Տեդի Կոլեկի հետ։ Չնայած իր ավելի ցածր պաշտոնական դիրքին, Բեն Գուրիոնը նախատում է Կոլեկին ինչպես իր ենթակային[59]։
Վեցօրյա պատերազմից հետո, Բեն Գուրիոնը քննադատում էր կառավարության անտարբերությունը միացյալ Երուսաղեմի կառուցման և զարգացման գործին։ Որպեսզի Երուսաղեմը մնա Իսրայելի ձեռքում, նա պնդում էր, որ անհրածեշտ է զանգվածային բնակեցման ծրագիր իրականացնել Հին քաղաքում և շրջակա բլուրների վրա, ինչպես նաև խոշոր արդյունաբերություն հիմնել հրեա ներգաղթյալներին գրավելու համար։ Նա պնդում էր նաև, որ գործընթացի արդյունքում արաբները չպետք է վտարվեն[59]։ Բեն Գուրիոնը կոչ էր անում նաև հրեաներով ինտենսիվ բնակեցնել Հեբրոնը։
1968 թվականին, Ռաֆի և Մապայ կուսակցությունները միավորվում են, Բեն Գուրիոնը լքում է իր հին կուսակցությունը։ Նա հանդես է գալիս ընտրական ռեֆորմներ իրականացնելու առաջարկով։ Նա ձևավորում է մեկ այլ նոր կուսակցություն, որը 1969 թվականի ընտրություններում Իսրայելի օրենսդիր մարմնում չորս տեղ է ստանում։
Բեն Գուրիոնը քաղաքականությունը թողեց 1970 թվականին և իր վերջին տարիներն անցկացրեց համեստ տանը կիբուցում՝ աշխատելով Իսրայելի պատմության վաղ տարիներ 11-րդ հատորի վրա։ 1971 թվականին նա այցելեց Սուեզի ջրանցքի երկայնքով իսրայելական դիրքերը։
1973 թվականի նոյեմբերի 23-ին բեն Գուրիոնը կաթված ստացավ։ Կաթվածին հաջորդած շաբաթվա ընթացքում նրան այցելեցին բարձրակարգ պաշտոնյաներ, ներառյալ Գոլդա Մեիրը։ Նոյեմբերի 23-ին նրա վիճակը սկսեց վատանալ, և դեկտեմբերի 1-ին, 87 տարեկանում, նա մահացավ։ Նրա մահվան օրը նրա թոռ Ալոնը, ով կռվում էր պատերազմում, հոսպիտալացվել էր բեկորային վնասվածքների պատճառով[60]։ Նրա մարմինը Քնեսեթում էր, ողջ երկրով մեկ սիրենաներ հնչեցին ազդարարելու նրա մահը։ Նա թաղված է հուղակավորության պարզ շարքում՝ իր կնոջ Պաուելայի կողքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.