Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Երևան)
թանգարան Երևանում From Wikipedia, the free encyclopedia
թանգարան Երևանում From Wikipedia, the free encyclopedia
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, բացվել է 1963 թվականի հոկտեմբերի 31-ին, գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում։ Այս տանն Ավետիք Իսահակյանն ապրել է իր կյանքի վերջին տասը տարին։
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Զարոբյան 20, Երևան, Հայաստան |
Հիմնադրվել է | 1963 |
Կայք | isahakyanmuseum.am |
Ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
1945 թվականին մեծ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը Իսահակյանին առանձնատուն նվիրելու որոշում է ընդունել։ Շենքը կառուցվել է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ցանկությամբ՝ սրբատաշ սև տուֆ քարով։ Այն երկհարկանի է, արտաքին տեսքով նման է հայկական մատուռի՝ եռանկյունի գմբեթով, մուտք-գավիթով։ Գլխավոր մուտքի կողմից՝ երկրորդ հարկում՝ կամարաձև քարե տանիքի տակ, գտնվում է փոքրիկ պատշգամբը։ Քարե վեց աստիճանները տանում են դեպի շքամուտք։ Տան հետևի մասում ամառային ընդարձակ պատշգամբն է, որի դիմաց և աջ կողմում տարածվում է այգին։ Գլխավոր մուտքի աջ և ձախ կողմերում ծաղկանոցներ են։
1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն է հաստատել այդ տանը։ Այս տանը հյուր են եղել անվանի մարդիկ՝ Պաբլո Ներուդան[2], Ժորժի Ամադուն, Անտանաս Վենցլովան, Ամենայն հայոց կաթողիկոսները, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հակոբ Կոջոյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը և այլք։ Իսահակյանի մահից հետո՝ 1958 թվականին, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվել է տուն-թանգարանի։ Շենքը մասնակի փոփոխվել է. երկրորդ հարկի հետին մասում կառուցվել են մեծ սրահ և աշխատասենյակներ, տան փայտե պատշգամբը և սանդուղքը քարապատվել են։
Թանգարանի ամենանվիրական հատվածը բանաստեղծի աշխատասենյակն է, որտեղ տեղադրված է Իսահակյանի հնօրյա գրասեղանը, Վարպետի համար հատուկ պատրաստված բազմոցը։ Գրասեղանին բանաստեղծի ձեռագրերն են, նրա կարդացած վերջին գրքերը, հարազատների լուսանկարները և անձնական իրերը՝ գրիչը, ակնոցը, թազբեհը և այլն։ Տուն-թանգարանի հպարտությունն է բանաստեղծի անձնական գրադարանը։ Հուշասենյակներից է Վարպետի հյուրասենյակը, որտեղ գտնվող գեղանկարները հայ նկարիչների նվերներն են Իսահակյանին։ Դրանց թվում են Մարտիրոս Սարյանի՝ Վարպետի դիմանկարը (արված ածուխով), Գևորգ Բաշինջաղյանի «Էջմիածնի վանքի լճակը» կտավը, Փանոս Թերլեմեզյանի «Հայ աղջնակի դիմանկարը» և այլն։ Թանգարանի հուշային մասը եզրափակում է ննջարանը՝ պարզ ու համեստ կահավորանքով։ Թանգարանի շարունակությունն է գողտրիկ այգին, ուր կանգուն են Վարպետի ձեռքով տնկած ծառերը։ 3 ցուցասրահներ հատկացված են Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության լուսաբանմանը. ցուցադրվում են նմուշներ ձեռագրերից, մի շարք անձնական իրեր, կարևոր վավերագրեր, լուսանկարներ և այլն[3]։
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նպատակն է պահպանել և նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի գործունեության ուղղություններն են՝ թանգարանի հավաքածուի պահպանումը, հաշվառումը, ուսումնասիրումը, ինչպես նաև մշտական ցուցադրության և ցուցահանդեսների, տարաբնույթ միջոցառումների, դասախոսությունների միջոցով հանրությանը Իսահակյանի գրական ժառանգությանը հաղորդակից դարձնելը։
Թանգարանում կազմակերպվում են բազմազան միջոցառումներ՝ գիտական ընթերցումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն։
Ավանդույթ է դարձել Վարպետի հարկի տակ Ավետիք Իսահակյանի անվան դպրոցի առաջին դասարանցիների «իսահակյանցի» օծվելու խորհրդանշական արարողությունը, իսկ ուսումնական տարվա վերջին ավարտական դասարանների աշակերտներն այստեղ են ստանում իրենց հասունության վկայականները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.