From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպ Միլթոն Ռոթ (անգլ.՝ Philip Milton Roth, մարտի 19, 1933[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5][6] - մայիսի 22, 2018[6][2][7][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][15]), հրեական ծագումով ամերիկացի գրող, քսանհինգից ավելի վեպերի հեղինակ, Պուլիտցերյան, «Միջազգային բուքեր» և հեղինակավոր բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր։
Ռոթի ստեղծագործություններին, որոնց գործողությունները սովորաբար ծավալվում են իր ծննդավայրում՝ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում, բնորոշ են զգալի չափով ինքնակենսագրական բնույթը, խոհականությունը, իրականության և հորինվածքի միջև որոշակիության մշուշապատումը, զգացմունքայնությունը, հնարամիտ ու նրբագեղ ոճը, ամերիկյան ինքնության դրդիչ հետազոտումը[16]։
Ռոթն առաջին անգամ իր վրա ուշադրություն է հրավիրել 1959 թվականին լույս ընծայած «Ցտեսությո՛ւն, Կոլումբո՛ս» (Goodbye, Columbus) նորավեպով, որի համար ԱՄՆ Գրքի ազգային մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում (U.S. National Book Award for Fiction)[17]: Նա դարձել է իր սերնդի առավելագույն պարգևների արժանացած ամերիկացի գրողներից մեկը. երկուական անգամ Գրքի ազգային մրցանակ և Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ, երեք PEN/Faulkner մրցանակ, Պուլիտցերյան մրցանակ՝ 1997 թվականին հրատարակած «Ամերիկյան հովվերգություն» (American Pastoral) վեպի համար[18], որտեղ հանդես է գալիս նրա ստեղծած հանրահայտ կերպարներից մեկը՝ Նաթան Ցուկերմանը։ Ցուկերմանյան շարքի ևս մեկ ծավալուն երկ՝ «Մարդկային դրոշմ» (The Human Stain) վեպը 2000 թվականին շահել է Մեծ Բրիտանիայի WH Smith մրցանակը՝ ճանաչվելով տարվա լավագույն գիրք։ 2001 թվականին Պրահայում Ռոթին շնորհվել է ևս մեկ անչափ հեղինակավոր պարգև՝ Ֆրանց Կաֆկայի մրցանակ։ Նրա ստացած գրական հիշարժան պարգևներից են նաև Աստուրիասի արքայազնի մրցանակը[19], PEN/Allen հիմնադրամի մրցանակը՝ ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար[20][21][22]։
Ֆիլիպ Ռոթը ծնվել է 1933 թվականի մարտի 19-ին, Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում[23]։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել ծննդավայրի հարևանությամբ գտնվող Վիքվեյքում[23]։ Ծնողները Ուկրաինայից գաղթած հրեաներ էին։ Հայրն աշխատում էր որպես ապահովագրական գործակալ[24]։ 1950 թվականին ավարտելով Վիքվեյքի ավագ դպրոցը[25]՝ Ֆիլիպը մեկ տարի հաճախել է Նյուարքի Ռաթգրզ համալսարան, ապա տեղափոխվել Փենսիլվանիա նահանգի Բաքնել համալսարան, որտեղ ստացել է անգլերենի բակալավրի որակավորում, ընտրվել ուսանողական պատվավոր Phi Beta Kappa ընկերության անդամ։ Այնուհետև ուսումը շարունակել է Չիկագոյի համալսարանում, 1955 թվականին ավարտել՝ ստանալով արվեստների և անգլիական գրականության մագիստրոսի որակավորում[26], որոշ ժամանակ աշխատել այդ համալսարանում որպես գրական վարպետության ծրագրի հրահանգիչ[27]։ Այդ նույն տարում Ռոթը ծառայության է անցել ամերիկյան բանակում, բայց առողջական խնդիրների պատճառով շուտով զորացրվել է ու վերադարձել Չիկագո՝ նպատակ ունենալով շարունակել ուսումը բանասիրական գիտությունների դոկտորի կոչում ստանալու համար, սակայն մեկ տարի անց դուրս է մնացել[28]։ Որոշ ժամանակ գրական վարպետություն է դասավանդել Այովայի, ապա՝ Փրինստոնի համալսարանում, այնուհետև՝ գրականության համեմատական պատմություն՝ Փենսիլվանիայի համալսարանում։ 1991 թվականին հրաժեշտ է տվել մանկավարժական աշխատանքին[27]։ Թե՛ ուսանելու և թե՛ դասախոսելու տարիներին Ռոթը միաժամանակ ստեղծագործել է. պատմվածքներ, գրախոսություններ, քննադատական հոդվածներ է գրել տարբեր պարբերականների, այդ թվում՝ The New Republic-ի համար։
1959 թվականին հրատարակել է պատմվածքների ու վիպակների իր առաջին ժողովածուն, 1962-ին՝ առաջին վեպը՝ «Թքած ունենալ»-ը։ Նրան լայն ճանաչում է բերել հատկապես 1969 թվականին լույս ընծայած «Դերձակի ցավը» վեպը, որին գրաքննադատներն ու ընթերցողները ծայրահեղ հակասական բնութագրումներ են տվել. ոմանք համարել են «ամենակեղտոտ գիրքը», ոմանք էլ՝ գլուխգործոց (այդ երկը թարգմանվել է նաև հայերեն)։ Բեսթսելլեր է դարձել նաև «Դավադրություն Ամերիկայի դեմ» վեպը։
Ֆիլիպ Ռոթը հեղինակավոր բազմաթիվ գրական մրցանակներից բացի արժանացել է պետական բարձր պարգևների, այդ թվում՝ ԱՄՆ ազգային հումանիտար մեդալի, Արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի Emerson-Thoreau մեդալի, Գրքի ազգային հիմնադրամի՝ «Ամերիկյան գրականության մեջ նշանակալի ներդրման համար» մեդալի[29] Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն՝ «Պատվո լեգեոնի» շքանշանի[30][31]... Ռոթի գրական վաստակը գնահատելով՝ նրա անունով են կոչել հայրենի Նյուարքի հրապարակներից մեկը։
Մեծարելով Ֆիլիպ Ռոթին՝ որպես գրական վաստակաշատ գործչի ու մանկավարժի՝ նրան պատվավոր դոկտորի կոչում են շնորհել Փենսիլվանիայի[32], այդ նույն նահանգի Բաքնել, Նյու Յորքի Կոլումբիա[33], Նյու Ջերսիի Ռաթգրզ[34][35], Ռոդ Այլենդի Բրաուն[36], Մասաչուսեթսի Հարվարդ[37] համալսարանները, Նյու Յորքի Բերդ քոլեջը[38], Ամերիկայի հրեական աստվածաբանական ճեմարանը[39]։
«Կաշկանդված Ցուկերմանը» եռագրությունը / Zuckerman Bound
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.