Օրգանիկ աբստրակցիա
From Wikipedia, the free encyclopedia
Օրգանիկ աբստրակցիա (անգլ.՝ Organic abstraction), նաև՝ Բիոմորֆ աբստրակցիա (անգլ.՝ Biomorphic abstraction), գեղարվեստական ոճ, հիմնված է ժամանակակից արվեստի ստեղծագործությունների մեջ աբստրակտ օվալների (սահուն) գծերի և ուրվագծերի (որոնք կարելի է գտնել բնության մեջ) օգտագործման վրա [1]։
Այս ոճով ստեղծված քանդակների ուրվագծերը նման են այնպիսի բնական օբյեկտների ուրվագծերի, ինչպիսիք են ոսկորները, խեցիները, հղկված գետաքարերը, ծաղկի տարրերը, որոնցից մի քանիսը հիացմունքով անվանել են «նկարներ տարածության մեջ»[2]։ Այս ոճի փիլիսոփայական հիմքը կապված է ֆրանսիացի մտածող Անրի Բերգսոնի (1859-1941) գաղափարների հետ, որը գրել է գեղարվեստական ստեղծագործության և բնական էվոլյուցիոն գործընթացների միասնական աղբյուրի մասին[3]։ Նման միտք է հայտնել նաև անգլիացի քանդակագործ Հենրի Մուրը, որը կարծում էր, որ «կան ունիվերսալ ձևեր, որոնց յուրաքանչյուրը ենթագիտակցորեն վարժեցված է և որոնց կարող է արձագանքել, եթե գիտակցության հսկողությունը չխոչընդոտի անգիտակից ազդակներին»[2]։
Այս ոճը բնորոշ է տարբեր ուղղություններով աշխատող արվեստագետների և քանդակագործների, ինչպիսիք են Ժան Արպը (քանդակներ, օրինակ, "Pagoda Fruit", 1949), Կոնստանդին Բրանկուզին (քանդակներ), Արշիլ Գորկին (գեղանկարներ, այդ թվում՝ «Արտիճուկի տերևն ինչպես բու», 1944), Վասիլի Կանդինսկին (գեղանկարներ, օրինակ, «կոմպոզիցիա VII», 1913), Ալեքսանդր Կոլդերը (քանդակներ), Խոան Միրոն (գեղանկարներ և քանդակներ), Հենրի Մուրը (քանդակներ), Բեն Նիկոլսոնը (քանդակներ), Իսամու Նոգուչին (քանդակներ, ինչպես նաև արդյունաբերական ձևավորման ոլորտի աշխատանքներ), Ջորջիա Օ’Քիֆը (գեղանկարներ, օրինակ, «Սև աբստրակցիա», 1927), Իվ Տանգին (գեղանկարներ), Բարբարա Հեփուորտը (քանդակներ, օրինակ, «Մայր և երեխա», 1934)[3]։
Բացի այդ, օրգանական աբստրակցիայի գաղափարները ոգեշնչման աղբյուր են հանդիսացել ԱՄՆ-ի, Իտալիայի և Սկանդինավիայի դիզայներների մի ամբողջ սերնդի համար, ինչպիսիք են Ալվար Աալտոն և նրա կինը՝ Այնո Աալտոն, Չարլզ ու Ռեյ Իմզիները, Էէրո Սաարինենը, Ակիլ Կաստիլոնին, Արնե Յակոբսենը[2][3]։ Չարլզ Իմզը և Էէրո Սաարինենը դեռևս 1940 թվականին իրենց համատեղ նախագծով հյուրասրահի կահույքի համար ստացան առաջին մրցանակը «Օրգանական դիզայնը տան միջավայրում» մրցույթում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ի հայտ եկան նոր պլաստիկ նյութեր և մշակման տեխնոլոգիաներ, նրանց կողմից մշակվեցին շատ տարբեր դիզայներական նախագծեր՝ վառ արտահայտված օրգանական գծերով։ Սաարինենի գլխավոր նախագծերի թվում է Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի Trans World Airlines (այժմ՝ թիվ 5 տերմինալ) ընկերության տերմինալը, որը հայտնի է «թևավոր ճայ» մականունով։