Բարբարա Հեփուորտ (անգլ.՝ Barbara Hepworth; հունվարի 10, 1903(1903-01-10)[1][2][3][…], Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4][5] - մայիսի 20, 1975(1975-05-20)[1][2][3][…], Սենթ Այվս, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6][7][5]), 20-րդ դարի անգլիացի քանդակագործ, աբստրակցիոնիստ։

Արագ փաստեր Բարբարա Հեփուորտ անգլ.՝ Barbara Hepworth, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Բարբարան ծնվել է 1903 թվականի հունվարի 10-ին, Արևմտյան Յորքշիրի Ուեյքֆիլդ քաղաքում։ Ուսանել է Լիդսում` գեղարվեստի յորքշիրյան դպրոցում, որտեղ ծանոթացել ու մտերմացել է Հենրի Մուրի հետ, այնուհետև ուսումը շարունակել է Լոնդոնի Արվեստների թագավորական քոլեջում (1920—1923): 1931 թվականին ամուսնացել է քանդակագործ Բեն Նիկոլսոնի հետ, և ամուսիններով` երկուսն էլ հարել են Աբստրակցիա – Ստեղծագործություն խմբակին։

Բ. Հեփուորտը զոհվել է իր հրդեհված արվեստանոցում, որը վերականգնումից հետո վերածվել է նրա կենսագրության ու ստեղծագործության ցուցադրությանը նվիրված թանգարանի։

Ստեղծագործություններ

Բարբարան քանդակել է` քարերն ու փայտանյութը մշակելով լիովին ինքնուրույն կերպով, առանց մոդելներ ու ընդօրինակողներ օգտագործելու։ Ստեղծագործության վաղ շրջանում նա մերձեցել է խորհրդապաշտությանը (սիմվոլիզմին), 1920—1930-ական թվականների սահմանագծին անցում է կատարել մաքուր աբստրակցիային` կրելով, մասնավորապես, Բրանկուզիի ու Նաում Գաբոյի ազդեցությունը։ Նա մշակել է այսպես կոչված` «ողորկ ձևի (ֆորմայի)» սկզբունքը` միաժամանակ պահպանելով իր հորինած կենսաձևային ու բյուրեղային նմուշակերպերի կապը բնական ռիթմերի հետ։ 1950-ական թվականներից սկսած` Հեփուորտը շատ է աշխատել բրոնզով։ Ընդ որում` նա այդ նյութն օգտագործել է ծառի կեղևի, արմատների, քարի գեղարվեստորեն վերարտադրման նպատակներով («Ֆիգուր` բնանկարի համար», բրոնզ, բարձրությունը` 261,5, 1960 թ., Բարբարա Հեփուորտի տուն-թանգարան, Սենթ Այվզ, Կորնուոլ. «Ֆորմա-ժայռ (Պորտկուրնո)», բրոնզ, բարձրությունը` 244, 1964 թ., Կորնուոլ կոմսության խորհուրդ, Սենթ Այվզ)։ Հեփուորտի բազմաթիվ ստեղծագործություններ որպես հուշարձաններ` կանգնեցված են Լոնդոնի, Քեմբրիջի, Վիչեսթերի և այլ քաղաքների հրապարակներում ու զբոսայգիներում։ Նա իր տաղանդը դրսևորել է նաև գրքերի նկարազարդման բնագավառում, մասնավորապես` պատկերազարդել է Քեթլին Ռայնի բանաստեղծությունների ժողովածուն։

Հեփուորտի ստեղծագործական վերջին շրջանի աշխատանքների մեջ առանձնանում են հատկապես երկու գործ, որոնցում քանդակագործուհին անդրադարձ է կատարել կրոնական թեմատիկային։ Խոսքը վերաբերում է «Խաչելությանը» (1966 թ.) և «Մարդու ընտանիքը» արձանախմբին (1970 թ.):

Համբավ

Բարբարա Հեփուորտը 1959 թվականին արժանացել է Սան Պաուլուի բիենալեի մեծ մրցանակին (գրան պրիի),1968-ին` Սեյնթ Այվզի «Ազատություն» մրցանակի` ի նշան գնահատանքի այդ քաղաքի զարգացման գործում նրա ներդրած ավանդի։ Նրան գիտամանկավարժական բարձր ու պատվավոր կոչումներ են շնորհել Բիրմինգհեմի, Լիդսի, Էքսետերի, Օքսֆորդի, Լոնդոնի, Մանչեստերի համալսարանները։ 1973 թվականին Բարբարա Հեփուորտը ընտրվել է Արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ։

Քանդակագործուհին երկու անգամ` 1958 և 1965 թվականներին արժանացել է բարձրագույն պարգևի` «Բրիտանական կայսրություն» շքանշանի։

1961 թվականին Բարբարա Հեփուորտը պատվեր է ստացել` ստեղծելու մի արձան ի հիշատակ Միավորված ազգերի կազմակերպության երկրորդ գլխավոր քարտուղար Դագ Համմերշյոլդի։ Կին արվեստագետի քանդակած «Միայնակ ֆորմա» հուշարձանը 1964 թվականին տեղադրվել է Նյու Յորքում` ՄԱԿ-ի շենքի առջև, իսկ դրա փոքրացված կրկնօրինակը` լոնդոնյան Բաթերսի պարկում։

Սեյնթ Այվզում գտնվող տուն-թանգարանից զատ` 2011 թվականին անվանի քանդակագործուհուն նվիրված ևս մեկ թանգարան է հիմնվել նրա հայրենի օրրանում` Ուեյքֆիլդ քաղաքում (ճարտարապետ Դեյվիդ Չիփերֆիլդի նախագծով)[8]։

2015 թվականի հունվարին հայտարարվեց, որ բրիտանական Թեյտ պատկերասրահը պատրաստվում է Լոնդոնում կազմակերպելու համբավավոր կին արվեստագետի աշխատանքների ամենամեծ ցուցադրությունը 1968 թվականից ի վեր։ Նախատեսված էր ներկայացնել ավելի քան 70 ամենահայտնի աշխատանքները, ինչպես նաև` մինչ այդ չցուցադրված լուսանկարներ քանդակագործուհու արխիվից[9]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.