բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Վարսակ (լատին․՝ Avéna, հուն․՝ αἰγίλωψ), հացազգիների ընտանիքի միամյա բույսերի ցեղ, ներառում է մեծ տարածում ունեցող ցանովի վարսակ տեսակը, որն արդյունաբերական մասշտաբներով մշակվել է որպես սննդի և կերային բույս, իսկ որոշ տեսակներ հազարամյակների ընթացքում աճեցվել են որպես սննդի աղբյուր մարդու և ընտանի կենդանիների համար[1]։ Այն լայնորեն տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսարևմտյան Աֆրիկայում։ Որոշ տեսակներ կլիմայավարժեցվել են աշխարհի տարբեր երկրներում և աճում են որպես մոլախոտ։ Վարսակի տեսակներն ունեն ուտելի սերմեր, սակայն դրանք փոքր են և շատ տեսակներինը դժվար են հավաքվում[2][3]։
Վարսակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
Տրիբա | Aveneae |
Ցեղ | Վարսակ (Avena) L., 1753 |
Միամյա խոտաբույս է։ Արմատը փնջաձև է։ Ցողունը կանգուն, հանգուցավոր ծղոտ է, բարձրությունը՝ 60-120 սմ։ Տերևները նշտարաձև են, մերկ։ Ծաղկաբույլը ցրված կամ կողքի թեքված հուրան է՝ կազմված խոշոր, թեքված, կողքերից սեղմված 2-3 երկսեռ ծաղիկներով հասկիկներից։
Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը թեփուկավոր կամ մերկ հատիկ է։ Հատիկի մակերեսը ծածկված է երկար, բարակ, միմյանց սեղմված մազմզուկներով։ Վարսակ հատիկակերային բույս է։
Հիմնականում տարածված է Հին աշխարհի բարեխառն երկրներում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում շատ քիչ տեսակներ կան։
Տնտեսական տեսանկյունից վարսակի ամենակարևոր տեսակներն են ցանովի վարսակը, կերային վարսակը, սովորական վարսակը։ Վարսակի մյուս տեսակները մոլախոտեր են, դրանցից է վնասակար մոլախոտը։
Ըստ The Plant List տվյալների բազայի՝ ցեղը ներառում է 22 տեսակ[4]։
Հայաստանի տարածքում վայրի վիճակում տարածված է 6 (7) տեսակ՝ խրփուկ (A. fatua), վարսակ Լյուդովիկի (A. ludoviciana), վարսակ մորուսավոր (A. barbata) և այլն։ Հանդիպում է Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ճամփեզրերին, թփուտներում, դաշտերում, աղբոտ վայրերում և որպես մոլախոտ՝ ցանքերում։ Մշակության մեջ տարածված է վարսակ ցանովին (A. sativa)։
Մեկ տեսակն ունի կոմերցիոն մեծ նշանակություն որպես հացահատիկային բույսեր, իսկ մյուս չորսն ունեն փոքր կամ տեղային նշանակություն։
Վարսակի որոշ տեսակներ աճում են վայրի ձևով, երբեմն որպես մոլախոտ գյուղատնտեսական հողատարածքներում։ Դրանք հայտնի են որպես վայրի վարսակ։ Աճում են մշակովի վարսակի ցանքատարածություններում, և դժվար է դրանց դեմ պայքարել քիմիական եղանակով, քանի որ ցանկացած ստանդարտ հերբիցիդ, որ կարող է պայքարել դրանց դեմ, կվնասի նաև բերքը։ Այդ պատճառով էլ պետք է պետք է կիրառել հատուկ հերբիցիդներ։
Օգտակար նյութերի բազմազանությունը, դրանց բավարար քանակությունը և համաչափությունը թույլ են տալիս վարսակի հատիկը, օսլան, փաթիլները օգտագործել բազմաթիվ հիվանդությունների դեպքում որպես դիետիկ կազդուրող սննդամթերք, մաշկային հիվանդությունների բուժման համար։
Բուժիչ հատկություններ ունեն նաև խոտը և հատիկի թեփը։ Արտադրվում է վարսակի դեղատնային ոգեթուրմ, որն ունի հանգստացնող հատկություն։ Վարսակի հատիկի կալորիականությունը 370 կկալ է, փաթիլներինը՝ 305 կկալ, եփված վիճակում զգալիորեն ավելի քիչ՝ 55 կկալ։ Այս ցուցանիշով հում վարսակը քիչ է տարբերվում մյուս հատիկավոր բույսերից, սակայն եփված վիճակում զգալիորեն զիջում է բրնձին (105 կկալ) և եգիպտացորենին (90)։
Պարունակում է 11-18 տոկոս սպիտակուց։ Ամինաթթուների բաղադրությամբ առավել մոտ է մարդու մկանների սպիտակուցին։ Պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուներ լիզին և տրիպտոֆան, շատ կարևոր է, որ, ի տարբերություն ցորենի, գարու, աշորայի (տարեկան), չի պարունակում «ալերգածին» (ցելիակիա) գլյուտեն։ Ճարպերի պարունակությամբ՝ 4-6,5 տոկոս, գերազանցում է այլ հացահատիկներին։ Վարսակում պարունակվող օսլան (40-60 տոկոս) կտրուկ չի բարձրացնում շաքարի մակարդակն արյան մեջ, քանի որ դանդաղ է յուրացվում՝ ապահովելով օրգանիզմը գլյուկոզայով և գլիկոգենով։
Վարսակը պարունակում է նաև բավարար քանակի վիտամին E (3,4 մգ), նիկոտինաթթու (PP, 1,1 մգ), պանտոտենաթթու (B5), 0,9 մգ), ֆոլացին (B9, 29 մկգ), պիրիդոքսին (B6, 0,27 մգ), ռիբոֆլավին (B2, 0,11 մգ), վիտամին K։
Seamless Wikipedia browsing. On steroids.