From Wikipedia, the free encyclopedia
Սելենա Քինթանիլա Պերես (իսպ.՝ Selena Quintanilla-Pérez, հայտնի է Սելենա անվամբ, ապրիլի 16, 1971[1][2], Լեյք Ջեքսոն, Բրազորիա շրջան, Տեխաս, ԱՄՆ - մարտի 31, 1995[1][2], Քորփուս Քրիսթի, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան, մոդել, դերասանուհի և դիզայներ, 20-րդ դարի մեքսիկաամերիկացի ամենահաջողակ կատարողներից մեկը։ Երաժշտական քննադատներն ու հանրությունը նրան անվանել են «տեխանոյի թագուհի» (անգլ.՝ The Queen of Tejano music)[B 1], ինչպես նաև «տեխանո երաժշտության Մադոննա» (անգլ.՝ Tejano Madonna) ոճի զգացման համար[B 2]: Billboard ամսագրում Սելենան համարվել է 1990-ականների կոմերցիոն տեսակետից ամենահաջողակ լատինաամերիկացի կատարողը։ Սելենան ընդգրկվել է բոլոր ժամանակների ամենաազդեցիկ լատինաամերիկյան կատարողների ցանկում, ինչպես նաև նրան է վերագրվում ժանրի դուրսբերումը մեյնսթրիմ[7][8]։
Սելենա | |
---|---|
Բնօրինակ անուն | իսպ.՝ Selena Quintanilla-Pérez |
Ի ծնե անուն | իսպ.՝ Selena Quintanilla |
Ծնվել է | ապրիլի 16, 1971[1][2] Լեյք Ջեքսոն, Բրազորիա շրջան, Տեխաս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մարտի 31, 1995[1][2] (23 տարեկան) Քորփուս Քրիսթի, Տեխաս, ԱՄՆ |
Գերեզման | Seaside Memorial Park |
Ժանրեր | փոփ, սոուլ, tejano music?, ժամանակակից R&B, լատինական փոփ, ռիթմ էնդ բլյուզ, mariachi? և Կումբիա |
Մասնագիտություն | երգչուհի, մամլո քարտուղար, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և նորաձևության դիզայներ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Q-Productions?, EMI Latin, Capitol Records, EMI, Universal Music Latin Entertainment և SBK Records? |
Կրթություն | California Miramar University? և American School of Correspondence? |
Ամուսին | Chris Pérez? |
Պարգևներ | |
Կայք | q-productions.com |
Ստորագրություն | |
Selena Վիքիպահեստում |
Սելենան երաժշտության ասպարեզում նորամուտը կատարել 1980 թվականին՝ որպես Selena y Los Dinos խմբի մենակատար։ 1980-ականներին երգչուհին հաճախ քննադատության էր ենթարկվել և մերժվել տեխանո երաժշտության կատարումների համար ամբողջ Տեխասում, քանի որ համարվում էր, որ դա տղամարդկանց հատուկ երաժշտական ժանր է։ Այնուամենայնիվ, Սելենայի ժողովրդականությունն աճել է 1987 թվականին՝ Tejano Music Awards «Լավագույն կանացի վոկալ» անվանակարգում հաղթելուց հետո։ Այս մրցանակը նրան է շնորհվել հաջորդ ինը տարներին անընդմեջ։ 1989 թվականին Սելենան պայմանագիր է կնքել EMI Latin-ի հետ և թողարկել է իր դեբյուտային սոլո ալբոմը` Selena, իսկ մեկ տարի անց` Ven Conmigo ձայնասկավառակը։
1992 թվականին Սելենան ներկայացրել է Entre a Mi Mundo ալբոմը, որը գլխավորել է Billboard Regional Mexican Albums հիթ-շքերթը և ութ ամիս անընդմեջ գլխավորել այն։ Սկավառակը կոմերցիոն հաջողություն է ունեցել, և երաժշտական քննադատներն այն համարել են մեծ առաջընթաց Սելենայի կարիերայում։ «Como la Flor» կոմպոզիցիան համարվում է երգչուհու ամենահայտնի սոլո երգերից մեկը։ Live! համերգային ալբոմի համար, որը թողարկվել է 1993 թվականին, երգչուհին արժանացել է «Գրեմմի» մրցանակի «Լավագույն մեքսիկաամերիկյան ալբոմ» (անգլ.՝ Best Mexican-American Album) անվանակարգում և դարձել տեխանո ոճով կնոջ առաջին ալբոմը, որն ստացել է այդ մրցանակը։ 1994 թվականին Սելենան թողարկել է Amor Prohibido սկավառակը, որը եղել է Միացյալ Նահանգներում ամենալավ վաճառված լատինաամերիկյան ալբոմներից մեկը։ Սկավառակը նշանավորել էր տեխանո երաժշտության դարաշրջանի սկիզբը, որը շուկայում պահանջարկ ուներ և դարձել է այդ ժամանակաշրջանում լատինաամերիկյան երաժշտության ամենատարածված ենթաժանրերից մեկը։
1995 թվականի մարտի 31-ին Սելենայի վրա կրակել է Իոլանդա Սալդիվարը՝ նրա ընկերուհին և նրա խանութների նախկին մենեջերը։ Շուտով Սալդիվարը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 30 տարի անց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ։ Երկու շաբաթ անց Ջորջ Բուշը երգչուհու ծննդյան օրը հայտարարել է Սելենայի օր Տեխասում։ Սելենայի՝ հետմահու թողարկված Selena's Dreaming of You (1995) անգլիական ալբոմը դարձել է լատինաամերիկյան կատարողի առաջին ալբոմը, որը Billboard 200 հիթ-շքերթում նորամուտը կատարել է առաջին հորիզոնականում։ 1997 թվականին Warner Bros. ստուդիան թողարկել է «Սելենա» ֆիլմը երգչուհու կյանքի և կարիերայի մասին, որում գլխավոր դերը կատարել է Ջենիֆեր Լոպեսը։
2016 թվականի դրությամբ՝ աշխարհում վաճառվել է Սելենայի ավելի քան 65 միլիոն սկավառակ, ինչի շնորհիվ նա դարձել է կոմերցիոն տեսանկյունից ամենահաջողակ կատարողը լատինաամերիկյան երաժշտության պատմության մեջ[9][10][11]։
Սելենա Քինթանիլան ծնվել է 1971 թվականի ապրիլի 16-ին Տեխաս նահագնի Լեյք Ջեքսոն քաղաքում[12], ազգությամբ չերոկի Մարսելա Օֆելյա Քինթանիլայի (նախկինում՝ Սամորա)[13] և մեքսիկական ծագմամբ ամերիկացի նախկին երաժիշտ Աբրահամ Քինթանիլա կրտսերի ընտանիքում[14]։ Երկու ծնողներն էլ եղել են Եհովայի վկաներ[15]։ Սելենայի երաժշտական ունակությունները հայրը նկատել է այն ժամանակ, երբ աղջիկը վեց տարեկան էր։ «Ես անմիջապես նկատեցի նրա հիանալի ռիթմի զգացումը և նոտաները տարբերակելու կարողությունը»,— ասել է Աբրահամը People ամսագրին տված հարցազրույցում[16]։ 1980 թվականին Աբրահամը Լեյք Ջեքսոնում բացել է իր առաջին տեխաս-մեքսիկական ռեստորանը՝ «Papa Gayo’s», որտեղ Սելենան, նրա ավագ եղբայր Աբրահամ III-ը (Էյբի) և քույրը՝ Սյուզետ Քինթանիլան հաճախ ելույթներ են ունեցել։ Սելենան եղել է վոկալիստ, իսկ Էյբին և Սյուզետը նվագել են համապատասխանաբար բաս կիթառ և հարվածային գործիքներ[16]։ Մեկ տարի անց ռեստորանը ստիպված են եղել փակել 1980-ականներին նավթի գերարտադրության պատճառով առաջացած ճգնաժամի պատճառով[16][17]։ Սնանկանալով՝ ընտանիքը վտարվել է իրենց տնից և տեղափոխվել Կորպուս Քրիստի, որտեղ Աբրահամը դարձել է նորաստեղծ Selena y Los Dinos խմբի մենեջեր[4][16][18]։ Փորձելով գումար վաստակել՝ խումբն սկսել է ելույթ ունենալ փողոցներում, հարսանիքներում, կինսեաներաներում և տոնավաճառներում[16][19]։
Շուտով Սելենայի՝ որպես վոկալիստի ժողովրդականությունն սկսել է զգալիորեն աճել, և համերգների քանակը հետզհետե ավելացել է։ Այնուամենայնիվ, ուղևորությունների խիտ ժամանակացույցը սկսել է խանգարել Սելենայի կրթությանը[20]։ Արդյունքում, հայրը նրան հանել է դպրոցից, երբ նա սովորում էր ութերորդ դասարանում[21]։ Սելենայի ուսուցիչ Մերիլին Գրիրը հավանություն չի տվել աղջկա երաժշտական կարիերային։ Նա Աբրահամին սպառնացել է, որ ինքն այդ մասին կտեղեկացնի Տեխասի կրթության խորհրդին՝ ենթադրելով, որ այն պայմանները, որոնցում գտնվում էր Սելենան, անպատշաճ էին նրա տարիքի աղջկա համար։ Ի պատասխան՝ Աբրահամը Գրիրին ասել է, որ նա չխառնվի իրեն չվերաբերող գործին։ Մյուս ուսուցիչները նույնպես անհանգստացած են եղել այն բանից, թե որքան հոգնած տեսք ուներ Սելենան, երբ նա գնում էր դպրոց[21]։ Արդյունքում Սելենան տեղափոխվել է ամերիկյան հեռակա դպրոց Չիկագոյում և տասնյոթ տարեկանում ստացել միջնակարգ կրթության դիպլոմ[22], ինչպես նաև ընդունվել Լուիզիանայի նահանգի համալսարան[23]։ Նա ընդունվել է Խաղաղօվկիանոսյան արևմտյան համալսարան՝ որպես մասնագիտություն ընտրելով բիզնեսի կառավարումը[24]։
Այն բանից հետո, երբ Աբրահամը վերանորոգել է հին ավտոբուսը, որը կոչվել է «Մեծ Բերտա», ընտանիքն սկսել է այն օգտագործել շրջագայությունների համար[25]։ Շրջագայության առաջին տարիներին ընտանիքն ստիպված է եղել երգել անգամ սննդի համար, իսկ գումարը հազիվ է հերիքել բենզինի համար[25]։ 1984 թվականին Սելենան Freddie Records-ի աջակցությամբ ձայնագրել է իր առաջին ալբոմը՝ Selena y Los Dinos[26]: Սկզբում նա ցանկացել է երգել անգլերեն, բայց Աբրահամը կարծում էր, որ Սելենան պետք է կատարի իր նախնիների մշակույթին վերաբերող երգեր։ Այսպիսով, երգչուհու երգացանկում ներառվել են կոմպոզիցիաներ տեխանո ոճով՝ տղամարդկանց հատուկ իսպանական ժանր՝ գերմանական պոլկայի, ջազ և քանթրիի ազդեցությամբ, որը հանրաճանաչ էին դարձրել ԱՄՆ-ում բնակվող մեքսիկացիները[27]։ Ալբոմի ձայնագրման ժամանակ Սելենան ստիպված է եղել լսելով սովորել իսպաներեն, ինչում նրան օգնել է հայրը[28]։ 1985 թվականին, որպես ալբոմի գովազդային արշավի մի մասը, Սելենան հյուրընկալվել է Ջոնի Կանալեսի սիրված իսպանալեզու ռադիոշոուում, որին շարունակել է մասնակցել մի քանի տարի։ 1987 թվականին Սելենան արժանացել է Tejano Music Awards մրցանակի «Կանացի լավագույն վոկալ» անվանակարգում, որտեղ նրան նկատել է երաժիշտ Ռիք Տրևինոն՝ այդ մրցանակի հիմնադիրը։ Երգչուհին այս մրցանակը ստացել է հաջորդ ինը տարիների ընթացքում անընդմեջ[29]։ Տեխասի հաստատությունները հաճախ մերժել են խմբի ելույթները, ինչի պատճառը եղել է երաժիշտների երիտասարդ տարիքը և խմբում մենակատարի՝ կին լինելու փաստը[30]։ Պրոմոութերները հաճախ Սելենայի հորն ասել են, որ նա հաջողության չի հասնի մի երաժշտական ժանրում, որտեղ պատմականորեն գերակշռում են տղամարդիկ[31][32]։ Սակայն մինչև 1988 թվականը Սելենան խմբի կազմում ձայնագրել է հինգ սկավառակ՝ Alpha (1986), Munequito de Trapo (1987), And the Winner Is… (1987), Preciosa (1988) և Dulce Amor (1988)[33]:
1989 թվականին Tejano Music Awards մրցանակաբաշխության ժամանակ Սելենայի կատարումը տեսել է EMI Latin ընկերության ղեկավար Խոսե Բեհարը, որն այդ ժամանակ փնտրում էր նոր լատինաամերիկյան կատարողներ, և որոշել է երգչուհու հետ պայմանագիր կնքել EMI Capitol լեյբլում[34]։ Sony Music Latin-ի ղեկավարը, որը նույնպես տեսել էր Սելենայի կատարումը, Աբրահամ Քինթանիլա կրտսերին առաջարկել է Capitol-ից երկու անգամ ավելի հոնորար[34]։ 1991 թվականին Քինթանիլա կրտսերն ընդունել է EMI Latin-ի առաջարկը. նա ցանկանում էր, որ Սելենան ձայնագրի քրոսովերային ալբոմ, և որ իր երեխաները դառնան այդ լեյբլի առաջին երաժիշտները[35]։ Նախքան Սելենան կսկսեր աշխատել իր առաջին սոլո սկավառակի վրա, Բեհարն ու Ստիվեն Ֆինֆերը խնդրել են երգչուհու համար քրոսովերային ալբոմի ձայնագրում[36]։ Սելենան անգլերենով ձայնագրել է երեք երգ՝ փոփ երաժշտության համար պատասխանատու EMI-ի բաժիններից մեկի ղեկավարների համար։ Սակայն Բեհարի և Ֆինֆերի խնդրանքը մերժվել է։ Սելենային բացատրվել է, որ նա պետք է ավելի շատ երկրպագուներ ունենա, որպեսզի այդպիսի ալբոմը լավ վաճառվի[37]։ Նախագիծը մերժելուց հետո Բեհարը կարծում էր, որ EMI Records-ը և հասարակությունը չեն հավատում մեքսիկա-ամերիկացի կնոջ «քրոսովերային ներուժին»։
1989 թվականի հոկտեմբերի 17-ին Սելենան թողարկել է իր նորամուտային սոլո ալբոմը՝ Selena: Երգերի մեծ մասը երգչուհին ձայնագրել է Սան Անտոնիոյի AMEN ստուդիայում, իսկ «Sukiyaki» և «My Love» երեգերը ձայնագրվել են Հյուստոնում՝ Sunrise Studios-ում։ «My Love» երգի հեղինակը հենց ինքը` երգչուհին էր։ «Sukiyak»-ն առաջին անգամ կատարել է ճապոնացի երգիչ Կյու Սակամոտոն, Սելենայի երգը Ջենիս Մարի Ջոնսոնի անգլերեն տարբերակի իսպաներեն թարգմանությունն է[38]։ Selena-ն հասել է ԱՄՆ-ի Billboard Regional Mexican Albums հիթ-շքերթի յոթերորդ հորիզոնականին[39]՝ դառնալով Սելենայի առաջին ալբոմը, որը հայտնվել է ազգային երաժշտական աղյուսակում[40]։ Սկավառակը շատ ավելի լավ է վաճառվել, քան տեխանո ոճի երաժշտություն կատարող այլ երգիչների ձայնագրությունները[40]։ Սելենայի գլխավոր երաժշտական պրոդյուսերն ու երգահանն իր ողջ կարիերայի ընթացքում եղել է նրա եղբայրը՝ Էյբի Քինթանիլան[41]։
Նույն թվականին Coca-Cola-ն Սելենային հրավիրել է դառնալու ընկերության ներկայացուցիչը Տեխասում[24]։ Ջինգլը, որն օգտագործվել է երգչուհու մասնակցությամբ նկարահանված առաջին երկու գովազդային հոլովակներում, գրել են Էյբին և կիթառահար Քրիս Պերեսը, որն ամիսներ առաջ էր միացել Selena y Los Dinos խմբին[42]։ Չնայած այն բանին, որ Պերեսը Սան Անտոնիոյում ուներ սիրած աղջիկ, նա շուտով սկսել է զգալ, որ սիրահարվում է Սելենային[43]։ Խմբի հետ Մեքսիկա կատարած ուղևորությունից հետո Պերեսը որոշել է, որ ավելի լավ կլինի, եթե ինքը և Սելենան հեռու մնան միմյանցից, բայց գիտակցելով, որ դա անհնար է, նա փորձել է հարաբերություններ հաստատել երգչուհու հետ[44]։ Շուտով Սելենան և Պերեսը խոստովանել են իրենց զգացմունքները միմյանց նկատմամբ և սկսել են հանդիպել[45][46]։ Զույգը թաքցրել է իրենց հարաբերությունները, քանի որ նրանք վախենում էին, որ Սելենայի հայրը կփորձի խանգարել իրենց[46][47]։
1990 թվականի սեպտեմբերին թողարկվել է Սելենայի երկրորդ՝ Ven Conmigo ալբոմը։ Սկավառակից թողարկվել է երեք սինգլ՝ «Ya Ves», «La Tracalera» և «Baila Esta Cumbia»[48], որը դարձավ Սելենայի ամենահաջող երգերից մեկը։ Կոմպոզիցիան հայտնի է դարձել նաև Մեքսիկայում, որտեղ թողարկվել է համանուն հավաքածուն, որն այդ երկրում ստացել է պլատինե կարգավիճակ՝ վաճառվելով 150 000 օրինակով[49][50]։
1991 թվականին Սելենայի երկրպագու Իոլանդա Սալդիվարը Քինթանիլա կրտսերին առաջարկել է ֆան-ակումբ հիմնել Սան Անտոնիոյում[51]։ Այս գաղափարը նրա մոտ ծագել էր Սելենայի համերգներից մեկին ներկա գտնվելու հետո։ Քինթանիլա կրտսերը հավանության է արժանացրել այս որոշումը, քանի որ կարծում էր, որ երկրպագուների ակումբը թույլ կտա ընդլայնել խմբի լսարանը։ Շուտով Սալդիվարը դարձել է Սելենայի և նրա ամբողջ ընտանիքի մտերիմ ընկերը, ինչպես նաև ստանձնել ֆան-ակումբի նախագահի պաշտոնակատարի պաշտոնը[52]։ Նույն թվականին սալվադորցի երգիչ Ալվարո Տորոսը գրել է մի երգ, որը ցանկանում էր որպես զուգերգ կատարել Սելենայի հետ[34]։ Երգը, որը կոչվել է «Buenos Amigos» (պրոդյուսեր՝ Էնրիկե Էլիզոնդո) ընդգրկվել է Տորրեսի Nada Se Compara Contigo տասներորդ ստուդիական ալբոմում (1991)[53]։ Երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականն ամերիկյան Billboard Top Latin Songs հիթ-շքերթում՝ դառնալով Սելենայի առաջին սինգլը, որը գլխավորել է այն[54]։ «Buenos Amigos» երգի տեսահոլովակի համար կատարողները 1992 թվականին ներկայացվել են Billboard Music Awards մրցանակի երկու անվանակարգերում[55]։ Սինգլը առաջադրվել է Tejano Music Awards մրցանակի «Տարվա դուետ» անվանակարգում[56]։ Կենսագիր Դեբորա Փարեդեսը նշել է, որ հենց այդ երգն է բացել զգալի հեռանկարներ Սելենայի համար, այդ թվում՝ Միացյալ Նահանգների արևմտյան և արևելյան ափամերձ տարածաշրջաններում շրջագայություն կատարելու հնարավորություն[57]։ Ըստ Billboard ամսագրից Ջոն Լաներտի՝ «Buenos Amigos» երգը մեծացրել է Սելենայի մյուս երգերի ռոտացիաների քանակը մեքսիկական ռադիոկայաններում, որոնք մինչ այդ դրանք եթեր չեն հեռարձակել[58]։
Իմանալով Քրիս Պերեսի հետ Սելենայի կապի մասին՝ երգչուհու քույր Սյուզեթն այդ մասին տեղեկացրել է հորը[59]։ Քինթանիլա կրտսերը Պերեսին իջեցրել է տուրիստական ավտոբուսից և ասել, որ Սելենայի հետ նրա հարաբերություններն ավարտված են[60]։ Չնայած հոր առարկությանը՝ Սելենան շարունակել է հանդիպել Պերեսի հետ[60][61]։ Ի տարբերություն հոր՝ Սելենա մայրը՝ Մարսելան, աջակցել է դստերը[62]։ Այն բանից հետո, երբ Քինթանիլա կրտսերը Սելենային և Պերեսին միասին տեսել է ավտոբուսում, բախում է եղել նրա և Սելենայի միջև։ Քինթանիլա կրտսերը սպառնացել է լուծարել խումբը, եթե Սելենան շարունակի հարաբերությունները Պերեսի հետ[63]։ Պերեսին խմբից հեռացնելով՝ հայրը կանխել է Սելենային հեռանալը նրա հետ[64], այնուամենայնիվ, նույնիսկ դրանից հետո Սելենան չի դադարեցրել գաղտնի հանդիպումները սիրելիի հետ։ 1992 թվական ապրիլի 2-ի առավոտյան Սելենան և Պերեսը որոշել են փախչել՝ հավատալով, որ Քինթանիլա կրտսերը երբեք չի հավանության չի արժանացնի իրենց հարաբերությունները[63][65]։ Սելենան հավատում էր, որ հարսանիքից հետո հայրն ստիպված կլինի ընդունել իրենց հարաբերությունները, և իրենք այլևս ստիպված չեն լինի թաքցնել իրենց զգացմունքները։ Հարսանիքից հետո լրատվամիջոցներն սկսել են տարածել լուրերը զույգի փախուստի մասին[66]։ Նորապսակները տեղափոխվել են Կորպուս Քրիստիի բնակարան[67]։ Սելենայի ընտանիքը փորձել է գտնել նրան, Քինթանիլա կրտսերն այդ լուրը բացասաբար է ընդունել[66]։ Հարցազրույցներում նա ասել է, որ անհանգստացած է Սելենայի երաժշտական կարիերայի համար, վախենում է, որ Պերեսը կարող է խանգարել իր դստեր կարիերային, և դա է պատճառը, որ ինքը դեմ է նրանց հարաբերություններին[68]։ Ավելի ուշ Քինթանիլան կրտսերը, այնուամենայնիվ, ընդունել է իր դստեր ամուսնությունը, ներողություն խնդրել Պերեսից և նրան վերադարձրել խումբ[69]։
1992 թվականի մայիսին Սելենան թողարկել է իր երրորդ սոլո ալբոմը՝ «Entre a Mi Mundo»: Սկավառակը դրական գնահատականներ է ստացել քննադատներից, որոնք այն անվանել են «առաջընթաց» երգչուհու կարիերայում[70][71][72]։ Ալբոմը գլխավորել է Billboard Regional Mexican Albums հիթ-շքերթը ութ ամիս անընդմեջ[73]։ Հավաստագրվելվ որպես պլատինե՝ ալբոմը վաճառվել է ավելի քան 600 000 օրինակով Միացյալ Նահանգներում[74]։ Մեքսիկայում վաճառվել է 385 000 օրինակ[75]։ Միևնույն ժամանակ, Entre a Mi Mundo դարձել է կնոջ առաջին ալբոմը տեխանո ոճով, որը վաճառվել է ավելի քան 300 000 օրինակով[B 3]: Չորս երգեր թողարկվել են որպես սինգլներ՝ «La Carcacha», «¿Qué Creías?», «La Carcacha» և «Amame»։ «Como la Flor» երգը դրական գնահատականներ է ստացել երաժշտական քննադատներից և դարձել երգչուհու այցեքարտը[77][78]։ Երգը գլխավորել է լատինաամերիկյան երաժշտության հիթ-շքերթները և Սելենային հանրաճանաչ դարձրել Մեքսիկայում[79]։ Սինգլն զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը Billboard Top Latin Latin հիթ-շքերթում[80] և առաջադրվել է Tejano Music Awards մրցանակի «Տարվա երգ» անվանակարգում[81]։ 1994 թվականին Entre a Mi Mundo-ը դարձել է բոլոր ժամանակների երկրորդ ամենավաճառված մեքսիկական ալբոմը[82]։ Սկավառակի գովազդման համար Սելենան մեկնել է Մեքսիկայի Մոնտեռեյ քաղաք՝ մամուլի շրջագայության[83]։ Երգչուհին իսպաներենի շատ լավ չի տիրապետել[83], և EMI Latin լեյբլի ղեկավարները մամուլի ասուլիսի ժամանակ «սարսափել են» նրա իսպաներենից[84]։ Սակայն, Պատոսկայի խոսքով, Սելենան հմտորեն է անցկացրել ասուսլիսը և արժանացել մեքսիկական լրատվամիջոցների ճանաչմանը։ Մամուլում երգչուհուն անվանել են «ժողովրդական կատարող» և նշել, որ նա ավելի լավն է, քան մեքսիկական հեռուստենովելների «բաց գույնի մաշկով, բաց գույնի մազերով և կանաչ աչքերով» դերասանները[85]։ Շրջայցի շրջանակներում Սելենան մի շարք համերգներ է տվել Մեքսիկայում։ 1993 թվականի մայիսին երգչուհին ելույթ է ունեցել Ակապուլկոյի փառատոնում՝ ստանալով դրական գնահատականներ քննադատներից[86]։ Սեպտեմբերի 17-ին Նուևո Լեոնում կայացել է համերգ, որին ներկա է եղել 70 000 հանդիսատես, որից հետո Սելենան արժանացել է փառքի որպես լավագույն տեխանո երգչուհին Մեքսիկայում[85]։
1993 թվականի մայիսին թողարկվել է Selena Live! ալբոմը։ Սկավառակը ձայնագրվել է այդ տարվա փետրվարի 7-ին ԿԿորպուս Քրիստիի Մեմորիալ Կոլիզեումում կայացած անվճար համերգի ժամանակ[87]։ Ալբոմը ներառում է նախկինում թողարկված երգեր՝ կենդանի կատարմամբ, ինչպես նաև երեք ստուդիական երգ՝ «No Debes Jugar», «La Llamada» և «Tú Robaste Mi Corazón» զուգերգը Էմիլիո Նավաիրայի հետ։ «No Debes Jugar» և «La Llamada» կոմպոզիցիաները հայտնվել են Billboard Top Latin Latin հիթ-շքերթների լավագույն հնգյակում[80]։ Սկավառակը արժանացել է նաև «Գրեմմի» մրցանակի «Մեքսիկական/մեքսիկական-ամերիկյան լավագույն ալբոմ» անվանակարգում[76]։ 1994 թվականի մայիսին Live! ալբոմը ճանաչվել է տարվա ալբոմ Billboard Latin Music Awards մրցանակաբաշխության ժամանակ[88]։ Բացի այդ, սկավառակը հաղթել է Tejano Music Awards մրցանակաբաշխության «Տարվա ալբոմ» կատեգորիայում[89] և առաջադրվել Premio Lo Nuestro 1994 մրցանակի «Տարվա մեքսիկական ալբոմ» անվանակարգում[90]։ Ալբոմի վաճառքը ԱՄՆ-ում կազմել է 500 000 օրինակ, ինչի համար նրան շնորհվել է ոսկե հավաստագիր[74], մինչդեռ Մեքսիկայում վաճառվել է 250 000 օրինակ[91]։
1993 թվականին Սելենան նկարահանվել է «Երկու կին, մեկ ճակատագիր» մեքսիկական հեռուստասերիալի երկու դրվագներով[51], որոնք ունեցել են շատ բարձր վարկանիշներ[51]։ 1995 թվականին երգչուհին բանակցել է մեկ այլ հեռուստասերիալում նկարահանվելու վերաբերյալ, որի պրոդյուսերն էր Էմիլիո Լարսան[51]։
1994 թվականին Սելենան սկսել է մշակել իր սեփական հագուստի գիծը։ Շուտով երգչուհին բացել է երկու բուտիկ, որոնք կոչվել են Selena Etc.: Խանութներից մեկը գտնվել է Կորպուս Քրիստիում, իսկ մյուսը` Սան Անտոնիոյում։ Բուտիկներից յուրաքանչյուրն ունեցել է իր գեղեցկության սրահը[92]։ Սելենան նաև բանակցել է Մոնտերեյում և Պուերտո Ռիկոյում խանութներ բացելու վերաբերյալ[93]։ Երկու բուտիկներն էլ վարել է Իոլանդա Սալդիվարը, քանի որ Քինթանիլա ընտանիքին դուր էր գալիս նրա՝ երկրպագուների ակումբը վարելու ձևը[94]։ Ըստ Hispanic Business ամսագրի՝ երգչուհու եկամուտը այս բուտիկներից կազմել է ավելի քան հինգ միլիոն դոլար[95]։ Արդյունքում Սելենան դարձել է լատինաամերիկյան քսան ամենահարուստ կատարողներից մեկը 1993 և 1994 թվականներին[96]։
1994 թվականի մարտին Սելենան թողարկել է իր չորրորդ ստուդիական ալբոմը՝ Amor Prohibido: Ալբոմը Billboard Top Latin Albums ամերիկյան հիթ-շքերթում նորամուտը կատարել է երրորդ[97], իսկ Billboard Regional Mexican Albums հիթ-շքերթում՝ առաջին հորիզոնականում[98]։ Գլխավորելով Top Latin Albums հիթ-շքերթը՝ ալբոմը շարունակել է մնալ նրա առաջին հնգյակում մինչև տարեվերջ և 1995 թվականի սկզբին[99]։ Amor Prohibido-ը դարձել է տեխանո ոճով երկրորդ ալբոմը, որը մինչև տարեվերջ վաճառվել է 500 000 տպաքանակով. նախկինում նմանատիպ նվաճում ունեցել էր միայն La Mafia խումբ[100][101]։ Սկավառակը դարձել է լատինաամերիկյան երաժշտության ամենաշատ վաճառվող ալբոմներից մեկն ԱՄՆ-ում[102][103]. մասնավորապես, այն եղել է 1995 թվականին երկրում ամենաշատ վաճառվող ալբոմների շարքում[104]։ Սկավառակի և համանուն սինգլի վաճառքն ուղեկցվել է Պուերտո Ռիկոյում տեխանո երաժշտության առաջին առևտրային հաջողությամբ[105]։ ԱՄՆ-ում վաճառված օրինակների քանակը կազմել է 2,16 միլիոն, որի համար այն ստացել է պլատինե կարգավիճակ 36 անգամ[74]։
Amor Prohibido-ն տարածել է տեխանո երաժշտությունը երիտասարդ և ավելի լայն լսարանի շրջանում[106][107]։ Ձայնապնակից թողարկվել է չորս հաջողված սինգլ՝ գլխավոր երգը, «Bidi Bidi Bom Bom», «No Me Queda Más» և «Fotos y Recuerdos»[B 4]։ «Amor Prohibido» և «No Me Queda Más» երգերը դարձել են լատինաամերիկյան երաժշտության ամենահաջող սինգլները համապատասխանաբար 1994 և 1995 թվականներին[109]։ Կոմերցիոն հաջողության շնորհիվ ալբոմը առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի 1995 թվականի լավագույն մեքսիկական/ամերիկյան ալբոմ անավանակարգում[110]։ Սկավառակը ճանաչվել է տարվա լավագույն ձայնագրություն Tejano Music awards մրցանակաբաշխության ժամանակ[89] և լավագույն մեքսիկական ալբոմ Lo Nuestro Awards մրցանակաբաշխությունում[100]։ Amor Prohibido շրջագայության ընթացքում Սելենան ճանաչվել է «լատինաամերիկացի ամենահաջողակ շրջագայող կատարողներից մեկը»[111]։ Billboard ամսագիրը Amor Prohibido կոչել է վերջին 50 տարվա լատինաամերիկյան ամենանշանակալի ալբոմներից մեկը[112] և այն ներառել է բոլոր ժամանակների 100 լավագույն ալբոմների իր ցանկում[113]։ 2008 թվականին Թոմ Մունը սկավառակն ընդգրկել է իր «1000 լավագույն ալբոմները, որոնք պետք է լսել նախքան մեռնելը» ցանկում[114]։ 2017 թվականին ալբոմը գրավել է 19-րդ տեղը՝ կանանց 150 մեծագույն ալբոմների ցանկում, որ կազմել էր NPR-ը (անգլ.՝ National Public Radio, թարգմ․՝ Ազգային հանրային ռադիո)[115]։
1994 թվականին Սելենան Barrio Boyzz խմբի հետ ձայնագրել է «Donde Quiera Que Estés» երգը, որն ընդգրկվել է նրանց համանուն ալբոմում։ Երգը գլխավորել է Top Latin Songs հիթ-շքերթը, ինչը Սելենային թույլ է տվել մեկնել համերգային շրջագայության Նյու Յորքում, Արգենտինայում, Պուերտո Ռիկոյում, Դոմինիկյան Հանրապետությունում և Կենտրոնական Ամերիկայում, որտեղ նախկինում երգչուհին քիչ էր հայտնի[116][117]։ Նույն թվականի վերջում EMI նախագահ Չարլզ Կոպելմանը եկել է այն եզրակացության, որ Սելենան բարձունքների է հասել իսպանալեզու բեմում և որոշել է սկսել նրա՝ որպես մենակատարի առաջխաղացումը անգլալեզու երաժշտական շուկայում։ Երգչուհին շարունակել է շրջագայությունը, և լեյբլն այդ ժամանակ սկսել է պատրաստվել քրոսովերային ալբոմի ձայնագրությանը և աշխատանքներում ընդգրկել է «Գրեմմիի» դափնեկիր կոմպոզիտորների[118]։ 1995 թվականի փետրվարին Սելենան համերգ է տվել հյուսթոնյան Աստրոդրոմում, և այդ ժամանակ արդեն սկսվել էր աշխատանքն անգլալեզու ալբոմի վրա[118]։
1995 թվականին Սելենան էպիզոդիկ դեր է կատարել «Դոն Ժուան դե Մարկո» ֆիլմում, որում նկարահանվել են նաև Մառլոն Բրանդոն, Ջոնի Դեփը և Ֆեյ Դանաուեյը[119]։
1994 թվականի սկզբին Քինթանիլա ընտանիքը Իոլանդա Սալդիվարին նշանակել է Սելենայի բուտիկները ղեկավար[52]։ Ութ ամիս անց Սալդիվարը ստանձնել է Սելենայի գրանցված գործակալի պաշտոնը, ինչից հետո Սան Անտոնիոյից տեղափոխվել է Կորպուս Քրիստի՝ երգչուհուն ավելի մոտ լինելու համար[94]։ 1994 թվականի դեկտեմբերին երկու բուտիկներն սկսել են տուժել անձնակազմի կրճատման պատճառով[120]։ Աշխատակիցների խոսքով՝ Սալդիվարը հաճախ աշխատանքից ազատել է նրանց, ովքեր իրեն դուր չէին գալիս[121]․ նրանք հաճախ դժգոհել են Սելենային Սալդիվարի պահվածքից, բայց նա հավատում էր, որ Սալդիվարը չի վնասի իր ձեռնարկությանը[121]։ Շուտով աշխատակիցներն սկսել են Սալդիվարից բողոքներ ուղարկել Քինթանիլա կրտսերին, որը լուրջ է վերաբերվել դրանց։ Նա Սելենային ասել է, որ զգույշ լինի և նախազգուշացրել, որ Սալդիվարը կարող է վատ ազդեցություն թողնել նրա վրա[121]։ Սելենան մեծ նշանակություն չի տվել հոր խնդրանքներին, քանի որ նախկինում նա չէր վստահում մարդկանց[121]։ 1995 թվականի հունվարին Սելենայի մոդելիեր Մարտին Գոմեսը, նրա զարմիկ Դեբրա Ռամիրեսը և հաճախորդները մտահոգություն են հայտնել Սալդիվարի պահվածքի և կառավարման հմտությունների վերաբերյալ[121][122]։ 1995 թվականին The Dallas Morning News-ի լրագրողները Սալդիվարի հետ հարցազրույցի ժամանակ կարծիք են հայտնել, որ Սելենայի հանդեպ նվիրվածությունը հասնում է մոլուցքի[94]։
1995 թվականի հունվարին Քինթանիլա կրտսերն սկսել է զանգեր ստանալ դժգոհ երկրպագուներից, որոնք վճարել էին ֆան-ակումբին անդամակցելու համար և փոխարենը ոչինչ չէին ստացել[123]։ Նա շուտով պարզել է, որ Սալդիվարն ավելի քան 30 000 դոլար է երկրպագուների ակումբից և բուտիկներից կեղծ չեկերով[123][124]։ Մարտի 8-ի լույս 9-ի լույս գիշերը Քինթանիլա կրտսերը Q-Productions գրասենյակում հանդիպում է ունեցել Սելենայի և Սյուզետի հետ` Սալդիվարի հարցը լուծելու համար։ Քինթանիլա կրտսերը Սալդիվարին ներկայացրել է անհետացած միջոցների հետ կապված անհամապատասխանություններ և նախազգուշացրել, որ եթե նա չներկայացնի իր մեղադրանքները հերքող ապացույցներ, ինքը կդիմի ոստիկանություն։ Դրանից հետո նա արգելել է Սալդիվարին շփվել Սելենայի հետ։ Այնուամենայնիվ, Սելենան չի ցանկացել վերջ տալ Սալդիվարի հետ ունեցած իր բարեկամությանը։ Նա հավատում էր, որ Սալդիվարն անհրաժեշտ է Մեքսիկայում հագուստի շարքի հաջողության համար և ցանկանում է նրան իր մոտ պահել, քանի որ նրա մոտ էին բանկային փաստաթղթերը և ֆինանսական հաշվետվությունները, որոնք անհրաժեշտ էին հարկերը հաշվարկելու համար[123]։
Սելենայի մահվանից մի քանի օր առաջ Սալդիվարը պետք է նրան տար բանկային հաշիվներն ու ֆինանսական հաշվետվությունները, բայց շուտով հայտարարել է, որ Մեքսիկայում ինքը ենթարկվել է ֆիզիկական և սեռական բռնության[20]։ 1995 թվականի մարտի 31-ին Սելենան և Սալդիվարը գնացել են կլինիկա, որպեսզի Սալդիվարն ստուգում անցնի հարձակման հետ կապված, որը, ըստ նրա, տեղի էր ունեցել Մոնտերեյում[B 5]։ Կլինիկայի բժիշկը փոքրիկ փորձաքննություն է անցկացրել, որը չի ներառել գինեկոլոգիական փորձաքննություն, որն իրականացվում է սեռական բռնության դեպքում։ Բուժքույր Կառլա Էնթոնին ենթադրել է, որ Սալդիվարը Սան Անտոնիայի հիվանդանոցում բռնաբարության գործով ստուգում պետք է անցներ երեք պատճառով. Սալդիվարը Սան Անտոնիոյի բնակիչ էր, նրանց այցելած կլինիկան գտնվում էր Կորպուս Քրիստիում, իսկ հարձակումը տեղի էր ունեցել Մեքսիկայում[125]։ Դրանից հետո Սելենան կրկին հանդիպել է Սալդիվարի հետ Կորպուս Քրիստիի Days Inn հյուրանոցի իր համարում[4]։ Այնտեղ Սելենան պահանջել է, որ նա վերադարձնի խանութների բոլոր փաստաթղթերը: 11:48-ին (CST) Սալդիվարն իր պայուսակից հանել է ատրճանակը[16] և այն ուղղել Սելենայի վրա[126]։ Երբ Սելենան դուրս է եկել սենյակից, Սալդիվարը կրակել է նրա աջ թիակին, ինչը վնասել է զարկերակը և առաջացրել արյան մեծ կորուստ[126]։ Ծանր վիրավորված Սելենան վազել է դեպի նախասրահը՝ իր հետևից թողնելով արյունոտ հետք, որը կազմել է ընդհանուր առմամբ 119 մ։ Սալդիվարը շարունակել է հետապնդել՝ նրան անվանելով «քած»[125]։ Այն բանից հետո, երբ հյուրանոցի ադմինիստրատորը շտապօգնություն է կանչել, Սելենան ընկել է հատակին։ Ասելով կրակողի անունը և սենյակի համարը՝ Սելենան կորցրել է գիտակցությունը[127]։ Այդ ժամանակ Սալդիվարը փորձել է հեռանալ իր մեքենայով, բայց նրան նկատել է դեպքի վայր ժամանած ոստիկանության պարեկախումբը[126]։ Ոստիկանական և ՀԴԲ-ի հետ գրեթե ինը ժամ տևած դիմակայությունից հետո Սալդիվարը, ի վերջո, հանձնվել է[4]։ Այդ ժամանակ դեպքի վայրում հավաքվել են Սելենայի հարյուրավոր երկրպագուներ, շատերը լացել են, երբ ոստիկանությունը տարել է Սալդիվարին[4][126]։
Սելենան մահացել է Կորպուս Քրիստիի հիվանդանոց ժամանելուն պես։ Շտապօգնության բուժող բժիշկը փորձել է նրան ուշքի բերել։ Սրտաբան Լուի Էլկինսը շարունակել է վերակենդանացման միջոցառումները և վիրահատություն է կատարել՝ հիմնվելով բժշկի որոշման վրա[128]։ Բժիշկները արյան փոխներարկում են կատարել և կարողացել են որոշ ժամանակ վերականգնել սրտի աշխատանքը[129]։ Ժամը 13:05-ին (CST)՝ վիրահատությունից 50 րոպե անց, հայտարարվել է, որ Սելենան մահացել է արյան կորստից և սրտի կանգից[126][130]։ Լրատվամիջոցների մեծ հետաքրքրության պատճառով նույն օրը կատարվել է դիահերձում[126]։ Ինչպես պարզվել է, փամփուշտը խոցել է Սելենայի մեջքի աջ հատվածում՝ թիակի կողքին, անցել է կրծքի խոռոչի միջով, կտրել աջ ենթանրակային զարկերակը և դուրս եկել կրծքի աջ վերին մասով[126]։
Ապրիլի 1-ին Bayfront Plaza հրապարակում անցկացվել է երեկոյան ժամերգություն, որին ներկա են եղել երգչուհու 3000 երկրպագուներ[131][132]։ Այնտեղ նաև հայտարարվել է, որ հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու հաջորդ օրը՝ «Bayfront» համերգասրահում։ Երկրպագուների հերթը ձգվել է գրեթե մեկ կիլոմետր[131]։ Մեկնարկից մեկ ժամ առաջ լուրեր են տարածվել, որ դագաղը դատարկ է, և դա Քինթանիլա ընտանիքին ստիպել է արարողության ժամանակ դագաղը թողնել բաց[133][134]։ Սելենայի դագաղի մոտով անցել են մոտ 30 000-40 000 երկրպագուներ[134][135][136]։ Ավելի քան 78 000 մարդ ստորագրել է ցավակցությունների գրքում[137]։ Դագաղի համար ծաղիկներ առաքվեցին Նիդեռլանդներից[138]։ Ընտանիքի անդամների խնդրանքով արգելվել է լուսարձակով լուսանկարումը[138]։
1995 թվականի ապրիլի 3-ին Կորպուս Քրիստիի Ծովափնյա հուշահամալիրում կատարվել է երգչուհու թաղումը, որին ներկա է գտնվել վեց հարյուր մարդ, որոնց մեծ մասը եղել են հարազատներ և ընտանիքի անդամներ[139]։ Կորպուս Քրիստիի և Սան Անտոնիոյի ռադիոկայաններն ուղիղ հեռարձակում են կատարել առանց ընտանիքի համաձայնության[140]։ Լեյք Ջեքսոնից Եհովայի վկաների հոգևորականը քարոզ է կարդացել անգլերեն՝ մեջբերելով Պողոս առաքյալի խոսքերը (1 Corinthians 15)[140]։ Հարյուրավոր մարդիկ մեքենաներով շրջել են շրջակայքում[140]։ Սելենայի հուղարկավորությանը մասնակցած հայտնի մարդկանց թվում են եղել Ռոբերտո Պուլիդոն, Բոբի Պուլիդո, Դեյվիդ Լի Գարզան, Նավայրան, Լաուրա Կանալեսն, Էլզա Գարսիան, La Mafia-ն, Ռամ Հերերան, Իմիջեն Լատինան և Փիթ Աստուդիլյոն։ Նույն օրը Los Angeles Memorial Sports Arena-ում անցկացվել է մեսսա, որին ներկա է եղել 4000 մարդ[141]։
Երգչուհու սպանությունը լայն արձագանք է ստացել ամերիկյան հասարակության շրջանում, որը համեմատվել է Ջոն Լենոնի, Էլվիս Փրեսլիի և Ջոն Քենեդու մահվան արձագանքի հետ[76][142]։ Խոշոր հեռուստաընկերություններն ընդհատել են հեռարձակումները՝ կատարվածի մասին հաղորդելու համար[143]։ Երկու օրում Սելենայի մահվան մասին լուրերը առաջին էջերում են եղել The New York Times պարբերականում[144]։ Ի պատիվ երգչուհու, անցկացվել են բազմաթիվ ժամասացություններ և հիշատակի միջոցառումներ, իսկ Տեխասի ռադիոկայանները նրա երգերը հաղորդել են անընդհատ ռեժիմով[145]։ Սելենայի հուղարկավորությանը ներկա է եղել ավելի քան 60 000 մարդ, որոնցից շատերը ԱՄՆ էին եկել այլ երկրներից[145]։ Սելենայի մահը հուզել է ողջ լատինաամերիկյան հանրությանը։ Կատարողի շատ երկրպագուներ ճանապարհորդել են հազարավոր մղոններ՝ տեսնելու երգչուհու տունը, նրա բուտիկները և հանցագործության վայրը[146][147]։ Կեսօրին մոտ ոստիկանությունը ստիպված է եղել շրջանցիկ ուի բացել, րովհետև մեքենաների շարքը սկսել է կանգ առնել Քինթանիլա ընտանիքի տան մոտ[148]։ Ընտանիքին ցավակցություն հայտնած հայտնիների թվում են եղել Գլորիա Էստեֆանը, Սելիա Կրուզը, Խուլիո Իգլեսիասը և Մադոննան[149]։ Այլ հայտնի մարդիկ, այդ թվում` Թեֆանի Մոնտելը, Հայմե Դիանդան (Los Chamacos-ից) և Շելլի Լերսն Սելենայի մահվան վերաբերյալ արտահայտվել են ռադիոկայաններում[150]։ Մի քանի օր անց լույս է տեսել People ամսագրի՝ երգչուհուն նվիրված թողարկումը։ Հրատարակիչները ենթադրել են, որ իրավիճակի նկատմամբ հետաքրքրությունը շուտով կթուլանա, սակայն երբ պարզ է դարձել, որ հետաքրքրությունը գնալով աճում է, նրանք մեկ շաբաթվա ընթացքում թողարկել են հիշատակի համար, որը վաճառվել է մեկ միլիոն օրինակով[151]. առաջին երկու տպաքանակները վաճառվել են երկու շաբաթվա ընթացքում։ Այս համարը դարձել է առաջին կոլեկցիոն նմուշը ամսագրի պատմության մեջ[152]։ People-ի խմբագիր Բեթի Կորտինան ասել է, որ մինչ այդ իրենք չեն ունեցել լիարժեք վաճառված տպաքանակ[152]։ Այս թողարկման հաջողության շնորհիվ ընկերությունը մի քանի ամիս անց թողարկել է People en Español ամսագիր, որ նախատեսված էր իսպանական լսարանի համար[152]։ Նրանից հետո բացվել են Newsweek en Español և Latina հրատարակությունները[153]։
Մի քանի օր անց Հովարդ Ստերնը ծաղրել է Սելենայի մահը, նրա հուղարկավորությունը և սգացողներին, քննադատել երգչուհու երաժշտությունը։ «Այս երաժշտությունն ինձ ամենևին չի հուզում։ Էլվինի և Բուրունդուկների երգերում ավելի շատ հոգի կա... Իսպանախոսները ահավոր երաժշտական ճաշակ ունեն։ Դրա մեջ խորություն չկա»,— ասել է Ստերնը։ Ստերենի մեկնաբանությունները վրդովեցրել և զայրացրել են Տեխասի լատինաամերիկյան համայնքին[154]։ Իր շոուի ժամանակ Ստերնը նվագել է Սելենայի երգերը` հետին պլանում հնչող հրազենային հնչյունների ֆոնին[155][156]։ Այն բանից հետո, երբ Ստերնի անունով կալանքի որոշում է կայացվել հասարակական կարգի խախտման մեղադրանքով, նա ուղիղ եթերում հայտարարություն է արել իսպաներենով՝ ասելով, որ ինքը չի ցանկացել «էլ ավելի ցավ պատճառել Սելենայի ընտանիքին, ընկերներին և երկրպագուներին»[157][158]։ Ստերենին պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել։ Միացյալ լատինաամերիկյան քաղաքացիների լիգան Ստերնի ներողությունը համարել է անպատշաճ և բոյկոտել նրա շոուն[159]։ Տեխասի մանրածախ առևտրականները առգրավել են Ստերնի հետ կապված բոլոր ապրանքները, իսկ Sears-ը և McDonald’s-ը քննադատել են նրա մեկնաբանությունները՝ ի պատասխան Սելենայի երկրպագուների կողմից մեղադրանքների Ստերնի շոուի հովանավորության վերաբերյալ[160]։ Մեկ շաբաթ անց The Tonight Show with Jay Leno հեռուստածրագրում Ստերնին ու նրա գործընկեր Ռոբին Քուիվերսին հարցրել են Սելենայի մասին Ստերնի հայտարարությունների ընդունելի լինելու մասին։ Քուիվերսը որոշել է չքննարկել այդ թեման՝ խուսափելու համար Ստերնի հետ կոնֆլիկտից։ Մի փոքր անց շոուում հայտնվել է էստրադային երգչուհի Լինդա Ռոնստադտը՝ հանդես գալով Սելենայի օգտին, որից հետո նրա և Ստերնի միջև վիճաբանություն է սկսվել[161]։
1995 թվականի ապրիլի 12-ին՝ Սելենայի մահվանից երկու շաբաթ անց, Ջորջ Բուշը, որն այդ ժամանակ Տեխասի նահանգապետն էր, երգչուհու ծննդյան օրը՝ ապրիլի 16-ը, հայտարարել է Սելենայի օր նահանգում[24][162]։ Ըստ նրա խոսքերի՝ Սելենան ներկայացնում է «Հարավային Տեխասի մշակույթի էությունը»[163]։ Տեխասում ապրող եվրոպացի որոշ ամերիկացիներ ապրիլին և մայիսին գրել են Brazosport Facts թերթի խմբագրին՝ հարցնելով, թե ինչ է պատահել։ Ոմանք վիրավորված էին այն փաստից, որ Սելենայի օրը համընկել է Զատկի կիրակիի հետ, մյուսները նշել են, որ «Զատիկն ավելի կարևոր է, քան Սելենայի օրը», և կարծում էին, որ մարդիկ պետք է Սելենային թույլ տան, որ մնալ խաղաղության մեջ, իսկ իրենց շարունակեն ապրել[164]։ Տեխասից մեքսիկացի ամերիկացիներն սկսել են ակտիվորեն գրել թերթին՝ ենթադրելով, որ ոմանք չափազանց քննադատաբար են վերաբերվում Սելենայի օրվան և չպետք է այդքան կոպիտ արձագանքեին[165]։
1995 թվականի հոկտեմբերին Հյուսթոնի երդվյալների հանձնաժողովը Սալդիվարին մեղավոր է ճանաչել առաջին կարգի սպանության համար և դատապարտել ցմահ ազատազրկման՝ 2025 թվականին՝ 30 տարի անց, պայմանական վաղաժամկետ ազատություն ստանալու հնարավորությամբ[166]։ Պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ ցմահ բանտարկությունը Տեխասում թույլատրված առավելագույն բանտարկության ժամկետն էր, որը կարող էր նշանակվել այդ ժամանակ[167]։ 2002 թվականին ատրճանակը, որով սպանվել էր Սելենան, և որն անհետացել էր դատավարությունից հետո, գտնվել է դատարանի ներկայացուցչի տանը։ Չնայած առարկություններին, ատրճանակը բաժանվել է մասերի, որոնք նետվել են Կորպուս Քրիստիի ծովածոցը[168][169]։ Պատմաբաններն ու երգչի երկրպագուները հավանության չեն արժանացրել այդ որոշումը՝ նշելով, որ իրադարձությունը պատմական էր, և զենքը պետք է պահվեր թանգարանում[24]։
Սելենայի ձայնը սոպրանո է[170]։ The New York Times-ից Փիթեր Ուոթրոուսը կարծիք է հայտնել, որ Սելենայի ձայնը «երբեմն դողում էր», ուստի երգչուհին ստիպված է եղել երգել ավելի կոպիտ, քան սովորականում։ Ըստ նրա՝ Սելենայի ձայնում կար «հանդարտություն, մի տեսակ պարզ կիրք»[171]։ Իտալացի էսսեիստ Գաետանո Պրամպոլինին երգչուհու՝ կամբիայի ոճով ձայնագրության վերաբերյալ գրախոսության մեջ գրել է, որ «Սելենան երգում էր ջերմությամբ և ուրախությամբ»[172]։ 1995 թվականի ապրիլին Խոսե Բեխարը Billboard հանդեսին տված հարցազրույցում ասել է, որ Սելենայի «ոճում, ճաշակում ու վոկալում» ինքը տեսել է «ինչ-որ միջին բան Ջանեթ Ջեքսոնի և Ուիթնի Հյուսթոնի միջև»[173]։ Time ամսագրից Ռիչարդ Կորիսը Սելենայի երգեցողությունը անվանել է «ամեն ինչի հմուտ իմիտացիա՝ սկսած Էդիթ Պիաֆի մելոդրամատիկ կոնտրալտոյից և վերջացրած Մրայա Քերիի գունային ժապավեններով»։ «Բայց հնչողությունը դեռ փոքր-ինչ լատինաամերիկյան է»,— ասել է քննադատը[174]։
Երգչուհու երգացանկը պարունակել է կոմպոզիցիաներ տեխանո ոճով, որում գերակշռել են R&B[175], լատին-փոփ, տեխնփոփի[176], քանթրիի և դիսկոյի տարրերը[177]։ The Dallas Morning News պարբերականից Մարիո Տարրադելը նշել է, որ իր ողջ կարիերայի ընթացքում Սելենան կումբիայի տեխանո հիշվող ռիթմերը համատեղել է «փողոցի» R&B-ի, «հին դպրոցի» սոուլի, դենսհոլ ռեգիի, «թեժ» սալսայի և փանկի հետ[178]։ Ըստ Չարլզ Թեյթամի՝ Սելենայի կոմպոզիցիաները «արտահայտում են սեր և ցավ, ինչպես նաև ուժ ու կիրք»[179]։ Բացի այդ, երգիչը ձայնագրել է մի քանի երգ՝ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման թեմայով, այդ թվում՝ «Si La Quieres», «¿Qué Creías?», «Ya Ves» և «Ya No», որոնք պատմում են անընդունելի հարաբերությունների և ընտանեկան բռնությունից փրկության մասին[180]։ Իլան Ստավանսը երգչուհու երաժշտությունը անվանել է «սովորական և չափազանց հուզական, որը շատ չի հեռացել Խուան Գաբրիելից և Իգլեսիասից»[181]։ Ըստ Ռիչարդ Կորլիսի՝ Սելենայի ստեղծագործությունները ավելի շատ «ուրախ ու հետաքրքրաշարժ են», քան հուզական, և նրա վաղ ձայնագրությունները կատարյալ են տոնավաճառի հրապարակի համար[174]։
Newsweek ամսագիրը երգչուհու անգլերեն ձայնագրություններն անվանել է «քաղաքային փոփի և լատինաամերիկյան սրտակցության խառնուրդ»[182]։ Ըստ Texas Monthly-ի՝ Սելենայի եղբայրը կատարելագործել է նրա ձայնը փանկի և հիփ-հոփի միջոցով[183]։ Երաժշտական քննադատները նշում են, որ երգչի բացառիկ առանձնահատկություններից մեկը նրա հուզական կատարումն էր[184]։ Սելենայի երկրորդ՝ Ven Conmigo ալբոմի համար Էյբի Քինթանիլան սկսել է գրել ավելի ու ավելի շատ երգեր կումբիայի ոճով։ Billboard ամսագրից Ռամիրո Բերրը շեշտել է, որ Սելենային և նրա խմբին հաջողվել է «զարգացնել ռիթմիկ ոճ, որը ցույց է տալիս նրա աճող կատարելությունը այնպիսի կոմպոզիցիաներում, ինչպես է „Baila Esta Cumbia“ և գլխավոր թրեքում»[185]։ Enamorada de Ti (2012) ռեմիքսների ալբոմի գրախոսությունում Սթիվեն Թոմաս Էրլեվայնը կարծիք է հայտնել, որ Սելենայի երգերը «գալիս են 90-ականներին և հնչում են այդ ժամանակի ոգով»[186]։
Քինթանիլա կրտսերը ձգտում էր պահպանել Սելենայի նպատակասլաց և ընտանեկան ուղղվածություն ունեցող կերպարը[187]։ 1989 թվականին գարեջրի մի շարք ընկերություններ երգչուհուն առաջարկել են իրենց հովանավորությունը, բայց հայրը մերժել է նրանց[152]։ Ըստ Սելենայի՝ նա չի ցանկացել ձայնագրել «բաց թեմաներով» երգեր իր դաստիարակության, ինչպես նաև այն պատճառով, որ իր երկրպագուների բազան բաղկացած էր հիմնականում երեխաներից, որոնց համար երգչուհին ընդօրինակման օբյեկտ էր[188]։ Անգլիալեզու ալբոմի ձայնագրության ընթացքում պատասխանելով իր սեռական գրավչության մասին հարցին՝ Սելենան պնդել է, որ ինքը «կմնա նույնը», և որ անգլերեն լեզվով իր երգերը չեն պարունակի ցենզուրայից դուրս բառապաշար և չեն շոշափի սեռական թեմաներ[188]։ Մանուել Փենյան գրել է, որ 1989 թվականից հետո Սելենայի ժողովրդականությունը զգալիորեն աճել է և իր առաջին դեբյուտային ալբոմի թողարկմամբ երգչուհին դարձել է սեքս-խորհրդանիշ[187]։ Չարլզ Թեյթամը նշել է, թե ամենակարևորը, որը Սելենայի վրա ուշադրություն է գրավել, նրա «գեղեցկությունը, սեքսուալությունը և պատանեկան ազդեցությունն է տեխանո երաժշտության վրա»[179]։ The Mexican American Experience: An Encyclopedia (2010) գրքի հեղինակ Մեթ Մեյերը նշել է երգչուհու «խենթ» էներգիան համերգների ընթացքում և նշել, որ Սելենան ճառագում էր «ջերմություն, կիրք և սեքսուալություն»՝ օգտագործելով «հարևան բակից խելամիտ աղջկա պարզ կերպարը»[189]։ 1997 թվականին Մարիա Սելեսե Արրարասը Սելենայի մահվան մասին իր գրքում գրել է, որ երգչուհին «սիև խարիզմատիկ աղջիկ է»[190]։ Ըստ Արրարասի՝ Սելենան «վստահում էր բոլորին». նա հաճախ է գնումների գնացել միայնակ, չնայած հոր մտավախություններին` կապված նրա անվտանգության մասին[191]։ Արրարասը նաև նշել է Սելենայի «տաքարյուն բեմական վարվելաձևը» և շեշտել, որ երգչուհին «աշխույժ» էր ինչպես բեմում, այնպես էլ կյանքում[192]։
1990-ականների սկզբին Սելենան սկսել է համերգների ժամանակ հագնել բյուստե, սպանդեքս կամ կիպ տաբատներ և չկոճկված բաճկոններ, որոնք ներշնչված էին Պաուլա Աբդուլի, Ջանեթ Ջեքսոն և Մադոննայի կողմից[193]։ 1992 թվականին տված հարցազրույցում Սելենան մեկնաբանել է, որ հագուստի ընտրությունը չի արտացոլում նրա անձը[152]։ Նա հագնում էր հագուստ, որը շեշտում էր իր մարմնակազմվածքը և չէր վախենում հագնել իր նախընտրած զգեստները[152]։ Ըստ Սյուզեթ Քինթանիլայի՝ Սելենան հաճախ ձևափոխում էր և կարում բեմական հագուստներ դիզայներների հետ՝ բառացիորեն բեմ դուրս գալուց վայրկյաններ առաջ[152]։ NBC News-ում երգչուհու հագուստները անվանել են «սադրիչ»[11]։ Հագուստի և պարային շարժումների ոճի համար երկրպագուները նրան անվանել են «մեքսիկական Մադոննա»[194][195]։ Սելենայի ծնողներին սկզբում դուր չի եկել իրենց դստեր հագնվելու ձևը, քանի որ նրան ընդօրինակում էին երիտասարդ աղջիկները[193]։ Entre a Mi Mundo (1992) ալբոմի համար լուսանկարման ընթացքում լուսանկարիչը նկատել է, որ Քինթանիլա կրտսերը հաճախ հեռանում էր, երբ Սելենան հայտնվում էր բաց հագուստով[196]։ Այնուամենայնիվ, ավելի ուշ, Սելենային հաջողվել է համոզել հորը, որ հագուստի այս ոճը նորաձևության միտում է[152]։
Սելենան ճանաչվել է որպես առաջին կին, որը փոխել է կնոջ գեղեցկության հանրային ընկալումը տեխանո երաժշտության աշխարհում։ Որպես ֆեմինիստ՝ նա իր կարիերայի ընթացքում ճանապարհ է ստեղծել այլ կատարողների համար[152][197]։ Ըստ Սելենայի՝ նա դեմ է եղել այն փաստին, որ կանայք պետք է «նիհար լինեն ինչպես տաշեղներ», և չի ընդունել այն գաղափարը, որ նրանք պետք է կրեն միայն որոշակի հագուստ և մնան «սուպերերիտասարդ, որպեսզի գեղեցիկ լինեն»[198]։ People ամսագրից Բեթի Կորտինան կարծիք է հայտնել, որ Սելենայի հագուստի հանդուգն ոճը կապված էր Ջանեթ Ջեքսոնին և Մադոննային ընդօրինակելու հետ, և որ երգչուհին կրել է «սեքսուալ հանդերձանքներ, որոնք [ընդգծում էին] նրա լատինաամերիկյան մարմինը»[152][199]։ Կորտինան նաև նշել է, որ Սելենան ունի «կենսունակ ոճ, անհավատալի մարմին, գործիչ և քահանա»[152]։ Արրարասը գրել է, որ Սելենան «սկսել է հագնել հագուստը, որը նախատեսված է իր ֆիգուրան ընդգծելու համար», և որ երգչուհին «ոչ թե էժան, այլ սեքսուալ տեսք ուներ»[200]։ Նրա կարծիքով՝ Սելենայի դիմահարդարումը «շինծու կամ գռեհիկ» չէր[200]։
Սելենայի մահվանից հետո որոշ հայտնի մարդիկ կասկածում էին, որ նա ընդօրինակման լավագույն տարբերակն էր իսպանացի կանանց համար։ Մասնավորապես, այդ հարցին անդրադարձել է երգչուհու մասին պատմող 1999 թվականին թողարկված վավերագրական ֆիլմի ռեժիսոր Լուրդես Պորտիլոն[201]։ Ըստ Պորտիլոյի՝ հագուստով Սելենայի պարերը ենթադրում էին հիպերսեքսուալիզացիա և սխալ ուղերձ էին պարունակում երիտասարդ աղջիկների համար[202]։ Ամերիկացի գրող Սանդրա Սիսներոսը համաձայնել է Պոտրիլոյի հայտարարության հետ, թե Սելենան «ընդօրինակման լավ օբյեկտ չէր լատինաամերիկուհիների համար»[203][204][205]։
Մանկության տարիներին Սելենան սկսել է զբաղվել կամավորական աշխատանքով՝ օգնելով այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին էր՝ Toys for Tots[131]։ Երգչուհին ակտիվ է եղել Միացյալ Նահանգների լատինաամերիկյան համայնքում։ Նա այցելել է տեղի դպրոցներ՝ սովորողների հետ զրուցելով կրթության կարևորության մասին[206]։ Օստինի Ֆուլմոր ավագ դպրոցում Սելենան ելույթ է ունեցել ավագ դպրոցի երկու հարյուր աշակերտների համար՝ նրանց պատմելով կյանքի նպատակների և դրական տրամադրվածության պահպանման կարևորության մասին[131]։ Նա երեխաներին հորդորել է չհեռանալ դպրոցից և նրանց բացատրել է, որ թմրանյութերն ու ալկոհոլը կյանքում ոչ մի լավ բանի չեն հանգեցնի[207]։ Ազատ ժամանակ Սելենան օգնել է իր համայնքին։ Օրինակ՝ երգչուհին ելույթ է ունեցել Վաշինգտոնում՝ ի պատիվ ԱՄՆ Կոնգրեսի իսպանալեզու անդամների խմբավորման (անգլ.՝ Congressional Hispanic Caucus) կազմավորման[206]։ Էնդրյու փոթորիկից հետո Սելենան մասնակցել է Հյուսթոնում բարեգործական համերգին՝ Ֆլորիդայում տուժածներին աջակցելու համար[206][116]։
1994 թվականի օգոստոսին Սելենան կազմակերպել է բարեգործական բեյսբոլի խաղ՝ որոշ բարեգործական կազմակերպությունների համար գումար հավաքելու նպատակով[208]։ Նա նաև օգնել է քաղաքացիական կազմակերպություններին, ներառյալ D.A.R.E., և ծրագրել է բարեգործական համերգ՝ ՁԻԱՀ-ով հիվանդներին օգնելու համար[24]։ Սելենան մասնակցել է Texas Prevention Partnership ծրագրին որը, հովանավորել է Տեխասի ալկոհոլամոլության և թմրամոլության դեմ պայքարի կոմիսիային։ Վերջինս հրապարակել է ուսուցողական տեսանյութ, որն անվճար ուղարկվել է ուսանողներին[24]։ Սելենայի կրթական տեսանյութերը կոչվել են «My Music» և «Selena Agrees»։ Երգչուհին նաև զբաղվել է Ամերիկայի տղաների ու աղջիկների ակումբների (անգլ.՝ Boys & Girls Clubs of America) բարեգործական համերգի կազմակերպմամբ Դալասում[24]։
1995 թվականի հունվարին Սելենան ղեկավարել է Teach the Children փառատոնը Սան Անտոնիոյում։ Համերգը ֆինանսավորել է ոչ առևտրային ծրագիր` կարիքավոր երեխաներին դպրոցական պարագաներ տրամադրելու համար[116]։ Երգչուհին ներկայացրել է բռնության ենթարկված կանանց շահերը[209]։ Նա նաև օգնել է անօթևանների կացարաններում[116]։ Համաձայն Biography վավերագրական հեռուստասերիալի՝ Սելենայի երկրպագուները հաճախ եղել են տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Երգչուհին նրանց խրախուսել է առավելագույնս օգտվել կյանքից[152]։
Սելենան հայտնի է նրանով, որ վերաիմաստավորել է լատինաամերիկյան երաժշտությունը[210] և դրա ենթաժանրերը՝ տեխանո[211][212], կումբիա և լատին-փոփ[213][214]։ Երգչուհին հաղթահարել է մի շարք խոչընդոտներ լատինաամերիկյան երաժշտության աշխարհում[170][215] և համարվել է «ավելին, քան տեխանոն»[105]. նրան հաջողվել է դառնալ առաջին կինը տեխանոյի պատմության մեջ, որը մեծ առևտրային հաջողությունների է հասել[216]։ Նա բոլոր ժամանակների ամենաազդեցիկ լատինաամերիկյան կատարողներից մեկն է, և նաև նրան է վերագրվում ժանրի դուրսբերումը մեյնսթրիմ[7][8]։ Սելենան նաև համարվում է «քսաներորդ դարի վերջի մեքսիկա-ամերիկյան ամենանշանակալի կատարողներից մեկը»[213]։ People ամսագրում երգչուհուն կոչել են քսաներորդ դարի ամենաինտրիգային անձնավորություններից մեկը[217]։ ԱՄՆ սենատոր Քեյ Բեյլի Հաթչիսոնը Սելենային անվանել է «եռանդուն կանանցից, որոնք էական ազդեցություն են ունեցել երկրի մշակույթի վրա»[218]։ Սելենան դարձել է մեքսիկա-ամերիկյան մշակույթի ամենավառ ներկայացուցիչներից մեկը[219]։ Նա համարվում է «Տեխնոյի թագուհի»[B 1] և «տեխանո ոճի բոլոր ժամանակների ամենանշանակալից և ամենաժողովրդական կատարղը»[226]։ Latin Post հրատարակությունը երգչուհուն կոչել է «ամենակուլտային կատարողներից մեկը Լատինական Ամերիկայի պատմության մեջ»[227], իսկ ըստ New York Times-ի՝ նա «ամենանշանակալի ժամանակաշրջաններից մեկի լատինաամերիկյան կարևորագույն կատարողներից մեկն է»[228]։
Մահից հետո Սելենան դարձել է ավելի հանրաճանաչ, քան կենդանության օրոք[229]։ Նա ընդգրկվել է ամերիկյան փոփ մշակույթի պատմության մեջ և հայտնի է դարձել ԱՄՆ-ում և Մեքսիկայում հսկայական թվով մարդկանց շրջանում[228][230]։ Մահից հետո երգչուհու հանրաճանաչությւոնը համեմատվում էր Մերիլին Մոնրոյի և Մադոննայի հանրաճանաչության հետ անգլո-ամերիկյան մշակույթում[231]։ Ըստ հեղինակ Կառլոտա Քոլֆիլդի՝ Սելենան «1990-ականների ամենաժողովրդական լատինաամերիկյան երգչուհիներից մեկն է»[232]։ Նա բավականին սիրված էր ԱՄՆ-ում ԼԳԲՏ համայնքի անդամների և փոքրամասնությունների խմբերի ներկայացուցիչների շրջանում[233][234]։ Մինչ իր մահը Սելենան դարձել է մեքսիկա-ամերիկյան ամենահայտնի կատարողներից մեկը[235][236] և լատինամերիկայի ամենաժողովրդական կատարողն ԱՄՆ-ում[236]։ Նա հսկայական թվով երկրպագուներ ուներ իսպանական բնակչության շրջանում[237]։ Սելենայի մահվանից հետո տեխանո երաժշտությունը կորցրել է իր հանրաճանաչությունը[238][239]։ The Monitor թերթից Զաք Քուենտեյնսը նշել է, որ երգուհու մահն «անհավանական կորուստ» էր տեխանոյի պատմության մեջ[216]։ 2007 թվականին Billboard ամսագրերից Ջոն Լաներտը երգչուհուն նվիրված Biography վավերագրական հեռուստասերիալի թողարկումներից մեկում կարծիք է հայտնել, շարքից, որ Սելենայի մահվաից հետո տեխանո երաժշտական ժանրը դադարել է ժողովրդականություն վայելելուց[152]։
1995 թվականի հուլիսին հետմահու թողարկվել է Սելենայի անգլիալեզու Dreaming of You ալբոմը, որի վրա երգչուհին աշխատում էր իր մահվանից առաջ։ Թողարկման օրը ԱՄՆ-ում վաճառվել է 175 000 օրինակ, ինչն այն ժամանակ ռեկորդային էր երգչուհիների համար։ Առաջին շաբաթվա ընթացքում սկավառակների վաճառքը կազմել է 331 000 օրինակ[240][241]։ Սելենան Ջանեթ Ջեքսոնից և Մրայա Քերիից հետո դարձել է երրորդ երգչուհին, որի ալբոմը մեկ շաբաթում վաճառվել է ավելի քան 300 000 օրինակով[242]: Dreaming of You-ն դարձել է իսպանալեզու կատարողի առաջին ալբոմը, որը Billboard 200 հիթ-շքերթում նորամուտը կատարել է առաջին հորիզոնականում[243][244][245]։ Սելենան դարձել է երրորդ երգչուհին, որի հետմահու ալբոմը նորամուտը կատարել է առաջին հորիզոնականում[246] և առաջին երգչուհին Billboard-ի պատմության մեջ, որի հինգ ստուդիական ալբոմները ընդգրկվել են Billboard 200 հիթ-շքերթում միաժամանակ[247]։ Ալբոմը վաճառվել է ԱՄՆ-ում 3,54 միլիոն օրինակով, ինչի համար այն 59 անգամ ստացել է պլատինե կարգավիճակ[B 6][74][248]: Ըստ Nielsen SoundScan-ի՝ 2017-ի դրությամբ ԱՄՆ-ում սկավառակների վաճառքը կազմում է ավելի քան 2,942 միլիոն՝ այն դարձնելով երկրում ամենալավ վաճառվող լատինաամերիկյան ալբոմը[249]։ 2015 թվականի դրությամբ՝ ամբողջ աշխարհում ալբոմների վաճառքը գերազանցել է հինգ միլիոն օրինակը[250]։ 2008 թվականին Houston Chronicle թերթից Ջոի Գերրան կարծիք է հայտնել, որ ալբոմի «I Could Fall in Love» գլխավոր սինգլը թույլ է տվել «տեխանոյի աստվածուհուն հետմահու դառնալ քրոսովերի աստղ»[251]։ Համարվում էր, որ երգչուհու մահը լատինաամերիկյան երաժշտության նկատմամբ հետաքրքրություն է առաջացրել նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք նույնիսկ չէին կասկածում դրա գոյության մասին[252][210][253]։ Համարվում էր նաև, որ Սելենայի մահը «դուռ բացեց» այլ լատինաամերիկյան ստեղծագործողների համար, ինչպիսիք են Ջենիֆեր Լոպեսը[254], Ռիկի Մարտինը և Շակիրան[255]։
1995 թվականին ԱՄՆ սոցիալական ապահովման ադմինիստրացիան Սելենա անունը ներառել է նորածին աղջիկների տրվող ամենատարածված 100 անունների ցանկում. երգչուհի Սելենա Գոմեսը հաստատել է, որ իրեն կոչել են Սելենա Քինթանիլայի պատվին[256]։ 1999 թվականի դեկտեմբերին Սելենան ճանաչվել է որպես «90-ականների լավագույն լատինաամերիկյան կատարող» և «կոմերցիոն տեսանկյունից ամենահաջողակ լատինաամերիկյան կատարող»՝ ըստ Billboard ամսագրի. երգչուհու տասնչորս սինգլներ հայտնվել էր Top Latin Songs հիթ-շքերթի առաջին տասնյակում, որոնցից յոթը եղել է առաջին հորիզոնականում[257]։ Ավելին, Սելենան դարձել է կոմերցիոն տեսանկյունից ամենահաջողակ լատինաամերիկյան կատարող ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ 2010 թվականի Tejano Music Awards մրցանակաբաշխության ժամանակ Սելենան ճանաչվել է 1980-ական և 90-ական թվականների «Լավագույն վոկալիստ»[89]։
Երգչուհու մահվանը հաջորդ ամիսներին առաջարկվել է նրա անունով կոչել մի քանի փողոցներ, հանրային այգիներ, սննդամթերքներ[258] և համերգասրահներ[259]։ Երկու ամիս անց Սելենային հարգանքի տուրք է մատուցվել Lo Nuestro Awards մրցանակաբաշխության ժամանակ[260]։ 1996 թվականին Սելենայի պատվին ստեղծվել է «Հույսի հոգի» մրցանակ[261], որը շնորհվել է մարդասիրական և համայնքային նախաձեռնություններով զբաղվող լատինաամերիկյան կատարողներին[262]։ 1998 թվականին բացվել է Սելենայի թանգարանը[57]։ 2011 թվականի մարտի 16-ին ԱՄՆ փոստային ծառայությունը թողարկել է «Լատինաամերիկյան լեգենդներ» նամականիշը՝ նվիրված Սելենային, Կառլոս Գարդելին, Տիտո Պուենտեին, Սելիա Քրուզին և Կարմեն Միրանդային[263]։
1995 թվականին Սելենան ընդգրկվել է Billboard ամսագրի լատինաամերիկյան երաժշտության փառքի սրահում[108], Hard Rock Cafe փառքի սրահում[103] և Հարավային Տեխասի երաժշտության փառքի սրահում[93], իսկ 2001 թվականին՝ Տեխանո երաժշտության փառքի սրահում[189]։ 2017 թվականին երգչուհին արժանացել է աստղի Հոլիվուդի փառքի ծառուղում[264]։ Աստղի բացման արարողությանը ներկա են եղել երգչուհու 4500 երկրպագուներ. դա եղել է մարդկանց ամենամեծ թիվը, որոնք երբևէ մասնակցել են աստղի բացման արարողության Հոլիվուդի փառքի ծառուղու պատմության մեջ[9]։ Գրող Լոռի Յասինսկին Սելենային անվանել է բոլոր ժամանակների 20 ամենաազդեցիկ տեխասցիներից մեկը[93]։ Սելենան զբաղեցրել է հինգերորդ տեղը «Քսաներորդ դարի լատինաամերիկյան 100 ամենաազդեցիկ կատարողների» ցանկում Orange County Register վարկածով։ Մամուլում երգչուհուն հաճախ անվանում են «Լատինաամերիկայի երաժշտության թագուհի»[265], «Կումբիայի թագուհի»[266], «Էլվիս Չիկանո», «Խառը փոփ մշակույթի թագուհի», «իսպանացի Մերիլին Մոնրո[181], «լատինաամերիկյան երաժշտություն Թուփաք Շակուր»[267], «Կորպուս Քրիստիի թագուհի»[268] և «ժողովրդական արքայադուստր»[269][270]։ Ավելի հաճախ Սելենային համեմատել են Մադոննայի հետ, քան այլ հայտնի մարդկանց, և շատ լրատվամիջոցներ նրան անվանել են «Տեխանո երաժշտության Մադոննա»[271][3][4][5]։ 2014 թվականի փետրվարին Նյու Յորքի Times Union թերթում Սելենային անվանել են «Պատմության 100 ամենազիլ ամերիկացիներից» մեկը[272]։
1995 թվականին մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեկն ընտրվել է կենսագրական ֆիլմում Սելենայի դերը կատարելու համար, որը նկարահանվել է Քինթանիլա ընտանիքի և Warner Bros.-ի կողմից[273]։ Սակայն Հայեկը հրաժարվել է այդ դերից. նա համարել է, որ այդ ժամանակ դեռ «վաղ էր» նկարահանել Սելենայի մասին ֆիլմը, և որ այն բավական հուզական կլիներ, քանի որ երգչուհու մահը դեռ լուսաբանվում էր ամերիկյան հեռուստատեսությունում[274][275]։ Գլխավոր դերակատարման համար լսումներ է մասնակցել ավելի քան 21 000 աղջկա. դա եղել է երկրորդ ամենամեծ քասթինգը «Քամուց քշվածները» ֆիլմում Սքարլեթ Օ’Հարայի դերի համար անցկացված քասթինգից հետո[276][277]։ Շուտով Հայեկին փոխարինել է ամերիկացի դերասանուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսը, որը սկզբում քննադատության է ենթարկվել իր պուերտոռիկական ծագման համար, բայց նրա կատարումը դիտելուց հետո, Սելենայի երկրպագուները փոխել են իրենց կարծիքը նրա մասին[278]։ Ֆիլմը թողարկվել է 1997 թվականի մարտի 21-ին։ Ռեժիսորը եղել է Գրեգորի Նավան։ Պրեմիերան տեղի է ունեցել 1850 կինոթատրոնում ամբողջ աշխարհում, ընդհանուր եկամուտը կազմել է 11 675 722 միլիոն դոլար. դա այդ շաբաթվա երկրորդ ամենաբարձր եկամուտն ունեցած նորամուտը[279]։ Ֆիլմը հաջողություն է ունեցել առևտրային առումով. ունենալով 20 միլիոն դոլար արժողությամբ արտադրության բյուջե՝ այն վարձույթում հավաքել է 35 միլիոն դոլար ԱՄՆ-ում[279]։ Ֆիլմը դրական գնահատականներ է ստացել քննադատների կողմից[280], որոնք նշել են, որ Սելենայի դերը դարձել է «ճակատագրական» Լոպեսի համար[281][282]։ Փոփ մշակույթում Լոպեսի հետագա հանրաճանաչությունը կապվել է ֆիլմի հաջողության հետ[283]։
1999 թվականին հայտարարվել է, որ 2000 թվականի մարտին Սան Անտոնիոյում կկայանա երգչուհու մահվան հնգամյա տարելիցին նվիրված բրոդվեյյան մյուզիքլի պրեմիերան։ Ներկայացումը բեմադրել են Բրոդվեյի պրոդյուսերներ Թոմ Քուինը, Ջերի Ֆրենկելը, Փիթեր Ֆիցջերալդը և Մայքլ Վեգան։ Սցենարը և երգերի տեքստերը հեղինակել է Էդվարդ Գալարդոն, իսկ կոմպոզիտորը եղել է Ֆերնանդո Ռիվասը[284]։ 2000 թվականին կայացել է մյուզիքլի պրեմիերան, որը կոչվում է Selena Forever: Շոուն ներկայացվել է Միացյալ Նահանգների 30 քաղաքներում, ընդհանուր բյուջեն կազմել է երկու միլիոն դոլար։ Ազգային քասթինգի արդյունքում Սելենայի դերը կատարելու համար ընտրվել է Վերոնիկա Վասկեսը, որին փոխարինել է Ռեբեկա Վալդեսը[285]։ Ներկայացման մասին հայտարարվել է մարտի 21-ին։ Պրեմիերան կայացել է մարտի 23-ին Սան Անտոնիոյի քաղաքային համերգասրահում[286]։
2005 թվականին ապրիլի 7-ին՝ Սելենայի մահվան 10-ամյա տարելիցից մեկ շաբաթ անց, երգչուհու ընտանիքը և նրա նախկին Los Dinos երաժշտական խումբը համերգ են անցկացրել նրա պատվին, որը կոչվել է Selena! VIVE!: Շոուն հեռարձակվում էր Univision-ի ուղիղ եթերով և արժանացել շատ բարձր վարկանիշների՝ հավաքելով 3,9 միլիոն հեռուստադիտող և դրանով իսկ դառնալով ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ ամենաշատ դիտում ունեցած իսպանալեզու հեռուստածրագիրը[287]։ Համերգի հեռուստատեսային տարբերակն զբաղեցրել է առաջին տեղը 18-ից 34 տարեկան մեծահասակների ծրագրերի շարքում՝ Լոս Անջելեսում, Չիկագոյում և Սան Ֆրանցիսկոյում։ Նյու Յորքում նույնպես շոուն զբաղեցրել է առաջին տեղը դիտումների թվով՝ այդ երեկո առաջ անցնելով American Idol դրվագից[287]։ Selena ¡VIVE! դարձել է իսպանացի հեռուստադիտողների շրջանում ամենադիտված հեռուստածրագրերից մեկը՝ վարկանիշով առաջ անցնելով Super Bowl XLII-ից և մեքսիկական «Ես քո տիրուհին եմ» հեռուստանովելից[288][289]։
2015 թվականի հունվարին ի պատիվ Սելենային Կորպուս Քրիստիում անցկացվել է ամենամյա երկօրյա փառատոն Fiesta de la Flor խորագրով։ Միջոցառումը կազմակերպել է Քինթանիլա ընտանիքը քաղաքի այցելուների բյուրոյի աջակցությամբ[290]։ Առաջին փառատոնում ելույթ են ունեցել Kumbia All Starz-ը, Chris Perez-ը, Los Lobos-ը, Jay Perz-ը, Little Joe y la Familia-ն, Los Los Palominos-ը, Las 3 Divas խմբից Ստեֆանի Մոնտելը, Girl in a Coma խմբից Նինա Դիասը և «The Voice» շոուի մասնակից Քլարիսա Սթերնը[290][291][292]։ Միջոցառմանը, որից ընդհանուր առմամբ հավաքվել է 13 միլիոն դոլար, ներկա է եղել 52,000 մարդ, որոնց 72 %-ը բնակվում էր Կորպուս Քրիստիի սահմաններից դուրս։ Փառատոնը հետաքրքրություն է առաջացրել 35 նահանգների և հինգ այլ երկրների բնակիչների շրջանում, ներառյալ Մեքսիկան, Բրազիլիան և Էկվադորը[293]։
2016 թվականի օգոստոսի 30-ին Հոլիվուդի Մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվել է Սելենայի մոմե արձանը[294]։ Նույն թվականին MAC cosmetics ընկերությունը թողարկել է Սելենայի կոսմետիկայի սահմանափակ շարքը։ Դրա արտադրությունը նախաձեռնել է On Air with Ryan Seacrest շոուի ավագ պրոդյուսեր Պաթի Ռոդրիգեսը, որը 2015 թվականին ստեղծել է խնդրագիր, որը հավաքել է ավելի քան 37 000 ստորագրություն[295]։ Հավաքածուն դարձել է ամենալավ վաճառվողը MAC-ի պատմության մեջ[296]։ 2016 թվականի հոկտեմբերին երգչուհին ընդգրկվել է Տեխասի կանանց համալսարանի Տեխասի կանանց փառքի սրահում[297]։ 2017 թվականին Ամերիկայի պատմության ազգային թանգարանում (Վաշինգտոն) անցկացվել է ցուցահանդես՝ նվիրված Սելենայի ազդեցությանը մարքեթինիգի վրա։ Նշվել է, որ Սելենայի շնորհիվ «գովազդատուներն առաջին անգամ սկսել են կենտրոնանալ բնակչության որոշակի կատեգորիայի վրա»[298]։
2017 թվականի հոկտեմբերի 17-ին Google-ը թողարկել է երաժշտական թեմատիկ նկար՝ ի պատիվ Սելենայի[299]։ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին Netflix ծառայությունը հայտարարել է 2020 թվականին «Selena: The Series» կենսագրական սերիալի թողարկման մասին, որը հիմնված է Սելենայի կյանքի վրա[300]։ 2019 թվականի վերջին թողարկվել է թրեյլեր, որը հաստատել է, որ գլխավոր դերը լատարել է դերասանուհի Քրիստիան Սերատոսը։ Սերիալի գործադիր պրոդյուսերները եղել են Քինթանիլա ընտանիքի անդամները։ 2019 թվականին Forever 21 ընկերությունը թողարկել է հագուստի շարք, որը կոչվել է «Selena: The Rose Rose Collection»` ի հիշատակ երգչուհու[301]։
Mirador de la Flor (հայտնի է նաև որպես Selena’s seawall[302]) բրոնզե արձան, որը ներկայացնում է Սելենային ամբողջ հասակով։ Սյն ստեղծել է քանդակագործ Վ. Թաթումը։ 1997 թվականին այն ներկայացվել է Կորպուս Քրիստիում[303]։ Ամեն տարի հուշարձանը գրավում է հազարավոր այցելուների. տարեկան այցելում է շուրջ 300 000 մարդ ամբողջ աշխարհից[304]։ Չնայած այն հանգամանքին, որ հուշարձանը շարունակում է մնալ հանրաճանաչ զբոսաշրջային վայր, դրա կառուցումն ի սկզբանե հանդիպել է տեղի համայնքի որոշ դիմադրության։ Արձանի ստեղծումը ֆինանսավորվել է տեղացի բարերար Դաստի Դարիլի կողմից՝ տեղական համայնքի ղեկավարների աջակցությամբ[305]։ Աշխարհի տարբեր երկրներից Սելենայի երկրպագուները հավաքվում են հուշարձանի մոտ, ներկայացնում են իրենց հիշողությունները և սգում են երգչուհու կորուստը[305]։
Տարի | Թողարկում | Ամենաբարձր հորիզոնական | Հավաստագրումներ | Վաճառք | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ԱՄՆ [306] |
ԱՄՆ Top Latin Albums [307] |
ԱՄՆ Regional Mexican Albums [308] |
Կան [309] | ||||||||||||||||||||||
1989 | Selena
|
— | — | 7 | — | — | — | ||||||||||||||||||
1990 | Ven Conmigo
|
— | — | 3 | — | ԱՄՆ՝ 3x պլատինե[74] | ԱՄՆ՝ 500 000[310] | ||||||||||||||||||
1992 | Entre a Mi Mundo
|
97 | 4 | 1 | — | ԱՄՆ՝ 10x պլատինե[74] | ԱՄՆ՝ 385 000[311] Մեքսիկա՝ 200 000[311] | ||||||||||||||||||
1994 | Amor Prohibido
|
29 | 1 | 1 | — | ԱՄՆ՝ 36x պլատինե[74] | ԱՄՆ՝ 1 246 000[249] | ||||||||||||||||||
1995 | Dreaming of You
|
1 | 1 | — | 16 | ԱՄՆ՝ 59x պլատինե[74] Մեքսիկա՝ ոսկե[312] Կանադա՝ ոսկե[313] |
ԱՄՆ՝ 2 942 000[249] Աշխարհում՝ 5 000 000[250] | ||||||||||||||||||
«—» նշանակում է, որ ալբոմը չի ընդգրկվել հիթ-շքերթում և չի հավաստագրվել։ |
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դերը |
---|---|---|---|
1993 | Երկու կին, մեկ ճակատագիր | Dos mujeres, un camino | կամեո (երկու դրվագում) |
1995 | Latin Nights | կամեո | |
1995 | Դոն Ժուան դե Մարկո | Don Juan DeMarco | մարիաչի երգչուհի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.