![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/King_Robert_I_of_Scotland.jpg/640px-King_Robert_I_of_Scotland.jpg&w=640&q=50)
Ռոբերտ Բրյուս
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ I (հուլիսի 11, 1274 կամ 1274[1], Թուրնբերի ամրոց - հունիսի 7, 1329 կամ 1329[1], Կարդրոս), հայտնի նաև որպես Ռոբերտ Բրյուս ( միջնադարյան գելերեն՝ Roibert a Briuis, ժամանակակից գելական շոտլանդերեն՝ Raibeart Bruis, անգլո-նորմաներեն՝ Robert de Brus կամ Robert de Bruys, հին շոտլանդերեն՝ Robert Brus; լատին․՝ Robertus Brussius), Շոտլանդիայի թագավոր 1306 թվականից մինչ 1329 թվականին իր մահը։ Ռոբերտն իր սերնդի ամենահայտնի մարտիկներից էր և Անգլիայի դեմ շոտլանդական անկախության առաջին պատերազմում առաջնորդում էր Շոտլանդիան։ Իր գահակալության ընթացքում նա հաջողությամբ պայքարել է Շոտլանդիայի դերը որպես անկախ երկիր վերականգնելու համար և Շոտլանդիայում մեծարվում է որպես ազգային հերոս։
Ռոբերտ Բրյուս | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | հուլիսի 11, 1274 կամ 1274[1] |
Ծննդավայր | Թուրնբերի ամրոց |
Մահացել է՝ | հունիսի 7, 1329 կամ 1329[1] |
Վախճանի վայր | Կարդրոս |
Դանֆերմլայն վանք և Melrose Abbey | |
Երկիր | ![]() |
Տոհմ | Clan Bruce? |
ռազմիկ և միապետ | |
Հայր | Ռոբերտ դե Բրյուս, 6-րդ լորդ Անանդեյլ[2] |
Մայր | Մարջորի, Քարրիքի կոմսուհի[2] |
Երեխաներ | Մարջորի Բրյուս, Դավիդ II (Շոտլանդիայի թագավոր)[3][2], Margaret Bruce?, Robert Bruce, Lord of Liddesdale?[3], Maud Bruce?, John Bruce?, Walter Bruce?, Margaret Bruce?, Catherine Bruce?, Էլիզաբեթ Բրյուս, Christina Bruce? և Neil Bruce? |
Հավատք | կաթոլիկություն |
Ռոբերտը սերում էր անգլո-նորմանական ու գելական ազնվականությունից․ նրա չորրորդ սերնդի հայրական պապիկը թագավոր Դավիթ I-ն էր։ Ռոբերտի պապիկը՝ Անանդեյլի 5-րդ լորդ Ռոբերտ դե Բրասը, 1290 թվականին Մարգարետ Նորվեգացու մահից հետո թափուր մնացած շոտլանդական գահի հավակնորդներից էր։ Որպես Քարրիքի կոմս Ռոբերտն աջակցում էր շոտլանդական գահի նկատմամբ իր ընտանիքի հավակնությանն ու մասնակցել է Անգլիայի թագավոր Էդուարդ I-ի դեմ Ուիլյամ Ուոլասի ապստամբությանը։ 1298 թվականին գահի համար պայքարում իր գլխավոր հակառակորդ Բեյդնոքի կոմս Ջոն III Կոմինի ու սբ․ Էնդրյուսի եպիսկոպոս Ուիլյամ Լամբերտոնի հետ նշանակվելով Շոտլանդիայի գվարդիան՝ Ռոբերտը հետագայում հրաժարվել է պաշտոնից Կոմինի հետ իր վեճերի ու շոտլանդական գահը Ջոն Բալիոլին անմիջապես հանձնվելու պատճառով։ 1302 թվականին իր հոր մահանալուց հետո Ռոբերտը շարունակել է շոտլանդական գահին տիրանալու իր ընտանիքի պայքարը։
1306 թվականի փետրվարին Բրյուսը եկեղեցում հանդիպել է Կոմինին ու նրան վիրավորելուց հետո դուրս եկել, որտեղ իրեն սպասող ուղեկիցներին պատմել է կատարվածի մասին ու ասել․ "Ես պետք է հեռանամ․ կասկածում եմ, որ սպանել եմ Կոմինին"։ "Կասկածու՞մ ես", պատասխանել է Ռոջեր դե Քիրքպատրիքը, "Ես կհամոզվեմ", ու շտապելով եկեղեցի՝ սպանել Կոմինին։ Այս արարքի համար Հռոմի պապը Բրյուսին էքսկոմունիկացիայի է ենթարկել (հաղորդակցությունից զրկել է՝ մեկուսացրել), թեև Գլազգոյի արքեպիսկոպոս Ռոբերտ Վիշարտը նրան թողություն է տվել։ Դրանից հետո Բրյուսը գրավել է գահն ու 1306 թվականի մարտի 25-ին թագադրվել որպես Շոտլանդիայի թագավոր։ Ճակատամարտում Էդուարդ I-ի զորքերը Ռոբերտին պարտության են մատնել ու ստիպել փախչելով թաքնվել, բայց 1307 թվականին նա նորից է հայտնվել, Լոուդուն Հիլլի ճակատամարտում հաղթել անգլիական բանակին ու անգլիացիների դեմ շատ արդյունավետ պարտիզանական պատերազմ սկսել։ Բրյուսը հաղթել է նաև իր հակառակորդ շոտլանդացիներին, ավերել նրանց ամրոցներն ու ամայացրել հողերն ու 1309 թվականին գումարել իր առաջին պառլամենտը։ 1301-1314 թվականների ընթացքում տարած մի շարք ռազմական հաղթանակներից հետո նա Շոտլանդիայի մեծ մասի կառավարումն իր ձեռքն է վերցրել ու Բենոքբուրնի ճակատամարտում Անգլիայի թագավոր Էդուարդ II-ի բազմաքանակ զորքին հաղթելուց հետո հաստատել անկախ շոտլանդական թագավորության վերականգնումը։ Ճակատամարտը շրջադարձային դեր է խաղացել, քանի որ Ռոբերտի բանակներն այժմ ազատ էին իրականցնել կործանարար արշավանքներ դեպի հյուսիսային Անգլիա, միաժամանակ Անգլիայի դեմ պատերազմը տարածել դեպի Իռլանդիա՝ իռլանդացիներից պահանջելով ոտքի ելնել Էդուարդ II-ի իշխանության դեմ։
Չնայած Բենոքբուրնի ճակատամարտին ու 1318 թվականին Բերվիք անգլիական վերջին ամրոցի նվաճմանը, Էդուարդ II-ը չէր հրաժարվում Շոտլանդիայի նկատմամբ գերիշխանության իր պահանջից։ 1320 թվականին շոտլանդական ազնվականությունը Հռոմի պապ Ջոն XXII-ին է ուղարկել Արբրոութի հռչակագիրը, որում Ռոբերտին հայտարարում էր օրինական միապետ, իսկ Շոտլանդիան՝ անկախ թագավորություն։ 1324 թվականին պապը ճանաչել է Ռոբերտին որպես անկախ Շոտլանդիայի թագավոր, իսկ 1326 թվականին Քորբեյլի համաձայնագրով թարմացվել է ֆրանկո-շոտլանդական հին դաշինքը։ 1327 թվականին անգլիացիները գահընկեց են արել Էդուարդ II-ին՝ նրան փոխարինելով իր որդի Էդուարդ III-ով, Էդինբուրգ-Նորթհեմփթոնի համաձայնագրով խաղաղություն է հաստատվել երկու երկրների միջև ու Էդուարդ III-ը հրաժարվել է Շոտլանդիայի նկատմամբ գերիշխանության պահանջից։
Ռոբերտ Բրյուսը վախճանվել է 1329 հունիսին։ Նրա մարմինը հուղարկավորվել է Դանֆերմլայն վանքում, սիրտը՝ Մելռոս վանքում, իսկ զմռվսած ներքին օրգանները՝ Դամբարթոնի սբ․ Սերֆի մատուռում։