Ջոն Ջոզեֆ Նիքոլսոն (անգլ.՝ John Joseph Nicholson, ապրիլի 22, 1937[1][2][3][…], Նեպթյուն, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի նշանավոր դերասան, Օսկարի եռակի դափնեկիր, 7 անգամ ստացել է Ոսկե Գլոբուս։
Իր ստացած մրցանակների քանակով նրան կարելի է համար ամերիկյան բոլոր ժամանակների լավագույն դերասաններից մեկը։
Կենսագրություն
Ծնվել է 1937 թվականի ապրիլի 22-ին Ջերսիում։ Ծնողները մասնագիտությամբ պարող էին։ Մայրը՝ Ջուն Ֆրենսիս Նիքոլսոնը, որդու ծնվելուց 6 ամիս առաջ ամուսնացել է իտալացի ծագումով ամերիկացի պարող Դոնալդո Ֆուրչիլլոյի հետ։
Մանկություն
Նրան դաստիարակել և մեծացրել են պապը՝ Ջոն Նիքոլսոնը՝ մասնագիտությամբ նկարիչ դիզայներ, և տատը՝ Էթել Մեյ Ռոադսը, ով վարսահարդար և կոսմետելոգ էր։ Նրանք ներկայացրել են իրենց որպես Ջեքի ծնողներ, իսկ մայրը՝ որպես քույր։ Միայն 1974 թվականին՝ պապի և տատի մահվանից հետո է նա իմացել, որ նրանք իր պապ ու տատն են, և որ իսկական մայրը իրեն քույր ներկայացրած անձնավորությունն է[5]։ Իսկ նրա իսկական հոր մասին, ըստ իր՝ Ջեք Նիքոլսոնի կարծիքի, իր մայրը և նրա ամուսինը իմացել են, սակայն ոչ ոքի չեն պատմել այդ մասին, նույնիսկ իրեն[6]։
Դպրոց
Ջեքը դաստիարակվել է որպես կաթոլիկ կրոնի հետևորդ[7]։ Նիքը, ինչպես նրան անվանում էին դպրոցական ընկերները, շատ հումորով ու դերասանական վարպետությամբ օժտված երեխա էր։ Նա հաճախում էր Մանասկուանի դպրոցը, որտեղ նա 1954 թվականին ընտրվել է «դասարանի ծաղրածու», իսկ դպրոցի թատրոնի և դրամատուրգիայի մրցանակը ներկայումս կրում է նրա անունը։
2004 թվականին Նիքոլսոնը այցելել է իր հարազատ դպրոց (ավարտելուց 50 տարի անց)՝ հանդիպելով դպրոցի շրջանավարտների ու իր համադասարանցիների հետ[8]։
Անձնական կյանք
Դերասանը մեկ անգամ է ամուսնացել, բայց ունի 5 երեխա 4 կանանցից։
- Ջենիֆեր Նիքոլսոն (ծնվ. 1963 թ)՝ նախկին կնոջից՝ Սանդրա Նայթից։ Նրանք ամուսնացել են 1962 թվականի հունիսի 17-ին և ապրել են միասին մինչև 1968 թվականի օգոստոսի 8-ը։
- Կալեբ Հոդդարդ (ծնվ. 1970)՝ դերասանուհի Սյուզան Անսպաչից, ով իր խաղընկերն էր «Հինգ թեթև պիես» ֆիլմում
- Հանի Հոլլման (ծնվ. 1981)՝ դանիացի մոդել Վիննի Հոլլմանից
- Լորեյն Նիքոլսոն (ծնվ. 1990) և Ռեյմոնդ Նիքոլսոն (ծնվ. 1992)՝ Ռեբեկա Բրուսսարդից
Ջեք Նիքոլսոնը շատ սիրավեպեր է ունեցել նաև այլ կանանց հետ։ Դրանցից ամենաերկարը՝ 17 տարի դերասանուհի Անժելիկա Հյուսթոնի հետ։
Նրա ամենամոտիկ ընկերը ռեժիսոր Ռոման Պոլանսկին է։ Բևեռլի Հիլզում գտնվող իր տան հարևանությամբ են բնակվել դերասաններ Մառլոն Բրանդոն և Ուորեն Բիթին, և հենց նրանց անունով այդ փողոցը անվանել են «Վատ տղաների փողոց»։
Ջեք Նիքոլսոնը բասկետբոլի և բեյսբոլի մեծ սիրահար է, իսկ նախընտրած թիմերն են «Լոս Անջելես Լեյքերսը» և «Նյու Յորք Յանկիսը»։ Նույնիսկ նկարահանող ընկերություները ստիպված են լինում համաձայնեցնել նկարահանման գրաֆիկը Լոս Անջելես Լեյքերսի խաղացանկին[9]։
Նա ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ակտիվ հետևորդներից է և մեծ գումարներ է ներդնում նախընտրական քարոզչության ժամանակ[10]։
Ֆիլմագրություն
Ջեք Նիքոլսոնը խաղացել է համաշխարհային կինոյի շատ նշանավոր ռեժիսորների (Սթենլի Կուբրիկ, Ռոման Պոլանսկի, Միլոշ Ֆորման, Մարտին Սկորսեզե, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, Միքելանջելո Անտոնիոնի) կուլտային ֆիլմերում և ընկերակցել բազմաթիվ ճանաչված դերասանների ու դերասանուհիների։
Կինոյում սկսել է նկարահանվել սկսած 1950 ական թթ. և նկարահանվում է մինչև մեր օրերը։ Նրա խաղացանկը հասնում է մոտ 70 ֆիլմի, իսկ խաղացած դերերը տարբեր ժանրերի են, դրամա, սարսափ, ֆանտաստիկա, արկածային, դետեկտիվ, կատակերգական և այլն։
4 ֆիլմերի ռեժիսոր է, 6 ֆիլմի սցենարի հեղինակ, 8 ֆիլմում հանդես է եկել որպես պրոդյուսեր։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
տարի | ֆիլմ | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|
1963 | «Ագռավը» | Ռոջեր Կորման | |
1969 | «Թեթև հեծյալը» | Դենիս Հոփեր | Դենիս Հոփեր Պիտեր Ֆոնդա |
1970 | «Հինգ թեթև պիես» | Բոբ Ռեֆելսոն | |
1973 | «Վերջին հագուստը» | Հել Էշբի | |
1974 | «Չինական թաղամաս» | Ռոման Պոլանսկի | Ֆեյ Դանաուեյ Ջոն Հյուսթոն Ռոման Պոլանսկի |
1975 | «Թռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ)» | Միլոշ Ֆորման | Լուիզա Ֆլետչեր Դենի Դե Վիտո Մայքլ Բերրիման Քրիստոֆեր Լլոյդ Միմի Սարկիսյան |
1976 | «Մասնագիտությունը լրագրող» | Միքելանջելո Անտոնիոնի | Մարիա Շնայդեր Սթիվեն Բերկոֆֆ |
1976 | «Վերջին մագնատը» | Էլիա Կազան | Ռոբերտ Դե Նիրո Ժաննա Մորո Ռոբերտ Միտչեմ Անժելիկա Հյուսթոն |
1976 | «Միսսուրիի ոլորանները» | Արթուր Փեն | Մառլոն Բրանդո |
1978 | «Դեպի հարավ» | Ջեք Նիքոլսոն | Դենի Դե Վիտո Քրիստոֆեր Լլոյդ |
1980 | «Փայլատակում» | Սթենլի Կուբրիկ | Շելլի Դյուվալ Դենի Լլոյդ |
1981 | «Կարմիրները» | Ուորեն Բիթի | Ուորեն Բիթի Դայան Քիթոն Ջին Հեքմեն |
1981 | «Փոստատարը միշտ զանգում է երկու անգամ» | Բոբ Ռեֆելսոն | Ջեսիկա Լենգ Քրիստիան Սլեյթեր Անժելիկա Հյուսթոն |
1983 | «Քնքշության խոսքեր» | Ջեյմս Բրուքս | Շիռլի Մակլեյն Դեբրա Ուինգեր Դենի Դե Վիտո |
1985 | «Պրիցցի ընտանիքի պատիվը» | Ջոն Հյուսթոն | Քեթլին Թըրներ Անժելիկա Հյուսթոն |
1985 | «Խանդ» | Մայք Նիկոլս | Մերիլ Սթրիփ |
1987 | «Իստվիկյան վհուկներ» | Ջորջ Միլլեր | Սյուզան Սարանդոն Շեր Միշել Պֆայֆեր |
1989 | «Բեթմեն» | Թիմ Բարթոն | Մայքլ Քիթոն Քիմ Բեսինջեր |
1990 | «Երկու Ջեյք» | Ջեք Նիքոլսոն | Հարվի Քեյթլ Էլի Ուոլլակ |
1992 | «Մի քանի լավ տղաներ» | Ռոբ Ռեյներ | Թոմ Քրուզ Քեվին Բեյքոն Դեմի Մուր Կուբա Գուդինգ կրտսեր Կիֆեր Սազերլենդ |
1994 | «Գայլ» | Մայք Նիկոլս | Միշել Պֆայֆեր Քրիստոֆ Պլամմեր |
1995 | «Պահակայինը խաչմերուկում» | Շոն Փեն | Դևիդ Մորս Անժելիկա Հյուսթոն Ռոբին Ռայթ |
1996 | «Մարսը գրոհում է» | Թիմ Բարթոն | Փիրս Բրոսնան Դենի Դե Վիտո Ռոդ Սթայգեր Մարտին Շորթ Մայքլ Ջեյ Ֆոքս Սառա Ջեսիկա Փարկեր Գլեն Քլուոզ Անեթ Բենինգ Նատալի Փորտման Ջեք Բլեք |
1996 | «Արյուն և գինի» | Բոբ Ռեֆելսոն | Մայքլ Քեյն Ջենիֆեր Լոպեզ Սթիվեն Դորֆֆ |
1997 | «Ավելի լավ չի լինում» | Ջեյմս Բրուքս | Հելեն Հանտ Կուբա Գուդինգ կրտսեր |
2001 | «Խոստում» | Շոն Փեն | Բենիսիո Դել Տորո Միքի Ռուրկ Հելեն Միրեն Ռոբին Ռայթ Վանեսա Ռեդգրեյվ Սեմ Շեփարդ |
2002 | «Շմիդտի մասին» | Ալեքսանդր Փեյն | Քեթի Բեյթս |
2003 | «Սեր կանոններով և առանց» | Նենսի Մայերս | Կիանու Ռիվզ Դայան Քիթոն Ֆրենսիս ՄակԴորմանդ |
2003 | «Կատաղության կառավարում» | Պիտեր Սիգալ | Ադամ Սենդլեր Վուդի Հարելսոն Հիզեր Գրեմ |
2006 | «Ուրացողները» | Մարտին Սկորսեզե | Լեոնարդո ԴիԿապրիո Մեթ Դեյմոն Մարկ Ուոլբերգ Ալեք Բոլդուին Մարտին Շին |
2007 | «Քանի դեռ չես նվագել թմբուկը» | Ռոբ Ռեյներ | Մորգան Ֆրիման |
2010 | «Ինչպես իմանալ» | Ջեյմս Բրուքս | Օուեն Ուիլսոն Ռիզ Ուիզերսփուն |
Մրցանակներ և փաստեր
Կինոյի պատմության ամենաշատ մրցանակներ ստացած դերասաններից մեկն է։ Ընդհանուր թվով մոտ 65 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 50 մրցանակի։
Դերասաններից ամենաշատ Օսկարի ներկայացվածն է՝ 12 անգամ, Օսկարի պատմության մեջ միայն դերասաններ Ջեք Նիքոլսոնին ու Մայքլ Քեյնին է հաջողվել 5 տասնյամյակի ընթացքում ներկայացվել Օսկարի։
Նաև ամենաշատ Ոսկե Գլոբուս ստացած դերասանն է՝ 7 անգամ, նրանից շատ այս մրցանակը ստացել է միայն դերասանուհի Մերիլ Սթրիփը՝ 8 անգամ։
Ստացել է 3 Օսկար՝ «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ավելի լավ չի լինում» ֆիլմերի համար՝ Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում և «Քնքշության խոսքեր» ֆիլմի համար որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։
Հետաքրքիր մի փաստ. բոլոր այն ֆիլմերում, որոնց համար Ջեք Նիքոլսոնը Օսկար է ստացել, այդ ֆիլմի գլխավոր դերասանուհին նույնպես մրցանակ է ստացել։
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում ընդգրկվել է նրա 2 հերոս որպես բացասական կերպար.
- Ջեք Տորենս, «Փայլատակում», 25-րդ տեղ
- Ջոկեր, «Բեթմեն (ֆիլմ, 1989)», 45-րդ տեղ
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում առկա է նրա մասնակցությամբ 2 ֆիլմ.
- «Չինական թաղամաս» - 21- րդ տեղ
- «Թռիչք կկվի բնի վրայով» - 33-րդ տեղ
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում առկա է նրա մասնակցությամբ 2 ֆիլմ.
- «Մի քանի լավ տղաներ», լավագույն դատական դրամաներ, 5-րդ տեղ
- «Չինական թաղամաս», լավագույն դետեկտիվ ֆիլմեր, 2-րդ տեղ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.