Ոչ բռնի դիմադրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ոչ բռնի դիմադրություն կամ խաղաղ գործողություն, հայտնի է նաև որպես քաղաքացիական դիմադրություն, խաղաղ, ոչ բռնի մեթոդներով սեփական կամ համընդհանուր նպատակներին հասնելուն ուղղված գործողություններ, որոնք կարող են հանգեցնել սոցիալական փոփոխությունների։ Այդպիսի գործողությունների թվում են բողոքի ցույցերը, քաղաքացիական անհնազանդությունը, տնտեսական կամ քաղաքական համագործակցությունից հրաժարվելը, սատյագրահան (Հնդկաստանում) և այլ մեթոդներ[1]։ Այս տեսակի գործողությունները արտահայտում են անհատի կամ խմբի ցանկությունները, որոնք կարծում են, որ ինչ-որ բան պետք է փոխվի՝ իրենց կամ իրենց համայնքի ներկայիս վիճակը բարելավելու համար։
Մահաթմա Գանդին բողոքի արտահայտման այս մոտեցման ամենահայտնի ներկայացուցիչն է։ Միավորված ազգերի կազմակերպությունը հոկտեմբերի 2-ը՝ Գանդիի ծննդյան օրը, նշում է որպես ոչ բռնության միջազգային օր։ Ոչ բռնի դիմադրության շարժումների հայտնի ներկայացուցիչներ են նաև Աբդուլ Գաֆֆար Խանը, Հենրի Դեյվիդ Թորոն, Էթիեն դը լա Բոեսին, Չարլզ Ստյուարտ Պարնելը, Տե Ուիտի օ Ռոնգոմային, Տոհու Կակահին, Լև Տոլստոյը, Էլիս Փոլը, Մարտին Լյութեր Քինգը, Դենիել Բերիգանը, Ֆիլիպ Բերիգանը, Ջեյմս Բևելը, Վացլավ Հավելը, Անդրեյ Սախարովը, Լեխ Վալեսան, Ջին Շարփը, Նելսոն Մանդելան, Խոսե Ռիզալը և շատ ուրիշներ։ 1966-1999 թվականներին ոչ բռնի քաղաքացիական դիմադրությունը վճռորոշ դեր է ունեցել ավտորիտարիզմից ժողովրդավարություն վաթսունյոթ անցումներից հիսունում[2]։
Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում 1989-1991 թվականներին տեղի ունեցած «Երգող հեղափոխությունը» հանգեցրեց նրան, որ Բալթյան երեք երկրները 1991 թվականին վերականգնեցին իրենց անկախությունը և դուրս եկան Խորհրդային Միության կազմից։ Ոչ բռնի դիմադրության օրինակ էին նաև Վրաստանում Վարդերի հեղափոխությունը և Հայաստանում Թավշյա հեղափոխությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ոչ բռնի շարժումները տարածվում են աշխարհագրական տարբեր շրջաններում։ Մեկ երկրում ոչ բռնի դիմադրության մասին տեղեկատվությունը կարող է մեծապես ազդել մեկ այլ երկրում ոչ բռնի ակտիվիստական գործողությունների վրա[3][4]։
Ոչ բռնության կամ պացիֆիզմի փիլիսոփայությունը քարոզող շատ շարժումներ պրագմատիկ առումով որդեգրել են ոչ բռնի գործողությունների մեթոդները՝ որպես սոցիալական կամ քաղաքական նպատակներին հասնելու արդյունավետ միջոց[5]։ Նրանք օգտագործում են ոչ բռնի դիմադրության հետևյալ մարտավարությունները՝ տեղեկատվական պատերազմ, պիկետ, երթեր, ցույցեր, մոմավառություն, թռուցիկների բաժանում, սամիզդատ, մագնիտիզդատ, սատյագրահա, արվեստի միջոցով բողոքի արտահայտում, երաժշտության և պոեզիայի միջոցով բողոքի արտահայտում, կրթություն և իրազեկվածության բարձրացում, լոբբինգ, դիմադրություն հարկերին, քաղաքացիական անհնազանդություն, բոյկոտ կամ պատժամիջոցներ, իրավական և դիվանագիտական պայքար, պարգևներից և մրցանակներից սկզբունքային հրաժարում և համընդհանուր գործադուլներ[6]։ Վերջին տասնամյակներին ոչ բռնի դիմադրության շարժումների թվում են եղել նաև Բելառուսում Ջինսերի հեղափոխությունը, կուբացի այլախոհների պայքարը և միջազգային այնպիսի շարժումներ, ինչպիսիք են Բնաջնջման դեմ ապստամբությունը և Հանուն կլիմայի դպրոցական դասադուլները։
Չնայած ոչ բռնի, խաղաղ շարժումները կարող են պահպանել առավել լայն հանրային լեգիտիմություն՝ զերծ մնալով բռնությունից, հասարակության որոշ հատվածներ կարող են բողոքի շարժումներն ընկալել որպես առավել բռնի, քան իրականում դրանք կան, հատկապես եթե դեմ են շարժման սոցիալական նպատակներին[7]։ Շատ հետազոտություններ կենտրոնացել են այն գործոնների վրա, որոնք նպաստում են բռնի մոբիլիզացիային, սակայն ավելի քիչ ուշադրություն է դարձվել հասկանալու, թե ինչու են վեճերը դառնում բռնի կամ մնում ոչ բռնի, և ինչպես են այդ որոշումները համեմատվում ավանդական քաղաքական մեթոդների կիրառման հետ[8]։