From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Իվանովիչ Պիրոգով (ռուս.՝ Николай Иванович Пирогов, նոյեմբերի 13 (25), 1810[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1881[1], Վիննիցա, Ռուսական կայսրություն), ռուս գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1847)
Ծնվել է զինվորական գանձապահ, մայոր Իվան Պիրոգովի ընտանիքում։ Մասնագիտության ընտրության հարցում Պիրոգովին օգնել է ընտանիքի մտերիմ, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Ե. Մուխինը, ով, նկատելով երեխայի ունակությունները, սկսել է զբաղվել նրա հետ անհատապես։ Տասնչորս տարեկան հասակում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 1828 թ. և մեկնել արտասահման վերապատրաստման։ Հինգ տարի աշխատելով Դորպատի (այժմ՝ Տարտու) Պրոֆեսորական ինստիտուտի վիրաբուժական կլինիկայում՝ փայլուն պաշտպանել է դոկտորական դիսերտացիան և 26 տարեկան հասակում ընտրվել Դորպատի համալսարանի պրոֆեսոր։ Մի քանի տարի անց Պիրոգովը հրավիրվել է Պետերբուրգ, որտեղ ստանձնել է Բժշկա-վիրաբուժական ակադեմիայի վիրաբուժական ամբիոնի ղեկավարությունը՝ միաժամանակ ստեղծելով և ղեկավարելով հոսպիտալային վիրաբուժության կլինիկան։
Պիրոգովը մասնակցել է Ղրիմի պատերազմին, մասնավորապես, 1855 թ. եղել է շրջափակված Սևաստոպոլի գլխավոր վիրաբույժը։
1862 թ. մեկնել է Հայդելբերգ և ստանձնել ռուս պրոֆեսորական թեկնածուների ուսուցման ղեկավարությունը։ Ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում առանձնացել է իր «Վիշնյա» կալվածքում, որտեղ կազմակերպել է անվճար հիվանդանոց։ Այստեղից Պիրոգովը ժամանակ առ ժամանակ մեկնում էր արտասահման՝ դասախոսություններ կարդալու։ Այդ ժամանակ արդեն նա եղել է մի շարք արտասահմանյան գիտությունների ակադեմիաների անդամ։
1870 թվականին ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ մեկնել է ճակատ՝ Միջազգային Կարմիր Խաչի հրավերով։
Պիրոգովը արդեն բավականին մեծ հասակում (67 տարեկան) մասնակցել է նաև 1877-1878 ռուս-թուրքական պատերազմին։
1881 թ. Պիրոգովի մոտ սկսվել են առողջական խնդիրներ։ 1881 թ. մայիսի 24-ին Նիկոլայ Սկլիֆոսովսկին նրա մոտ ախտորոշել է վերին ծնոտի քացկեղ, որի պատճառով էլ 1881 թվականի նոյեմբերի 23-ին Վիշնյաում նա կնքել է իր մահկանացուն։
Պիրոգովի մարմինը զմռսվել է իր իսկ մշակած նոր եղանակով։ Նրա աճյունը դրվել է Վիշնյաի դամբարանում։
Ն. Պիրոգովի ողջ գործունեության հիմնական նշանակությունն այն է, որ նա վիրաբուժությունը վերածել է գիտության՝ վիրաբույժներին զինելով վիրահատական միջամտության գիտական հիմնավորված մեթոդիկայով։
Նա տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության հիմնադիրն է։ Պիրոգովը իր անատոմիական ուսումնասիրությունները կատարում էր սառեցրած դիակների վրա. ինքը ` Պիրոգովը, դա անվանում էր «սառցե անատոմիա»։ Մի քանի տարի անց նա հրատարակել է առաջին անատոմիական ատլասը, որը դարձել է վիրաբույժների ուղեցույցը և հնարավորություն է տվել վիրահատությունները կատարել հիվանդին հասցնելով մինիմալ վնասվածքներ։ Անատոմիական շրջանները, զարկերակներն ու փակեղները ուսումնասիրելիս մշակել է շերտավոր պատրաստուկների պատրաստման սկզբունքները։ Դա հիմք է հանդիսացել հետագայում օպերատիվ վիրաբուժության զարգացման համար։
Իր կողմից մշակված վիրահատական եղանակները դաշտային պայմաններում ստուգելու նպատակով Պիրոգովը 1847 թ.-ին մեկնել է Կովկաս, որտեղ առաջին անգամ կիրառել է օսլայով ներծծված թանզիֆով (բինտ) վիրակապությունը, ինչն ավելի հարմար և ամուր էր։ Հենց այստեղ, Սալտի աուլում, Պիրոգովը բժշկության պատմության մեջ առաջին անգամ կատարել է վիրահատություն եթերային անզգայացումով, դաշտային պայմաններում, այսինքն նա աշխարհում առաջինն է նարկոզը կիրառել ռազմադաշտային վիրաբուժության մեջ։ Ընդհանուր առմամբ նա կատարել է մոտ 10 հազար վիրահատություն եթերային նարկոզով։
1854 թ., Ղրիմի պատերազմում, Պիրոգովը կրկին առաջին անգամ համաշխարհային բժշկության պրակտիկայում կիրառեց գիպսային վիրակապը, ինչը մեծ նշանակություն ունեցավ վերջույթների անշարժացման մեթոդիկայի զարգացման համար։
Պիրոգովը նշել է վերքերի վիրաբուժական ճիշտ մշակման կարևորությունը, առաջարկել կիրառել «խնայողական վիրաբուժություն». վերջույթների հրազենային վիրավորումների և կոտրվածքների դեպքում հրաժարվել է վաղ ամպուտացիայից։
Աշխարհում առաջինն է արտահայտել ոսկրային պլաստիկայի, իսկ Ռուսաստանում` պլաստիկ վիրահատությունների գաղափարը։ Նա մշակել է մի շարք վիրահատություններ և վիրաբուժական հնարքներ. մասնավորապես` ծնկահոդի մասնահատում, աքիլեսյան ջլի հատում և այլն, առաջարկել է կիրառել ուղիղ աղիքային նարկոզ։
Ղրիմի պատերազմի ժամանակ Սևաստոպոլում Պիրոգովը մշակել է հիվանդների և վիրավորների խնամքի նոր եղանակ, որի էությունն այն է, որ վիրավորները տեսակավորվում էին հենց սկզբում՝ առաջին վիրակապական կետում. ծանրության աստիճանից կախված՝ ոմանք ենթարկվում էին անհետաձգելի վիրահատական միջամտության հենց դաշտային պայմաններում, իսկ թեթև վնասվածքներով վիրավորները տարհանվում էին թիկունք՝ ստացիոնար հոսպիտալներ։ Շնորհիվ այդ մեթոդի (որը կիրառվում է մինչև հիմա) ռազմաբժշկական գործունեության մեջ Պիրոգովի կողմից ստեղծվեց մի նոր ուղղություն ` ռազմադաշտային վիրաբուժությունը։
Որպես մանկավարժ Պիրոգովը պայքարել է դաստիարակության և կրթության մեջ դասային նախապաշարմունքների դեմ։ Դեմ է եղել դասային դպրոցներին, որտեղ իրականացվում էին երեխաների վաղ մասնագիտացում. համարում էր, որ դա դանդաղեցնում և արգելակում է երեխաների բարոյական դաստիարակությունը, նեղացնում նրանց աշխարհայացքը։ Համամարդկային դաստիարակության գլխավոր նպատակը համարել է հասարակությանը օգտակար քաղաքացու դաստիարակումը, ով օժտված պետք է լիներ բարոյական բարձր հատկանիշներով։ Նրա խոսքերից են.
Լինել մարդ - ահա թե ինչին պետք է բերի դաստիարակությունը - Նիկոլայ Պիրոգով |
Պիրոգովը կարևորել է նաև ուսուցման և դաստիարակության հարցերում մայրենի լեզվի կիրառումը։ Նա նաև դեմ է եղել մարմնական պատժի կիրառմանը` որպես դաստիարակության մեթոդ։ Հենց նրա կողմից բարձրացված և թերթերում բուռն քննարկումների պատճառ դարձած այդ հարցը բերեց նրան, որ 1864 թվականին Ռուսաստանում մարմնական պատիժը ուսումնական հաստատություններում հանվեց կիրառումից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.