Միացյալ Թագավորության աշխարհագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Բրիտանիան գտնվում է Բրիտանական կղզիներում և Եվրոպա մայրցամաքից բաժանվում է Հյուսիսային ծովով՝ Պա դե Կալե և Լա Մանշ նեղուցներով։ Մեկուսացված դիրքն իր ազդեցությունն է ունեցել Մեծ Բրիտանիայի պատմական զարգացման վրա։ Նրա կազմի մեջ են մտնում Անգլիան, Շոտլանդիան և Ուելսը՝ տեղակայված Մեծ Բրիտանիա կղզու վրա, և Հյուսիսային Իռլանդիան՝ տեղակայված մեծությամբ երկրորդ Իռլանդիա կղզու հյուսիսային մասում։ Վերոնշյալ երկու կղզիների մեջտեղում տեղակայված Մեն կղզին և Նորմանդիան կղզիները ստեղծել են առանձին վարչական միավոր։
Մեծ Բրիտանիայի մակերեսը կազմում է 243 809 կմ², ցամաքը կազմում է 240 579 կմ², ներքին ջրային տարածքները՝ 3 230 կմ²։ 1993 թվականի տվյալներով ցամաքի 10 % ծածկված է անտառներով, 46 % օգտագործվում է որպես արոտավայրեր, ևս 25 % օգտագործվում է գյուղատնտեսության մեջ[1]։ Ափերի երկարությունը կազմում է 17 820 կմ[2]։ Հարավային ափեզրը միացած է Մայրցամաքային Եվրոպայի հետ 50 կմ երկարությամբ Եվրոթունելով, որից 38 կմ անցնում է ջրի տակով, սա աշխարհում ամենաերկար ստորջրյա թունելն է[3]։ Հյուսիսային Իռլանդիան ունի 360 կմ երկարությամբ ցամաքային սահման Իռլանդիայի հետ և սա Մեծ Բրիտանիայի միակ ցամաքային սահմանն է[4]։
Լոնդոնի Գրինվիչյան աստղադիտարանը հանդիսանում է զրոյական միջօրեականի տեղորոշման կետը։ Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիան գտնվում է հյուսիսային լայնության 49° - 61° և արևմտյան երկայնության 9° և արևելյան երկայնության 2° միջև։
Անգլիան զբաղեցնում է ամբողջ Մեծ Բրիտանիայի տարածքի կեսից մի փոքր ավելի տարածք, 130 395 կմ²[5]։ Նրա մեծ մասը զբաղեցնում են իջվածքները[1] լեռնային տարածքով հյուսիս-արևմուտքում, ներառյալ Լճային երկրամասի Կամբիրիական լեռները, Պենինյան լեռները և Լեռնային երկրամասի, Էկսմուրի և Դարտմուրի կրային բլուրները։ Հիմնական գետերն են Թեմզան, Սևերնը և Համբերը։ Սքոֆել-Պայկը Լճային երկրամասում Անգլիայի ամենաբարձր կետն է, բարձրությունը 978 մ[1]։
Շոտլանդիան զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքի երրորդ մասից մի փոքր քիչ տարածք, 78 772 կմ²[6], և ներառում է մոտ ութ հարյուր կղզիներ[7], որոնք հիմնականում ընկած են կղզու հիմնական տարածքից արևմուտք և հյուսիս։ Այս կղզիներից արժե առանձնացնել Հեբրիդյան կղզիները, Օրկնեյան կղզիները և Շետլանդյան կղզիները։ Շոտլանդիայի տոպոգրաֆիան հիմնականում որոշվում է Լեռնային սահմանային ճեղքվածքով, որը հատում է Շոտլանդիան Արան կղզուց արևմուտքում մինչև Սթոունհեյվենը արևելքում[8]։ Այս ճեղքվածքի գիծը բաժանում է երկու բոլորովին տարբեր շրջաններ, հյուսիսում և արևմուտքում Լեռնային երկիրը և հարավային և արևելյան կողմում Հարթավայրային Շոտլանդիան։ Խիստ լեռնային շրջանը ներառում է Շոտլանդիայի գործնականորեն բոլոր լեռները, ներառյալ Բեն-Նևիսը, որը 1343 մ բարձրությամբ հանդիսանում է Բրիտանական կղզիների ամենաբարձր կետը[9]։ Հարթավայրային շրջանը հատկապես Ֆյորտ-օֆ-Կլայդի ու Ֆյորտ-օֆ-Ֆորտի միջև ընկած ցամաքի նեղացումը, որը հայտնի է որպես «Կենտրոնական Գոտի», անհամեմատ հարթ է և այստեղ է ապրում բնակչության մեծ մասը, այստեղ են գտնվում նաև Շոտլանդիայի մեծ քաղաքները՝ Գլազգոն և Էդինբուրգը։
Ուելսի ընդհանուր տարածքը մի փոքր ավելին է Մեծ Բրիտանիայի տարածքի տասներորդ մասից, 20 779 կմ²[10]։ Ուելսը հիմնականում լեռնային տարածք է, սակայն Հարավային Ուելսը ավելի քիչ լեռնային է քան մնացած մասերը։ Հիմնական բնակչությունը և արդյունաբերական տարածքները գտնվում են հենց Հարավային Ուելսում, ներառյալ ափամերձ քաղաքներ՝ Կարդիֆը, Սուոնսին և Նյուպորտը։ Ուելսի ամենաբարձր լեռները գտնվում են Սնոուդոնիայում, այստեղ է գտնվում Սնոուդոն լեռը, 1085 մ բարձրությամբ, որը Ուելսի ամենաբարձր կետն է[1]։ 14-15 ուելսյան լեռներ, որոնց բարձրությունը ավելին է քան 3000 ֆուտը (մոտ 900 մ) բոլորը միասին հայտնի են որպես Ուելսյան Երեք Հազարականները։ Ուլեսի ափեզրը կազմում է 1200 կմ։ Ուելսի կազմի մեջ են մտնում նաև մի քանի կղզիներ, որոնցից ամենախոշորն է Անգսլին, հյուսիս-արևմուտքում։
Հյուսիսային Իռլանդիան զբաղեցնում է ընդամենը 13 843 կմ² տարածք և ունի հիմնականում բլրոտ ռելիեֆ։ Այստեղ է գտնվում Լոխ-Նեյը, Բրիտանական կղզիների ամենամեծ լիճը, մակերեսը՝ 388 կմ²[11]։ Հյուսիսային Իռլանդիայի ամենաբարձր կետն է Սլիվ Դոնարդը Մոուրն լեռներում, բարձրությունը՝ 852 մ[1]։