From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Կոնստանտինովնա Բաշկիրցևա (ֆր.՝ Marie Bashkirtseff, ռուս.՝ Мария Константиновна Башки́рцева, ուկրաիներեն՝ Башкірцева Марія Костянтинівна, նոյեմբերի 11 (23), 1860[1] կամ նոյեմբերի 12 (24), 1858, Գավրոնցի, Դիկանկա վոլոստ, Պոլտավա նահանգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 31, 1884[2], Փարիզ, Ֆրանսիա[3]), ռուս նկարչուհի[4], հանրահայտ «Մարիա Բաշկիրցևայի օրագիրը» գրքի հեղինակ։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում։
Մարիա Բաշկիրցևա ռուս.՝ Мария Константиновна Башкирцева | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11 (23), 1860[1] կամ նոյեմբերի 12 (24), 1858 |
Ծննդավայր | Գավրոնցի, Դիկանկա վոլոստ, Պոլտավա նահանգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 31, 1884[2] |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Ազգություն | ուկրաինացի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ, օրագրի հեղինակ, գրող, կենսագիր և արվեստագետ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Նկարչուհու հարսը |
Ուսուցիչ | Թոնի Ռոբեր Ֆլյորի |
Հայր | Konstantin Pavlovich Bashkirtsev? |
ստորագրություն | |
Marie Bashkirtseff Վիքիպահեստում |
Մարիա Բաշկիրցևան, ըստ Ֆրանսիայի ազգային գրադարանում հայտնաբերված գրառումների, ծնվել է 1858 թվականի նոյեմբերի 12 (24)-ին[5] Ռուսական կայսրության Պոլտավա նահանգի Պոլտավա քաղաքի մերձակայքում գտնվող Գավրոնցի (Գայորոնցի) կալվածքում, ազնվականության տեղի առաջնորդ Կոնստանտին Բաշկիրցևի և Մարիա Բաբանինայի ընտանիքում։ Նրա օրագրի հետմահու հրատարակություններում նրա տարիքը կրճատվել է։
Մարիայի մանկությունն անցել է Չեռնյակովկա գյուղում (գնդապետ Չերնյակի կալվածքում), ըստ ժամանակակից վարչական բաժանման Ուկրաինայի Պոլտավայի մարզի Չուտովի շրջանն է։ Ամեն տարի, Երիտասարդության օրը, Մերիինայի հովտում տեղի է ունենում Բաշկիրցևայի անունը կրող միջազգային տոնավաճառը։ Ամուսնալուծությունից հետո մայրը Մարիայի հետ, որը այդ ժամանակ տասներկու տարեկան էր, մեկնել է Եվրոպա՝ Վիեննա, Բադեն-Բադեն,Ժնև։ Այնտեղ աղջիկը սիրահարվում է Համիլթոնի դուքսին, իսկ ավելի ուշ՝ Նիսում, արիստոկրատ Բորելիին։ Շուտով Բորելի նկատմամբ հրապուրանքն անցնել է, և 1873 թվականին տասնհինգամյա աղջկա դաստիարակչուհին նրան հայտնել է սարսափելի նորությունը՝ Համիլթոնի դուքսն ամուսնանում է, բայց, ավաղ, ոչ իր հետ։ «Դա նման էր դանակը կուրծքը խրելուն »,- գրել է Մարիան իր օրագրում։
1877 թվականին Բաշկիրցևան մեկնել է Փարիզ, որտեղ ընդունվել է Ռ. Ժյուլիանի ակադեմիա, և արդեն 11 ամիս անց նրա աշխատանքները ցուցադրել են ուսանողների աշխատանքների Սալոնում և պարգևատրվել է ոսկե մեդալով[6]։ Նրա աղջկական սիրո հաջորդ առարկաներն են եղել կոմս Ալեքսանդր դե Լարդելը[7], Պոլ Գրանե դե Կասանյակը, կոմս Պիետրո Անտոնելին (կարդինալ Ջիակոմոյի եղբորորդին), Օդիֆրեն և այլք։ Հարապուրվելով պատգամավոր և հռետոր Պոլ Գրանե դե Կասանյակով, Մարիան լրջորեն մտել է քաղաքականություն։
Գոյություն ունեն վկայություններ, որ Բաշկիրցևան կեղծանվամբ հոդվածներ է գրել ֆեմինիզմի մասին, քանի որ նույնիսկ Ժյուլիանի ակադեմիայում, որտեղ աղջիկը գեղանկարչություն էր ուսումնասիրում, ֆեմինիստական գաղափարները ծիծաղ են առաջացրել։
Տասնվեց տարեկան հասակում Մարիան իմացել է, որ տուբերկուլյոզով հիվանդ է։ Այդ պահից նա շատ ժամանակ է անցկացրել հանգստավայրերում և զգացել է մոտալուտ մահը։ Այնուամենայնիվ, աղջիկը մտածել է իր օրագրի ճակատագրի մասին, որը որոշել է հրատարակել։ Այդ նույն ժամանակաշրջանին են (1884 թվական) վերաբերվել նաև նրա հայտնի նամակագրությունը Գի դը Մոպասանի հետ, ով, առաջին անգամ նամակ ստանալով ոմն համեստ ուսուցիչ Ժոզեֆ Սավանտենայից, այդ «խզբզոցից» հրաժարվել է։ Արդեն աղջկա և ոչ թե ուսուցչի անունից գրված պատասխան նամակում Բաշկիրցևան հրաժարվել է հենց գրողի առաջարկից։
Օրագրի վերջին էջերը դրամատիկ են՝ քաղցկեղից մահանում է Մերիի ուսուցիչը՝ ֆրանսիացի հայտնի նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժը։ Մուսյան, ինչպես քնքշաբար անվանում են աղջկան, խնամում է իր ուսուցչին և․․․ ինքն է մահանում առաջինը։ Օրագրում նրա վերջին գրառում է. «…վա՛յ մեզ․ թող միայն դռնապանները ողջ լինեն․․․ արդեն երկու օր է իմ մահճակալը սրահում է դրված, բայց այն այնքան մեծ է, որ այն վարագույրով բաժանել են, և ես չեմ տեսնում դաշնամուրը և բազմոցը։ Ինձ համար արդեն դժվար է աստիճաններով բարձրանալ»։
Մարիա Բաշկիրցևան մահացել է տուբերկուլյոզից 25 տարեկան հասակում։ Թաղվել է Փարիզի Պասի գերեզմանատանը։ Էմիլ Բաստիեն Լըպաժի կողմից կառուցված Մարիա Բաշկիրցևայի դամբարանը հանդիսանում է նաև Բաշկիրցև-Բաբանին ընտանիքի շատ այլ անդամների թաղման տեղ։ Մուտքի վերևում Անդրե Թերիեից մի երկտող է, իսկ ներսում պահվում են Մարիայի մոլբերտը, նրա կահույքը, քանդակը և որոշ նկարներ, այդ թվում Բաշկիրցևայի «Սուրբ կանայք» վերջին աշխատանքը։
Մոպասանը, այցելելով նրա շիրիմին, ասել է․
Դա իմ կյանքում միակ Վարդն էր, որի ճանապարհը ես կծածկեի վարդերով, եթե իմանայի, որ այն կարող է լինել այդքան վառ և այդքան կարճ։ |
Մարիան տասներկու տարեկանից մինչ իր մահը ֆրանսերեն լեզվով օրագիր է պահել (հարյուր հինգ տետր), որը հետագայում հայտնի է դարձել և բազմիցս թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև՝ ռուսերեն։ Օրագիրը տոգորված է նուրբ փսիխոլոգիզմով, երազկոտ «փառքի ծարավով», միևնույն ժամանակ դատապարտվածության ողբերգական զգացումով։
20-րդ դարի սկզբին այդ գիրքը շատ հանրահայտ էր Ռուսաստանում։ Բաշկիրցևայի ստեղծագործական և անհատականության ամենահայտնի երկրպագուն եղել է Մարինա Ցվետաևան, որը երիտասարդության տարիներին նամակագրություն է ունեցել Բաշկիրցևայի մոր հետ (որը մահացել է 1920 թվականներին) և իր առաջին՝ «Երեկոյան ալբոմ» («Вечерний альбом»), բանաստեղծությունների ժողովածուն նվիրել է Բաշկրրցևայի «փայլուն հիշատակին»։ Իր երկրորդ գրքի՝ «Կախարդական լամպը» («Волшебный фонарь»), կազմի վրա Ցվետաևան ազդարարել էր մի ամբողջ ժողովածու մասին՝ վերնագրված «Մարիա Բաշկիրցևան. Բանաստեղծությունների 3-րդ գիրքը», բայց այն լուս չի տեսել (կամ գուցե չի էլ գրվել)։
Վալերի Բրյուսովը իր օրագրում գրել է․
Ոչինչ ինձ չի վերակենդանացնում այնպես, ինչպես Բաշկիրցևայի օրագիրը։ Նա՝ ես եմ իմ բոլոր մտքերով, համոզմունքներով և երազանքներով։ |
Վելիմիր Խլեբնիկովը ևս ամենաբարձր գնահատականն է տվել Բաշկիրցևայի օրագրին իր «Սեփական» («Свояси») գրական ինքնակենսագրականում (1919 թվական)․
Ես թախանձում եմ ապագայի արվեստագետներին պահել իրենց ոգու ճշգրիտ օրագրերը. իրենք իրենց նայեն ասես երկնքից և ճշգրիտ գրառումներ կատարեն իրենց ոգու աստղերի ծագման և մայրամուտի վերաբերյալ։ Այս ոլորտում մարդկությունն ունի միայն Մարիա Բաշկիրցևայի օրագիրը, ուրիշ ոչինչ։ Ներքին երկնքի մասին գիտելիքների այս հոգևոր աղքատությունը ժամանակակից մարդկության ամենավառ սև ֆրաունհոֆերյան գծերն են[8]։ |
Բաշկիրցևայի օրագիրը հաճախ համեմատել են Ելիզավետա Դյակոնովայի օրագրի հետ։ Օրագրերը համեմատելով՝ քննադատները հաճախ նախապատվությունը տվել են փնթի գավառացի կնոջը։ «Հանգուցյալ Ելիզավետա Դյակոնովան իր առջև դրել էր նույն նպատակը, ինչ Մարիա Բաշկիրցևան․ գրել «օրագիր», որը կծառայեր որպես «կնոջ լուսանկար», - «Պետերբուրգյան թերթում» նշել է Ոդիսական կեղծանունով մեկը, - բայց Բաշկիրցևայի մոտ պատկերը ստացվել է նեգատիվ, որոշ չափով դրամատիզացված, թատերական կեցվածքներով, մինչդեռ Դյակոնովան հավատարիմ է ճշմարտությանը և իրական է մինչև վերջին շեշտը»։ Նույն կարծիքն է հայտնել նաև Վ. Վ. Ռոզանովը։ 1904 թվականին առաջին հրատարակության ավարտից առաջ նա հանդես է եկել «Նոր ժամանակներ» թերթում ջերմագին կոչով․
Տասներկու տարի անց, «Օրագրի» չորրորդ հրատարակությունից հետո, Ռոզանովն ավելի հստակ է արտահայտել իր հակվածությունը և հայտարարել է, որ «սա 19-րդ դարի ռուսական գրականության ամենահմայիչ գրքերից մեկն է»։
Դյակոնովան Բաշկիրցևայի օրագրի մասին այսպես է գրել.
Բաշկիրցևների կալվածքը 1900 թվականին վաճառվել է կոմս Ս. Դ. Շերեմետևին։ 1917-1919 թվականներին կալվածքն ավերվել է, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրանից հետք էլ չի մնացել։
1908 թվականին Բաշկիրցևայի մայրը Ալեքսանդր III թանգարանին նվիրել է Մարիայի գործերից մեծ հավաքածու (հարյուր քառասունմեկ աշխատանք՝ գծանկարներ, էսքիզներ, կտավներ, գունամատիտանկարներ, քանդակագործական ուրվանկարները)։ 1930 թվականին Բաշկիրցևայի այս հավաքածուի երկու նկար տեղափոխել են Դնեպրոպետրովսկի թանգարան, 1932 թվականին, Ուկրաինական ԽՍՀ կրթության ժողովրդական կոմիսարիատի խնդրանքով, Ռուսաստանի թանգարանը Ուկրաինային փոխանցել է Բաշկիրցևայի հարյուր քսանյոթ աշխատանք։ Մի քանի աշխատանք 1929 թվականի տեղափոխվել է Կրասնոյարսկ։ Ռուսաստանի թանգարանում մնացել է Մարիա Բաշկիրցևայի ութ գեղանկար և տասներեք ջրանկար։
Խարկովի գեղարվեստական պատկերասրահի տարհանման ընթացքում անհետ կորել են Բաշկիրցևայի վաթսունվեց կտավ։ Այսօր Ուկրաինայում նրա նկարներից միայն երեքն են մնացել, որոնք գտնվում են Խարկովի, Դնեպրի և Սումիի թանգարաններում։ Բաշկիրցևայի ինքնատիպ աշխատանքներն այժմ հազվադեպ են հանդիպում այն պատճառով, որ նրանց մեծ մասը ոչնչացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գավրոնցիի ռմբակոծման հետևանքով։
1980 թվականին Ֆրանսիայի ազգային գրադարանում հայտնաբերվել է օրագրի բնօրինակ տեքստը, որը նախկինում համարվել էր կորած։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Բաշկիրցևայի օրագրի մեծ մասն անհայտ է հանրությանը, իսկ արդեն հրատարակվածը պարունակել է բազմաթիվ բացեր և ակնհայտ աղավաղումներ (ներառյալ նկարչուհու ծննդյան թվականը), ներկայացվել է մի ընտանիքի կողմից, որը չի ցանկացել բացահայտել իրենց ընտանեկան գաղտնիքները։
Վերջերս ընթացել է ֆրանսերեն լեզվով օրագրի ամբողջական տեքստի հրատարակումը և դրա անգլերեն թարգմանությունը։ Օրագրի առաջին մասը հասանելի է «I Am the Most Interesting Book of All» վերնագրով։ 2013 թվականին լույս է տեսել անգլերեն թարգմանության երկրորդ մասը՝ «Lust for Glory» վերնագրով։ Ամբողջական հրատարակությունը Բաշկիրցևայի անհատականությունը նորովի է բացահայտել և լուսավորել է դարաշրջանի կյանքը։
Ուկրաինացի գրականագետ Միխայիլ Սլաբոշպիցկին հրապարակել է «Մարիա Բաշկիրցևա» վեպը՝ թարգմանված ռուսերեն և ֆրանսերեն[9]։ Բաշկիրցևայի անհատականության վերաբերյալ մեծ ուսումնասիրություն է կատարել գրող Ալեքսանդր Ալեքսանդրովը։ Նրա աշխատանքի արդյունքը եղել է «Օրիորդ Բաշկիրցևայի իրական կյանքը» գիրքը[10]։
Փարիզի Լյուքսեմբուրգի թանգարանում կա «Անմահություն» արձանը։ Քանդակագործական խմբում պատկերված է երիտասարդ հանճար, որը մահանում է մահվան հրեշտակի ոտքերի տակ։ Վերջինս իր ձեռքին պահում է մի ցուցանակ, որի վրա գրված են հանրահայտ մարդկանց անուններ, ովքեր ժամանակից շուտ են գերեզման մտել, բայց Երկրի վրա արդեն անմահացել են։ Հանճարի աչքերը ուղղված են ցուցակին։ Եվ այդ ցուցակի ութ ֆրանսիական անունների մեջ կա մեկ ռուսական իգական անուն՝ «Մարիա Բաշկիրցևա»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.