Մալթայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Մալթայի պատմությունը շատ հին է՝ այն բնակեցված է եղել մ․թ․ա․ մոտ 5900 թվականից։ Առաջին բնակիչները եղել են ֆերմերներ, գյուղատնտեսական աշխատանքների վարման եղանակները վատթարացրել են հողի վիճակը՝ բերելով նրան, որ կղզիները դարձել են անմարդաբնակ։ Մ․թ․ա․ 3850 թվականին կղզիները կրկին վերաբնակեցվել են՝ այստեղ ձևավորելով քաղաքակրթություններ, որոնք իրենց զարգացման գագաթնակետին կառուցել են մեգալիթյան տաճարներ, և այսօր դրանք համարվում են աշխարհում պահպանված հնագույններից։ Այդ քաղաքակրթությունը վերացել է մ․թ․ա․ մոտ 2350 թվականին, որից քիչ հետո կղզիները բնակեցվում են բրոնզե դարի ռազմիկներով։
Մալթայի պախապատմական շրջանն ավարտվում է մ․թ․ա․ մոտ 700 թվականին, երբ կղզիները գաղութացվում են փյունիկեցիների կողմից։ Նրանք կառավարում են կղզիները՝ մինչև մ․թ․ա․ 218 թվականը՝ Հռոմեական հանրապետության կողմից դրանց նվաճմանը։ VI դարում հռոմեացիներին հաջորդում են բյուզանդացիները, որոնք Աղլաբիդների կողմից վռնդվել են 870 թվականի պաշարումից հետո։ Մալթան, հավանաբար, դարեր շարունակ շատ նոսր է բնակեցված եղել, մինև XI դարում արաբներով բնակեցումը։ 1091 թվականին կղզիները նվաճվում են Սիցիլիայի Նորմանդական թագավորության կողմից, և սկսվում է կղզիների աստիճանաբար քրիստոնեացումը։ Այդ շրջանում կղզիներում հաջորդաբար գերակայում էին ավատատիրական կառավարիչները, այդ թվում՝ շվաբները, արագոնցիները, և վերջապես նաև իսպանացիները։
1530 թվականին կղզիները փոխանցվում են Սուրբ Հովհաննու Միաբանությանը, որը կառավարում էր կղզին որպես Սիցիլիայի թագավորության վասալ։ 1565 թվականին Օսմանյան կայսրությունը փորձում է գրավել կղզիները՝ Մալթայի Մեծ պաշարման ժամանակ, որը չեզոքացվում է։ Միաբանությունը շարունակում է կառավարել շուրջ երկու հարյուրամյակ և այդ շրջանը բնութագրվում է որպես մշակույթի և ճարտարապետության ծաղկման և հասարակական առաջընթացի շրջան։Միաբանությունը վռնդվում է այն բանից հետո, երբ 1798 թվականին Ֆրանսիական Առաջին Հանրապետությունը զավթում է կղզիները, սկսվում է Մալթայի ֆրանսիական օկուպացիայի շրջանը։
Ֆրանսիական տիրապետության մի քանի ամիսներից հետո մալթացիներն ապստամբում են, որի արդյունքում անգլիացիների, նեապոլցիների և պորտուգալացիների աջակցությամբ ֆրանսիացիները վռնդվում են 1800 թվականին։ Մալթան արդյունքում դառնում է բրիտանական պրոտեկտորատ, 1813 թվականին Դե Ֆակտո դառնալով գաղութ։ Մեկ տարի անց դա հաստատվում է Փարիզի համաձայնագրով։ Մեծ Բրիտանիայի համար կղզիները դառնում են կարևոր ռազմածովային բազա՝ ծառաելով որպես Միջերկրածովյան նավատորմի շտաբ։ Այդ պատճառով է Մալթան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ենթարկվում հարձակման առանցքի երկրների կողմից, իսկ 1942 թվականին կղզին պարգևատրվում է Գեորգիեվյան խաչի շքանշանով, որն այսօր արտացոլված է Մալթայի պետական խորհրդանիշների՝ դրոշի և զինանշանի վրա։ Թագավորական գաղութը ինքնակառավարման համակարգ է ունեցել 1921–1933 թվականներին, 1947–1958 թվականներին և 1962–1964 թվականներին։
Մալթան անկախություն է ձեռք բերել որպես Համադաշնության միավոր՝ Մալթա Պետություն,1964 թվականին, իսկ 1974 թվականին կոչվում է Մալթայի հանրապետություն։ 2004 թվականից Եվրամիության անդամ է։