From Wikipedia, the free encyclopedia
Անգլիացիներ (անգլ. Englishmen, English people), ազգ, Մեծ Բրիտանիայի հիմնական բնակչությունը։ Ապրում են նաև Իռլանդիայում, անգլիական նախկին դոմինիոններում ու գաղութներում և այլ երկրներում։ Լեզուն անգլերենն է։
Հավատացյալ անգլիացիների մեծամասնությունը պատկանում է անգլիկան և կաթոլիկ եկեղեցիներին։ Կան նաև բողոքական տարբեր աղանդների հետևորդներ։ VII-X դարերում կազմավորվեց անգլո-սաքսոնական ժողովուրդը՝ 5-6-րդ դարերում Բրիտանական կղզիներ ներխուժած գերմանական ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի, ֆրիզների և բնիկների՝ գեյլերի, պիկտերի, բրիտների ձուլմամբ։ Անգլիացիների էթնիկական պատմության մեջ շրջադարձ տեղի ունեցավ, երբ նորմանները գրավեցին Անգլիան (1066 թ.) և մոտ երկու դար պաշտոնական լեզուն ֆրանսերենն էր։ XIII-XIV դարերում անգլո-սաքսերը և նորմանները միաձուլվեցին, կազմավորվեց միասնական անգլիական ազգություն։
16-րդ դարում ստեղծվեց համաանգլիական խոսակցական և գրական լեզուն։ XVII դարում Անգլիական բուրժուական հեղափոխության հաղթանակով հիմնականում ավարտվեց անգլիական ազգի ձևավորումը։ XVII-XIX դարերի գաղութային նվաճումների հետևանքով շատ անգլիացիներ տեղափոխվեցին նոր գրավված երկրները (Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա) և խառնվելով բնիկների ու այլ երկրներից եկած վտարանդիների հետ, ստեղծեցին անգլերեն խոսող նոր ազգեր՝ ամերիկացիներ, ավստրալիացիներ, նորզելանդացիներ և այլն։
Անգլիացիների կենցաղում պահպանվել են ավանդական շատ սովորույթներ, զանազան ծիսական արարողություններ։ Բնակարանները երկհարկ են՝ միմյանց հետ ներքին աստիճանասանդուխքներով կապված սենյակների ուղղահայաց դասավորությամբ։ Տարածված է բուխարիկը, օգտագործում են յուրատեսակ ուտեստեղեն, հագուստ և այլն։ Անգլիան մարզական շատ խաղերի (ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս և այլն) հայրենիքն է։ Հարուստ է նաև անգլիացիների բանահյուսությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլիացիներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 382)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.