From Wikipedia, the free encyclopedia
Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակ (անգլ.՝ Headquarters of the United Nations), շինությունների համալիր Նյու Յորքում (ԱՄՆ), որը ՄԱԿ-ի հիմնական աշխատողների պաշտոնական գրասենյակն է։ Շենքերը գտնվում են Մանհեթենի արևելյան մասում` 42-րդ և 48-րդ փողոցների միջև` Առաջին պողոտայի և Իստ Ռիվեր նեղուցի մեջ ընկած հատվածում։ Հատվածի ընդհանուր մակերեսը 18 ակր է (73.000 մ²)։ Այն «միջազգային տարածք է, որը պատկանում է բոլոր անդամ երկրներին»[1]։ Չնայած դրան` ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի հատուկ համաձայնագրով (Pub. L. No. 80-357, 61 Stat. 756 (1947)) գրասենյակի շրջանը ԱՄՆ-ի իրավասության ներքո է գտնվում։
ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ | |
անգլ.՝ Headquarters of the United Nations | |
Տեղագրություն | Նյու Յորք |
Կառուցման ժամանակ | |
Բարձրություն | |
---|---|
Տանիք | 153.9 |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 39 |
Ճարտարապետ | Լե Կորբյուզիե, Օսկար Նիմեյեր և այլք |
Բացի Նյու Յորքի գրասենյակից` ՄԱԿ-ն ունի երեք այլ գրասենյակներ ևս Ժնևում (Շվեյցարիա), Վիեննայում (Ավստրիա), Նայրոբիում (Քենիա)[2]։ Սակայն առավել կարևոր որոշումներն ընդունվում են հենց Նյու Յորքի գրասենյակում, քանի որ այստեղ են մեծ մասամբ անցկացվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեաները և Անվտանգության խորհրդի համաժողովները։
ՄԱԿ-ի բոլոր կենտրոններում, գրասենյակներում աշխատում է ավելի քան 61.000 աշխատակից մոտ 170 երկրներից։ Նյու Յորքի գրասենյակում աշխատում է անձնակազմի մոտ մեկ երրորդը[3]։
ՄԱԿ-ը կազմավորվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի առաջին նիստերը կայացել են Լոնդոնում։ ՄԱԿ-ի գրասենյակը Նյու Յորքի մոտ կառուցելու որոշումն ընդունվել է Լոնդոնում Գլխավոր ասամբլեայի առաջին նստաշրջանում` 1946 թվականի փետրվարի 14-ին, երբ շատ երկրներ առաջարկություններ ներկայացրին իրենց մոտ ունենալու ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչություն[4]։ 1946 թվականի օգոստոսի 14-ին գրասենյակը ժամանակավորապես տեղավորվել էր Լոնգ Այլենդի Լեյք Սաքսես ավանում։ 1946 թվականի դեկտեմբերի 14-ին Գլխավոր ասամբլեան ընդունել է Ջոն Ռոքֆելերի առաջարկը, այն է` 8.5 միլիոն տրամադրել նոր շենքի կառուցման համար տարածք գնելու նպատակով[5]։
Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի կառուցմանը, ինչպես հայտնի է դարձել վերջին տվյալներով, դեմ են արտահայտվել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները[6]։ Բացի Նյու Յորքից` գրասենյակն իրենց երկրում կառուցելու այլ թեկնածուներ էլ են եղել։ Օրինակ` Կանադան առաջարկել է գրասենյակը կառուցել Օնտարիոյի Նևի կղզում։ Տեղանքը, որ գտնվում է երկու երկրների սահմանին` Նիագարայի ջրվեժից ոչ հեռու, շատերի համար կատարյալ տեղ էր։ Սակայն վերջնական արդյունքում ընտրությունը կանգ է առնում Իստ Ռիվեր նեղուցի Տյորտլ Բեյ շրջանի վրա։
Ներկայումս էլ քաղաքական որոշ գործիչներ ընտրությունը համարում են անարդար և հանդես են գալիս գրասենյակը առավել հարմար տեղ տեղափոխելու օգտին։ 2009 թվականի սեպտեմբերին Լիբիայի նախագահ Մուամմար ալ-Կադդաֆին որպես այլընտրանքային տարբերակ առաջարկել է Պեկինը կամ Դելին, քանի որ նրա կարծիքով արևելյան կիսագունդը մեծ դեր է խաղում մարդկության զարգացման գործում[7]։
1947 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատել է ապագա գրասենյակի նախագիծը։ Ինն ամիս անց ԱՄՆ-ի կառավարության հետ համաձայնագիր է կնքվում ՄԱԿ-ի 65 միլիոն դոլար վարկ տրամադրելու մասին շինարարական աշխատանքներն սկսելու նպատակով[3]։ Շենքի հիմնարկեքը կատարվել է 1949 թվականի հոկտեմբերի 24-ին, իսկ գրասենյակի պաշտոնական բացումը` 1951 թվականի հունվարի 10-ին։
Համալիրի ստեղծման համար տարբեր երկրներից ճարտարապետներ, ինժեներներ ու դիզայներներ են հրավիրվել։ Խմբում ընդգրկվել են Օսկար Նիմեյերը (Բրազիլիա), Մաքս Աբրամովիչը (ԱՄՆ), Նիկոլայ Բասովը (ԽՍՀՄ), Վլադիմիր Բոդյանսկին (Ֆրանսիա), գլխավոր ճարտարապետ Լե Կորբյուզիեն (Ֆրանսիա), Սվեն Մարկելիուսը (Շվեդիա), Լյան Սիչեյը (Չինաստան), ինչպես նաև խորհրդատուներ Էնթոնի Անտոնիադեսը (Հունաստան), Մետյու Նովիկին (Լեհաստան) և Էռնեստ Վայսմանը (Հարավսլավիա)[5]։
Խումբը ստեղծում է 50 տարբեր նախագծեր։ Ընտրության արդյունքում հաղթում է Լե Կորբյուզիեի նախագիծը, որի համաձայն շենքը պետք է միաձուլեր ոճերի բազազանությունը. գրասենյակային ապակե բարձր մասեր և կլորավուն ցածր գմբեթ սրահում։ Շինարարության ավարտի պահին ՄԱԿ-ի գրասենյակը Մանհեթենի ժամանակակից ճարտարապետական դիզայնի կատարյալ օրինակ էր։
Համալիրի ամենահայտնի կառույցը, անկասկած, 39-հարկանի բարձրահարկն է, որտեղ տեղավորված է ՄԱԿ-ի քարտուղարությունը։ Տարածքում են գտնվում Գլխավոր ասամբլեայի, Դագ Համարշոլդի անվան գրադարանի և Այցելուների կենտրոնի շենքերը։ Շենքի ճակատային մասում ձգվում է դրոշների շարք, որում ներկայացված են ՄԱԿ-ի անդամ պետությունների դրոշները անգլերենի այբբենական կարգով։ Շարքի կենտրոնում ՄԱԿ-ի դրոշն է։
Բացի սրանցից` հայտնի են DC-1 և DC-2 շենքերը, որտեղ տեղակայված են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի հատուկ ներկայացուցչությունները։ 46-րդ փողոցի անկյունում գտնվում է նույնականացման գրասենյակը, որ ապահովում է դիվանագետների, լրագրողների և այլ անձանց անցագրերի տրամադրումը։ Համալիրի մաս են կազմում նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի հրապարակ, 3) և ՅՈՒՆԻՏԱՐ-ի (ՄԱԿ-ի գրասենյակ 807) շենքերը։
Համալիրի շենքերի խարխլման պատճառով նախատեսվել էր ՄԱԿ-ի գրասենյակի վերանորոգում, քանի որ, օրինակ, Գլխավոր ասամբլեայի շենքում, որտեղ մշտապես հավաքվում են պետությունների ղեկավարներ, տանիքից մասամբ կաթում էր։ Թերությունների վերացման համար ծախսվել է 7.9 միլիարդ դոլար։ Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2013 թվականին[8]։
ՄԱԿ-ի հրապարակի 760 NY 10017 հասցեում գործում է ՄԱԿ-ի փոստային բաժանմունքը։ Կենտրոնական հաստատությունների միջազգային կարգավիճակը թույլ է տալիս սեփական փոստային նամականիշեր տպագրել։ Գրասենյակից ուղարկվող բոլոր նամակներն ունեն հիմնական կնիք։ Այս ծառայությունը մեծ հետաքրքրություն է վայելում այցելուների, հատկապես ֆիլատելիստների շրջանում։ ՄԱԿ-ի փոստային բաժանմունքը գտնվում է այցելուների համար նախատեսված կենտրոնական շենքի ներքնահարկում։
Հանրահայտ է գրասենյակի արվեստի հավաքածուն։ Այստեղ պահվում են համաշխարհային հռչակ վայելող նկարիչների ու քանդակագործների գործեր, որոնք վերաբերում են միջազգային համագործակցության թեմային։ Կազմակերպությունը տարբեր տարիների բազմաթիվ երկրներից որպես նվեր ստացել է արվեստի տարբեր գործեր. «Թրի փոխարինումը արորով» (ԽՍՀՄ), «Ոլորված ատրճանակ» (Լյուքսեմբուրգ), «Աշխարհի զանգ» (Ճապոնիա)։ ԱՄՆ-ի նվերը Նորման Ռոկվելի «Ոսկե կանոն» կտավն է, որտեղ պատկերված մարդկանց գլխավերևում կա հետևյալ գրությունը. «Do unto Others as You Would Have Them Do unto You» (Վարվի'ր մարդկանց հետ այնպես, ինչպես որ կուզես նրանք վարվեն քեզ հետ)։ Ֆրանսիան նվիրել է Մարկ Շագալի հեղինակած գունավոր վիտրաժը` 3.5 մ բարձրությամբ, որտեղ պատկերված է խաղաղության համար պայքարը և սիրո հաղթանակումը։ Չինաստանը նվիրել է քանդակ` պատրաստված ութ փղոսկրերից, որում զարմանալի ճշգրտությամբ պատկերված է երկրի հյուսիսում գտնվող երկաթուղային կայարանը։ Ֆուկոյի ճոճանակը, որ Երկրի պտտման ապացույց է, նվիրել է Նիդերլանդները։ ՄԱԿ-ի հավաքածուում պահվում է Բեռլինի պատից մի կտոր[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.