![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d5/Armenian2.jpg/640px-Armenian2.jpg&w=640&q=50)
Հայաստանի կենդանական աշխարհ
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d5/Armenian2.jpg/320px-Armenian2.jpg)
Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։
Հայաստանի տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը Հայաստանի կենդանական աշխարհի տեսակների վրա։
Իրանական մարզին բնորոշ ներկայացուցիչներից են. սողուններից՝ պարսկական կլորագլուխ մողեսը, ոսկեգույն տրախիլեպիսը, թռչուններից՝ շիկապոչ քարաթռչնակը, իրանական ճոճահավը, կաթնասուններից՝ Դալի ավազամուկը, մուֆլոնը և այլ տեսակներ։ Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են. երկկենցաղներից՝ փոքրասիական տրիտոնն ու գորտը, սողուններից՝ փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը և այլ տեսակներ։ Պոնտոս-կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը, սպիտակախածի կեռնեխն ու կովկասյան մարեհավը։ Հայաստանի կենդանական աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները։ Կան նաև մի շարք լայն տարածված Եվրասիբիրական ծագման տեսակներ։