From Wikipedia, the free encyclopedia
Լորնա Սիմփսոն (անգլ.՝ Lorna Simpson, օգոստոսի 13, 1960[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի լուսանկարիչ և մուլտիմեդիա նկարիչ, որը ճանաչում է ստացել 1980-1990 թվականներին այնպիսի ստեղծագործությունների շնորհիվ, ինչպիսիք են «Guarded Conditions»-ը և «Square Deal»-ը[5]։ Սիմփսոնի աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ ցուցահանդեսներում ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով։ Նկարչուհու օգտագործած առավել հայտնի ձևերից են ֆոտոտեքստային ինստալյացիաները, ֆոտոկոլաժները և ֆիլմերը։
Լորնա Սիմփսոն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1960[1][2] (64 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Կերպարվեստի դպրոց և Արվեստի և դիզայնի ավագ դպրոց |
Մասնագիտություն | լուսանկարիչ, նկարիչ-փորագրող, վիդեոնկարիչ, գծանկարիչ, ինստալյացիոն արտիստ, կինեմատոգրաֆ և վիզուալ արտիստ |
Ոճ | ժամանակակից արվեստ և ֆեմինիստական արվեստ |
Ժանր | կոնցեպտուալիզմ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | James Casebere?[4] |
Զավակներ | Zora Casebere?[4] |
Կայք | lsimpsonstudio.com |
Lorna Simpson Վիքիպահեստում |
Լորնա Սիմփսոնը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 13-ին Բրուքլինում (Նյու Յորք)[5]։ Լորնայի ճամայկա-կուբայական ծագում ունեցող հայրը և աֆրոամերիկուհի մայրը[6] քաղաք են տեղափոխվել Միջին Արևմուտքից[7]։ Նյու Յորքում ապագա նկարչուհին մշտապես այցելել է թատրոններ, թանգարաններ, համերգներ և պարային շոուներ[8]։ Սիմփսոնը սովորել է Արվեստի և դիզայնի ավագ դպրոցում, ամռանը մասնակցել է Չիկագոյի արվեստի ինստիտուտի դասընթացներին, երբ հյուր է գնացել տատիկին[7]։
Գեղարվեստական կրթությունը ստացել է Նյու Յորքի կերպարվեստի դպրոցում, որն ավարտել է 1983 թվականին՝ «Լուսանկարչություն» մասնագիտության գեղարվեստի բակալավրի աստիճանով[9]։ Ստաժավորումը անցկացրել է Հարլեմի Թանգարան-ստուդիայում, որտեղ ծանոթացել է այդ թանգարանի նկարիչներից մեկի՝ Դեյվիդ Հեմոնսի ստեղծագործությանը[6]։ Բարձրագույն կրթություն ստանալով՝ մեկնել է Եվրոպա և Աֆրիկա վավերագրական լուսանկարչության հմտությունների զարգացման նպատակով, որ ժանրում կատարվել են նրա առաջին աշխատանքները։ Ճանապարհորդությունների ժամանակ զգացել է, որ հանդիսատեսին գրավելու համար պետք է դուրս գա լուսանկարների սահմաններից։ Հետագայում աշխատել է որպես գրաֆիկական դիզայներ[7]։
Սիմփսոնը 1985 թվականին՝ Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում գեղարվեստի մագիստրոսի աստիճան ստանալուց հետո[9], շարունակել է ընդլայնել իր ստեղծագործական հետաքրքրությունները։ Սան Դիեգոյում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները ընկած էին լուսանկարչության և կոնցեպտուալ արվեստի միջև։ Նրա ուսուցիչներն են եղել կոնցեպտուալիստ Ալլան Կապրոուն, փերֆորմանսի հեղինակներ Էլեոնոր Անտինը, ռեժիսորներ Բաբեթ Մանգոլտեն, Ժան Պիեռ Գորինը և բանաստեղծ Դավիդ Անտինը[10]։ Այդ ժամանակ Սիմփսոնը գտել է իր բնորոշ ոճը՝ «ֆոտո տեքստ»-ը։ Սիմփսոնը գրաֆիկական տեքստ է ավելացրել ստուդիական լուսանկարներին՝ ստեղծագործություն ներմուծելով բոլորովին նոր կոնցեպտուալ իմաստ։ Այս աշխատանքները, որպես կանոն, կապված էին ամերիկյան մշակույթում աֆրոամերիկացի կանանց ընդունման հետ[5]։
1980-ական և 1990-ական թվականների ընթացքում Սիմփսոնը մի քանի անհատական ցուցահանդեսներ է անցկացրել ողջ Միացյալ Նահանգներում, և նրա անունը դարձել է ֆոտոտեքստային աշխատանքի հոմանիշը։ Իր վաղ աշխատանքներում փորձել է աֆրոամերիկացի կանանց պատկերել այնպես, որ դա նվաստացուցիչ կամ իրական պատկերում չլինի[11]։ Նրա աշխատանքի վրա ազդեցություն են ունեցել այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Դեյվիդ Համոնսը, Ադրիան Փայփերը և Ֆելիքս-Գոնսալեքս Տորեսը, ինչպես նաև գրողներ Իսմայել Ռիդը, Լենգսթոն Հյուզը, Նտոզակե Շենգը, Էլիս Ուոկերը և Թոնի Մորիսոնը։ 1985 թվականին Սիմփսոնը ստացել է Արվեստի ազգային կրթաթոշակ, իսկ 1990 թվականին դարձել է Վենետիկի բիենալեին մասնակցած առաջին աֆրոամերիկուհին[12]։ Նաև առաջին աֆրոամերիկացին է, որը Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում անցկացրել է Projects 23 անհատական ցուցահանդեսը։ 1990 թվականին Սիմփսոնը ցուցահանդեսներ է ունեցել մի քանի խոշոր թանգարաններում, այդ թվում՝ Դենվերի գեղարվեստի թանգարանում և Պորտլենդի գեղարվեստի թանգարանում։ Միևնույն ժամանակ, նրա աշխատանքները ներկայացվել են The Decade Show: Frameworks of Identity in the 1980s ցուցահանդեսում, որը կազմակերպել էին Իսպանիայի ժամանակակից արվեստի թանգարանը, Ժամանակակից արվեստի նոր թանգարանը և Հարլեմի ստուդիայի թանգարանը։ Սիմփսոնը օգտագործել է մի շարք տեխնիկաներ, այդ թվում՝ 2D լուսանկարչություն, մետաքսագրություն մեծ թաղիքե վահանակների վրա, ինստալյացիա և վիդեոարտ, օրինակ՝ Call Waiting (1997):
1992 թվականի ավարտին Սիմփսոնն սկսել է աստիճանաբար հեռանալ ֆիգուրատիվիզմից և իր ուշադրությունը գրավել են ավելի լայն գեղագիտական խնդիրներ։ Նա պահպանել էր հետաքրքրությունը մարդկային մարմնի նկատմամբ, բայց փորձել է լուծել ստեղծագործական խնդիրները՝ առանց պատկեր կազմելու[13]։ 1997 թվականին Սիմփսոնը դրամաշնորհ է ստացել Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում գտնվող Wexner արվեստի կենտրոնից, որտեղ ցուցադրել է իր լուսանկարչական աշխատանքները։ 2000-ական թվականներին սկսել է տեսաֆիլմեր ստեղծել՝ դիտողների և քննադատների սպասելիքների պատճառով առաջացած ստեղծագործական ճգնաժամից խուսափելու համար։ 2001 թվականին Սիմփսոնը ստացել է Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի մրցանակը, իսկ 2007 թվականին նույն թանգարանում նրա աշխատանքները ներկայացվել են հետադարձ ցուցահանդեսում` նվիրված իր գործունեության 20-ամյակին[5][14]։ Տարիներ շարունակ Սիմփսոնի աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Ժամանակակից արվեստի նոր թանգարանում, Մայամիի Պերես արվեստի թանգարանում, Ուոլքեր արվեստի կենտրոնում, Մինեապոլիսի արվեստի ինստիտուտում, Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարանում[15], Ուիթնի ամերիկյան արվեստի թանգարանում, Հարլեմի ստուդիայում և Վենետիկի բիենալեում[16]։ Իր առաջին եվրոպական ռետրոսպեկտիվ ցուցադրությունը բացվել է 2013 թվականին Փարիզի «Ժյո-դե-պոմ» պատկերասրահում, այնուհետև կայացել է Գերմանիայում, Անգլիայում և Մանչեսթերում[17][18][19][20]։ Սիմփսոնի աշխատանքները կարելի է գտնել Կալիֆոռնիայի և Չիկագոյի պատկերասրահներում, իսկ ավելի հազվադեպ Նյու Յորքի պատկերասրահներում։ Նա այն քիչ աֆրոամերիկացիներից մեկն է, ում աշխատանքները ցուցադրվել են Քուինսի ճամայկայական արվեստի կենտրոնում, այնուհետև նաև` Սոհոյի պատկերասրահում[13]։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Black America Again (ռեփեր Common-ի ալբոմի շապիկը) | |
Սիմփսոնի առաջին նկարները լայն հասարակությանը ներկայացվել են 2015 թվականին Վենետիկի 56-րդ բիենալեում, որից հետո ցուցադրվել են «Սալոն 94 Բոուերի»-ում[21][22]։
2016 թվականին Սիմփսոնը ստեղծել է ռեփեր Common-ի «Black America Again» ալբոմի շապիկը։ Նույն թվականին «In the Company of Women» գրքում մի հոդված ձոնված է եղել նրան։ «Վոգ» ամսագրի 2017 թվականի համարում Սիմփսոնը հրապարակել է տասնութ կնոջ դիմանկարների շարք` ներկայացնելով ստեղծագործական մասնագիտությունը։
2010-ական թվականների վերջին Լորնա Սիմփսոնն ընդլայնել է իր ստեղծագործականության սահմանները` ընդգրկելով նաև քանդակագործությունը[23]։ Երբ նրան հարցրել էին իր գործունեության մասին, նա պատասխանել է. «Ես միշտ անում էի ճիշտ այն, ինչ ցանկանում էի` անկախ նրանից, թե ինչ էր սպասվում առջևում։ Ես պարզապես հավատարիմ էի այս սկզբունքին, և արդյունքում ես ավելի երջանիկ դարձա։ Եվ ես չեմ կարող պատկերացնել, որպեսզի փորձեմ ինչ-որ կոնկրետ դիտողի դուրը գալ»[24]։
Սիմփսոնին 1980-ական թվականներին առաջին ճանաչումն են բերել լայնածավալ աշխատանքները, որոնք համատեղեւմ էին լուսանկարն ու տեքստը։ Դրանց թեման մարտահրավեր էր սեքսի, ինքնության, ցեղի, մշակույթի, պատմության և հիշողության վերաբերյալ ավանդական պատկերացումներին։ Առաջին հերթին Սիմփսոնը ձգտել է ճանաչել անհատական ինքնությունների և դրանց փոխկապակցվածության ստեղծագործության միջոցով։ Նա քաջ հայտնի է սևամորթ կանանց ինքնության վերաբերյալ իր աշխատանքով, թեև հետաքրքրված է նաև այլ ինքնություններով, ամերիկյան ինքնությամբ, ունիվերսալ կերպարներով և ունիվերսալությամբ[25]։ Սիմփսոնը երկիմաստություն է ավելացնում նաև իր գործին՝ թողնելով «խնդիրներ և հակասություններ, այնպես որ դիտողի ոչ բոլոր հարցերն են պատասխան ստանում»[26]։ Սիմփսոնի ստեղծագործությունների երկիմաստությունը հաճախ թույլ է տալիս հանդիսատեսին խորհել, ընկղմվել ստեղծագործության մեջ և բացահայտել լուրջ հարցեր, որոնք բարձրացնում է աշխատանքը։ Դրական է գնահատվում աշխատանքների հայեցակարգային բարդությունն ու սոցիալական ճշգրտությունը[27], ինչպես նաև քաղաքական հարցերի նկատմամբ ուշադրության գրավումը։ Սիմփսոնը, օգտագործելով կոնցեպտուալիզմի մեթոդները, հետազոտում է, թե ինչպես է մարդու կողմից աշխարհի իմացությունը կազմակերպված[28]։ Պատկերների կրկնությունը «մինիմալիստական լուսանկարներում»[29] և տեքստում ստեղծում է «տեքստի և պատկերի փոխազդեցություններ», որոնք «ապավինում են կրկնությանը՝ պարզելու ռասայականության տարբերությունը»[30]։ Հենվելով այդ սկզբունքների վրա՝ նկարչուհին ստեղծել է թաղիքի վրա տպագրված մեծածավալ լուսանկարներ, որոնք ցուցադրել են հանրային, բայց աննկատ սեռական կապերը։ Սիմփսոնը փորձեր է կատարել վիդեոարտի ոլորտում, որտեղ նրա ուշադրությունը գրավել է կառուցվածքային հաջորդականությունը[15][25]։ Առաջին աշխատանքը եղել է Call Waiting-ը։
Լուսանկարչական տեքստային աշխատանքներում ցուցադրվել են Սիմփսոնի 1989 թվականի Untitled (2 Necklines) սևամորթ կնոջ պարանոցի հատվածի երկու նույնական շրջանաձև լուսանկարներ։ Դրանց միջև ուղղահայաց շարքի սև ուղղանկյունների վրա սպիտակ տառերով գրված են հետևյալ բառերը․ ring, surround, lasso, noose, eye, areola, halo, cuffs, collar, loop։ Ամենաներքևում՝ կարմիր ֆոնի վրա, գրված է «feel the ground sliding from under you» (անգլ. թարգմանաբար՝ «զգա՝ ինչպես է հողը սահում ոտքերիդ տակից») արտահայտությունը, ինչը հստակ ակնարկում է լինչի դատաստանի մասին՝ չնայած, որ պատկերները մնում են անաղմուկ, ոչ առճակատող և էլեգանտ։
Նույն թվականին էլ Սիմփսոնն ստեղծել է Guarded Conditions աշխատանքը, որտեղ հավաքված են կնոջ լուսանկարներ՝ պոլարոիդով արված։ Յուրաքանչյուր նկարում կա միայն պատկերի մեկ հատված, որոնք միասին վերցրած կազմում են վեց կերպարների շարք։ Լուսանկարչի հայացքն ուղղված է թիկունքից, մինչդեռ մոդելի կեցվածքում վախ կա հնարավոր թշնամությունից, որը կարող է ենթադրվել սեռի և մաշկի գույնի պատճառով։ Լուսանկարների տակ գրված են խոցելիության զգացողությունն ուժեղացնող բառեր։ Կերպարանքի մասնատումը և սերիալիզացումը ոչնչացնում և հերքում է մարմնի ամբողջականությունն ու անհատականությունը։ Փորձելով հասկանալ աշխատանքը՝ դիտորդն առաջացնում է բախում սևամորթ կանանց պատմությունների հետ։ Շատ քննադատներ այս գործը կապում են ստրուկների աճուրդի հետ՝ որպես հիշեցում, որ սևամորթ «ստրկացած կանայք հանվել են մարդկային տառապանքների այն շրջանակից, որում նրանք սեռական և դրամական փոխանակման առարկաներ էին»։ Այս կանայք ստիպված էին կանգնել աճուրդի բլոկում և իրենց վաճառքի հանել։ Նրանք օբյեկտ, առարկա են դառնում, որոնք Սիմփսոնը հաճախ ներկայացնում է իր աշխատանքների կենտրոնում։
Չնայած Սիմփսոնի աշխատանքները հաճախ հիմնված են իր իսկ վերապրումների վրա, բայց երկար ժամանակ նա ինքնադիմանկարներ չի ստեղծել։ 2009 թվականին հայտնվել է 1957-2009 շարքը, որը ներառում էր 1957 թվականի «երիտասարդ աֆրոամերիկացի կանանց սև և սպիտակ լուսանկարներ փինապ ոճով», որոնք հակադրում էին ինքնադիմանկարներին, որոնցում Սիմփսոնը վերարտադրել էր ֆոնը և մոդելի դիրքը ներկայիս համատեքստում[31]։
Իր աշխատանքներում Սիմփսոնը հաճախ պատկերել է սևամորթ կանանց և պատկերներին տեքստ է ավելացրել, որպեսզի արտահայտի ժամանակակից հասարակության վերաբերմունքը ռասայական, էթնիկական և սեռային խնդիրների նկատմամբ։ Շատ աշխատանքներում մոդելների դեմքերը մգացված են, ինչի պատճառով դիտորդը չի ցանկանում նրանց նայել։ «Շրջված ֆիգուրներն» օգտագործվել են ոչ միայն «հայացքից հրաժարվելու» համար, այլև «պատկերված կնոջ անձնավորության ցանկացած ընկալումը մերժելու, ինչպես նաև դասակարգման փորձերը ոչնչացնելու և հուզական պրոյեկտման ոչնչացման համար, որոնք սովորաբար ուղեկցում են սևամորթ մարդու լուսանկարչական դիմանկարի ընկալումը»[32]։ Ենթադրվում է նաև, որ գործիչների այս նկարագրությունը «համապատասխանում էր 1980 թվականների և 1990 թվականների սերնդի լուսանկարչական պատկերացումն ընկալելու ձևին»[25]։ Գրաֆիկական տեքստի հետ համատեղ նույն դիմանկարի բազմակի օգտագործման միջոցով Սիմփսոնի «հակապատկերները» մեկնաբանվել են որպես սևամորթների մշակութային ասոցիացիաների գիտական դասակարգում[33]։
Սիմփսոնն իր աշխատանքներին ավելացրել է ձայնային տարրեր՝ ստեղծելով բազմաշերտություն և ընտրելով ստեղծագործության անհրաժեշտ երանգն ու տրամադրությունը։ Corridor տեսաինստալյացիայում, որտեղ մի կադրում համեմատվում են 1960 թվականից տանտիրուհին և 1860 թվականից սպասուհին, երաժշտությունն օգտագործվել է «երկու ժամանակահատվածների հետաքրքիր տեսողական միաձուլում» ստեղծելու համար[34]։ Երաժշտությունը երբեմն հանգստացնող է, երբեմն կտրուկ, վախեցնող և տագնապալի, ինչը հարաբերվում է պատումի հետ։ Լուսանկարներում և ֆիլմերում Սիմփսոնը հաճախ օգտագործել է անորոշ ավարտով պատումներ՝ ցանկանալով ենթադրություններ գրգռել։ Այդպես է արվել նաև Corridor-ի աշխատանքում, որտեղ «իրականում ոչինչ տեղի չի ունենում, դա պարզապես մի կին է առօրյա միջավայրում»։ Բայց դրսևորվող «տեքստուրան» սկսում է հանդիսատեսին պատմել այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, ստիպում է տալ «ի՞նչ է բացակայում նկարում» և «ի՞նչ է փորձում հաղորդել» հարցերը։ Այս բոլոր հարցերը սկսում են ստեղծել պայմաններ, «ժամանակային շրջանակներ» կամ «ժամանակաշրջաններ»՝ դրդելով հանդիսատեսին ստեղծել, պատկերացնել կամ հնարել պատմվածք և հասկանալ, որ «այդ մարդիկ ապրում են որոշակի քաղաքականապես կարևոր ժամանակաշրջանում»[35]։ Այնուհետև հանդիսատեսը կարող է վերաիմաստավորել այդ քաղաքական իրավիճակը՝ այն մեր օրեր տեղափոխելով, նա կարող է ասոցիացիաներ գտնել սեփական քաղաքական մթնոլորտի հետ։ Corridor-ի դեպքում, կանանց ամենօրյա կյանքը, մռայլ տրամադրությունը և մենակությունն ավելի շատ նմանություն ունեն, քան կարելի է ակնկալել։ Սիմփսոնը կրկին ուսումնասիրում է ինքնությունը և հաշվի է առնում անցյալն ու անցյալի ազդեցությունը ներկայի վրա։ Նա հետազոտում է ռասան և դասը, «ամերիկյան ինքնությունը և ռասայի կառուցվածքները»։
2009-2018 թվականներին Սիմփսոնը իր այդ ժամանակվա ամուսնու՝ Ջեյմս Կազեբերի հետ բաժանել է քառահարկ ընկերությունը․ շենքը Դեյվիդ Աջայեի առաջին ավարտված նախագիծն էր Միացյալ Նահանգներում[36]։ 2014 թվականին նա երեք շաբաթ անցկացրել է Փամելա Ջոյների կալվածքում՝ Կալիֆոռնիա նահանգի Սոնոմա քաղաքում[7]։ 2018 թվականին տեղափոխվել է Նյու Յորքի նախկին ռազմածովային նավաշինարանի շրջանում գտնվող նոր ստուդիա[6][37]։
Նույն թվականին Սիմփսոնը հեռացել է «Salon 94» պատկերասրահից, որի հետ երկար ժամանակ համագործակցել է Hauser & Wirth պատկերասրահում[7]։
Ներկայումս ապրում և աշխատում է Բրուքլինում[38]։ 2007 թվականից 2018 թվականն ամուսնացած է եղել իր նկարիչ ընկերոջ՝ Ջեյմս Կազեբերի հետ[7]։ Նրանք ունեն դուստր՝ նկարիչ և բլոգեր Զորա Կազեբերը[39]։ Դստեր ինստագրամյան էջը հիմնականում մազերի խնամքի և բնական դիմահարդարման մասին է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.