From Wikipedia, the free encyclopedia
Թոմ Ուեյթս (անգլ.՝ Tom Waits, դեկտեմբերի 7, 1949[1][2][3][…], Պոմոնա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ, կոմպոզիտոր, դերասան։ Իր կարիերայի սկզբում Ուեյթսը համատեղում էր այնպիսի ժանրեր, ինչպիսիք էին ջազը, բլյուզը և ֆոլկը (ոչ այնքան շատ)։ Սկսած 1980-ական թվականներից՝ նա այս կամ այն չափով նվագում է էքսպերիմենտալ ռոք՝ ինդաստրիալի, դարք կաբարեի և ավանգարդային ջազի տարրերով[5]։ Նրան բնորոշ են թատերականությունը, զավեշտալի ներկայացումները և երգերի կատարման հատուկ ձևը, որ երգեցողության ու ասերգության խառնուրդ է[6]։ Թոմն ունի յուրօրինակ խռպոտ ձայն, որը քննադատ Դենիել Դաչհոլոզի կողմից բնութագրվել է այսպես. «Նա կարծես խցկված է եղել բուրբոնի տակառի մեջ, նրան կարծես մի քանի ամիս թողել են ծխով լցված սենյակում, իսկ հետո, երբ հանել են, մեքենայով անցել են նրա վրայով»[7]։
Թոմ Ուեյթս | |
---|---|
Բնօրինակ անուն | Tom Waits |
Ի ծնե անուն | Թոմաս Ալան Ուեյթս |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1949[1][2][3][…] (74 տարեկան) Պոմոնա, Պոմ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Էքսպերիմենտալ ռոք, ջազ, բլյուզ |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, կոմպոզիտոր |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ, դաշնամուր, կիթառ, չելեստա |
Լեյբլ | Asylum Records, Island Records, ANTI- Records |
Կրթություն | O'Farrell Community School?, Hilltop High School? և Southwestern College? |
Ամուսին | Kathleen Brennan? |
Պարգևներ | |
Կայք | tomwaits.com/ |
Tom Waits Վիքիպահեստում |
Նրա երգերը պատմություններ են, որոնք հաճախ պատմվում են առաջին դեմքից[8]։ Ուեյթսը եղել է այնպիսի կինոնկարների կոմպոզիտոր, ինչպիսիք են Ջիմ Ջարմուշի «Գիշերը Երկրի վրա» և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ի սրտե» ֆիլմերը։ Վերջինիս սաունդթրեքի համար նա առաջադրվել է Օսկարի[9]։ Bone Machine և Mule Variations ալբոմների համար նա արժանացել է Գրեմմիի[10][11]։ 2011 թվականին ընդգրկվել է Ռոք'ն'ռոլլի փառքի սրահում իր կոլեգա Նիլ Յանգի հետ[12]։ Ներկայում ապրում է Կալիֆոռնիա նահանգի Սոնոմա շրջանում իր կնոջ՝ Քեթլին Բրեննանի, աղջկա՝ Քելլսիմոնի և տղաների՝ Քեյսի ու Սալլավանի հետ[13]։
Ես ծնվել եմ տաքսու հետևի նստատեղին։ Ես լույս աշխարհ եմ եկել չսափրված և գոռացել. «Ես պետք է հասնեմ Թայմս Սքվեր, քշիր ողջ արագությամբ[14]»:
Թոմ Ուեյթսը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Պոմոնա քաղաքի Park Avenue հիվանդանոցում 1949 թվականի դեկտեմբերի 7-ին ուսուցիչների ընտանիքում։ Նրա հայրը՝ Ջեսսի Ֆրենկ Ուեյթսը, ուներ շոտլանդաիռլանդական արմատներ, մայրը՝ Ալմա Ջոնսոն ՄաքՄյուրրերը՝ ամերիկանորվեգական[15]։ 1960 թվականին Թոմի ծնողները բաժանվեցին, որից հետո նա իր մայրիկի հետ տեղափոխվեց Լոս Անջելես շրջանի Ուիթթեր քաղաք, այնուհետև՝ Նեշնլ-Սիթի, որ գտնվում է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանից ոչ հեռու[15]։
1965 թվականին, երբ սովորում էր Սան-Դիեգո շրջանի Չուլա-Վիսթա քաղաքի միջնակարգ դպրոցում, Ուեյթսը սկսեց նվագել ռիթմ-ն-բլյուզ/սոուլ The Systems խմբում և աշխատել Napoleone Pizza House-ում, որը հետագայում հիշատակվում է Small Change («I Can’t Wait to Get Off Work») և The Heart of Saturday Night («The Ghosts of Saturday Night (After Hours at Napoleone’s Pizza House)») ալբոմներում[16]։
Հինգ տարի անց Ուեյթսը՝ որպես բեռնակիր, սկսեց աշխատել Սան-Դիեգոյի գիշերային ակումբներից մեկում, որտեղ կարողանում էր լսել տարբեր ժանրեր նվագող երաժիշտների կատարումները։ Այնտեղ էլ նա տվեց իր առաջին վճարվող համերգը։ Լինելով Բոբ Դիլանի, Ջեք Քերուակի, Լուի Արմսթրոնգի, Հաուլին Վուլֆի և Չարլզ Բուկովսկու երկրպագու՝ Թոմը սկսեց ստեղծել իր ինքնատիպ երաժշտական ոճը[17]։
ԱՄՆ-ի առափնյա անվտանգությունում ծառայելուց հետո Ուեյթսը վերադարձավ Լոս Անջելես և սկսեց աշխատել Troubadour ակումբում, որտեղ երաժիշտները հերթագրվում էին գիշերային համերգ տալու համար։ Թոմը բնակություն հաստատեց Լոս Անջելեսի շրջակայքում գտնվող Echo Park-ում, որտեղ նրանից բացի ապրում էին Eagles-ի անդամ Գլեն Ֆրայը, Ջեքսոն Բրաունը և Ֆրենկ Զապը։ Երաժիշտը ծանոթացավ պրոդյուսեր Հերբ Քոհենի հետ և ձայնագրեց մի քանի դեմո, որոնք թողարկվեցին The Early Years հավաքածուում։ Քոհենի աջակցությամբ նա Asylum Records-ի հետ կնքեց իր առաջին պայմանագիրը[18]։
1972 թվականին Ուեյթսը պայմանագիր կնքեց Asylum Records լեյբլի հետ[18] և մի քանի անհաջող ելույթներից հետո ի վերջո ձայնագրեց իր առաջին՝ Closing Time ալբոմը, որը ջազի և ֆոլկի համադրություն էր։ Նա Ջերրի Եսթերի The Lovin' Spoonful խմբի անդամ էր, որից դուրս եկավ 1973 թվականին և արժանացավ քննադատների դրական արձագանքին։ Թոմն սկսես իր առաջին շրջագայությունները, որոնց ընթացքում նա հիմնականում ելույթ էր ունենում Martha and the Vandellas-ի, Չարի Ռիչի և Ֆրենկ Զապի համերգներից առաջ։ Մեկ տարի անց թողարկվեց «Closing Time» ալբոմի տրամաբանական շարունակությունը՝ «The Heart of Saturday Night»-ը, որը 2003 թվականին ընդգրկվեց «Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմներն ըստ Rolling Stone-ի» ցանկում[19]։
1975 թվականին Ուեյթսը տեղափոխվեց Սանտա-Մոնիկա բուլվարում գտնվող Tropicana մոթել և թողարկեց Nighthawks at the Diner պայմանականորեն համերգային ալբոմը, որը ձայնագրվել էր ստուդիայում՝ քիչ հանդիսատեսի ներկայությամբ[20]։ Nighthawks at the Diner ալբոմին բնորոշ են Թոմի երկար մենախոսութունները, ինչպես միջերգերը։ 1975-ը և հաջորդ թվականները ծանր էին երաժիշտի համար։ Նա ապրում էր հյուրանոցներում, վատ էր սնվում և խմում էր չափազանց շատ։
Թոմի՝ ծանր կյանքով ապրող արկոհոլիկ երաժիշտի համբավը վերջնականապես հաստատվեց, երբ թողարկվեց նրա ցինիկ-պեսսիմիստական Small Change ալբոմը, որում տեղ էին գտել այնպիսի երգեր, ինչպիսիք էին՝ «The Piano Has Been Drinking» («Հարբեցող դաշնամուրը») և «Bad Liver and a Broken Heart» («Հիվանդ լյարդը ու կոտրված սիրտը»)[21]։ Չնայած դրան, Small Change-ի առևտրային ու քննադատական հաջողությունները գերազանցեցին նրա մնացած բոլոր աշխատանքներին։ Այդ ալբոմը առաջինն էր, որ տեղ գտավ Billboard 200 հիթ-շքերթում. Թոմի համար այսպիսի հաջողություն կրկնվեց միայն 1999 թվականին, երբ թողարկվեց Mule Variations-ը[22]։ Billboard -ում հաջողությունից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են Time-ը, Newsweek-ը և Vogue-ը։ Թոմը հավաքեց երաժիշտների խումբ և սկսեց ամեն գիշեր համերգներ տալ։
1977 թվականին թողարկվեց Foreign Affairs ալբոմը, որը տոգորված էր վերջին ալբոմի ոգով, սակայն գեղարվեստականորեն ավելի հստակ էր, ջազն ու բլյուզը՝ ավելի զգալի[23]։ 1978 թվականին Թոմն առաջին անգամ հայտնվեց կինոաշխահում՝ խաղալով փոքրիկ դեր «Դրախտային ճանապարհը» ֆիլմում, որում նկարահանվել է նաև Սիլվեստր Ստալոնեն։
Asylum Records լեյբլով 1980 թվականին լույս տեսավ Heartattack and Vine ալբոմը։ Այնտեղ ավելի շատ են նկատելի բալլադները, նաև փոքր-ինչ զգացվում է կոպիտ ռիթմ-ն-բլյուզի ազդեցությունը[24]։ Տասնամյակի վերջում Թոմն սկսեց աշխատել Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի հետ և ձայնագրեց սաունդթրեք նրա «Ի սրտե» ֆիլմի համար։ Նա առաջադրվեց Օսկարի լավագույն երաժշտության համար[25]։
Ձեռքերը կարծես շներ լինեն, որոնք գնում են այնպիսի տեղեր, որտեղ արդեն եղել են։ Պիտի զգույշ լինես, երբ խաղը դադարում է տեղի ունենալ գլխում և անցնում է մատներին։ Պետք է պոկել մատներից իրենց սովորությունները, կամ էլ երաժշտական ուսումնասիրությունները կվերջանան, և կսկսվի ստանդարտ, հաճելի երաժշտության խաղը։ Ես փորձում եմ հաղթահարել սովորությունները՝ նվագելով ինձ անծանոթ երաժշտական գործիքներ, օրինակ՝ ֆագոտ կամ վոտերֆոն։
1980 թվականի օգոստոսին Ուեյթսն ամուսնացավ Կեթլին Բրենանի հետ, ում հանդիպել էր «Ի սրտե» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Asylum Records-ից հեռանալուց հետո լեյբլը թողարկեց նրա երեք հավաքածուները՝ Bounced Checks, որը ընդգրկում էր հայտնի երգերի հազվադեպ տարբերակներ, և Anthology of Tom Waits-ը և Asylum Years-ը՝ լավագույն երգերի երկու հավաքածուները։ Ուեյթսը երեք փոքր դեր կատարեց Կոպոլլայի «Վտարվածները», «Թպրտացող ձուկը» և «Քոթթոն ակումբը» ֆիլմերում։
1983 թվականին երաժիշտը պայմանագիր կնքեց Island Records լեյբլի հետ[26], որը թողարկեց նրա ութերորդ ալբոմը՝ Swordfishtrombones-ը։ Ալբոմում գրեթե չեն հնչում դաշնամուր ու կիթառ. Թոմը գերադասել է շատ քիչ տարածված, տարօրինակ ձայներ հանող երաժշտական գործիքներ[27]։ «Swordfishtrombones» ալբոմում հնչում են այնպիսի երաժշտական գործիքներ, ինչպիսիք են մարիմբան, երգեհոնը և Շտրոխի ջութակը։ Այդ ամենի հետևանքով՝ Թոմը գործիքների այդպիսի հավաքածուն անվանեց «Junkyard Orchestra»: Ուեյթսի երգերը նույնպես կրեցին արմատական փոփոխություններ։ Բալլադներին փոխարինելու եկան ռումբայի, տանգոյի, կաբարայի ոճով երգեր[28]։
Էքսպերիմենտալ երաժշտության հոսքը զգացվեց նաև 1985 թվականին թողարկված «Rain Dogs» ալբոմում, որը արժանացավ քննադատների հիացական արձագանքներին[29]։ Rolling Stone ամսագրի կողմից կազմված «1980-ականների լավագույն 100 ալբոմների» ցանկում այն զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը[30], նաև ընդգրկվեց «Բոլոր ժամանակների 500 մեծագույն ալբոմների» ցանկում[31]։ «Rain Dogs» ալբոմի համար Ուեյթսն օգտագործել էր մարիմբա, ակորդեոն, կոնտրաբաս, տրոմբոն և բանջո։ Ալբոմի ստեղծման մեջ իրենց ներդրումն են ունեցել կիթառահարներ Մարկ Ռիբոն, Ռոբերտ Կուայնը և Կիտ Ռիչարդսը։ «Downtown Train» երգի համար նկարահանվեց Թոմի առաջին երաժշտական տեսահոլովակը[32]։
Մի անգամ Ջարմուշն ինձ ասաց. «Արագ, էժան և լավ. այս երեքից միշտ պետք է ընտրել երկուսը։ Եթե արագ և էժան, ուրեմն երբեք չի կարող լավը լինել։ Եթե այն էժան է և լավը, երբեք չի ստացվի արագ։ Իսկ եթե լավն է ու արագ, ապա երբեք՝ էժան։ Բայց հիշիր՝ այս երեքից միշտ պետք է ընտրել միայն երկուսը։
1986 թվականին Ուեյթսը և Բրենանը միասին բեմադրեցին «Franks Wild Years» մուզիքլը, որը հետագայում թողարկվեց ստուդիական ալբոմով։ Պրեմիերան կայացավ Չիկագոյի Steppenwolf թատրոնում. գլխավոր դերը կատարում էր Թոմը[33]։ Նույն թվականին նա շարունակեց դերասանական կարիերան՝ Ջոն Լուրիի և Ռոբերտո Բենինյիի հետ խաղալով Ջիմ Ջարմուշի «Օրենքից դուրս» ֆիլմում, որում հնչում էին «Rain Dogs» ամբոմի երգերից երկուսը՝ «Jockey Full of Bourbon» և «Tango Till They’re Sore»: Թոմը հետագայում շարունակեց համագործակցել նրանց հետ։
«Franks Wild Year» ալբոմը, որը երրորդն էր տրիլոգիայի մեջ, թողարկվեց 1987 թվականին Un Operachi Romantico in Two Acts (Ռոմանտիկ օպերա երկու գործողությամբ) ենթավերնագրով։ Մեկ տարի անց թողարկվեց երկրորդ համերգային ալբոմը՝ Тома Big Time-ը, որ կազված էր Island Records-ի երեք ալբոմների ընտրյալ երգերից։ Թողարկվեց նույնանուն սյուրռեալիստական ֆիլմ-համերգը[34]։ Երաժիշտը նաև խաղաց «Սառը ոտքեր» սև կոմեդիայի գլխավոր դերերից մեկը, երկրորդական դեր խաղաց «Ուղտափուշ» ֆիլմում, որում նկարահանվել էր նաև Ջեք Նիկոլսոնը, և ձայնագրեց «Sea of Love» երգը՝ Ալ Պաչինոյի մասնակցությամբ «Սիրո ծովը» ֆիլմի համար[35]։ Ավարտելով տասնամյակը՝ Ուեյթսը մասնակցեց Ջարմուշի «Հանելուկային գնացքը» ֆիլմի ստեղծմանը, որտեղ նրա ձայնով խոսում էր ռադիո-DJ-ը[36]։
1990 թվականի մարտի 31-ին կայացավ «The Black Rider: The Casting of the Magic Bullets» ներկայացման պրեմիերան, որի ռեժիսորն էր Ռոբերտ Ուիլսոնը, սցենարի հեղինակը՝ Ուիլիամ Բերրոուզը, իսկ Թոմ Ուեյթսը հեղինակել էր ներկայացման երաժշտությունը՝ ոգեշնչված Բերթոլդ Բրեխտի և Կուրտ Վայլյաի արվեստից[37]։ Դրան հաջորդեց Primus Sailing the Seas of Cheese խմբի ալբոմում Tommy the Cat կերպարի ձայնով հայտնվելը, ինչը սկիզբ հանդիսացավ խմբի լիդեր Լես Կլեյպուլի հետ համագործակցության, Ջարմուշի «Գիշերը Երկրի վրա» ֆիլմի սաունդթրեքի ձայնագրման և Թերրի Գիլլիամի «Ձկնորս թագավորը» ֆիլմում էպիզոդիկ դեր ունենալու համար։
1992 թվականին՝ հինգ տարվա ընդմիջումից հետո, թողարկվեց նոր ստուդիական ալբոմ՝ «Bone Machine», որում գերակշռում են հարվածային գործիքներն ու կիթառը և քիչ հնչում են դաշնամուր ու սաքսոֆոն։ Թոմն այդ ալբոմի համար առաջին անգամ ստացավ Գրեմմի[38]։ Դեկտեմբերի 19-ին կայացավ նրա և Ուիլսոնի երկրորդ համատեղ ներկայացման՝ «Alice»-ի պրեմիերան, որը Լուիս Քերոլի «Ալիսան Հրաշքների աշխարհում» և «Ալիսան հայելիների աշխարհում» ստեղծագործությունների ադապտացիան էր։ «Alice»-ի երաժշտությունը թողարկվեց Թոմ Ուեյթսի նույնանուն ալբոմում[39]։ 1992 թվականին Թոմը երկրորդ պլանի դեր խաղաց Կոոլայի «Դրակուլա» ֆիլմում՝, որում նկարահանվել են նաև Գարի Օլդմենը, Վայնոնա Ռայդերը, Կիանու Ռիվզը և Էնթոնի Հոփքինսը։
«The Black Rider» ստուդիական ալբոմը թողարկվեց մեկ տարի անց։ Այն ընդգրկում էր Ուիլսոնի և Բերրոուզի պիեսների մոտիվներով գրված երգեր։ Ուեյթսը դեր ստացավ նաև Ռոբերտ Օլտմենի «Կարճ պատմություններ» ֆիլմում՝ արժանանալով Ոսկե գլոբուս մրցանակի լավագույն դերասանական անսամբլ անվանակարգում, և Իգիի Պոպի հետ նկարահանվեց Ջիմ Ջարմուշի «Ինչ-որ տեղ Կալիֆոռնիայում» ֆիլմում, որը «Սուրճ և ծխախոտներ» ֆիլմի հետ էկրան բարձրացավ 2003 թվականին։ 1993 թվականից հետո Ուեյթսի կարիերայում ամեն ինչ ընթացավ հանգիստ։ 1997 թվականին նա Կեթլին Բրենանի հետ «Բաննի» մուլտֆիլմի համար ձայնագրեց կարճ երգ, որն արժանացավ Սատուրն մրցանակի որպես լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ[40]։
Կինս ինձ ավանակ է անվանում։ Մի անգամ նա ասաց. «Ես մարդու հետ չեմ ամուսնացել, այլ ավանակի»։ Իսկ ես մտածեցի. «Լավ վերնագիր է ալբոմի համար[14]»:
1998 թվականին լրացավ Ուեյթսի և Island Records-ի պայմանագրի ժամկետը, և լեյբլը թողարկեց նրա «Beautiful Maladies» երգերի հավաքածուն։ Մեկ տարի անց թողարկվեց նրա տասներկուերորդ ստուդիական ալբոմը՝ «Mule Variations»-ը, որն առաջինն էր ANTI-Records լեյբլով[41]։ Ալբոմը հաջողության հասավ Billboard 200-ում, ստացավ Գրեմմի և ընդգրկվեց «Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմներն ըստ Rolling Stone-ի» ցանկում[42][43]։
2002 թվականին միաժամանակ թողարկվեցին երկու ալբոմներ՝ Alice և Blood Money, որոնց հիմքում ընկած էին Ուեյթսի ու Ուիլսոնի արդեն մեկ տասնամյակ հնություն ունեցող թատերական աշխատանքները[44]։ «Alice»-ը հիմնված է Քերոլի «Ալիսան...» գրքի վրա, իսկ «Blood Money»-ը՝ Գեորգ Բյուհների «Վոյցեկե» աշխատանքի վրա։
Real Gone թվով տասնհինգերորդ ալբոմը թողարկվեց 2004 թվականին։ Այս ալբոմում բացակայում են թատերական էքսպերիմենտները, գործնականում իսպառ բացակայում է դաշնամուրը։ Harp ամսագրի կողմից «Real Gone»-ը ճանաչվել է 2004 թվականին լավագույն ալբոմ։ Երկարատև դադարից հետո Թոմը նկարահանվեց Ռոբերտո Բենինյիի «Վագրը և ձյունը» ֆիլմում, որտեղ կինոնկարի սկզբում կատարում է «You Can Never Hold Back Spring» բալլադը։
2006 թվականի նոյեմբերին թողարկվեց «Orphans» եռակի ալբոմը (Brawlers, Bawlers & Bastards), որը ներառում էր եզակի, նախկինում երբեք չկատարված, ինչպես նաև լիովին նոր երգեր[45]։ Առաջին սկավառակն ընդգրկում է լավատեսական ռոքային ու բլյուզային հավաքածու, երկրորդը՝ ողբերգական բալլադներ և ռոմանսներ, իսկ երրորդը չունի հստակ կատեգորիա և պարունակում է երաժշտական էքսպերիմենտներ[46]։ «Orphans»-ը 2006 թվականի լավագույն ալբոմներից մեկն էր՝ ըստ Metacritic կայքի[47]։
2009 թվականի վերջում Թոմ Ուեյթսն ստանձնեց Թերրի Գիլլիամի «Դոկտոր Պարնասի երևակայությունը» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմի նկարահանումները սկսվել էին դեռևս 2007 թվականին, սակայն հետաձգվեցին Հիթ Լեդջերի ողբերգական մահվան պատճառով. նա գլխավոր դերակատարն էր[48] : Այնուամենայնիվ ֆիլմը ավարտին հասցվեց Լեդջերին փոխարինող մի քանի դերասանների օգնությամբ։
Տասնամյակը Ուեյթսըն սկսեց «Իլայաի գիրքը» ֆանտաստիկ ֆիլմում նկարահանվելով և Ռոբերտ Ուիլսոնի և իռլանդացի դրամատուրգ-ռեժիսոր Մարտին ՄաքԴոնահի նոր ներկայացման աշխատանքներին մասնակցելով։ Վերջինս հայտնի է «Բրյուգում» ֆիլմով[49]։ Նոյեմբերին երաժիշտը ավարտին հասցրեց 23 բանաստեղծություն ընդգրկող գիրքը՝ «Seeds on Hard Ground»՝ ոգեշնչված Մայքլ Օ'Բրայենի՝ անտունների պատկերող կտավներից[50]։ Գրքի շնորհանդեսից առաջ կազմակերպվեց բարեգործական ակցիա՝ Կալիֆորնիայում ապրող անտուններին օգնելու համար։
2011 թվականի փետրվարի 9-ին հրապարակվեց Թոմ Ուեյթսին Ռոք'ն'ռոլլի փառքի սրահում ընդգրկելու մասին։ Արարողությունը կայացավ մարտի 14-ին Մանհեթենի Waldorf-Astoria հյուրանոցում[51]։ Դեպի Փառքի սրահ Ուեյթսին առաջնորդեց իր կոլեգան՝ Նիլ Յանգը։ Թոմը պարգևն ընդունեց իրեն բնորոշ հումորով՝ նկատելով. «Ասում են՝ ես հիթեր չունեմ, ու ինձ հետ անհնար է աշխատել... կարծես թե դա վատ է[52]»:
2011 թվականի հոկտեմբերի 25-ին թողարկվեց վերջին յոթ տարիների ընթացքում Թոմի առաջին ստուդիական ալբոմը՝ «Bad as Me»[53]: Այն զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը Billboard 200-ում ու 9-րդ տեղը Mojo ամսագրի կազմված «2011 թվականի լավագույն 50 ալբոմների» ցանկում[54] և արժանացավ քննադատների միաշանակ դրական գնահատականին[55][56][57]։ 2011 թվականի վերջում նա մասնակցեց Կոպոլլայի «Միջև» ֆիլմի նկարահանումներին՝ կատարելով կադրից դուրս գտնվող հեղինակի դերը[58]։ Դրանից հետո էկրան բարձրացավ ՄաքԴոնահի «Վեց հոգեկան հիվանդները» ֆիլմը, որտեղ երաժիշտը կատարում էր երկրորդ պլանի դերերից մեկը[59]։ 2013 թվականին Թոմ Ուեյթսը Կիտ Ռիչարդսի հետ ձայնագրեց Shenandoah երգը[60]։ 2015 թվականի մայիսին նա հայտնվեց «Ուշ երեկո Դեյվիդ Լեթերմանի հետ» հաղորդման ուղիղ եթերում՝ երգելով «Take One Last Look» նոր երգը՝ նվիրված Լեթերմանին, որը որոշել էր լքել եթերը[61]։ 2016 թվականին Ուեյթսը ձայնագրեց երկու նոր երգ («The Soul of a Man» և «John the Revelator») «God Don’t Never Change» ալբոմի համար[62]։
Մեր օրերում արտիստի համար լավագույն մրցանակը, որը մեր մշակույթը կարող է տալ նրան, համարվում է գովազդում հայտնվելու իրավունքը. ինչ-որ հիմարություն մռլտալ նոր մեքենայի թափքից։ Նման սրիկայական պատվից ես միշտ հրաժարվում եմ հաստատապես ու միանգամից։
Առևտրական գովազդներում Թոմ Ուեյթսն արգելում է օգտագործել իր երգերը։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա անընդհատ դատական խնդիրների մեջ է եղել այն ընկերությունների հետ, որոնք իր նյութերն օգտագործել են առանց թույլտվության։
Առաջին անգամ Թոմը դատի տվեց Frito-Lay-ին 1988 թվականին։ Ընկերությունը դիմել էր Թոմին՝ խնդրելով օգտագործել «Step Right Up» երգը, սակայն անմիջապես մերժում էր ստացել։ Այդ ժամանակ ընկերությունը գտել էր ինչ-որ երաժիշտի, որը ձայնագրել էր նմանատիպ երգ։ Ուեյթսը հաղթեց դատավարությունը՝ ստանալով 2 380 000 դոլլար փոխհատուցում և դառնալով առաջինը այն երաժիշտներից, որոնք հաղթել էին նմանակին օգտագործելու համար սկսված դատավարությունում[63]։
1993 թվականին Levi Strauss ընկերությունն իր գովազդում օգտագործել է Թոմի «Heartattack and Vine» երգը Սքրիմին Ջեյ Հոքինսի կատարմամբ։ Թոմը դատի տվեց ընկերությանը, բայց վերջինս կարողացավ խուսափել պատասխանատվությունից՝ երաժիշտից ներում խնդրելով Billboard ամսագրի էջերում և խոստանալով դադարեցնել երգի օգտագործումը[64]։
2000 թվականին Frito-Lay-ի հետ կատարված դեպքը կրկնվեց։ Այս անգամ Թոմին դիմել էր Audi-ն՝ խնդրելով օգտագործել իր գովազդում «Innocent When You Dream» երգը Franks Wild Years ալբոմից, և մերժում ստանալուց հետո օգտագործել էր նմանատիպ երգ։ Թոմը շահեց դատը՝ ստանալով փպխհատուցում հեղինակային իրավունքների խախտման համար[65]։
Հինգ տարի անց Ուեյթսին առաջարկեցին երգել Opel ընկերության սկանդինավյան գովազդի համար։ Մերժում ստանալով՝ ընկերությունը Թոմին նմականկող երաժիշտ գտավ։ 2007 թվականին Թոմը կրկին շահեց դատը՝ փոխհատուցումը օգտագործելով բարեգործական նպատակներով[66]։
Սակայն երաժիշտի կենսագրությունում կա դատական պրոցես, որը կապված չէ գովազդի հետ։ 1977 թվականին Լոս Անջելեսի Duke’s Tropicana Coffee Shop շրջանում երկու ոստիկանների կողմից նա ձերբակալվել է հասարակական կարգի խախտման համար։ Դատարանը նրան ճանաչեց անմեղ, որից անմիջապես հետո Թոմը դատի տվեց Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքին՝ շահելով 7500 դոլլար փոխհատուցում[67]։
Ես սիրում եմ Թոմ Ուեյթսին։ Թոմը Ուեյթսն ամենազվարճալի մարդն է, նա հրաշալի դերասան է։ Հրաշալի կոմպոզիտոր։ Մեծ դերասան։ In the Cold Cold Ground, о-о-о-о-у-у-у <…> պտտվում է իմ ուղեղում։ Հիրավի, նա աներևակայելի է։
Բնօրինակ տեքստ (անգլ.)I love Tom Waits. Tom Waits is the coolest guy around, he's good actor. Really good songwriter. Really great entertainer. In the Cold Cold Ground, o-o-o-o-h-h-h <...> This at the top of my head. Anywhere, he's great.
Եթե Ջեքսոն Պոլլոքը երգել իմանար, նա կերգեր ինչպես Թոմ Ուեյթսը[69]։ |
Մաք Մոնտադոնը, որը թղթակցում էր այնպիսի ամսագրերի, ինչպիսիք են The New York Times-ը, Details-ը և Radar Online-ը, Թոմ Ուեյթսին համարում է ամենապաշտելին ժամանակակից պաշտելի երաժիշտների շարքում, որը միշտ քայլել է ոչ թե հոսանքին հակառակ կամ նրա ուղղությամբ. այլ նրա համար ոչ մի հոսանք գոյություն չի ունեցել։ Մոնտադոնը նշում է, որ 1970-ականներին, երբ լայն տարածում էին գտնել գլեմ-ռոքը ու մարզադաշտային պաթոսը, Ուեյթսը ջազ նվագակցությամբ բալլադներ էր երգում դժբախտ սիրո մասին՝ մարմնավորելով քաղաքային սերն ու ռոմանտիկան։ Ինչպես նաև 1980-ականներին, երբ ամենուր իշխում էր անհոգի փոփ երաժշտությունը, Թոմը դիմեց արթ-հաուս կաբարե ռադիոալիքին՝ սկսելով ստեղծել սեփական երաժշտական գործիքները։ Իսկ 1990-ականներին նա անառարկելիորեն դարձավ ժամանակի ազատ, սեփական սկզբունքներով ստեղծագործող էտալոններից մեկը։
Պատրիկ Համֆրիզը՝ երաժշտական քննադատ, որը New Musical Express-ի, Melody Maker-ի, The Guardian, Mojo-ի լրագրող է և Բոբ Դիլանի, Նիք Դրեյքի, Վան Մորիսոնի, The Beatles-ի, Simon and Garfunkel-ի, Pink Floyd-ի և ուրիշ շատերի մասին գրքերի հեղինակ, Թոմին բնութագրել է իբրև փշավոր ու երկարալեզու, ինքնահավան ու սրիկա մի մարդու, ով, չնայած դրան, երկար տարիներ մարդկանց իսկական ուրախություն է պատճառել։ Նրա երևակայությունը Վայոմինգ նահանգի չափերն ունի, խոսքերը բուժելու կարողությունը Մեծ կիրճի նման անսահման է, իսկ ստեղծագործական մոտեցումը՝ Միսիսիպիի նման ոլորապտույտ ու քմահաճ։ Ոչ ոք չի կարող համեմատվել Թոմի հետ։ Երբեք չի կարողացել և երբեք չի կարողանա[78].:
Նոր երգեր գրելու միակ պատճառը հին երգերից հոգնելն է։ - Թոմ Ուեյթս |
Տարեթիվ | Ֆիլմ | Օրիգինալ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1978 | Դրախտային ճանապարհ | Paradise Alley | Մամբլս | նաև կոմպոզիտոր |
1981 | Գայլեր | Wolfen | բարի հաճախորդ | տիտրերում նշված չէ |
1982 | Ի սրտե | One from the Heart | փողահար | տիտրերում նշված չէ, նաև կոմպոզիտոր |
1983 | Վտարվածները | The Outsiders | Բաք մերրիլ | |
Թպրտացող ձուկը | Rumble Fish | Բեննի | ||
1984 | Քարե տղան | The Stone Boy | մարդ պարահանդեսում | տիտրերում նշված չէ |
Քոթթոն ակումբը | The Cotton Club | Իրվինգ Սթարկ | ||
Փողոցի կանոնները | Streetwise | Թոմ Ուեյթս | նաև կոմպոզիտոր | |
1986 | Օրենքից դուրս | Down by Law | Զաք | |
1987 | Ուղտափուշ | Ironweed | Ռուդի | |
1988 | Սառնաշաքարային լեռը | Candy Mountain | Ալ Սիլկ | |
1989 | Արջի մորթին։ Նորագույն հեքիաթ | Bearskin: An Urban Fairytale | Սիլվա | |
Սառը ոտքեր | Cold Feet | Քեննի | ||
Հանելուկային գնացքը | Mystery Train | ռադիո-DJ | միայն ձայնը | |
1990 | Երկու Ջեք | The Two Jakes | քաղաքային հագուստով ոստիկան | տիտրերում գրված չէ |
1991 | Խաղ տերերի դաշտերում | At Play in the Fields of the Lord | Վուլֆ | |
Ձկնորս թագավորը | The Fisher King | անդամալույծ վետերան | տիտրերում գրված չէ | |
Քվինսում այսպես է լինում | Queens Logic | Մոնթե | ||
Գիշերը Երկրի վրա | Night On Earth | միայն կոմպոզիտոր | ||
1992 | Դրակուլա | Bram Stoker’s Dracula | Ռենֆիլդ | |
1993 | Կարճ պատմություններ | Short Cuts | Էրլ Պիգգոտ | |
1995 | Ջորջիա | Georgia | միայն կոմպոզիտոր | |
1999 | Հանելուկային մարդիկ | Mystery Men | Դոք Հելլեր | |
2003 | Սուրճ և ծխախոտներ | Coffee and Cigarettes | Թոմ Ուեյթս | |
2005 | Դոմինո | Domino | ճամփորդ | |
Վագրը և ձյունը | La Tigre e la neve | Թոմ Ուեյթս | ||
2006 | Ինքնասպանները։ Սիրո պատմություն | Wristcutters: A Love Story | Քնելլեր | |
2009 | Դոկտոր Պարնասի երևակայությունը | The Imaginarium of Doctor Parnassus | Միստեր Նիք | |
2010 | Իլայի գիրքը | The Book of Eli | ինժեներ | |
2011 | Հրեշը Նիքս գյուղից | The Monster of Nix | Վիրջիլ | կարճամետրաժ |
Միջև | Twixt | հեղինակ | ||
2012 | Վեց հոգեկան հիվանդները | Seven Psychopaths | Զաք | |
2014 | Պինոկիո | Pinocchio | Ջեպետտո | նկարահանումներին պատրաստվելը[79] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.