Թոլկոթ Պարսոնս
From Wikipedia, the free encyclopedia
Թոլկոթ Պարսոնս (անգլ.՝ Talcott Parsons, դեկտեմբերի 13, 1902(1902-12-13)[1][2][3][…], Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ[4] - մայիսի 8, 1979(1979-05-08)[1][3][5], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), սոցիոլոգ, կենսաբան։
Պարսոնսը ամերիկյան սոցիոլոգ-տեսաբան է, կառուցվածքային-ֆունկցիոնալիզմի հիմնադիրը, ժամանակակից տեսական սոցիոլոգիայի և սոցիալական մարդաբանության հիմնադիրներից մեկը։ Հոգևորականի որդի։ Ուսումնասիրել է կենսաբանություն և փիլիսոփայություն Ամհերսթյան քոլեջում, հետո սովորել է Լոնդոնյան տնտեսագիտության դպրոցում և Հեյդելբերգյան համալսարանում, ուր և պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը տնտեսագիտության գծով։ 1927-1973 թվականներին դասավանդել է Հարվարդում, որտեղ էլ ստեղծել և ղեկավարել է սոցիալական հարաբերությունների միջդիսցիպլինային բաժանմունքը։ 1962-1968 թվականներին մի քանի անգամ եղել է ԽՍՀՄ-ում, տարբեր սեմինարների մասնակցելու նպատակով։
Պարսոնսը համարվում է ժամանակակից սոցիալական գիտության հիմնադիրներից մեկը։ 50-ական թվականներին Պարսոնսը կանգնած էր պրոֆեսիոնալ սոցիոլոգիայի ձևավորման, նաև Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի ստեղծման ակունքներում, որի նախագահն էլ դարձավ հենց ինքը։ Նրա հիմնական աշխատանքներն են.
- "Սոցիալական գործողության կառուցվածքը" (1937)
- "Սոցիալական համակարգ" (1951)
- "Գործողության ընդհանուր տեսության ձևավորման մասին" (1951)
- "Տնտեսությունը և հասարակությունը" (1956)
- "Գործողության տեսություն և մարդկային գոյություն" (1978)
Պարսոնսի գիտական փնտրտուքի նպատակն էր կառուցել տեսական համակարգեր, որոնք կարող են ապահովել կայունություն և հասարակության գոյությունը։ Նա հասարակությունը դիտարկում է որպես մարդկանց փոխգործողությունների անվերջ բազմություն, որում առկա են հարաբերական կայուն բնագավառներ, որոնք նա անվանում է կառուցվածքներ, որոնք էլ ունեն որոշակի դեր և նշանակություն. սա Պարսոնսն անվանում է ֆունկցիաներ։
Հասարակության կայունության և կենսունակության իրականացումը տեղի է ունենում 4 ֆունկցիոնալ պահանջմունքների համակարգին համապատասխան։ Դրանք են՝
- ադապտացիայի (հարմարվողականություն),
- նպատակին հասնելու,
- ինտեգրացիայի,
- մոդելի պահպանման ֆունկցիաները։
Ադապտացիայի ֆունկցիան ապահովում է տնտեսական ենթահամակարգը, ինտեգրացիայի ֆունկցիան ապահովում են իրավական ինստիտուտները և սովորույթները, մոդելի պահպանման ֆունկցիան՝ հավատալիքների համակարգը, բարոյականությունը և սոցիալականացման գործակալները (ընտանիք, դպրոց, հասակակիցների խմբեր և այլն)։ Ցանկացած հասարակության քաղաքական ֆունկցիաները կայանում են՝ ելնելով կոլեկտիվ նպատակներից և կողմնորոշումներից։