քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ամպիցիլին, հակաբիոտիկ, որն օգտագործվում է որոշ բակտերիալ վարակների կանխարգելման և բուժման համար, ինչպիսիք են՝ շնչառական համակարգի վարակները, միզուղիների վարակները, մենինգիտը, սալմոնելոզը և էնդոկարդիտը[1]։ Այն նաև կարող է կիրառվել նորածինների B խմբի ստրեպտոկոկերով վարակումը կանխարգելելու համար[1]։ Կարող է ընդունվել բերանային, միջմկանային և ներերերակային եղանակներով[1]։ Ինչպես բոլոր հակաբիոտիկները, այն անօգուտ է վիրուսային վարակների դեմ պայքարում։
Կլինիկական տվյալներ | |
---|---|
Օգտագործման եղանակներ | By mouth, intravenous, or intramuscular |
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կենսամատչելիություն | 62% ±17% (parenteral) < 30–55% (oral) |
Նյութափոխանակություն | 12 to 50% |
Կիսատրոհման պարբերություն | Approx. 1 hour |
Դուրսբերում | 75 to 85% renal |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
(2S,5R,6R)-6-([(2R)-2-Amino-2-phenylacetyl]amino)-3,3-dimethyl-7-oxo-4-thia-1-azabicyclo[3.2.0]heptane-2-carboxylic acid
| |
CAS համար | 69-53-4 |
PubChem CID | 6249 |
DrugBank | DB00415 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.645 |
Տարածված կողմնակի էֆեկտներից են ցանը, սրտխառնոցը և փորլուծությունը[1]։ Չի թույլատրվում օգտագործել պենիցիլինի հանդեպ ալերգիա ունեցողներին[1]։ Լուրջ կողմնակի էֆեկտներից են կլոստրիդիալ կոլիտը (Clostridium difficile) և անաֆիլաքսիան[1]։ Այն դեպքում, երբ պացիենտն ունի երիկամային անբավարարություն, դեղաչափն անհրաժեշտ է նվազեցնել[1]։ Հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ կիրառելիս, ընդհանուր առմամբ, անվնաս է[1][2]։
Ամպիցիլինը հայտնաբերվել է 1958 թվականին և կիրառման մեջ է մտել 1961 թվականին[3][4]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիմնական դեղերի ցուցակում է՝ առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվնաս դեղերի[5] ցանկում։ 2014 թվականի տվյալներով՝ դեղի ներերակային կիրառման մեկ սրվակի մեծածախ վաճառքի գինը զարգացող երկրներում 0.13-1.20 ԱՄՆ $ է[6]։ ԱՄՆ-ում այն հասանելի է ջեներիկ (վերարտադրված) ձևով, իսկ բուժման 10 օրվա կուրսի գինն 13 $ է[1]։
Ամպիցիլինը կիրառվում է գրամ-դրական և գրամ-բացասական շատ բակտերիաներով հարուցված վարակների բուժման համար։ Այն գրամ-դրական բակտերիաների նկատմամբ ակտիվությամբ առաջին «լայն սպեկտրի» ազդեցության պենիցիլինն է եղել, այդ թվում՝ Streptococcus pneumoniae, Streptococcus pyogenes, Staphylococcus aureus որոշ տեսակներ (բայց ոչ պենիցիլինի կամ մեթիցիլինի նկատմամբ կայուն շտամներ), Trueperella և որոշ Enterococcus։ Դա այն եզակի հակաբիոտիկներից է, որն ազդում է բազմադեղորայքակայուն Enterococcus faecalis և E. faecium վրա[11]։ Գրամ-բացասական բակտերիաներից ազդում է Neisseria meningitidis, Haemophilus influenzae և Enterobacteriaceae որոշ տեսակների վրա (չնայած Enterobacteriaceae և Pseudomonas մեծ մասը կայուն են)[11][12]։ Դրա ակտիվության սպեկտրը ավելանում է սուլբակտամի միաժամանակյա ընդունումով՝ դեղ, որը արգելակում է բետա-լակտամազին՝ մի ֆերմենտի, որը արտադրվում է բակտերիայի կողմից ամպիցիլինի և այլ կիրառվող հակաբիոտիկների ինակտիվացման համար[13][14]։ Այն երբեմն օգտագործվում է այլ հակաբիոտիկների հետ համակցված, որոնք ունեն գործողության տարբեր մեխանիզմներ, դրանք են՝ վանկոմիցինը, լինեզոլիդը, դապտոմիցինը և տիգեցիկլինը[15][16]։
Ամպիցիլինը կարող է կիրառվել ներբերանային եղանակով, միջմկանային և ներերակային ներարկումներով[1]։ Բերանային տարբերակը, որը հասանելի է դեղապատիճի կամ կախույթի ձևով, նախատեսված չէ ծանր վարակների սկզբնական բուժման համար, բայց հազվադեպ հաջորդում է միջմկանային կամ ներերակային ներարկումներին[1]։ Միջմկանային և ներերակային ներարկումների համար ամպիցիլինը պահվում է փոշու ձևով, որը վերականգնման կարիք ունի[17]։
Ներերակային ներարկումները պետք է իրականացվեն դանդաղ, քանի որ արագ կատարման դեպքում կարող են բերել ցնցումնային էպիլեպտիկ նոպայի[1][18]։
Հղիության ժամանակ ամպիցիլինը ամենահաճախ կիրառվող դեղերից է[19], և ԱՄՆ-ի Սննդի և Դեղերի Վարչության (В կատեգորիա) և Ավստրալիայի թերապևտիկ նյութերի վարչության կողմից ճանաչվել է անվնաս (A կատեգորիա)[1][20]։ Այն հղիների շրջանում ընտրության դեղ է Listeria monocytogenes բուժման համար՝ առանձին կամ ամինոգլիկոզիդի հետ համակցված[1]։ Հղիությունը մինչև 50 %-ով մեծացնում է ամպիցիլինի կլիրենսը, այդ իսկ պատճառով թերապևտիկ էֆեկտի հասնելու համար պետք է դեղաչափը կրկնապատկել[19][21]։
Ամպիցիլինը անցնում է ընկերքային պատնեշով և նրա մայրական պլազմայի կոնցենտրացիայի 50-100 %-ը պահպանվում է ամնիոտիկ հեղուկում։ Դա կարող է նորածնի մոտ առաջացնել ամպիցիլինի բարձր կոնցենտրացիա[21]։
Քանի դեռ կերակրող մայրերի կրծքի կաթի մեջ է արտազատվում որոշ քանակությամբ ամպիցիլին, դրա քանակը մնում է մինիմալ[1][19]։
Նորածինների մոտ ամպիցիլինի կիսատրոհման պարբերությունն ավելի երկար է և ավելի քիչ է կապվում պլազմայի սպիտակուցների հետ[22]։ Արտազատումը երիկամներով ցածր է, քանի որ վերջիններիս ֆունկցիան դեռ լիովին ձևավորված չէ[1]։
Ամպիցիլինը հակացուցված է պենիցիլինի հանդեպ գերզգայունություն ունեցողների շրջանում, քանի որ կարող է առաջացնել անաֆիլաքտիկ ռեակցիաներ։ Գերզգայունությունը կարող է բերել մաշկի պապուլյոզ ցանի և եղնջացանի, էքսֆոլիատիվ դերմատիտի, բազմաձև էրիթեմայի, էրիթրոցիտների և լեյկոցիտների քանակի նվազման[7]։
Ամպիցիլինը խորհուրդ չի տրվում ուղեկցող մոնոնուկլեոզի առկայության դեպքում, քանի որ պացիենտների 40 %-ից ավելի մոտ առաջանում է մաշկի ցան[7]։
Ամպիցիլինը, այլ հակաբիոտիկների հետ համեմատած, քիչ տոքսիկ է, իսկ կողմնակի էֆեկտները հիմնականում առաջանում են պենիցիլինի հանդեպ գերզգայունություն ունեցողների և ասթմա կամ ալերգիա ունեցողների շրջանում[7]։ Շատ հազվադեպ այն լուրջ կողմնակի էֆեկտների պատճառ է դառնում՝ Կվինկեի այտուցի, անաֆիլաքիայի և C. difficile-ով վարակման (թույլ փորլուծությունից մինչև լուրջ կեղծ թաղանթային կոլիտ)[7]։ Երբեմն առաջանում է «մազոտ լեզու»։ Լուրջ կողմնակի ազդեցություններից են նաև նոպաները և շիճուկային հիվանդությունը։ Ավելի տարածված կողմնակի ազդեցությունները՝ դեղն ընդունողների 10 %-ի շրջանում փորլուծությունն ու ցանն են։ Առավել հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, փսխումը, քորը, դիսկրազիան։ Աղեստամոքսային ազդեցությունները, որոնք են՝ մազոտ լեզուն, սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը և կոլիտը, ավելի շատ կապված են պենիցիլինի բերանային ընդունման հետ[7]։ Այլ խնդիրները կարող են առաջանալ բուժումից մի քանի շաբաթ անց[1]։
Ամպիցիլինի գերդեղաչափումը կարող է բերել վարքագծի փոփոխությունների, շփոթվածության, գիտակցության կորստի, նյարդամկանային գերզգայունության, էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարման և երիկամային անբավարարության[7]։
Ամպիցիլինը փոխազդում է պրոբենեցիդի և մետոտրեքսատի հետ` նվազեցնելու համար երիկամներով արտազատումը։ Ամպիցիլինի մեծ դեղաչափերը՝ զուգակցված վարֆարինի և այլ բերանային ճանապարհով օգտագործման հակամակարդիչների հետ, կարող են բարձրացնել արյունահոսության ռիսկը, հնարավոր է՝ ընկճելով թրոմբոցիտների ագրեգացիան[23]։ Ասում են, որ ամպիցիլինը բերանի միջոցով կիրառվող հակաբեղմնավորիչներին դարձնում է քիչ էֆեկտիվ[1], բայց սա վիճելի է[24]։ Դեղի էֆեկտիվությունը կարող է նվազել այլ հակաբիոտիկներով՝ քլորամֆենիկոլով, էրիթրոմիցինիով, ցեֆալոսպորիններով և տետրացիկլիններով[17]։ Օրինակ՝ տետրացիկլինները արգելակում են բակտերիաների սպիտակուցների սինթեզը՝ ընկճելով ամպիցիլինի ազդեցության թիրախը[25]։ Ամինոգլիկոզիդների հետ համատեղ կիրառման դեպքում՝ այն կարող է կապվել և ինակտիվացնել վերջինիս։ Առանձին կիրառման պարագայում կարող են փոխակտիվացնել միմյանց[1][26]։
Հաճախ, ալոպուրինոլի հետ կիրառման դեպքում, ամպիցիլինը կարող է մաշկի ցանի առաջացման պատճառ դառնալ[7]։
Լյարդի խոլերայի և որովայնային տիֆի դեմ պատվաստումները կարող են լինել ոչ արդյունավետ, եթե կիրառվեն ամպիցիլինի հետ։ Ամպիցիլինը նորմայում օգտագործվում է խոլերայի և որովայնային տիֆի բուժման համար՝ նվազեցնելով օրգանիզմի իմուն պատասխանը[27][28][29]։
Ամպիցիլինը պենիցիլինային բետա-լակտամային խմբի հակաբիոտիկ է և պատկանում է ամինոպենիցիլինների ընտանիքին։ Այն ակտիվությամբ համարժեք է ամոքսիցիլինին[1]։ Ամպիցիլինն ունակ է թափանցելու գրամ-դրական և գրամ-բացասական բակտերիաների մեջ։ Այն պենիցիլին G-ից, կամ բենզիլպենիցիլինից տարբերվում է միայն ամինային խմբի առկայությամբ։ Այդ ամինային խումբը, որն առկա է և՛ ամպիցիլինի, և՛ ամոքսացիլինի մոտ, օգնում է հակաբիոտիկներին անցնել գրամ-բացասական բակտերիաների արտաքին թաղանթի անցքերով, օրինակ՝ E. coli, Proteus mirabilis, Salmonella enterica, and Shigella[13][30]։
Ամպիցիլինն անդարձելիորեն արգելակում է տրանսպեպտիդազ ֆերմենտը, որն անհրաժեշտ է բակտերիային բջջի պատի կառուցման համար[1]։ Այն արգելակում է բակտերիալ բջջի պատի սինթեզի երրորդ և վերջին փուլը բինար կիսումով, որն ի վերջո բերում է բջջի լիզիսի։ Հետևաբար, ամպիցիլինը սովորաբար համարվում է բակտերիոլիտիկ[1][31]։
Ամպիցիլինը լավ է ներծծվում աղեստամոքսային համակարգից (չնայած՝ սնունդը նվազեցնում է նրա ներծծումը) և 1-2 ժամում հասնում է առավելագույն կոնցենտրացիայի։ Պարէնտերալ (հարաղիքային) ուղիների համար կենսամատչելիությունը 62 % է։ Ի տարբերություն այլ պենիցիլինների, որոնք սովորաբար 60-90 %-ով են կապվում պլազմայի սպիտակուցների հետ՝ ամպիցիլինի միայն 15–20 %-ն է կապվում[1][22]։
Ամպիցիլինը տարածվում է դեպի շատ հյուսվածքներ, չնայած այն կուտակվում է լյարդում և երիկամներում։ Ուղեղի թաղանթների բորբոքման պարագայում այն նաև կարող է հայտնաբերվել ուղեղ-ողնուղեղային հեղուկում (օրինակ՝ մենինգիտի ժամանակ)[22]։ Ամպիցիլինի որոշ մասը փոխանակության է ենթարկվում բետա-լակտամային շղթայի՝ պենիցիլաթթվի հիդրոլիզվելու միջոցով[1], չնայած նրա մեծ մասը արտազատվում է անփոփոխ վիճակում[7]։ Երիկամներում այն հիմնականում ֆիլտրվում է խողովակային սեկրեցիայով, որոշ մասը նաև կծիկային ֆիլտրացիայով, մնացած մասը՝ կղանքով և լեղիով։
Հետացիլինը և պիվամպիցիլինը ամպիցիլինի էսթերներ են, բարձրացնում են կենսամատչելիությունը[32]։
Ամպիցիլինը լայն կիրառություն է ունեցել բակտերիալ վարակների բուժման հարցում՝ սկսած 1961 թվականից[33]։ Նախքան Բրիտանական Beecham ընկերության կողմից ամպիցիլինի ներմուծումը՝ պենիցիլինային բուժումն արդյունավետ էր միայն գրամ-դրական օրգանիզմների դեմ, օրինակ՝ ստաֆիլոկոկերի և ստրեպտոկոկերի[31]։ Ամպիցիլինը (սկզբնական անվանում՝ «Պենբրիտին») ակտիվություն է ցուցաբերում նաև գրամ-բացասական օրգանիզմների նկատմամբ, օրինակ՝ H. influenzae-ի, coliform բատերիաների և Proteus-ի[33]։
2014 թվականի տվյալներով՝ ամպիցիլինի ներերակային ներարկման համար նախատեսված հեղուկի սրվակի մեծածախ վաճառքի արժեքը կազմել է 0.13-1.20 $[6]։ ԱՄՆ-ում այն հասանելի է ջեներիկ (վերարտադրված) ձևով․ բուժման 10 օրվա արժեքը մոտ 13 դոլար է[1]։
Անասնաբուժության մեջ ամպիցիլինն օգտագործվում է կատուների, շների և անասնաֆերմայի կենդանիների բուժման համար[10]․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.