From Wikipedia, the free encyclopedia
Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի վարչական միավոր այժմյան Վայոց ձորի մարզի արևմուտքում։ Գտնվել է ՀԽՍՀ հարավ-արևելքում։ Կազմավորվել է 1931 թվականի հոկտեմբերի 15-ին։ Սահմանակից է Ադրբեջանական ԽՍՀ-ին և Նախիջևանի Ինքնավար ԽՍՀ-ին։ Տարածությունը 1 173 քառ. կմ էր, բնակչությունը՝ 25 300 մարդ (1987), խտությունը՝ ավելի քան 21,5 մարդ քառ.կմ։
Երկիր | Հայկական ԽՍՀ |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Վարչկենտրոն | Ազիզբեկով |
Խոշորագույն քաղաք | Ազիզբեկով |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (1987) | 25 300 |
Խտություն | 21,5 |
Ազգային կազմ | Հայեր, ադրբեջանցիներ |
Տարածք | 1 174 |
Հիմնադրված է | 1931-1995 թ. |
Պատմական շրջան(ներ) | Սյունիք |
Վարչական կենտրոնն էր միակ քաղաք Ազիզբեկովը։ Ուներ քտա (Ազիզբեկով, 1956 թվականից), 1 ավանային և 11 գյուղական խորհուրդ։ Շրջանի տարածքում էր Ջերմուկ քաղաքը։ Բնակավայրերն են՝
Ազիզբեկովի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Ազիզբեկովի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառը, որը կոչվել է նաև Վայք։ IX դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 987-1170 թվականը՝ Սյունիքի թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ XIV-XVI դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։
Պարսկական տիրապետության ժամանակ եղել է Երևանի կուսակալության, ապա՝ Նախիջևանի խանության կազմում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Հայկական մարզի, ապա՝ Երևանի նահանգի Շարուր-Դարալագյագի գավառի մեջ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորվելը կազմել է Դարալագյազի գավառի Փաշալու գավառակը։ Մինչև շրջանի կազմավորումը Եղեգնաձորի շրջանի մասն էր կազմում։
Պատմական հուշարձաններից նշանավոր են Գնդեվանքը (936), Մարտիրոսի վիմափոր եկեղեցին (1280), Գոմուրի մատուռ-դամբարանը (1263)։ Կան կիկլոպյան կառույցների մնացորդներ։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1931 թվականին։ 1987 թվականին շրջանում կար 74 սկզբնական կուսակցական, 110 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Ջերմուկ» շրջանային թերթը։
Ազիզբեկովի շրջանի տարածքն զբաղեցնում է Արփա գետի վերին ավազանը։ Մակերևույթը լեռնային է, հյուսիս-արևմուտքում Թեքսարն է, արևմուտքում՝ Վայոցսար հանգած հրաբուխը, արևելքում՝ Զանգեզուրի, հարավում՝ Վայքի լեռնաշղթաներն են։ Բարձրությունը 1500-3522 մ է (Վարդենիս լեռ)։ Կան լավային սարավանդներ։ Որոտանի լեռնանցքով միանում է Սիսիանի շրջանին։ Տիրապետում են չոր տափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Կան շինանյութերի, ծարիրի, մանգանի, բազմամետաղային հանքավայրեր։
Կլիման ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը -6 °C-ից մինչև -14 °C է, հուլիսինը՝ 3-20 °C, տարեկան տեղումները՝ 400-850 մմ, վեգետացիայի շրջանը՝ 20-150 օր։ Խոշոր գետը Արփան է։ Գործում են Կեչուտի ջրամբարը, Ազիզբեկովի և Գնդեվազի ջրանցքները, Բարձրունու, Մերսի, Խնձորուտի և Հերհերի ջրհան կայանները։ Կառուցվել է Հերհերի ջրամբարը։
Տնտեսության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, սննդի, շինանյութերի արդյունաբերությունը, անասնապահությունը։ Կար 12 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Երևանի էլեկտրալամպերի գործարանի Ազիզբեկովի մասնաճյուղը, շինարարական իրերի կոմբինատը, գլխավորող պանրագործարանը, «Ջերմուկ» և «Արփի» հանքային ջրերի լցման գործարանները։ Կար 1 կոլեկտիվ, 15 խորհրդային տնտեսություն, 1 թռչնաբուծական ֆաբրիկա։ Մշակում են հացահատիկ, ծխախոտ, կերային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև այգեգործությամբ, պտղաբուծությամբ ու մեղվաբուծությամբ։ Խճուղիների երկարությունը 282 կմ էր։ Երևանի հետ կա օդային երթուղի։ Գործում էր 2 կապի հանգույց։
1986-87 ուսումնական տարում կար 14 միջնակարգ, 9 ութամյա, 2 գեղարվեստի, 1 մարզական դպրոց, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան, 12 մսուր-մանկապարտեզ։ 1987 թվականին գործում էր 23 գրադարան, 11 մշակույթի տուն, 11 ակումբ, 1 կինոթատրոն, 1 ժողովրդական թատրոն, 3 հիվանդանոց, 17 բուժկայան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 116)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.