Զարգացող երկրներ
From Wikipedia, the free encyclopedia
Զարգացող երկրներ (անգլ.՝ developing country) (կամ ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկիր, ավելի քիչ զարգացած երկիր, ավելի քիչ տնտեսապես զարգացած երկիր, չզարգացած երկիր, կամ վատ զարգացած երկիր), թույլ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների խումբ է՝ համեմատած այլ երկրների հետ[1]։ Այնուամենայնիվ այս բացատրությունը համընդհանուր համաձայնեցված չէ։ Նաև չկա հստակ համաձայնագիր, թե որ երկրներն են համապատասխանում այս կատեգորիային[2][3]։ Այլ ազգերի համեմատ մեկ շնչի հաշվով hամախառն ներքին արդյունքը կարող է նաև լինել հղման կետ. զարգացող երկրներն ունեն մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ավելի ցածր մակարդակ։
Այս տերմինի օգտագործման վերաբերյալ կան հակասություններ, որը, ոմանց կարծիքով, հավերժացնում է «մեզ» և «նրանց» հնացած կոնցեպցիան[4]։ 2015թ․ Համաշխարհային բանկը հայտարարեց, որ «զարգացող/զարգացած աշխարհի դասակարգումը» դառնում է ավելի քիչ կարևոր, և նրանք կդադարեցնեն դրա օգտագործումը։ Փոխարենը նրանց զեկույցները կներկայացնեն ներկայիս տվյալների համախմբումներ շրջանների և եկամտի խմբերի համար[3][5]։
«Զարգացող» տերմինը նկարագրում է ներկայումս դիտարկված իրավիճակը, այլ ոչ թե առաջընթացի փոփոխվող դինամիկան կամ ակնկալվող ուղղությունը։ 90-ականների վերջերից ի վեր զարգացող երկրները միտված էին ցույց տալ ավելի մեծ աճի տեմպեր, քան զարգացած երկրները[6]։ Զարգացած երկրները ներառում են տնտեսական աճի կամ կապիտալի շուկայի չափերի ընդլայնում․ նոր արդյունաբերական երկրներ, զարգացող շուկաներ, սահմանամերձ շուկաներ, ամենաքիչ զարգացած երկրներ։ Հետևաբար, ամենաքիչ զարգացած երկրները զարգացող երկրներից ամենաաղքատն են։
Զարգացող երկրները հակված են ունենալ որոշակի ընդհանուր բնութագրեր, օրինակ՝ առողջության հետ կապված ռիսկերի առումով նրանք սովորաբար ունենում են անվտանգ խմելու ջրի, սանիտարական և հիգիենայի մատչելիության ցածր մակարդակ, էներգետիկ աղքատություն, աղտոտման բարձր մակարդակ (օրինակ՝ օդի աղտոտում, ներքին օդի աղտոտում, ջրի աղտոտում), արևադարձային և վարակիչ հիվանդություններով տառապողների մեծ մասնաբաժին (անտեսված արևադարձային հիվանդություններ), ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ քանակ և, ընդհանրապես, աղքատ ենթակառուցվածք։ Հաճախ կա նաև համատարած աղքատություն, կրթության ցածր մակարդակ, ընտանիքների պլանավորման ծառայությունների ոչ ադեկվատ մոտեցում, կառավարության բոլոր բնագավառներում կոռուպցիա և, այսպես կոչված, լավ կառավարման բացակայություն։ Ակնկալվում է, որ գլոբալ տաքացումն առավել մեծ ազդեցություն կունենա զարգացող երկրների վրա, քան ավելի հարուստ երկրների վրա, քանի որ դրանց մեծ մասը ունեն կլիմայական բարձր խոցելիություն[7]։
ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները ստեղծվել են, որպեսզի հաղթահարվեն այս խնդիրներից շատերը։ Զարգացման օգնությունը կամ զարգացման համագործակցությունը կառավարությունների և այլ գերատեսչությունների ֆինանսական աջակցությունն է, որոնք աջակցում են զարգացող երկրների տնտեսական, բնապահպանական, սոցիալական և քաղաքական զարգացմանը։