Արդյունաբերություն
From Wikipedia, the free encyclopedia
Արդյունաբերություն, աշխատանքի գործիքների, էներգիայի արտադրությամբ, հումքի, վառելիքի, նյութերի հանույթով, գյուղատնտեսության մեջ և այլ բնագավառներում ստեղծված արտադրանքի մշակմամբ ու վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների (գործարաններ, ֆաբրիկաներ, կոմբինատներ, հանքավայրեր, էլեկտրակայաններ և այլն) ամբողջությունը[1]։ Արդյունաբերությունը ժողովրդական տնտեսության կարևորագույն ճյուղն է և վճռորոշ ազդեցություն է գործում հասարակության արտադրողական ուժերի զարգացման մակարդակի վրա։
Ձեռնարկությունների որևէ խմբի կամ արտադրական որևէ ընկերության եկամուտների հիմնական աղբյուրը ընկալվում է որպես արդյունաբերական համապատասխան ճյուղի հայտացուցիչ[2]։ Եթե մեծ խումբը եկամուտների մի քանի աղբյուր ունի, համարվում է, որ նա գործում է արդյունաբերության մի քանի ճյուղերում։ Արդյունաբերական հեղափոխությունից հետո եվրոպական և հյուսիսամերիկյան երկրներում արդյունաբերությունը դարձել է արտադրության և աշխատանքի առանցքային ճյուղը՝ հետին պլան մղելով առևտրային և ֆեոդալական նախկին տնտեսությունը։ Դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ արդյունաբերական հեղափոխությանը շատ արագ հաջորդել են տեխնոլոգիական բազմաթիվ նվաճումներ, այդ թվում՝ ածխի ու պողպատի արտադրությունը։
Արդյունաբերական հեղափոխությունից հետո տնտեսության արտադրանքի թերևս մեկ երրորդը բաժին է ընկնում վերամշակող արդյունաբերությանը։ Զարգացած և զարգացող կամ կիսազարգացած բազմաթիվ երկրներ նշանակալի չափով կախում ունեն վերամշակող արդյունաբերությունից։