Վրաստան
պետություն Հարավային Կովկասում / From Wikipedia, the free encyclopedia
Վրաստան (վրաց.՝ საქართველო՝ արտասանվում է «Սաքարթվելո»), ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Արևմուտքում Վրաստանի ափերը ողողում են Սև ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Թբիլիսին է, որը նաև երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Զբաղեցնում է 69 700 կմ² տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։
Վրաստան საქართველო |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ ძალა ერთობაშია ձալա էրթոբաշիա (հայերեն՝ «Ուժը միասնության մեջ է») |
||||
Ազգային օրհներգ՝ თავისუფლება Թավիսուփլեբա՝ Վրաստանի ազգային օրհներգ (հայերեն՝ «Ազատություն») |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Թբիլիսի | |||
Պաշտոնական լեզուներ | վրացերեն աբխազերեն[1] |
|||
Էթնիկ խմբեր (2014) | 86.8%՝ վրացիներ 6.2%՝ ադրբեջանցիներ 4.5%՝ հայեր 2.8%՝ այլ |
|||
Կառավարում | ունիտար խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Սալոմե Զուրաբիշվիլի | ||
- | Խորհրդարանի խոսնակ | Շալվա Պապուաշվիլի | ||
- | Վրաստանի վարչապետ | Իրակլի Կոբախիձե | ||
Ստեղծման պատմություն | ||||
- | Կողքիս և Վիրք | մ․թ․ա․ 13-րդ դար-մ․թ․ա․ 580 | ||
- | Աբխազիայի թագավորություն և Վրաց Բագրատունիների թագավորություն | 786-1008 | ||
- | Վրաց թագավորություն | 1008 | ||
- | Պառակտ Վրաստան | 1463-1810 | ||
- | Ռուսական անեքսիա | սեպտեմբերի 12, 1801 |
||
- | Վրաստանի դեմոկրատական հանրապետություն | մայիսի 26, 1918 |
||
- | Վրաստանի խորհրդայնացում | փետրվարի 25, 1921 | ||
- | Հանրապետության հռչակում | ապրիլի 9, 1991 | ||
- | Սահմանադրության ընդունում | օգոստոսի 24, 1995 | ||
Բնակչություն | ||||
- | 2019 նախահաշիվը | 3,723,500[a][2] (130-րդ) | ||
- | 2014 մարդահամարը | 3,713,804[a][3] | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $46.055 billion[4] (112th) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $12,409[4] (101-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $17.836 billion[4] (118st) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $4,805[4] (105-րդ) | ||
Ջինի (2017) | 37.9 | |||
ՄՆԶԻ (2017) | 0.780 (70-րդ) | |||
Արժույթ | վրացական լարի (₾) (GEL) | |||
Ժամային գոտի | GET (ՀԿԺ+4) | |||
Ազգային դոմեն | .ge .გე | |||
Վեբկայք gov.ge |
||||
Հեռախոսային կոդ | +995 |
Վրաստանի պատմության ակունքները հասնում են մինչև բրոնզի դար։ Պատմական ուրույն ուղի են անցել առաջին վրացական պետությունները՝ Վիրքը, իսկ արևմուտքում՝ Կողքիսը։ 4-րդ դարում՝ Միհրան Գ արքայի կառավարման տարիներին, վրաց արքունիքն ընդունում է քրիստոնեությունը։ 11-րդ դարում Վրաստանը միավորվում է մեկ պետության՝ Վրաց թագավորության կազմի մեջ․ Վրաց Բագրատունիների դրոշի ներքո համախմբվում են ոչ միայն պատմական վրացական հողերը, այլև հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։ Դավիթ Շինարարի կառավարմամբ սկսվում է վրաց պատմության ոսկեդարի ժամանակաշրջանը, որը շարունակվում է մինչև Թամար թագուհու գահակալման ավարտը՝ երբ Վրաստանը հասնում է իր երբեմնի հզորության գագաթնակերտին։ Ավելի ուշ, քոչվոր մոնղոլների ասպատակությունների և թուրք-պարսկական հակամարտությունների արդյունքում թուլացած Վրաստանը մասնատվում է և վերջինիս հենքի վրա առաջանում են Քարթլիի, Իմերեթի և Կախեթի թագավորությունները։ 1801 թվականին Արևելյան Վրաստանը, ապա ամբողջ երկիրը, անցնում է Ռուսական կայսրությանը՝ դառնալով «կռվախնձոր» տարածաշրջանային գերտերությունների միջև։ 1917 թվականին Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Վրաստանը մտնում է Անդրկովկասյան կոմիսարիատի կազմի մեջ, իսկ մեկ տարի անց՝ 1918 թվականի մայիսի 26-ին, հռչակվում է Վրաստանի ժողովրդավարական հանրապետության անկախությունը։ Վրաց ազգային պետությունը երկար կյանք չի ունենում և 1921 թվականին ենթարկվում է խորհրդային կարմիր բանակի ռազմախուժմանը։ Արդյունքում ստեղծվում է Վրացական ԽՍՀ-ն որպես Խորհրդային Միության կազմում գտնվող ինքնավար հանրապետություն։ Ազգությամբ վրացի Իոսիֆ Ստալինը դառնում է ԽՍՀՄ պատմության ամենանշանավոր գործիչը, որին էլ վերագրվում Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային միության հաղթանակը ու ամբողջ ժամանակաշրջանի նվաճումները։
ԽՍՀՄ անկումից հետո՝ 1991 թվականին, հռչակվում է Վրաստանի անկախությունը, իսկ 1995 թվականին ընդունվում է համավրացական առաջին Սահմանադրությունը։ Անկախության առաջին տարիներն անցնում են քաղաքացիական պատերազմի պայմաններում, որին հաջորդում են Աբխազիայի, Հարավային Օսիայի, իսկ ավելի ուշ նաև Աջարիայի անջատողական խռովություններն ու տնտեսական ճգնաժամը։ 2003 թվականին հաղթությամբ է պսակվում Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած Վարդերի հեղափոխությունը, որի արդյունքներով պայմանավորված Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը դառնում է եվրոատլանտյան ինտեգրացումը։ Երկրի արևմտամետ արտաքին քաղաքական դիրքավորումը 2008 թվականին հանգեցնում է ռուս-վրացական պատերազմի, որի արդյունքում Վրաստանի զգալի տարածքներ բռնազավթվում են ՌԴ-ի կողմից։