Վրաստանի վարչապետների ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Վրաստանի վարչապետների ցանկում ներառված են անձինք, ովքեր 1918-2015 թվականներին ստանձնել են Վրաստանի վարչապետի և համանման պաշտոններ։ Վրաստանի առաջին վարչապետը եղել է Նոյ Ռամիշվիլին, ներկայումս վարչապետը Իրակլի Գարիբաշվիլին է։ Վարչապետի պաշտոնն ստեղծվել է 1918 թվականին՝ Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության անկախության հռչակումից անմիջապես հետո։
Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության գոյության ընթացքում այդ պաշտոնը կոչվում էր կառավարության նախագահ (վրաց.՝ მთავრობის თავმჯდომარე)։ Խորհրդային զորքերի՝ Վրաստան մտնելուց հետո վարչապետի պաշտոնը վերացվեց, նրա փոխարեն ստեղծվեցին Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ (վրաց.՝ სახალხო კომისართა საბჭოს თავმჯდომარე) և ավելի ուշ Խորհրդային մինիստրների նախագահ (վրաց.՝ მინისტრთა კაბინეტის თავმჯდომარე) պաշտոնները։
Վարչապետի պաշտոնը ժամանակակից ըմբռնմամբ վերահաստատվել է 1991 թվականի օգոստոսին, բայց վերացվել է 1995 թվականի դեկտեմբերին։ Վարչապետի պաշտոնի փոխարեն ստեղծվել է Պետական նախարար (վրաց.՝ სახელმწიფო მინისტრი) պաշտոնը։ 2004 թվականի փետրվարի 6-ին կատարվեցին սահմանադրական բարեփոխումներ, որի արդյունքում վերականգնվեցին կառավարության ինստիտուտն ու վարչապետի պաշտոնը։
Գործող օրենքի համաձայն՝ նախագահը խորհրդարանին է ներկայացնում վարչապետի թեկնածությունը։ Եթե խորհրդարանը հաստատում է վարչապետի թեկնածությունը, վարչապետը նախագահի համաձայնությամբ ձևավորում է կառավարություն։