From Wikipedia, the free encyclopedia
2022 թվականի մարտի 27-ին Ակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ դերասան Ուիլ Սմիթը բարձրացել է բեմ և բռնություն գործադրել կատակերգակ Քրիս Ռոքի նկատմամբ` ապտակելով Ռոքին, վերջինիս` «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում մրցանակի ներկայացման ժամանակ։ Ապտակը պատասխանն էր Ռոքի՝ Սմիթի կնոջ` Ջադա Փինքեթ Սմիթի սափրած գլխի մասին արած կատակի. վերջինս սափրում է գլուխը 2021 թվականից տեղային մազաթափության պատճառով։ Սմիթը վերադարձավ իր տեղը և Ռոքին բարձրաձայն հայհոյեց, որը հակիրճ պատասխան տվեց, բայց շարունակեց ներկայացնել մրցանակը։
Նշանակալի անձ | Ջադա Փինքեթ Սմիթ, Քրիս Ռոք, Ուիլ Սմիթ | |
---|---|---|
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Վայր | Դոլբի թատրոն | |
Թվական | 27 Մարտի 2022 | |
Նշանակալից իրադարձություն | Օսկարի 94-րդ մրցանակաբաշխություն | |
Մասնակիցների թիվը | 2 | |
Վիրավորների քանակ | 1 | |
Զոհվածների քանակ | 0 | |
Հանցագործների քանակ | 1 | |
Պատճառ | կատակ, բանավոր ագրեսիա | |
Զենք | ձեռքի ափ | |
Հանցագործ | Ուիլ Սմիթ | |
Տուժող | Քրիս Ռոք |
Ավելի ուշ՝ երեկոյան, Սմիթը հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում։ Իր շնորհակալական խոսքի ժամանակ նա ներողություն խնդրեց Կինոարվեստի և Գիտության Ակադեմիայից և մնացյալ թեկնածուներից, բայց ոչ Ռոքից։ Հաջորդ օրը նա ներողություն խնդրեց Ռոքից և ԿԳԱ-ից սոցիալական ցանցերի միջոցով։ Սմիթը հրաժարվեց ԿԳԱ-ի իր անդամագրությունից ապրիլի 1-ին՝ բախվելով պոտենցիալ հեռացման կամ վտարման, և նրան արգելվեց 10 տարի մասնակցել ԿԳԱ-ի հետ կապված որևէ միջոցառման, որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի 8-ից։
ԱՄՆ-ի ուղիղ եթերով հեռարձակվող ալիքների մեծ մասը չլուսաբանեց միջադեպը գրաքննության դաշնային օրենքների պատճառով։ Այնուամենայնիվ, ցենզուրայի չենթարկված կադրերը տարածվեցին սոցիալական ցանցերում։ Ավստրալական եթերի քաղվածքները դարձան առաջին 24 ժամում ամենաշատը դիտված առցանց հոլովակները։ Միջադեպը համաշխարհային մակարդակով ուշադրության կենտրոնում հայտնվեց՝ ստվեր գցելով մրցանակաբաշխության վրա։
Մրցանակաբաշխությունից հետո որոշ հրատարակչություններ հիշեցին Ռոքի նախկինում արած մեկնաբանությունները Ջադա Փինքեթ Սմիթի մասին, ով Ռոքի հետ աշխատում էր Մադագասկար ֆիլմերի վրա։ 1997 թվականին նա մեկնաբանել էր Ջադայի մասնակցությունը «Միլիոնավոր կանանց քայլարշավ»-ին իր՝ ուշ երեկոյան թոք շոուի` Քրիս Ռոքի շոուի շրջանակներում[1][պարզաբանել]:
Ռոքը նախկինում երկու անգամ վարել էր մրցանակաբաշխություններ, ներառյալ՝ 2016թ.-ինը, որը որոշ դերասաններ (այդ թվում՝ Փինկեթ Սմիթը) բոյկոտել էին աֆրոամերիկացի թեկնածուների բացակայության պատճառով։ Ռոքը կատակեց իր բացման խոսքում․«Ջադայի Օսկար բոյկոտելը նման է իմ՝ Ռիհաննայի ներքնազգեստը բոյկոտելուն։ Ինձ չէին հրավիրել»[2][3][4]։
2018 թվականին իր՝ «Կարմիր սեղանի զրույց» թոքշոուի շրջանակներում, Ջադա Սմիթը խոստովանեց, որ մազաթափություն հիվանդությամբ է տառապում, որի պատճառն, ըստ ամենի, սթրեսն է[5]։ Նրա մոտ ախտորոշվել էր տեղային մազաթափություն և 2021թ.-ի հուլիսին նա սկսեց ամբողջովին սափրել գլուխը[6][7]։
2022 թվականի փետրվարի 8-ին հայտարարվեց, որ Ուիլ Սմիթը «Ռիչարդ թագավոր» ֆիլմի դերակատարման համար նոմինացվել է Ակադեմիայի մրցանակին։ 2022թ.-ի մարտի 3-ին ԿԳԱ-ն ընտրեց Ռոքին որպես Ակադեմիայի 94-րդ մրցանակի հաղորդավարներից մեկը[8]։
Ռոքը հայտարարեց «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ»-ի թեկնածուներին Ակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ նա ներկայացրեց մի կարճ մենախոսություն, որը մեծապես կարդում էր հեռարձակվող սցենարից։ Ռոքը կատակեց ամուսիններ Խավիեր Բարդեմի և Պենելոպա Քրուզի մասին` երկուսն էլ Օսկարի նախկին դափնեկիրներ, որոնք առաջադրվել են գրեթե նույն նոմինացիաներում մրցանակաբաշխության ընթացքում։ Սմիթն ու Փինկեթ Սմիթը կողք կողքի նստած էին հանդիսատեսի դիմաց։ Հետո Ռոքը մեկնաբանություն թողեց Փինքեթ Սմիթի սափրած գլխի մասին[9]՝ համեմատելով Դեմի Մուրի` 1997 թվականի՝ «Ջի, Այ Ջեյն» ֆիլմի դրամատիկ կերպարի հետ։
- Ջեյդա, ես քեզ սիրում եմ։ Ջի Այ Ջեյն 2, անհամբերությամբ սպասում եմ տեսնել այն։ |
Հանդիսատեսի մեծ մասը, այդ թվում՝ Սմիթը, ծիծաղեց, մինչդեռ Փինքեթ Սմիթն աչքերը կատաղի ոլորեց։ Ռոքը պատրաստվում էր շարունակել իր խոսքը։
Ռոք.
-Շա՜տ... շա՜տ լավն էր։ Դե լավ, գնացի այստեղից։ (տեսնում է, որ Սմիթը մոտենում է իրեն), օ ո՛չ, Ռիչարդ։ |
Ռոքը գործածեց «Ռիչարդ» անունը՝ հղում անելով Սմիթի գլխավոր դերին «Ռիչարդ թագավոր» ֆիլմում։ Մինչ Ռոքը շարունակում էր ծիծաղել, Սմիթն անաղմուկ կտրեց-անցավ բեմը, ապտակեց Ռոքին և վերադարձավ իր տեղը[10]: Հարձակումը, որը, ոմանց կարծիքով, նախապես պլանավորված կատակ էր, ապշահար թողեց հանդիսատեսին։ Շատերը նշեցին, որ այս դեպքը հակասում էր և վտանգի տակ էր դնում Սմիթի հանգիստ, դրական հանրային իմիջը, որը նա կերտել էր իր 3 տասնամյակի կարիերայի ընթացքում[11]։ Սկզբում անվրդով Ռոքը նույնպես շփոթված տեսք ուներ[12], մինչ Սմիթը, ակնհայտորեն վրդովված, իր տեղից ինչ-որ բաներ գոռաց Ռոքի հասցեին[10]:
Խոսքերի այս փոխանակումը տեղի հանդիսատեսի ու լրագրողների մոտ տպավորություն ստեղծեց, որ Սմիթի արձագանքն անկեղծ էր[12][13]: Քևին Քոստները, ով սպասում էր բեմի հետնամասում, որպեսզի ներկայացներ Ակադեմիայի «Լավագույն ռեժիսոր» մրցանակը, ասաց.
-Օ՜, դա իրական էր[11]:
Մինչ Սմիթի շնորհակալական խոսքը ապշած ու շփոթված հանդիսատեսը սպասում էր որևէ պաշտոնական հաստատման բեմից, իսկ նրանք, ովքեր վերնահարկում էին, ժամանակ առ ժամանակ ձգվում էին օթյակի իրենց տեղերից` տեսնելու, թե ինչ էր կատարվում ներքևում։ Այնուամենայնիվ, այդ րոպեից սկսած մրցանակաբաշխությունն ընթացավ առանց հաղորդավարի և շարունակվեց իր բնականոն հունով[12]: Սմիթի հայհոյանքները գրաքննության են ենթարկվել շատ երկրներում ուղիղ հեռարձակման ժամանակ[12][14][15][16]։
Ֆոտոլրագրող Բրայեն Սնայդերը, ով աշխատում է Ռոյթերսում, պրոեկցիոն տաղավարի լուսանկարիչների խմբում, լուսանկարեց Սմիթին Ռոքին ապտակելու ժամանակ[17]։ Այս լուսանկարն արագորեն տարածվեց համացանցում, հայտնվեց լրատվական սյուժեներում և դարձավ համացանցային մեմ[13]։ Նա անտեղյակ էր իր հեղինակած լուսանկարների մշակութային ազդեցությանը մինչ մրցանակաբաշխության ավարտը, քանի որ իր արած նկարները մեխանիկորեն ուղարկվել էին խմբագիրներին[17]։ Նրա մասին գրել են բազմաթիվ լրատվական միջոցներ[18][19][20], այդ թվում՝ PetaPixel-ը:[21] Մեկ ուրիշը նկարագրեց նրան որպես «Միակը, ով շահեց Ուիլ Սմիթն ընդդեմ Քրիս Ռոքի առերեսման արդյունքում»՝ մտածելով,որ հաստատ Սնայդերը հիմա կարժանանա լուսանկարչական ամենահեղինակավոր մրցանակին՝ «Տարվա համաշխարհային մամուլի նկար», շնորհիվ իր արած նկարի, որտեղ Սմիթը հարվածում է Ռոքին, քանի որ այդ լուսանկարն օգտագործել են բոլոր հայտնի ու անհայտ հրատարակչությունները, և այն անգամ դարձել է մեմ[22]։ Բեռլինում այն կցվել է Մաուերպարկում Բեռլինի պատից մնացած հատվածի որմնանկարին[23]։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Միջադեպի չգրաքննված կադրեր |
ԱՄՆ-ում ABC հեռարձակողը խլացրեց Ռոքի ու Սմիթի հայհոյանքները գրաքննության դաշնային օրենքների պատճառով։ Այնուամենայնիվ, բազմաթիվ միջազգային հեռարձակողներ չեն խլացրել, և գրաքննության չենթարկված ձայնագրությունները վիրուսային են դարձել սոցիալական ցանցերում[24]։ Ավստրալական Seven Network հեռարձակումից գրաքննություն չանցած հատվածը The Guardian-ը հրապարակել է Յություբում, որը 24 ժամում հավաքել է 50 միլիոն դիտում՝ դառնալով առաջին 24 ժամվա ընթացքում ամենաշատ դիտված առցանց տեսանյութերից մեկը[25]։ Երեք ժամվա ընթացքում այն գրավեց առաջին տեղը Յություբի թրենդային էջում շատ երկրներում, ներառյալ՝ Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։ Որոշ լրատվամիջոցներ այս բախումն անվանում են «ապտակ, որը լսվել է ողջ աշխարհում»[12][14][15][16]։ Լուսանկարների ու տեսահոլովակների հիման վրա ստեղծվել են անթիվ համացանցային մեմեր և արվել ծաղրանմանակումներ[26][27]։
Մարտի 31-ին հրապարակվել են բջջային հեռախոսի լրացուցիչ կադրեր, որոնք արվել են հանդիսատեսի՝ Սմիթի սեղանի դիտանկյունից։ Դրանցում երևում էր Փինքետ Սմիթի արձագանքը կատակի ընթացքում և դրանից հետո, երբ նա զվարթ չէր և կատակի ժամանակ աչքերը ոլորեց, բայց հետո կարծես ծիծաղում էր, երբ Ռոքը մեկնաբանում էր. «Ուիլ Սմիթն այնպես ապտակեց՝ աչքերիցս կայծեր դուրս եկան» և «Սա... հեռուստատեսության պատմության ամենացնցող գիշերն էր»[28]։
Սկզբնական արձագանք
Միջադեպից հետո Սմիթը շարունակել է մասնակցել մրցանակաբաշխությանը և դրան հաջորդած տոնակատարություններին։ Ներկաներից ոմանք զարմացած էին, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվել[29]։ Քառասուն րոպե անց Սմիթն արժանացավ «Լավագույն դերասան» մրցանակին «Ռիչարդ թագավոր» ֆիլմում Ռիչարդ Ուիլիամսի դերակատարման համար։ Նա իր հուզական խոսքի ժամանակ կենտրոնացավ աստվածային արդարացման և իրեն շրջապատող մարդկանց պաշտպանելու կարիքի վրա, ներողություն խնդրեց Ակադեմիայից, մնացած թեկնածուներից և Ուիլյամի երկու դուստրերից՝ Վենուսից ու Սերենայից, ովքեր դահլիճում էին[30], չնայած առերևույթ ներողություն չխնդրեց Ռոքից։ Սմիթն արժանացավ հոտնկայս ծափահարությունների[31]։
Ակադեմիան հայտնել է, որ Սմիթին խնդրել են լքել մրցանակաբաշխությունը, բայց նա հրաժարվել է[32]։ Այնուամենայնիվ, սենյակում ներկա գտնվողները ժխտեցին, որ Սմիթին խնդրել են լքել սենյակը թե՛ ուղիղ, թե՛ որևէ ներկայացուցչի միջոցով։ Տարաձայնություններ են սկսվել Ակադեմիայի ղեկավարության ու մրցանակաբաշխության պրոդյուսեր Ուիլ Փաքերի միջև, թե արդյոք Սմիթին թույլ է տրվում մնալ, ինչը հանգեցրել է նրան, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվել[33]։ Variety-ն հաղորդում է, որ Փաքերն էր Սմիթի՝ իր տեղում մնալու գլխավոր պատճառը[33]։ Փաքերը դեմ է արտահայտվել Սմիթին թատրոնից հեռացնելու առաջարկներին, որովհետև նա չէր կարծում, որ Ռոքը կուզեր դա[34]։
Մրցանակաբաշխությունից հետո հաղթողներին խորհուրդ տրվեց պատասխանել միայն իրենց աշխատանքին վերաբերող հարցերին[12]: Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը հանդիպեց Փաքերին, ով ավելի ուշ պատմեց, որ նրանք պատրաստ էին ձերբակալել Սմիթին ֆիզիկական բռնության մեղադրանքով։ Ռոքը բազմիցս հրաժարվել է մեղադրանքներ առաջադրել[35]։
Սմիթի համար բազմաթիվ հետևանքներից առաջինում Netflix-ը չեղյալ հայտարարեց նրա՝ 2017 թվականի քաղաքային ֆանտաստիկ մարտաֆիլմի՝ «Պայծառ» ֆիլմի պլանավորված շարունակությունը հիմնականում Սմիթի վեճի բացասական հրապարակայնության պատճառով[36]։
Միջադեպը կատակերգուներին կատակելու հիանալի թեմա տվեց։ 2022 թվականի մայիսի 4-ին Դեյվ Չապելը հանդես էր գալիս ստենդ-ափ կատակերգությամբ, որի ժամանակ մի զինված հանդիսատես հարձակվեց նրա վրա[37]։ Քրիս Ռոքը միացավ նրան բեմում կատակելու համար.
-Ուիլ Սմի՞թն էր[38]։
2022 թվականի նոյեմբերի 29-ին Սմիթը հյուընկալվեց «Թրևըր Նոայի ամենօրյա շոու»-ին միջադեպից հետո իր առաջին հարցազրույցի շրջանակներում։ «Էմանսիպացիա» առաջիկա ֆիլմում Սմիթի դերը քննարկելուց հետո Թրևըր Նոան հարցրեց Սմիթին դեպքից հետո իր մտորումների մասին։ Սմիթը պատասխանեց.
- Դա սարսափելի գիշեր էր, ինչպես արդեն կարող ես պատկերացնել։ Շատ նրբություններ ու դժվարություններ կան այդ հարցի վերաբերյալ, բայց ի վերջո ես չզսպեցի ինձ։ Երևի ասեմ, որ երբեք էլ չես իմանա՝ մարդիկ ինչի միջով են անցնում[39]։
Ակադեմիայի հաջորդ մրցանակաբաշխության ընթացքում հաղորդավար Ջիմմի Քիմելը կատակեց, որ անսպասելի բռնության դեպքում նրա վրա հարձակվողը հնարավորություն կունենա մնալ մրցանակաբաշխությանը, հաղթել «Լավագույն դերասան» մրցանակը և գիշերն անցկացնել՝ խնջույքի ժամանակ «Gettin' Jiggy wit It»-ը լսելով։ Մրցանակաբաշխությունից հետո աշխատավայրի՝ «Օր առանց միջադեպերի» ծաղրական ցուցանակի վրա հայտնվեց «Օսկարի հեռուստատեսային համար առանց միջադեպի» գրվածքը, և Քիմելը պահեց 1 թիվը[40]։ Քիմելը նաև կատակում էր իր թոք շոուի ժամանակ՝ ասելով.
-Որտե՞ղ է Ուիլ Սմիթը, երբ այդքան անհրաժեշտ է։
Սա հանրապետական կոնգրեսական Մերիջորի Թեյլոր Գրինի՝ այդ ժամանակվա Գերագույն դատարանի թեկնածու Քեթանջի Բրաուն Ջեքսոնի կողմնակիցներին մանկապիղծներին աջակցելու մեջ մեղադրելու պատասխանն էր՝ նկատի ունենալով, որ Սմիթը պետք է ապտակի Գրինին իր պարբերական տարօրինակ պահվածքի համար։ Գրինը Քիմելին մեղադրեց իր նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքների համար և թվիթերում գրեց, որ կապվել է ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանության հետ վերջինիս անվտանգության համար։ Netflix-ի «Ընտրովի վրդովմունք» հատուկ թողարկման վերջում, Ռոքը միջադեպի և Սմիթի հետ կապված բազմաթիվ կատակներ է արել[41]։
Հասարակության արձագանքից հետո Սմիթը պաշտոնական ներողություն տեղադրեց Ինստագրամում և Ֆեյսբուքում։ Նա իր պահվածքը որակեց «անընդունելի» և «աններելի»՝ ուղղակիորեն դիմելով Ռոքին.
- Ես կցանկանայի հրապարակավ ներողություն խնդրել քեզնից, Քրի՛ս։ Ես չափն անցել եմ և սխալ եմ։ Ես շփոթված եմ, և իմ արարքները չեն կարող վկայել, թե ինչպիսի մարդ եմ ուզում լինել։ Սիրո և բարության աշխարհում բռնությունը տեղ չունի[42][43][44]։
Միջադեպից երեք օր անց Ռոքն առաջին անգամ համառոտ անդրադարձավ այդ թեմային կատակերգական շոուի շրջանակներում՝ նշելով, որ դեռ խորհում է դրա շուրջ, բայց խոստացավ, որ կխոսի դրա մասին առաջիկայում[45]։ Նա ասաց, որ Սմիթն անձամբ չի կապվել իր հետ և ոչ էլ խոսել է իր հետ մրցանակաբաշխությունից հետո[46]։ Սոցիալական ցանցերի այն պնդումները, թե Ռոքը ներողություն է խնդրել, հերքվել են փաստահավաք աշխատանքների արդյունքում[47][48]։
2022 թվականի հուլիսի 29-ին Սմիթը Յություբում տեսահոլովակ էր տեղադրել, որում անդրադարձել էր միջադեպին և ներողություն էր խնդրել Ռոքից, Ռոքի մորից, Ռոքի եղբայր Թոնիից, Questlove-ից, Օսկարի այլ հաղթողներից և իր կնոջից՝ Ջադայից՝ ասելով, որ խորապես զղջում է իր արարքների համար[49]։
Մարտի 28-ին՝ միջադեպից մեկ օր անց, Կինոմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան (ԿԱԳԱ) պաշտոնական ակնարկ հրապարակեց[50]։ Ակադեմիայի կառավարիչների խորհուրդը մտադիր էր ուսումնասիրել հետագա գործողություններն ու հետևանքները՝ համաձայն իր կանոնադրության, վարքագծի չափանիշների և Քալիֆոռնիայի օրենսդրության, որը նախատեսված էր մարտի 30-ին[51][52]։ ԿԱԳԱ-ի նախագահ Դեյվիդ Ռուբինը և գործադիր տնօրեն Դոն Հյուդսոնը նամակ էին ուղղել Ակադեմիայի անդամներին՝ նշելով, որ պաշտոնական գործընթացը շաբաթներ կտևի[53][54]։ Մարտի 29-ին Սմիթը նախաձեռնեց վեցրոպեանոց զանգ Zoom հարթակով Ռուբինի և Հյուդսոնի հետ՝ նորից ներողություն խնդրելով իր արարքի համար։ Կառավարիչների խորհուրդը տեղյակ չէր այդ խոսակցությանը, երբ հաջորդ օրը քննարկեց կարգապահական ընթացակարգերը։ Խորհրդի հանդիպման մասնակիցներից մեկն արձանագրեց, որ թափանցիկության բացակայությունը կասկածելի է և վկայում է ղեկավար ուժի բացակայության մասին[55]։
Մարտի 30-ին Ակադեմիան Սմիթի դեմ կարգապահական վարույթ է նախաձեռնել Ակադեմիայի վարքագծի չափանիշների խախտման համար, ներառյալ անպատշաճ ֆիզիկական շփումը, վիրավորական կամ սպառնալից վարքագիծը և Ակադեմիայի միասնականությունը վտանգի տակ դնելը։ Ակադեմիան ասել է.
-Բայց և այնպես մենք կցանկանայինք պարզաբանել, որ միսթր Սմիթին խնդրել են լքել մրցանակաբաշխությունը, և նա հրաժարվել է, մենք նաև ընդունում ենք, որ կարող էինք այլ կերպ վարվել այդ իրավիճակում։ Սմիթին խնդրել են գրավոր պատասխան տալ տասնհինգ օրվա ընթացքում, որից հետո Կառավարիչների խորհուրդը կքվեարկի, թե արդյոք կկիրառվեն կասեցում, հեռացում կամ այլ պատժամիջոցներ՝ համաձայն Ակադեմիայի վարքագծի չափանիշների։ Ակադեմիայի բազմաթիվ անդամներ ասացին, որ ԿԱԳԱ-ն պետք է առնվազն դադարեցնի նրա անդամակցությունը` մեջբերելով կազմակերպության վարքագծի չափանիշները, որոնք կիրառվել են Հարվի Վայնշտեյնի սեռական ոտնձգությունները բացահայտելուց ութ շաբաթ անց[56]։
Ակադեմիան երբեք չի հեռացրել որևէ անդամի մինչև 2004 թվականը, երբ 42 անդամից բաղկացած Կառավարիչների խորհուրդը միաձայն քվեարկեց դերասան Քարմին Քարդին հեռացնելու օգտին այն ֆիլմերի գովազդային պատճենները տարածելու համար, որոնք ավելի ուշ զանգվածային տարածում գտան[57]։ Հետագայում Ակադեմիան հեռացրել է նաև Հարվի Վեյնշտեյնին, Ռոման Պոլանսկիին, Բիլ Քոսբիին և օպերատոր Ադամ Քիմելին սեռական բռնություններ գործադրելու համար[58]։
2022 թվականի ապրիլի 1-ին Սմիթը հրաժարվեց իր անդամակցությունից, որն ուներ 2001 թվականից ի վեր, որովհետև ԿԱԳԱ-ն ասել էր, որ հավանական է, որ իրեն վտարեն տասը կամ ավելի տարով[59][60]։ ԿԱԳԱ-ն հայտարարեց, որ կշարունակի Ակադեմիայի վարքագծի չափանիշների խախտումների վերաբերյալ կարգապահական վարույթները ապրիլի 18-ին ծրագրված խորհրդի հաջորդ նիստից առաջ[61]։ Հաղորդվում է, որ ԿԱԳԱ-ի կարգապահական ժողովը, որն ի սկզբանե նախատեսված էր ապրիլի 18-ին, պետք է լուծում գտնի Սմիթին հեռացնելուց հետո չլուծված մնացած խնդիրների համար, ներառյալ՝ արդյոք թույլ տալ Սմիթին պահել «Լավագույն դերասան» անվանակարգում ստացած Օսկարը, տալ արդյոք նրան հնարավորություն մասնակցելու Ակադեմիայի մյուս անդամների կողմից կազմակերպված հետագա մրցանակաբաշխություններին և արդյոք թույլ տալ առաջադրել նրա թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նա այլևս Ակադեմիայի քվեարկության իրավունք չունեցող անդամ է[62][63]։ Variety-ն այնուհետև տեղեկացրել է, որ Սմիթի այլ պրոֆեսիոնալ անդամագրությունները, ինչպիսիք են ՝ Դերասանների Գիլդիա-Հեռուստատեսության և Ռադիոյի Արտիստների Ամերիկյան Ֆեդերացիա (ԴԳ -ՀՌԱԱՖ)-ն, կտեղեկացվեն ԿԱԳԱ-ի կարգապահական վարույթի արդյունքների մասին հետագա գնահատականի համար[62]։
Այնուամենայնիվ, ապրիլի 6-ին ԿԱԳԱ-ն տեղափոխել է կարգապահական վարույթը ապրիլի 8-ի առավոտյան ժամը 9-ին, որը վերահսկվում է Կառավարիչների խորհրդի կողմից[64][65]։ Կառավարիչների խորհրդին ուղղված նամակում, որը ստացել է Variety-ն, Ռուբինը գրել է, որ ավելի վաղ ամսաթիվը պայմանավորված է Սմիթի՝ Ակադեմիայից հեռանալով՝ նշելով, որ «ուրբաթ օրը՝ ապրիլի 1-ին, Սմիթի՝ Ակադեմիայի իր անդամակցությունից հրաժարվելուց հետո այլևս հնարավոր չէ իրականացնել կասեցում կամ հեռացում և օրենքով սահմանված ժամանակացույցն այլևս չի կիրառվի։ Բոլոր շահագրգիռ կողմերի շահերից է բխում, որ այս հարցը ժամանակին լուծվի»[66]։
Ապրիլի 8-ի հանդիպման ժամանակ Սմիթին 10 տարով արգելվեց մասնակցել Օսկարի մրցանակաբաշխությանը կամ Ակադեմիայի կողմից կազմակերպված որևէ միջոցառման[67][68]։ NBC News-ը ձեռք է բերել Դեյվիդ Ռուբինի և Դոն Հյուդսոնի ստորագրած նամակը, որը բացահայտում է Կառավարիչների խորհուրդի կայացրած որոշումը՝ նույն օրը ուժի մեջ մտնող ու 10 տարի տևողությամբ արգելքի մասին, ըստ որի՝ Սմիթին արգելվում է մասնակցել Ակադեմիայի որևէ միջոցառման կամ ծրագրի՝ անձամբ կամ վիրտուալ, և այդ արգելքը չի սահմանափակվում միայն Ակադեմիայի մրցանակաբաշխությամբ[69][70]։ Սմիթը հանդես եկավ հակիրճ հայտարարությամբ.
- Ես ընդունում և հարգում եմ Ակադեմիայի որոշումը[71]։
Մրցանակաբաշխությունից մեկ օր անց YouGov-ի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում պարզվեց, որ ամերիկացիների 61%-ը ասել է, որ Սմիթի արարքներն անընդունելի են, իսկ 22%-ը ասել է, որ դրանք ընդունելի են[72]։ Կապի դաշնային հանձնաժողովը, որը կարգավորում է ԱՄՆ-ում հեռարձակումը, միջադեպի կապակցությամբ 66 բողոք է ստացել[73]։
ԴԳ -ՀՌԱԱՖ-ը՝ Դերասանների գիլդիա-հեռուստատեսության և ռադիոյի արտիստների ամերիկյան ֆեդերացիան, հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Սմիթի պահվածքը.
-Աշխատավայրում ֆիզիկական բռնությունը կամ բռնությունն առհասարակ երբեք ընդունելի չեն, և միությունը դատապարտում է ցանկացած նման վարքագիծ։ Ակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ Ուիլ Սմիթի և Քրիս Ռոքի միջև տեղի ունեցած միջադեպն անընդունելի է։ Մենք կապի մեջ ենք ԿԱԳԱ-ի և ABC-ի հետ միջադեպի կապակցությամբ ու անում ենք ամեն ինչ, որ նման վարքագիծ այլևս չկրկնվի։
ԴԳ -ՀՌԱԱՖ-ն չի մեկնաբանում անդամներին սպասող որևէ կարգապահական վարույթ[74][75]։
Երաժիշտ Քվեստլավը և ֆիլմի պրոդյուսերներ Դեյվիդ Դիներշտեյնը, Ռոբերտ Ֆիվոլենտը և Ջոզեֆ Պատելը միջադեպից անմիջապես հետո ստացան լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ մրցանակը «Սոուլի ամառը» ֆիլմի համար, և որոշ մեկնաբաններ կարծիք են հայտնել, որ միջադեպը ստվեր է գցել այդ մրցանակի վրա[76][77][78]։ Մրցանակաբաշխությունից շեղված հանդիսատեսը Թվիթերում տեղեկություն է փնտրել Ռոքի և Սմիթի մասին[12]: Գաբրիել Ուլուբայը Մերի Քլեր ամսագրից, գրել է.
- «Սոուլի ամառը» ֆիլմն արժանի էր ունենալու իր պահը, իսկ Քվեստլավի հուզիչ խոսքը և հարգանքի տուրքն իր ծնողներին արժանի էր մեր համակ ուշադրությանը, բայց փոխարենը աշխարհի մտքում Ուիլ Սմիթն ու Քրիս Ռոքն էին, իսկ մարդկանց աչքերը վեր ու վար էին անում թվիթերյան էջերում[79]։
Բեմը լքելուց անմիջապես հետո լրագրողները Քվեստլավին հարցրին միջադեպի մասին.
- Ես դրա մասին չեմ խոսի այս երեկո, սա Հարլեմի մշակութային փառատոնի մասին է[80]։
Հաջորդ օրը Ջիմմի Ֆելոնի երեկոյան շոուում հարցազրույցի ժամանակ, Քվետսլավն ասել է, որ անգամ չի նկատել ապտակը, որովհետև այդ պահին տրանսցենդենտալ մեդիտացիայով էր զբաղված՝ զսպելու իր անհանգստությունը, մինչ կհաղորդեին հաղթողին և չէր հասկացել, թե ինչ է պատահել մինչև գրեթե այն պահը, երբ սկսել էր իր խոսքը[81][82]։
Ակադեմիայի մրցանակաբաշխությանը ներկա գտնված աստղերի արձագանքները տարբեր էին։ Ընդհանուր առմամբ, Սմիթի բռնությունը դատապարտում էին և աջակցություն հայտնում Ռոքին, չնայած ոմանք պաշտպանում էին Սմիթի արարքները կամ հրաժարվեցին կողմնորոշվել։ Սմիթին պաշտպանող աստղերից են՝ Ջերեմի Քլարկսոնը, Բրեդլի Քուպերը, Ջեյմի Ֆոքսը, Թայրիզ Գիբսոնը, Թիֆանի Հեդիշը[83], Քևին Հարթը, Ջամիլա Ջամիլը, Նիքի Մինաժը[84][85], Լեսլի Օդոմ Ջունիորը, Թայլեր Փերրին, Ջոն Վոյթ և Դենզել Վաշինգտոնը[86]։ Սմիթի արարքները քննադատող աստղերից են՝ Քարիմ Աբդուլ-Ջաբարը[87], Թիմ Ալենը[88], Պեդրո Ալմոդովարը[89], Ջուդ Ապատոն[84], Ջիմ Քերրին[90], Թոմաս Հադեն Չըրչը[91], Սթիվ Քուգանը[92], Քևին Քոստները[93], Միա Ֆերրոուն[84], Քեթի Գրիֆինը[94], Մարկ Համիլին[94], Զոի Քրավիցը[95], Միլա Կունիսը[96], Ջոն Լեգուիզամոն[97], Սեթ ՄաքՖարլեյնը, Ռոզի Օ′Դոննելը, Ռոբ Ռայները[94], Պոլ Ռոդրիգեզը[98], Ջո Ռոգանը[99], Էմի Շումերը[100], Հովարդ Սթերնը[101] և Վանդա Սայքսը[102]։
Կոնկրետ աստղերի արձագանքները լայն տարածում ստացան համացանցում, ինչպես՝ Ջիմ Քերիի հոլովակը, որտեղ նա քննադատում է Սմիթի պահվածքը, որը հավաքել է միլիոնավոր դիտումներ սոցիալական ցանցերում և վիդեո հարթակներում[103]։ CBS Mornings-ի հարցազրույցից տարածված հոլովակներում Քերրին նշել է.
- Դու իրավունք չունես բարձրանալու բեմ և հարվածելու ինչ-որ մեկին, որովհետև նրանք բառեր են ասել[90]։
Եվ որ նա Սմիթին դատի կտար 200 միլիոն դոլար տուգանքի պահանջով, եթե լիներ Ռոքի փոխարեն՝ հավելելով.
- Այդ հոլովակն այնտեղ է լինելու հավերժ։ Այն ամենուր է լինելու։ Այդ վիրավորանքը երկար ժամանակ է հիշվելու։
Այնուհետև նա քննադատեց Հոլիվուդին՝ մրցանակը ստանալուց հետո Սմիթին հոտնկայս ծափահարելու համար[104]։
Էնթոնի Հոփքինսը, ով Լավագույն դերասանուհի մրցանակն էր ներկայացնում, իր խոսքում ուղղակիորեն անդրադարձել է Սմիթի պահվածքին և լավագույն դերասանի մրցանակի ժամանակ Սմիթի խոսքին.
- Ուիլ Սմիթն ամեն ինչ արդեն ասել է։ Էլ ի՞նչ կարող եմ ավելացնել։ Եկե՛ք խաղաղություն, սեր և հաշտություն տարածենք[105]։
Փինքեթ Սմիթն իր «Արժանի» հուշերում գրել է, որ այդ միջադեպն իրեն ու Սմիթին մտերմացրել է։ 2023 թվականին Parade-ին տված հարցազրույցում նա ասել է.
- Դա այն պահն էր, երբ ես զգացի, որ մենք նորից միմյանց հետ ծանոթացանք։ Ուղղակի հիասքանչ է, մենք այս ճանապարհորդության համար ենք ստեղծված[106]։
Այնպիսի կատակերգուներ, ինչպիսիք են՝ Ջորջ Վալլասը և Քեթի Գրիֆինը, խոսել են, թե ինչպես է միջադեպը հիմք հանդիսանալու ապագա վիճաբանությունների համար և որ նրանք պետք է ավելի զգուշորեն ընտրեն կատակների թեմաները[107][108]։ Հոուի Մանդելը կապել է Ռոքի և Չապելի միջադեպերը՝ հայտարարելով.
- Այդ ապտակը բացել է դարպասները։ Դուք տեսել եք, թե ինչ է պատահել Ակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ, և ես կարծում եմ, որ բռնությունը բռնություն է ծնում և սա կատակերգության ավարտի սկիզբն է[109]։
Կատակերգակ Սեդրիկ Զվարճացնողը Օսկարի մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված խնջույքի ժամանակ որպես կատակ ասաց, որ եթե իր հանդեպ բռնություն կիրառեին սթենդ-ափի ժամանակ ինչ-որ մեկի կնոջ մասին կատակելու համար, ինքն անպայման կպաշտպանվեր[110]։ Կատակերգակ Ջեյմս Քորդոնը գովասանքի խոսքեր շռայլեց Ռոքի հասցեին շոուն շարունակելու համար, իսկ Սմիթին քննադատեց կատակը չընդունելու համար։ Նա ծաղրել է այդ միջադեպը Ջեյմս Քորդոնի հետ ուշ երեկոյան շոուի եթերում՝ երգելով «We Don't Talk About Bruno» երգի պարոդիան Փինքեթ Սմիթի մասին[111]։ Էմի Շումերը նշել է, որ միջադեպը տրավմատիկ ազդեցություն է թողել իր վրա և քննադատել է Սմիթին՝ նրան դիմելով որպես «Ալի»։ Նա նաև քննադատել է ԿԱԳԱ-ի՝ մրցանակաբաշխության վերահսկողությունը՝ համեմատելով այն դեպքը, երբ իրեն արգելել են կատակել Գալինա Հաթչինսի մահվան մասին (Rust ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած կրակոցների միջադեպի պատճառով) Սմիթի՝ բեմ բարձրանալու և ինչ-որ մեկին ապտակելու կարողության հետ[100]։
Կատակերգակ Գիլբերտ Գոտֆրիդը ապրիլի 12-ին՝ իր մահից առաջ, սոցիալական ցանցերում թողած վերջին հրապարակման մեջ իր աջակցությունն է հայտնել Ռոքին՝ հարցնելով.
-Ո՞րն է ավելի խիստ հանցանք։ Այն, որ Քրիս Ռոքի նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել, թե՞ այն, որ Քրիս Ռոքը կատակել է[112]։
Գիշերային թոք շոուների հաղորդավարներ Սթիվեն Քոլբերը, Ջիմմի Քիմմելը, Ջիմմի Ֆելլոնը, Ջեյմս Քորդընը, Բիլ Մաերը, Էնդի Քոհենը, Սեթ Մայերսը և Էմբեր Ռուֆինը դատապարտել են Սմիթի արարքներն իրենց մենախոսություններում[113][114][115]։
Laugh Factory-ն հայտարարեց իր աջակցությունը միջադեպից անմիջապես հետո կատակերգակների մասին օրենքի Առաջին լրամշակմանը, իսկ ԱՄՆ-ի մի շարք կատակերգական ակումբներ, ներառյալ՝ «Stand Up NY»-ը և «Carolines on Broadway»-ը հայտարարել են, որ իրենք կխստացնեն անվտանգության միջոցները։ Laugh Factory-ի տնօրենը նշել է, որ ինքը նկատել է ագրեսիայի աճ հովանավորների մոտ՝ COVID-19 համաճարակից հետո բիզնեսների վերաբացվելուց սկսավ[116]։ Comedy Cellar-ի սեփականատերը մտավախություն է հայտնել, որ այդ տեսակ հարձակումները կարող են շարունակական լինել[114][115][117]։
Բիլլ Մաերը նշել է․
- Մազաթափությունը լեյկեմիա չէ։ Մենք բոլորս էլ մազերի հետ կապված խնդիրներ ունենք[118]։
Ռիքի Գերվիսը համակարծիք է և հեգնանքով նշել է․
-Ես գեր եմ ու ճաղատ։ Այդ տրամաբանությամբ ես էլ պետք է ունենամ արտոնություններ[119]։
Աշխարհի քաղաքական գործիչները հրապարակավ քննարկել են միջադեպը կամ հանդես եկել որևէ կողմի աջակցությամբ[114][115][120]։ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, հիմք ընդունելով իր սեփական ամուսնությունը, նշել է, որ հասկանում է, թե ինչու է Սմիթն այդպես վարվել, բայց դա ճիշտ պահվածք չէ[121]։ Կանադայում՝ Ալբերտայի վարչապետ Ջեյսոն Քեննին քննադատության է արժանացել միջադեպի հետ կապված մեմերը կանաչ էներգիայի քաղաքականության վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու համար օգտագործելու պատճառով[122]։ Նոր Զելանդիայի ազգային կուսակցությունն օգտագործել է միջադեպի մեմը, որպեսզի Ֆեյսբուքում քննադատի Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցությանը, սակայն առաջնորդ Քրիստոֆեր Լուքսոնը հրապարակումն արագորեն ջնջել է[123]։ Մեծ Բրիտանիայի գանձարանի նախկին կանցլեր Ռիշի Սունակը համեմատել է իրեն Ուիլ Սմիթի հետ, երբ վերջերս իր կնոջը՝ Ակշատա Մուրթիին, քննադատել են Ռուսաստանում տեղակայված տեխնոլոգիական ընկերությունում բաժնետոմսեր ունենալու համար։ Ի պատասխան, Ռիշին կատակով ասել է․
- Ես գոնե ոչ ոքի չեմ ապտակել[124]։
ԱՄՆ-ում ժողովրդավարներ Այանա Պրեսլին և Ջամալ Բոումանը թվիթերում հրապարակել են Սմիթին աջակցող խոսքեր, որոնք ավելի ուշ ջնջել են։ Պրեսլին, ով նույնպես տառապում է մազաթափությամբ, նշել է, որ դա կատակի թեմա չէ։ Պրեսլին նաև թվիթերում հրապարակել է․
- Սրտանց շնորհակալ եմ այն ամուսիններից, որոնք պաշտպանում են իրենց՝ տեղային մազաթափությամբ տառապող կանանց, ամենօրյա վիրավորանքների և տգիտության դեմ,- և ավելացրել է,- գլխի ճաղատ մասեր ունեցող կանայք միայն իրական տղամարդկանց համար են, տղաները չպետք է «հավակնեն»։
Հրապարակումն ավելի ուշ ջնջվել է[114][115][125]։ Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ, ներառյալ՝ Մերիջորի Թեյլոր Գրինը, նույնպես հայտնել են իրենց աջակցությունը Սմիթին[126]։ Իսկ Էնդի Բիգգսը միջադեպն օգտագործել է, որ ստեղծի Բայդենի դեմ հակաքարոզչական մեմեր[127]։
Որոշ մեկնաբաններ կարծում են, որ վեճը գովազդային հնարք էր,որը մասամբ պայմանավորված է վերջին տարիներին միջոցառման դիտողականության մակարդակի նվազմամբ։ Դևիդ Գրիները Adweek-ից Թվիթերում հրապարակել է․
- Դանդաղ քայլ բեմի վրա, ապտակ, առանց տարակուսանքի, դանդաղ քայլերով վերադարձ՝ առանց ծեծկռտուքի և անվտանգության անձնակազմի միջամտության։ Ասես լիովին բեմադրված լինի հրապարակայնության համար։
Եվ ոմանք համաձայնեցին[128]։ Ավելի ուշ Ակադեմիայի աղբյուրները հայտնեցին, որ միջադեպը պլանավորված չէր և Ռոքի կատակը ամբողջովին իմպրովիզ էր[129]։
Միջադեպի պլանավորված լինելու փաստին նպաստել է նաև համացանցում տարածված նկարը, որում Ռոքն իբր թե «այտի բարձիկ» էր օգտագործել, բայց դա ընդամենը թվային խաբկանք էր[130][131]։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ Գուգլում մազաթափության մասին որոնումներն աճել են 600 տոկոսով, քանի որ մարդիկ իրազեկվել են այդ թեմային, մինչ Թվիթերում ակտիվությունն աճել է ավելի քան 5 միլիոն տոկոսով, ինչը ցույց է տալիս, որ մարդիկ պատրաստակամություն են հայտնել իրազեկվել ու իմանալ ավելին մազաթափություն հիվանդության մասին[132]։
Լոս Անջելոսի ոստիկանության բաժանմունքը (ԼԱՈԲ) հայտնել է, որ Ռոքը ցանկություն չի հայտնել ոստիկանությանը մեղադրանքներ ներկայացնել Սմիթի դեմ, իսկ նախկին դաշնային դատախազ Նիամա Ռահմանին բացատրել է, որ «մեղադրանք առաջադրելու» գաղափարն իրավական թյուր կարծիք է և որ վերջնական որոշումը, միևնույն է, մնում է Լոս Անջելոսի քաղաքային գրասենյակի դատախազ Մայք Ֆոյերին[133]։ Քրեական պաշտպանության փաստաբան Էլիսոն Թրիսելն արձագանքել է այս տեսակետին՝ ասելով․
- Ես կզարմանամ, եթե քաղաքային դատախազը լրջորեն չքննարկի մեղադրանքները, որովհետև դա կատարվեց հրապարակավ։ Արդյոք նրանք սխալ օրինակ են տարածում, եթե նրան քրեական պատասխանատվության չեն ենթարկում։ Տարածվում է գաղափարը, որ դու կարող ես հանցանք գործել և չպատժվել դրա համար։ Սա շատ սխալ ուղերձ է[134]։
Այնուամենայնիվ, Լոս Անջելոսի շրջանի նախկին դատախազ Ալան Ջեքսոնը կարծում է, որ մեղադրանքներ չեն առաջադրվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռոքը դրանք չի ներկայացրել[135]։
Դեպքին հաջորդող առավոտյան Esquire Digital-ի գլխավոր իրավական վերլուծաբան Արոն Սոլոմոնը գրել է.
- Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի ունեցավ Օսկարի ժամանակ, բռնություն էր՝ համաձայն Քալիֆորնիայի օրենսդրական համակարգի։
Թարեկ Ֆաթը գրել է The Toronto Sun-ում.
-Վիճաբանության մեջ ներգրավված անձանցից միայն մեկն է խախտել օրենքն Օսկարի ժամանակ, և նա ջրից չոր է դուրս եկել, որովհետև ԼԱՈԲ-ը չի միջամտել և թողել է, որ միջադեպը տեղի ունենա։ Միայն այն ժամանակ, երբ Սմիթին մեղադրեն բռնության և ծեծկռտուքի մեջ, կերևա, որ արդարադատությունն իսկապես կույր է։
Հարավային Քալիֆորնիայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ջոդի Արմորը պնդում է․
-Եթե Սմիթին մեղադրանքներ չառաջադրվեն, դա կարող է վտանգի տակ դնել արդարադատության համակարգի համբավը[134][136]։
Այնուամենայնիվ, իրավական այլ փորձագետներ դեմ են արտահայտվել մեղադրանքներ առաջադրելուն։ Ալան Ջեքսոնն ասել է․
-Զանցանքի համար ձերբակալվելու համար, այն կա՛մ պետք է տեղի ունենա պատկան մարմինների դիմաց, կա՛մ այն անձը, որի հանդեպ ենթադրաբար կատարվել է հանցանքը, պետք է պաշտոնական բողոք ներկայացնի ոստիկանությանը։
Լոյոլա իրավաբանական քոլեջի պրոֆեսոր և նախկին դաշնային դատախազ Լորի Լևենսոնն ասել է, որ դեպքն այդքան էլ լուրջ չէ, որ առաջնահերթություն համարվի։ Դատապաշտպան և նախկին դատախազ Մայքլ Կարդոզան համաձայնել է՝ ասելով, որ չնայած Սմիթի գործողությունները հանցագործություն են, դրանք այնքան էլ կարևոր չեն, որ կաթվածահար անեն դատարանները[137]։ Դատապաշտպան Լու Շապիրոն նշել է, որ Սմիթը չի արժանանում որևէ առանձնահատուկ վերաբերմունքի, եթե նրա դեմ քրեական գործ չի հարուցվում։
-Առանց վնասվածքի հասարակ ծեծի դեպքում ԼԱՈԲ-ը ոչ մի նորմ չի խախտում։ Եթե ընտանեկան բռնության դեպք չէ, նրանք չեն պատրաստվում այդ դեպքի վրա ոչ մի ռեսուրս վատնել, որովհետև եթե զոհը չի ներկայացնում մեղադրանքներ, ուրեմն ո՞ւմ ենք պաշտպանում[138]։
Associated Press-ի հետ խորհրդակցություն անցած փորձագետները համաձայն են, որ Սմիթին դժվար թե ընդհանրապես մեղադրանք առաջադրվի, և եթե անգամ առաջադրվի, ապա նա ընդամենն աննշան պատիժ կկրի[135]։
Saturday Night Live's-ի Weekend Update-ը քննարկել է միջադեպի ընթացքը Քոլին Ջոստի հետ՝ հեգնելով․
-Այսինքն՝ հիմա մենք արդեն ուղղակի հարցնում ենք զոհին․«Լսի՛ր, դեմ չես լինի, չէ՞, եթե այն տղան, որը քո վրա է հարձակվել, ազատության մեջ ապրի։ Հաստատ չես ուզում, որ նա նորից հունից դուրս գա»[139]։
The Washington Post-ում հեղինակ և թղթակից Մոնիկա Հեսսեն բռնության ակտը բնութագրում է որպես ասպետության անհաջող փորձ[140]։ Glamour ամսագրից Աթեհ Ջուվելը բնութագրել է արարքը որպես ասպետական արարք՝ համեմված տոքսիկ առնականությամբ[141]։ Ջեյմս Բ․ Դյուկի անվան Դյուկի համալսարանի աֆրիկյան և աֆրոամերիկյան տեսությունների հայտնի պրոֆեսոր Մարկ Էնթոնի Նիլը նշել է, որ միջադեպն անդրադառնում է սոցիալական արժեքների, որոնք առնչվում են ամերիկյան ԶԼՄՆ-երում ռասայի և աֆրոամերիկյան առնականության ընկալմանը[142]։
Մոնաշի համալսարանի կրթության, մշակույթի և հասարակության դպրոցի պրոֆեսոր Սթիվեն Ռոբերտսն ավելի ուշ մեկնաբանել է միջադեպը, և այն դիտարկել է տոքսիկ առնականություն ավելի լայն համատեքստում։ Ռոբերտսը եզրակացրել է, որ միջադեպը ևս մեկ ճիշտ ժամանակին հնչեցված հիշեցում է, որ մենք պետք է խթանենք ժողովրդավարական գենդերային հարաբերությունները, որոնք հիմնված են կարեկցանքի ու հոգատարության վրա[143]։
Հարավային Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր ու ԱՄՆ-ի ռասայի և հավասարության կենտրոնի գործադիր տնօրեն Շոն Հարփերը հետագայում միջադեպը դիտարկեց տոքսիկ առնականության տեսանկյունից։ Հարփերն ընդգծել է․
-Ուիլ Սմիթը 53 տարեկան է, ինչը հաստատում է, որ տոքսիկ առնականությունը կապված չէ հասունության պակասի հետ։ Տղամարդիկ հեշտությամբ դրանից չեն ազատվում։ Մեզանից ոմանք դրա որոշ դրսևորումներ շարունակում են կրել ամբողջ կյանքի ընթացքում։ Փորձելով հասկանալ, թե ինչ է դա և ինչպես է ազդում մեր պահվածքի և վերաբերմունքի վրա՝ կարող ենք փրկել մեզ՝ ինքներս մեզ և ուրիշներին վնասելուց[144]։
Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբան Աննա Պրեխտը կարծում, է, որ ավելի հանգիստ հոգեվիճակում Սմիթը միգուցե ընկալեր, որ կատակն իրականում սպառնալիք չէ[145]։ Հեղինակ Բերնարդին Էվարստիոն միջադեպին նայել է Ակադեմիայի մրցանակի աֆրոամերիկացի հաղթողների է՛լ ավելի լայն տեսանկյունից և ափսոսանք է հայտնել, որ Սմիթը նախընտրել է բռնությունը պարզապես բառերով արտահայտվելու փոխարեն[146]։
Միջադեպի համատեղ ակադեմիական քննարկման արդյունքում Մոնաշ համալսարանի պրոֆեսորներ Սթիվեն Զեքը, Բիատրիս Գակո Կորդոբան, Լուկաս Վալշը և Մատեո Բոնոտտին եկան այն եզրահանգման, որ բռնությունը (նաև անքաղաքավարության ձև) անընդունելի է, բայց քաղաքավարությունը, երբ և ինչպես այն օգտագործել, խճճված է։ Երբեմն ավելի ճիշտ կլինի անքաղաքավարի լինել ու չժպտալ, եթե ցանկանում ենք ինչ-որ բան փոխել[147]։
Քրիս Ռոքը և շատ ուրիշներ ենթադրում են, որ Սմիթի արարքի վրա ազդել է նրա հնարավոր տևական գրգռվածությունը՝ կնոջ նախկինում ունեցած արտամուսնական կապի առնչությամբ, նրանց որդու ընկերոջ՝ Ավգուստ Ալսինայի հետ, ով Փինքեթից փոքր է 21 տարով[148][149][150]։ Սմիթերը միահամուռ եկել են այն եզրակացության, որ իրենցը «ցմահ անհաջող ամուսնություն է»[151][152]։
Glamour ամսագրի համար գրված հոդվածում Ջեննի Սինգերը համեմատել է Սմիթի և լեհ-ֆրանսիացի ռեժիսոր Ռոման Պոլանսկիի դեպքերը։ Պոլանսկին 1978 թվականից փախուստի մեջ է ԱՄՆ արդարադատական մարմիններից, այն պահից ի վեր, ինչ փախել էր երկրից 13-ամյա աղջկան թմրանյութեր տալու ու բռնաբարելու համար դատապարտվելուց մի քանի ժամ առաջ։ Սինգերը նկատել է, որ Ակադեմիան հեռացրել է Պոլանսկիին միայն 40 տարի անց MeToo շարժման ժողովրդականացման ժամանակ։ Բացի այդ, մինչ նրա հեռացումը Հոլիվուդի դերասանական համայնքը խանդավառությամբ աջակցում էր ռեժիսորին, ներառյալ՝ 2003 թվականի մրցանակաբաշխության ժամանակ, երբ նա արժանացավ հոտնկայս ծափահարությունների «Դաշնակահար» (2002) ֆիլմի համար լավագույն ռեժիսոր մրցանակը ստանալիս։ Համեմատության համար՝ Սմիթին հեռացրել են ընդամենը 2 շաբաթ անց[153]։
Տայո Բերոն գրել է The Guardian-ի համար, որ Սմիթի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը «պարզ երևում է, որ անարդարություն է» և նշել է, որ Ակադեմիան ոչ մի քայլ չի ձեռնարկել 1973 թվականի մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց դեպքից հետո, որտեղ Ջոն Ուեյնին իբր ստիպված են եղել անվտանգության 6 աշխատակիցներով հեռու պահել բնիկ ամերիկացիների հասարակական իրավունքները պաշտպանող ակտիվիստ՝ Սաշին Լիթլֆեդերի վրա հարձակվելուց[154]։ Այնուամենայնիվ, 2022 թվականին անցկացված հետաքննությունը բացահայտել է, որ մեղադրանքի հիմք հանդիսացած վարքագիծը դժվար թե դրսևորվեր[155]։
Սուրբ Լուիսի անվան Վաշինգտոնի համալսարանի Օլին բիզնես դպրոցի պրոֆեսորներ Թիմ Սոլբերգը և Գլեն Մաքդոնալդը համաձայնել են, որ հավանականությունը քիչ է, որ այդ միջադեպը մեծ ֆինանսական վնաս հասցնի թե՛ Սմիթի, թե՛ Ռոքի եկամուտներին, բայց կարող է վատ ազդեցություն ունենալ ԿԱԳԱ-ի վրա։ Սոլբերգն ասել է․
- Ակադեմիան ինքը վնասներ կկրի, եթե քայլեր ձեռք չառնի։ Երկու աստղերն էլ ունեն իրենց հետևորդները, և լսարանը երկփեղկված է։ Որպես արդյունք, նրանք եկամտի անկում չեն ունենա։ Այդ տեսանկյունից նրանց բրենդը ֆինանսապես չի տուժում։ Մաքդոնալդը համաձայնել է՝ նկատելով, որ զվարճանքի ինդուստրիայում վատ համբավ կոչվածը գոյություն չունի։ Սոլբերգն իր հերթին նշել է, որ միջադեպը Սմիթի վրա ֆինանսական մեծ ազդեցություն կթողներ, եթե խոշոր կինոստուդիաները քայլեր ձեռնարկեին։
- Չնայած ֆինանսական տեսանկյունից աստղերն ունեն իրենց բրենդն ու հետևորդներին, եթե կինոստուդիան կամ հանրությունը չբոյկոտի Ուիլ Սմիթին (խոշոր աստղին, որն ահռելի գումար է բերում ընկերությանը) բռնության հրապարակային դրսևորման պատճառով, նա կպահի իր ֆինանասական շահը, անգամ եթե իր բրենդի անունը վարկաբեկվի[156]։
Ռոքը կարծես ֆինանսապես շահել է միջադեպից, երբ նրա կատակերգական շրջագայության տոմսերն ամբողջովին սպառվեցին։ Տոմսերի վերավաճառողներից մեկը հաջորդող օրերին ունեցել է մոտ 641% աճ, իսկ որոշ տոմսեր աճուրդի են դուրս բերվել ավելի քան 1700 դոլար արժողությամբ[157]։
2020 թվականի հունիսին հայտարարվել է, որ Սմիթը կնկարահանվի «Էմանսիպացիա» ֆիլմում, ռեժիսոր՝ Անտուան Ֆուքուա, որտեղ նա մարմնավորում է Փիթերին՝ փախուստի դիմած ստրուկի, որը հիմարացնում է իրեն հետապնդողներին և հաղթահարում Լուիզիանայի ճահիճը միության բանակ հասնելու համար։ Սա թողարկվել է միջադեպից և դրա անմիջական հետևանքներից հետո[158]։ Լուրեր էին պտտվում, որ 2022 թվականի մայիսի ֆիլմի թողարկումը տեղափոխվել է 2023 թվական՝ նկարահանումների բազմաթիվ չեղարկումների, Սմիթի և նրա՝ Ռոքին ապտակելու շուրջ եղած հակասականությունների և Apple-ի ֆիլմերի թողարկման գերծանրաբեռնված ժամանակացույցի պատճառով[159]։ Հետագայում այն տեղափոխվեց 2022 թվականի դեկտեմբեր ամիս։
2023 թվականի հոկտեմբերին թողարկվել է Ջադա Փինքեթ Սմիթի «Արժանի» հուշերը։ Այնտեղ Ջադան բացահայտել է, որ ինքը և Սմիթը 2016 թվականից առանձին էին ապրում։ Նա այդ բացահայտման վերաբերյալ ասում է․
-Ասես մի մեծ բեռ ընկավ ուսերիցս։
Օսկարում տեղի ունեցած միջադեպի մասին Ջադան գրել է․
- Հետաքրքիր է, թե ինչպես նման լարված իրադարձությունը կարող է մարդկանց միավորել[160]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.