Քուրդիստան
From Wikipedia, the free encyclopedia
Քուրդիստան կամ Քրդստան (արաբ.,թուրք,քրդ.՝ کوردستان, Kürdistan,کردستان,ˌkʊɾdɪˈstɑːn) կամ Մեծ Քուրդիստան[3][4], աշխարհագրական եզր, որն իր ժամանակից գործածությամբ ընդգրկում է Միջին Արևելքում գտնվող այն տարածքները, որտեղ զգալի ներկայություն են ունեցել և այժմ բնակչության մեծամասնություն են կազմում քրդերը[5][6]։ Չունի հստակորեն սահմանված աշխարհագրական եզրեր և անցյալում գործածվել է տարբեր տարածքների նկատմամբ[7]։ Մեկ սահմանմամբ այն զբաղեցնում է պատմական Մեծ Հայքի Կորճայք նահանգի տարածքը, հետագայի Վանի նահանգի հարավարևմտյան գավառները[8]։ Մեկ այլ սահմանման համաձայն՝ այն համապատասխանում է Հայկական Տավրոսի և Զագրոսի լեռնաշղթաների միջև ընկած տարածքներին, ընդգրկելով Հայկական և Իրանական լեռնաշխարհների մի գգալի հատված[9]։ Լայնագույն սահմանումներով այն կարող է ընդգրկել ժամանակակից Հայաստանի և Վրաստանի արևմտյան հատվածները և ընդարձակվել մինչև Միջերկրական ծովը և կամ Պարսից ծոցը[6][7]։
քրդ.՝ کوردستان, Kurdistan | |
Քրդաբնակ տարածքներ ըստ ԿՀՎ (1992 թ․)[1] | |
Լեզուներ | Քրդերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ասորերեն, հայերեն և այլն |
---|---|
Տեղադրություն | Բարձր Միջագետք և Զագրոսի լեռներ,Հայկական լեռնաշխարհ և Հարավարևելյան Անատոլիա տարածաշրջանների հատվածները, հյուսիսային Սիրիան, հյուսիսային Իրաքը և հյուսիսարևմտյան Իրանական լեռնաշխարհը[2] |
Parts | Հյուսիսային Քուրդիստան Արևմտյան Քուրդիստան Հարավային Քուրդիստան Արևելյան Քուրդիստան |
Երկրներ | Իրաք Իրան Թուրքիա Սիրիա |
«Քրդստան» եզրն առաջին անգամ հիշատակվել է Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» մեջ, նկատի ունենալով Ուռհայի և Դիարբեքիրի միջև ընկած մի տարածք, որտեղ բնակվում էին քրդեր[7]։ Միջին Արևելքում տիրել են տարբեր քրդական ծագմամբ իշխաններ և հարստություններ, սակայն երբեք գոյություն չի ունեցել Քրսդստան անվամբ ինքնիշխան պետություն[5][10]։ «Քրդստան» են կոչվել կամ կոչվում մի շարք վարչատարածքային բաժանումներ․ Օսմանյան կայսրության Քուրդիստանի էյալեթը, Իրանի Քուրդիստանի նահանգը, Ադրբեջանական ԽՍՀ Կարմիր Քուրդիստանի գավառը և Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանը։
Առաջին աշխարհամարտից և Օսմանյան կայսրության փլուզումից հետո քրդերով բնակեցված տարածքները հայտնվեցին Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի և Իրանի տարածքում։ Նշված ժամանակներից ի վեր գործածության մեջ են մտել «Թուրքական Քրդստան» («Հյուսիսային Քրդստան», պատմական Արևմտյան Հայաստան և հարակից շրջաններ), «Իրանական Քրդստան» («Արևելյան Քրդստան»), «Իրաքյան Քրդստան» («Հարավային Քրդստան») և «Սիրիական Քրդստան» («Արևմտյան Քրդստան») անվանումները[11][12][13]։ 20-րդ դարում տարբեր անհաջող փորձեր են արվել անկախ քրդական պետականություն հիմնադրել վերոնշյալ երկրների տարածքում (օրինակ՝ Մահաբադի հանրապետությունը, Արարատյան հանրապետությունը, Քուրդիստանի թագավորությունը ևն)։ Քրդական որոշ ազգայնական կազմակերպությունների նպատակն է ստեղծել անկախ քրդական պետություն, որը կընդգրկի բոլոր քրդական մեծամասնություն ունեցող տարածքները կամ ավելին։ Այլ քրդական կազմակերպություններ ձգտում են ձեռք բերել լայն ինքնավարություն քրդաբնակ շրջաններում՝ գոյություն ունեցող պետական սահամանների շրջանակներում[14][15]։
Ներկայումս Իրաքյան Քուրդիստանը, որը մաս է կազմում Իրաքի դաշնային հանրապետության, միակ ճանաչված ինքնավար քրդական վարչական միավորն է։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում քրդական զինված խմբավորումներ իրենց վերահսկողության տակ են վերցրել հյուսիսային Սիրիայի մի զգալի հատված, ստեղծելով փաստացի ինքնավարություն։ Ձգտում են պատերազմից հետո ինքնավարություն ունենալ դաշնային Սիրիայի կազմում[16][17]։