Փռշտոց
From Wikipedia, the free encyclopedia
Փռշտոց (լատ․՝ sternutatio), մարդու և բարձրակարգ կենդանիների պաշտպանական ոչ պայմանական ռեֆլեքս, որն ապահովում է վերին շնչուղիներից փոշու, լորձի և այլ գրգռիչների հեռացումը հարկադրված արտաշնչման միջոցով, առավելապես ըմպանով՝ կարճ ներշնչումից հետո[1]։ Ի տարբերություն հազի՝ փռշտոցի ժամանակ լեզուն սեղմվում է փափուկ քիմքին, այդ իսկ պատճառով հարկադրված արտաշնչումը տեղի է ունենում քթի միջոցով[2]։
Կենսաբանական համակարգ | |
---|---|
Շնչառական համակարգ | |
Ընդհանուր տեղեկատվություն | |
Գործողություն | Ինքնաբուխ |
Խթաններ | Քթի լորձաթաղանթի գրգռիչներ, լույս, վարակ |
Միջոց | Օդի հեռացում քթի կամ բերանի միջոցով |
Արդյունք | Գրգռիչի հեռացում |
Որպես գործընթաց՝ տեղի է ունենում հետևյալ կերպ․
- նախորդող քորի զգացողություն քթում[3],
- խորը ներշնչում և թոքերում օդի հավաքում[3],
- փափուկ քիմքի բարձրացում, ըմպանի առաջնային կանթիկների կրճատում, լեզվի հետնամասի հպում կարծր քիմքին, ինչը մեկուսացնում է ըմպանն ու բերանի խոռոչը[3], աչքերի փակում[4],
- միջկողային մկանների, ստոծանու և որովայնի ուղիղ մկանների, կոկորդի մկանների կրճատում (ձայնաճեղքի փակմամբ), ինչն առաջ է բերում ներկրծքային և ներորովայնային ճնշումների բարձրացում[5],
- Ըմպանի բացմամբ ուղեկցվող ուժեղ արտաշնչում։
Փռշտոցի ժամանակ արտաշնչվող օդի ճնշումը կարող է գերազանցել 100 մմ սնդիկի սյունը, ձայնաճեղքի մակարդակին օդի արտամղումը դուրս հասնում է 50-120 մ/վ-ի, իսկ օդային հոսքի ծավալային արագությունը՝ մինչև 12 ձիաուժի[5]։ Քթի և բերանի խոռոչով անցնող օդի հոսանքը կլանում է լորձի և թքի կաթիլները, որոնք ցողված վիճակում տարածվում են մինչև 2-3 մետր[1]։