Ըմպան
From Wikipedia, the free encyclopedia
Ըմպան (pharynx), մարսողական խողովակի և շնչառական ուղու այն մասը, որը հանդիսանում է որպես կապակցող օղակ մի կողմից քթի և բերանի խոռոչների միջև, մյուս կողմից՝ կերակրափողի և կոկորդի միջև։ Գտնվում է գանգի հիմքի և պարանոցի վեցերորդ ողի մակարդակում։ Ըմպանը ներսի տարածությունը կոչվում է ըմպանի խոռոչ (cavum pharynges)։ Ըմպանը տեղավորված է քթի, բերանի խոռոչների ու կոկորդի հետևը և ձգվում է ծոծրոսկրի հիմային մասից մինչև պարանոցային VI ողը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/Uvula_without_tonsils.jpg/220px-Uvula_without_tonsils.jpg)
Ըմպանի առջևի մասում տեղավորված օրգաններին համապատասխան այն բաժանում են 3 մասի՝ քթային (pars nasalis), բերանային (pars oralis) և կոկորդային (pars laryngea)։ Կլման ժամանակ փափուկ քիմքը բարձրացնում է վեր ու հետ և բոլորովին անջատում է ըմպանի քթային հատվածը բերանային հատվածից։ Ըմպանի խոռոչում բացվում են 7 անցքեր, որոնցից չորսը ընկած են փափուկ քիմքից վեր (երկու խոանների և երկու եվստախյան խողովակների անցքեր), իսկ երեքը՝ փափուկ քիմքից ցած (սրանք բացվում են բերանի, կոկորդի և կերակրափողի մեջ)։ Ըմպանի վերին պատը (առաստաղը) կոչվում է ըմպանի գմբեթ կամ թաղ (fornix pharynges)։ Ըմպանի երկարությունը թաղից մինչև ներքևի ծայրը 15սմ է, լայնությունը ավելի մեծ է, քան առաջ-հետին տրամագիծը։ Քթային մասում, անմիջապես գանգի հիմքից ցած այն հասնում է 4-5 սմ-ի։