Տինտորետտո Յակոբո Ռոբուստի (իտալ.՝ Jacopo Tintoretto, 1519[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][3] - մայիսի 31, 1594(1594-05-31)[4][5][6][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][3]), Վերածննդի իտալացի խոշոր գեղանկարիչ։ Տինտորետտո անունը (իտալ.՝ tintoretto - ներկարար) ստացել է հորից։

Կենսագրություն

Սովորել է հավանաբար Բոնիֆացիո Վերոնեզեի կամ Պարիս Բորդոնեի, ինչպես և Տիցիանի մոտ։ Կրել է Ա․ Սկյավոնեի,Միքելանջելոյի, Տիցիանի, Պարմիջանինոյի և Լ․ Լոտտոյի ազդեցությունը։ 1539-ից աշխատել է ինքնուրույն։ Կատարելապես տիրապետելով գծանկարին, բարդ կրճատումների, դրամատիկ լուսային էֆեկտների, շարժման տարաբնույթ մոտիվների վերարտադրմանը, Տինտորետտո դեռևս վաղ շրջանի գործերում («Հովհաննես Մկրտչի ծնունդը», 1540-ական թթ․ վերջ, էրմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ) գեղարվեստական նոր ու համարձակ որոնումներով գերազանցել է իր ժամանակակիցներին։ XVI դ․ 50–60-ական թթ․ վերջնականապես ձևավորվել է Տինտորետտոի անհատական ոճը։ Պատկերելով մասսայական տեսարաններ, նա վերարտադրել է դեպքերի հանդեպ տարբեր մարդկանց վերաբերմունքը, դիմել գլխապտույտ տարածական կոմպոզիցիաների։ Վաղ շրջանի գործերին բնորոշ շողշողուն գույները, աստիճանաբար կորցնելով պայծառությունը, ձեռք են բերել էմոցիոնալ մեծ լարվածություն («Մարիամի մուտքը տաճար», մոտ 1555, Սանտա Մարիա դել Օրտո եկեղեցի, Վենետիկ, երեք նկար Մ․ Մարկոսի առասպելի թեմաներով․ 1562–64. Ակադեմիայի պատկերասրահ, Վենետիկ և Բրերա պատկերասրահ, Միլան)։

Նկարչի գլխավոր աշխատանքը Վենետիկի Սկուոլա դի Սան Ռոկկոյի համար արված պաննոների շարքն է (1565–88), որտեղ Տինտորետտո քրիստոնեական առասպելը վերարտադրել է խոր դեմոկրատական մեկնաբանությամբ, հատուկ ուշադրություն նվիրելով ժողովրդի («Հովիվների երկրպագությունը», «Մկրտություն» ևն), բնանկարի («Փախուստ դեպի Եգիպտոս» ևն) պատկերմանը։ Հուզիչ են Տինտորետտոի մարտանկարչական կոմպոզիցիաները («Զարայի ճակատամարտը», մոտ 1585, Դոժերի պալատ, Վենետիկ) և շլացուցիչ լուսային էֆեկտներով՝ «Խորհրդավոր ընթրիքը» (1592–94, Սան Զորջո Մաջորե եկեղեցի, Վենետիկ)։ Տինտորետտոի ուշ շրջանի ստեղծագործության մեջ հատուկ տեղ են գրավում Դոժերի պալատի «անտիկոլեջո» սրահի նուրբ երաժշտականությամբ ու հմայքով կատարված որմնանկարները (1578)։

Ստեղծել է նաև դիմանկարներ, որոնցից լավագույնները հոգեբանական նրբությամբ նախորդում են Ռեմբրանդի գործերին։ Տինտորետտոի լայնաշունչ, ազատասիրական, ռեալիստ, ստեղծագործությունը (ինչպես նաև Միքելանջելոյինը) եղել է Ուշ Վերածննդի արվեստի հոյակապ եզրափակումը։ Տինտորետտոի «Ապոլլոնը և Պանը» կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Յակոբո Տինտորետտոյի դուստրը՝ Մարիետա Ռոբուստի Տինտորետտան (Marietta RobustiTintoretta) (1554/55-1590) և որդին՝ Դոմենիկո Տինտորետտոն (Domenico Tintoretto) (1562−1637) նույնպես նկարիչներ են եղել։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.