Տերև (ասոր՝ ܛܪܦܐ (ṭarpā, «տերև») (բացարձակ ձև՝ ܛܪܦ (ṭəref)) կամ սաղարթ, բույսի արտաքին օրգան, որի հիմնական ֆունկցիան ֆոտոսինթեզն է։

Thumb
Տերև
Thumb
Աշնանային տերևներ

Բույսերի մեծ մասի տերևները կազմված են տերևաթիթեղից և կարճ կամ երկար կոթունից, որով ամրանում են ցողունին[1]։ Այդպիսի տերևները կոչվում են կոթունավոր։ Սակայն որոշ բույսերի տերևներ արտահայտված տերևակոթուն չունեն, դրանք նստադիր տերևներ են։ Տերևահիմքի մոտ հաճախ առաջանում են տերևակիցներ։ Տերևաթիթեղները լինում են կլոր, ձվաձև, նշտարաձև, եռանկյունաձև, սրտաձև, գծային և այլն։ Տերևաթիթեղի եզրերը լինում են ամբողջաեզր և կտրատված՝ ատամնաեզր, սղոցաեզր, պատնեշաեզր, ակոսավոր և այլն։ Տերևաթիթեղի վրա հեշտությամբ նկատվում են ջղեր։ Դրանք փոխադրող խրձեր են և մեխանիկական հյուսվածքների թելիկներ, որոնք թելիկներին մատակարարում են ջուր, հանքային աղեր և դուրս բերում այնտեղ առաջացած օրգանական նյութերը և կենսագործունեության մնացորդները։ Ջղերը տերևներին տալիս են ամրություն և որոշակի ձև։ Որոշ բույսերի տերևներում ջղերը դասավորված են զուգահեռ։ Որոշ բույսերի տերևակոթունները կարող են թեքվել այնպես, որ տերևաթիթեղը ուղղվի դեպի լույսը։

Տերևների անատոմիա

Thumb
Տերևի կառուցվածքը

Տերևների անատոմիական կառուցվածքը տարբեր է նույնիսկ մեկ տեսակի սահմաններում, սակայն ընդհանուր գծերով նույնն է բոլոր բույսերի համար։ Սովորաբար տերևաթիթեղը 2 կողմից ծածկված է էպիդերմիսի (մաշկահյուսվածք) շերտերով, որոնց միջև գտնվում է տերևի հիմնական հյուսվածքը՝ մեզոֆիլը։ Վերջինս սովորաբար տարբերակված է 2 շերտի՝ սյունաձև և սպունգանման պարենքիմի։ Սյունաձև հյուսվածքի, որի հիմնական գործառույթը լուսասինթեզն է, երկարավուն գլանաձև բջիջներում է գտնվում քլորոֆիլի մեծ մասը, իսկ սպունգանմանը, որին հատուկ են մեծ միջբջջային տարածությունները, գլխավորապես ապահովում է գազափոխանակությունը։ Ջուրն ու հանքային նյութերն արմատներից անցնում են մեզոֆիլով, իսկ տերևից՝ օրգանական նյութեր փոխադրող ջղերով։ Տերևներին ամրություն հաղորդող մեխանիկական հյուսվածքները սովորաբար տեղադրված են մեծ ջղերի շուրջը։

Thumb
Տերևի ներքին կառուցվածքը
Տերևի տարբեր ձևեր
Thumb

Տերևների ջղավորում

Տերևների ջղավորումը տերևաթիթեղի ջղերի դասավորությունն է։ Այդ ջղերը անցկացնող խրձեր են, որոնք ապահովում են ջրային լուծույթների փոխադրումը դեպի տերևը և ասիմիլյացիայի նյութերի արտահոսքը տերևից։ Տերևաթիթեղի ջղերի ելակետային մասը տերևի կոթունում է, որտեղից բույսերի մեծ մասի մոտ դուրս է գալիս հիմնական կամ գլխավոր ջիղը։ Վերջինս իր հերթին ճյուղավորվում է երկրորդային, երրորդային հետզհետե բարակող, կողքային ջղերի, որոնք թիթեղի եզրամասում դառնում են շատ նուրբ և աննկատելի։ Տարբերում են տերևների ջղավորության մի քանի տիպեր․ մեկ կամ մի քանի երկայնաջիղ տերևների ջղավորությամբ օժտված տերևաթիթեղներ, որտեղ ջղերը չեն ճյուղավորվում և միմյանց չեն համակցվում։ Նման ջղավորում ունեն ասեղնատերևները (կենի,սոճի, մայրի և այլն)։

  1. Աղեղնաձև ջղավորության դեպքում տերևակոթունից թիթեղի մեջ են մտնում մի շարք աղեղնաձև ուղղված ջղեր, որոնք թիթեղի գագաթում են միայն միաձուլվում, օրինակ, վարդկակաչի, հովտաշուշանի, թրաշուշանի տերևները։ Աղեղնաջիղ են հիմնականում միաշաքիլ բույսերը, սակայն կան նաև որոշ երկշաքիլներ, որոնց տերևները ևս այդպիսին են․ օրինակ՝ եզան լեզուն։
  2. Զուգահեռաջղությունը բնորոշ է հացազգիներին և բոշխազգիներին, որոնց ջղերը միանում են տերևի հիմքում և ծայրամասում։
  3. Երկշաքիլ բույսերի մեծ մասը, հատկապես ծառերն ու թփերը՝ թթենին, հացենին, ծփենին, ունեն ցանցաջիղ տերևներ։
  4. Թաթաձև ջղավոր են բլթակավոր տերևաթիթեղ ունեցող բույսերը՝ խաղողը, բամբակենին, թխկին ևն։
  5. Պարզագույնը դիխոտոմիկ կամ եղանաձև ջղավորում է, երբ ճյուղավորվող ջղերը չեն համակցվում միջնամասում, այլ շարունակվում են մինչև տերևի եզրը։ Այս ձևը բնորոշ, է հնագույն բուսատեսակներին՝ գինկգո, պտերներ։

Տերևների ջղավորումը կարևոր կարգաբանական և տաքսոնոմիական հատկանիշ է և նպաստում է ժամանակակից ու բրածո բույսերի դասակարգմանը։ Միջատների ջղավորումը թևերի ջղերի դասավորության ձեն է։ Ջղերի քանակը և դասավորությունը կարևոր կարգաբանական հատկանիշ է, որով բնորոշվում են միջատների կարգը, ընտանիքը, տեսակը են։ Ջղավորության նշանակությունը հատկապես մեծ է բրածո ձևերի դասակարգման համար։

Տերևի ֆիզիոլոգիա

Thumb
Կանադական եղևնիներ ասեղներ (Picea glauca)

Տերևն ակտիվ օրգան է, որն ուղղորդում և կարգավորում է բույսի կենսագործունեության ընդհանուր շարժընթացները և, փոփոխելով լուսասինթեզի արգասիքների քանակն ու որակը, պայմանավորում է բույսի աճն ու կյանքի տևողությունը տարբեր պայմաններում։ Օրգանական նյութեր մատակարարելով բույսին՝ տերևը մյուս օրգաններից ստանում է ջուր, հանքային սննդառության տարրեր, աճման հորմոններ։ Լուսասինթեզի համար անհրաժեշտ պայմանների դեպքում 1մ2 տերևային մակերեսը մեկ ժամվա ընթացքում կարող է օդից կլանել 3–4 լ CO2 և նույնքան էլ Օ2 անջատել։ Տերևները լուսասինթեզի և շնչառության գործընթացների շնորհիվ պահպանում են թթվածնի և ածխաթթու գազի հաշվեկշիռն օդում, իսկ գոլորշիացման միջոցով մասնակցում են Երկրի վրա ջրի շրջապտույտին։ Բազմաթիվ բույսերի տերևներն օգտագործվում են որպես սնունդ, կենդանիների կեր, դեղանյութերի, եթերայուղերի, աղաղանյութերի ստացման հումք։

Տես նաև

Գրականություն

  • Лотова Л. И. Ботаника: Морфология и анатомия высших растений: Учебник. — 3-е, испр. — М.: КомКнига, 2007. — С. 221—261.
  • Коровкин О. А. Анатомия и морфология высших растений: словарь терминов. — М.: Дрофа, 2007. — 268, [4] с. — (Биологические науки: Словари терминов). 3000 экз. ISBN 978-5-358-01214-1
  • Фёдоров Ал. А., Кирпичников М. Э., Артюшенко З. Т. Атлас по описательной морфологии высших растений. Лист / Академия наук СССР. Ботанический институт им. В. Л. Комарова. Под общ. ред. чл.-кор. АН СССР П. А. Баранова. Фотографии В. Е. Синельникова. — М.—Л.: Изд-во АН СССР, 1956. — 303 с. 3 000 экз.

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.