From Wikipedia, the free encyclopedia
Վրաց-իսրայելական հարաբերություններ, միջազգային երկկողմ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, առևտրային, ռազմական, մշակութային հարաբերություններ Վրաստանի և Իսրայելի միջև։ Հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունիսի 1-ին[1]։ Վրաստանը դեսպանատուն ունի Թել Ավիվում, իսկ Իսրայելը` Թբիլիսիում։
Իսրայելում ապրում են մոտ 120.000 վրացական հրեաներ, իսկ Վրաստանում` 13.000 հրեա։ 2008 թվականին Հարավային Օսեթիայում տեղի ունեցած հնգօրյա պատերազմից հետո Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և կողմերին կոչ է արել կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապարհով[2]։ 2012 թվականին Արչիլ Կեկելիան նշանակվել է Իսրայելում Վրաստանի դեսպան։ Նրա գլխավոր երկու խնդիրներն են եղել վերադարձնել Երուսաղեմի Սուրբ Խաչի եկեղեցու նկատմամբ իրավունքը, որը 300 տարի առաջ անցել է հունական ուղղափառ եկեղեցուն, ինչպես նաև ամրապնդել Իսրայելի հետ ունեցած տնտեսական կապերը[3]։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, իշխող կուսակցության անդամ Շոթա Շալելաշվիլին առաջարկել է սատարել ԱՄՆ-ի նախագահի առաջարկությունը[4]։
2018 թվականի դեկտեմբերին Իսրայելի արտգործնախարարի տեղակալ Ցիպի Հոտովելին հրավիրվել է Վրաստան նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը։ Հոտովելին հանդիպումներ է ունեցել նախագահի, ինչպես նաև կառարության ղեկավար Մամուկա Բախտաձեի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ։ Ի թիվս այլ հարցերի` քննարկվել է Վրաստանի դեսպանության տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ[5]։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամրապնդվել են Իսրայելի և Վրաստանի միջև առևտրային հարաբերությունները։
Տարի | Արտահանում | Ներմուծում |
2000 | 530,1 | 2038,8 |
2001 | 537,7 | 802.8 |
2002 | 778,4 | 1295,9 |
2003 | 957,4 | 1,747.7 |
2004 | 1 449,9 | 4 922,8 |
2005 | 1 011,0 | 9 659,4 |
2006 | 2 337.2 | 22 311.6 |
2007 | 13 715,0 | 37 730,9 |
Իսրայելի ներդրումները Վրաստանի տնտեսության մեջ.
Տարի | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 |
Հիմնական կապիտալ | 487 | 539 | 1704 | 4084 | 9311 |
2016 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 30 միլիոն դոլար, իսկ 2017 թվականին՝ 91 միլիոն դոլար։ Իսրայելը Վրաստանից հիմնականում ներմուծում է նավթամթերք, իսկ Վրաստան է արտահանում գյուղատնտեսական քիմիկատներ` մոտ 30 միլիոն դոլարի[7]։
2018 թվականի մայիսին Իսրայելի` առևտրի նախարար Էլի Կոենը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։ Այնտեղ նա հանդիպել է իր գործընկեր Դմիտրի Կումսիշվիլիի հետ։ Պետական գործիչները միասին հուշագիր են ստորագրել երկու երկրների միջև ազատ առևտրի հռչակման նպատակահարմարությունն ուսումնասիրելու մասին[7]։
Իսրայելն ու Վրաստանը ակտիվորեն համագործակցում են ռազմական ոլորտում։ Իսրայելը Վրաստանին վաճառել է զրահապատ մեքենաներ և հրազեն, իսկ իսրայելական հատուկ ջոկատայինները նախապատրաստել են վրացի զինվորականներին։ Իսրայելը Վրաստանին է վաճառել անօդաչու թռչող սարքեր, LAR-160 հրթիռների կայաններ, հակատանկային արկեր։ Stratfor և RT ընկերությունները 2008 թվականի օգոստոսի 5-ի հայտնել են, որ Իսրայելը ծրագրել է դադարեցնել Վրաստանին զենքի վաճառքը Ռուսաստանի հետ ռազմական գործողություններ սկսելու պատճառով[8][9]։
2010 թվականի մարտի 9-ին Վրաստանի Կինոյի տանը Իսրայելի դեսպանության հովանավորությամբ կազմակերպվել է իսրայելյան կինոյի փառատոն։ Այն անց է կացվել 2010 թվականի մարտի 9-ից 16-ը։ Փառատոնի շրջանակներում ցուցադրվել են հետևյալ ֆիլմերը` «Վալս Բաշիրի հետ» (Արի Ֆոլմանի անիմացիոն ֆիլմ), «Շլոմիի աստղը» (Շեմի Զարխին), «Ռուտենբերգ» (Էլի Կոեն), «Կոլումբական սեր» (Շայ Կանոտ), «Կեդմա» (Ամոս Հիտայ), «Բոֆոր» (Յոսեֆ Սեդար), «Պտտվի'ր ձախ աշխարհի վերջից» (Ավի Նեշեր)։
2010 թվականին Իսրայելն ու Վրաստանը ստորագրել են զբոսաշրջության և օդային հաղորդակցության ոլորտին առնչվող երկկողմ համաձայնագիր[10]։ 2010 թվականի հոկտեմբերին Վրաստանի տնտեսության ու կայուն զարգացման նախարար Բեռա Կոբալիան այցելել է Իսրայել[11]։
2010 թվականի հոկտեմբերի 14-ին Վրաստանում ձերբակալվել են իսրայելցի գործարարներ Զեև Ֆրենկելը և Ռոնի Ֆուկսը` մեղադրվելով ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Հարաիձեին 7 միլիոն դոլարի չափով կաշառք առաջարկելու մեջ։ Կոնֆլիկտը կապված էր Ֆուքսի ընկերության պահանջի հետ, այն է` Վրաստանի կառավարությունից 100 միլիոն դոլարի պահանջ նախօրոք կատարած փոխանցումների համար։ Ֆուքսը թբիլիսյան դատարանի կողմից դատապարտվել է 7, իսկ Ֆրենկելը` 6.5 տարվա ազատազրկման։ Այս միջադեպը լարվածություն է առաջացրել երկու երկրների հարաբերություններում[12][13][14][15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.