Վիլհելմ Հումբոլդտ
From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ ֆոն Հումբոլդտ (անգլ.՝ Wilhelm von Humboldt, հունիսի 22, 1767(1767-06-22)[1][2][3][…], Kabinetthaus, Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն - ապրիլի 8, 1835(1835-04-08)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական միություն), գերմանացի բանասեր, փիլիսոփա, լեզվաբան, պետական գործիչ։ Ստացել է իրավաբանական կրթություն։
Ալեքսանդր Հումբոլդտի եղբայրը։
1801-1810 թվականներին եղել է Պրուսիայի ռեզիդենտը պապի պալատում, դավանության և լուսավորության դեպարտամենտի տնօրեն։ Անց է կացրել մի շարք բարեփոխումներ՝ տարրական դպրոցը հանել է եկեղեցու իրավասությունից, այնտեղ կիրառել Պեսաաչոցցիի մեթոդները, վերակառուցել Պրուսական Գիտությունների Ակադեմիան, հիմնադրել Բեռլինի համալսարանը (այժմ՝ Հումբոլդտի անվան համալսարան), 1810-1819 թվականներին եղել է դիվանագիտական ծառայության մեջ։ 1819 թվականին, երբ ներքին գործերի երկու մինիստրներից մեկն էր, փորձել է բարեփոխել Պրուսիայի սահմանադրությունը։ Գյոթեի և Շիլլերի ժամանակաշրջանի գերմանական դասական հումանիզմի ականավոր ներկայացուցիչներից է։
Հերդերի նման նա պատմության նպատակը տեսնում է «մարդասիրության» գաղափարի իրականացման մեջ։ Անհատի և ազգի ազատ ներքին ինքնազարգացմամբ է պայմանավորում պետության գործունեության սահմանները, որի խնդիրն է միայն արտաքին սահմանների պաշտպանությունը և ներքին կարգ ու կանոնի ապահովումը։ Նրա գեղագիտական հիմնական գործերն են Գյոթեի «Հերման և Դորոթեա»-ի մասին» (1799 թվական) և «Ֆրանսիական ժամանակակից ողբերգական թատրոնի մասին» (1800 թվական) աշխատությունները։ Հումբոլդտը, ըստ էության, լեզվի փիլիսոփայության՝ իբրև ինքնուրույն առարկայի, հիմնադիրն է։ Նա լեզուն հասկանում է ոչ թե որպես ինչ-որ քարացած բան, այլ որպես հոգեկան ստեղծագործության անընդմեջ գործողություն, որպես «մտքի ձևավորման օրգան», որն արտահայտում է ժողովրդի անհատական աշխարհայեցողությունը և դրանով իսկ որոշում մարդու բոլոր հոգեկան կապերը աշխարհի հետ։ Հումբոլդտի այս գաղափարները, որ ամփոփված են «Ճավա կղզու Կավի լեզվի մասին» (1836-1839 թվականներ) եռահատոր աշխատության առաջաբանում, մեծ ազդեցություն են գործել լեզվաբանության հետագա զարգացման վրա։