From Wikipedia, the free encyclopedia
Վերականգնվող էներգիա կամ Կանաչ էներգիա, այնպիսի աղբյուրներից ստացվող էներգիա, որոնք մարդկային մասշտաբներով անսպառ են։ Այդպիսի էներգիայի օգտագործման հիմնական սկզբունքն այն է, որ այն, դուրս մղվելով շրջական միջավայրի գործընթացներից, տեխնիկական կիրառում ստանա։ Վերականգնվող էներգիա ստանում են բնական ռեսուրսներից, որոնցից են արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիան։ Դրանք վերականգնվում են, այսինքն` բնական ճանապարհով լրացվում են։
2014 թվականին էներգիայի համաշխարհային պահանջարկի մոտ 19.2 %-ը ստացվել է վերականգնվող աղբյուրներից[1]։
2006 թվականին էներգիայի համաշխարհային պահանջարկի մոտ 18 %-ը բավարարվել է վերականգնվող էներգիայի աղբյուրների հաշվին, որից 13 %-ը` բիոզանգվածի (փայտի) այրման ավանդական եղանակով[2]։ 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 16.7 %, իսկ 2013 թվականին՝ 21 %։ Ընդ որում, ավանդական բիոզանգվածի բաժինը հետզհետե փոքրանում է, մինչդեռ ժամանակակից վերականգնվող էներգիայի բաժինը` մեծանում։
2004-2013 թվականներին Եվրամիությունում արտադրվող վերականգնվող էլեկտրաէներգիան 14 %-ից դարձել է 25 %[3]։
Հիդրոէլեկտրաէներգիան վերականգնվող էներգիայի հիմնական աղբյուրն է. այն 2010 թվականին ապահովել է համաշխարհային պահանջարկի 3.3 %-ը և էլեկտրաէներգիայի արտադրման 15.3 %-ը։ Քամու էներգիայի կիրառումը տարեկան աճում է մոտ 30 %-ով` լայնորեն կիրառվելով Եվրոպայում, ԱՄՆ-ում և Չինաստանում[4]։ Արևային մարտկոցների արտադրությունն արագ աճում է[5]։ 2008 թվականին արտադրվել են 6.9 գՎտ (6.900 մՎտ) ընդհանուր հզորությամբ մարտկոցներ, ինչը գրեթե 4 անգամ գերազանցում է 2004 թվականի ցուցանիշը[6]։ Արևային տեղակայանքները տարածում ունեն հատկապես Գերմանիայում և Իսպանիայում[7]։ Արևային կայաններ են գործում ԱՄՆ-ում։ Դրանցից ամենամեծը` 354 մՎտ հզորությամբ, գտնվում է Մոհավ անապատում[8]։ Աշխարհում ամենահզոր գեոթերմալ սարքավորումը տեղադրված է Կալիֆորնիայում` գեյզերների վրա. նրա հզորությունը 750 մՎտ է։
Բրազիլիան իրականացնում է վերականգնվող էներգիայի օգտագործման ամենախոշոր ծրագիրն աշխարհում` կապված շաքարեղեգից բիոէթանոլի արտադրման հետ։ Էթիլային սպիրտը ներկայումս փակում է երկրի` ավտոմոբիլային վառելիքի պահանջարկի 18 %-ը[9]։ Էթանոլը` որպես վառելիք, մեծ կիրառում ունի նաև ԱՄՆ-ում։
Հումքային խոշոր ընկերությունները խթանում են վերականգնվող էներգիայի կիրառումը։ Այսպես, IKEA ընկերությունը պատրաստվում է մինչև 2020 թվականը ամբողջովին անցնել վերականգնվող էներգիայի կիրառմանը։ Էփլ ընկերություն արևային խոշոր էլեկտրակայանների սեփականատեր է. այդպիսի էներգիայով են աշխատում ընկերության 2-3 կենտրոններ։ Google ընկերության օգտագործած էներգիայի 35 %-ը վերականգնվող տեսակի է։ Նրա ներդրումները այդ ոլորտում արդեն գերազանցում են 2 միլիարդ դոլարը[10]։
Վերականգնվող էներգիայի գլոբալ ցուցիչներ[1][11][12][13][14][15] | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Վերականգնվող էներգիայի բնագավառում կատարվող ամենամյա ներդրումներ (109 ԱՄՆ դոլար) | 130 | 160 | 211 | 257 | 244 | 232 | 270 | 286 |
Վերականգնվող էներգիայի ընդհանուր հզորությունը (գՎտ) | 1,140 | 1,230 | 1,320 | 1,360 | 1,470 | 1,578 | 1,712 | 1,849 |
Հիդրոէլեկտրակայան (գՎտ) | 885 | 915 | 945 | 970 | 990 | 1,018 | 1,055 | 1,064 |
Հողմաէներգետիկա (գՎտ) | 121 | 159 | 198 | 238 | 283 | 319 | 370 | 433 |
Ֆոտոէֆեկտ (գՎտ) | 16 | 23 | 40 | 70 | 100 | 138 | 177 | 227 |
Ջրի տաքացումը արևով | 130 | 160 | 185 | 232 | 255 | 373 | 406 | 435 |
Էթանոլի արտադրություն (109 լիտր) | 67 | 76 | 86 | 86 | 83 | 87 | 94 | 98 |
Բիոդիզելի արտադրություն (109 լիտր) | 12 | 17.8 | 18.5 | 21.4 | 22.5 | 26 | 29.7 | 30.3 |
Վերականգնվող էներգիայի զարգացման միտում ունեցող երկրների քանակ | 79 | 89 | 98 | 118 | 138 | 144 | 164 | 173 |
Արևի ջերմամիջուկային ռեակցիան վերականգնվող էներգիայի տեսակներից շատերի աղբյուրն է` բացառությամբ գեոթերմալ էներգիայի և մակընթացությունների ու տեղատվությունների էներգիայի։ Աստղագետների հաշվարկներով Արեգակի կյանքը դեռ կարող է շարունակվել ևս մոտ 5 միլիարդ տարի, այնպես որ մարդկային չափանիշներով արևից ստացվող վերականգնվող էներգիան գրեթե անսպառ է։
Խիստ ֆիզիկական առումով էներգիան չի վերականգնվում, այլ անընդհատ շրջանառվում է վերոնշյալ աղբյուրներից։ Երկիր հասնող արևային էներգիայի չնչին մասն է վերածվում այլ տեսակի էներգիայի. մնացած հատվածն ուղղակի գնում է տիեզերական տարածություն։
Վերականգնվող էներգիային հակադրվում է օգտակար հանածոների տեսքով էներգակիրները, որոնցից են քարածուխը, նավթը, բնական գազը կամ տորֆը։ Լայն առումով նրանք ևս վերականգնվող են, բայց ոչ մարդկային տեսանկյունից. նրանց վերականգնման համար անհրաժեշտ են միլիոնավոր տարիներ, իսկ դրանց սպառումը շատ ավելի արագ է ընթանում։
Էներգետիկայի այս ճյուղը մասնագիտացված է մթնոլորտում գտնվող օդային զանգվածների կինետիկ էներգիայից էլեկտրական, ջերմային և ցանկացած այլ տեսակի էներգիայի ստեղծմանը ժողովրդական տնտեսության մեջ կիրառելու նպատակով։ Էներգիայի վերափոխումը կատարվում է հողմաշարժիչների, հողմաղացների և տարատեսակ այլ ագրեգատների միջոցով։ Քամու ուժը արևի գործունեության հետևանք է, այդ պատճառով այն վերականգնվող էներգիայի տեսակներից է։
Հողմաշարժիչների հզորությունը կախված է մակերեսից, գեներատորի թիակից։ Օրինակ` դանիական Vestas ընկերության 3 մբթ (90 Վ) հզորությամբ տուրբիններն ունեն 115 մ բարձրություն, թիակների 90 մ տրամագիծ և աշտարակի 70 մ բարձրություն։
Այսպիսի էներգիայի արտադրման առավել արդյունավետ տեղեր են համարվում ափամերձ տարածքները; Ծովում` ափից 10-12 կմ հեռավորության վրա (երբեմն նաև ավելի հեռու) կառուցում են օֆշորային հողմաէլեկտրակայաններ։ Հողմաշարժիչների աշտարակներն ամրացնում են գերաններով հիմքին, որ փորվում է 30 մ խորության վրա։
Հողմաշարժիչները գործնականում վառելիքի պահանջ չեն զգում։ 1 մբթ հզորությամբ հողմաշարժիչի 20 տարվա աշխատանքի դեպքում կարելի է խնայել մոտ 29 հազար տոննա ածուխ կամ 92 հազար բարել նավթ;
Ապագայում ծագրվում է քամու էներգիան կիրառել ոչ թե հողմաշարժիչների միջոցով, այլ ոչ ավանդական եղանակով։ Արաբական Միացյալ Էմիրությունների Մասդար քաղաքում նախատեսվում է կառուցել պիեզոէլեկտրականության սկզբունքով աշխատող էլեկտրակայան, որն իրենից ներկայացնելու է պոլիմերային հիմքով «անտառ»` ծածկված պիեզոէլեկտրական մարտկոցներով։ 55-մետրանոց այդ հիմքերը ճկվելու են քամու ներգործությամբ` քամու ուժը հոսանքի վերածելով։
այ էլեկտրակայաններում որպես էներգիայի ազբյուր օգտագործվում է ջրային հոսքի պոտենցիալ էներգիան, որի սկզբնաղբյուրը Արեգակն է։ Այն գոլորշիացնում է ջուրը, որ հետ տեղումների տեսքով թափվում է ցած և հոսում ներքև` ձևավորելով գետեր։ Հիդրոէլեկտրակայաններ են կառուցում հիմնականում գետերի վրա` կառուցելով ամբարտակներ ու ջրամբարներ։ Հնարավոր էնաև ջրի հոսքի կինետիկ էներգիայի օգտագործումը այսպես կոչված ազատ հոսք ունեցող (առանց ամբարտակի) հէկերի վրա։
2010 թվականին հիդրոէներգետիկան ապահովել է վերականգնվող էներգիայի 76 % և աշխարհում ամբողջ էլեկտրաէներգիայի 16 %-ը։ Հիդրոէներգետիկայի ընդհանուր հզորությունը կազմում է 1015 գՎտ։ Հիդրոէներգիայի արտադրման առաջատարները մեկ շնչի քանակով համարվում են Նորվեգիան, Իսլանդիան ու Կանադան։ 2000-ական թվականներից հիդրոէներգետիկայի ստացման առավել ակտիվ քաղաքականություն է վարում Չինաստանը, որի համար էներգիայի այս տեսակը էներգիայի հիմնական պոտենցալ աղբյուր է։ Այս երկրում է բաշխված աշխարհի փոքր հէկ-երի գրեթե կեսը։
Այս տեսակի էլեկտրակայանները հէկ-երի առանձնահատուկ տեսակ են, որոնք օգտագործում են մակընթացությունների էներգիան, այսինքն` փաստորեն Երկրի պտտման կինետիկ էներգիան։ Մակընթացային էլեկտրակայանները կառուցում են ծովերի ափերին, որտեղ Արևի և Լուսնի ձգողական ուժը օրվա մեջ երկու անգամ փոխում են ջրի հոսքի ուղղությունը։
Էներգիայի ստացման համար ծովածոցը կամ գետաբերանը փակում են ամբարտակով, որում տեղադրված են գեներատորներ։ Դրանք կարող են աշխատել թե՛ գեներատորային և թե՛ պոմպային ռեժիմով (այս դեպքում ջուրը մղում են ջրամբար, որպեսզի մակընթացությունների և տեղատվությունների բացակայության դեպքում ապահովեն կայանի անընդհատ աշխատանքը)։ Վերջին դեպքում կայանը կոչվում է հիդրոկուտակիչ կայան։
Մակընթացային էլեկտրակայանների առավելությունը ցածր ինքնարժեքն է և բնապահպանական գործոնը։ Թերություններն են կառուցման թանկ արժեքը և օրվա ընթացքում փոփոխվող հզորությունը, որի պատճառով կայանն աշխատում է այլ տեսակի էլեկտրակայանների հետ միասնական համակարգում։
Ալիքային էլեկտրակայանները օգտագործում են օվկիանոսի մակերևույթի ալիքների պոտենցիալ էներգիան։ Ալիքների հզորությունը չափվում է կՎտ/մ-ով։ Քամու և արևային էներգիայի համեմատությամբ ունի ավելի բարձր տեսակարար հզորություն։ Չնայած մակընթացային էներգիայի հոտ ունեցած նմանությանը` ալիքային էներգիան վերականգնվող էներգիայի հրաշալի աղբյուր է։
Էներգեիկայի այս տեսակը հիմնվում է Արևի էլեկտրամագնիսական ճառագայթումը էլեկտրական կամ ջերմային էներգիայի վերածելու վրա։
Արևային էլեկտրակայանները օգտագործում են Արևի էներգիան ինչպես ուղղակիորեն (ֆոտոէլեկտրական կայաններն աշխատում են ներքին ֆոտոէֆեկտի երևույթի վրա), այնպես էլ անուղղակիորեն` օգտագործելով գոլորշու կինետիկ էներգիան։ Ֆոտոէլեկտրական խոշորագույն կայանը Topaz Solar Farm էլեկտրակայանն է, որ գտնվում է Կալիֆորնիայում։ Նրա հզորությունը 550 մՎտ է։
Արևային էլեկտրակայանները լինում են.
Նման տեսակի խոշորագույն էլեկտրակայանը գտնվում է Իսրայելում։ Նրա հզորությունը 5 մՎտ է, ջրավազանի մակերեսը` 250.000 մ², խորությունը` 3 մ։
Նման տիպի էլեկտրակայանները ջերմաէլեկտրակայաններ են, որոնք օգտագործում են հիդրոթերմալ հանքավայրերի տաք ջուրը։ Քանի որ ջրի տաքացման անհրաժեշտություն չկա, նման էլեկտրակայանները էկոլոգիապես ավելի մաքուր են, քան սովորական ջերմակայանները։ Նման Էլեկտրակայաններ կառուցվում են հրաբխային շրջաններում, որտեղ համեմատաբար ոչ մեծ խորություններում ջրի ջերմաստիճանը հասնում է եռման մակարդակի` երբեմն մղվելով երկրի մակերևույթ գեյզերների տեսքով։
Էներգետիկայի այս ճյուղը մասնագիտացված է բիովառելիքից, այսինքն` կենդանական ու բուսական հումքից, կենսագործունեության արդյունքում առաջացած մնացորդներից ու արտադրական թափոններից ստացվող էներգիայի վրա։ Արտադրության համար կիրառվում է ինչպես էլեկտրական, այնպես էլ ջերմային էներգիա։
Բիովառելիքը բիոլոգիական հումքից ստացվող վառելիք է, որ, որպես կանոն, ստացվում է կենսաբանական մնացորդների վերամշակումից։ Մշակման տարբեր աստիճանների ծրագրեր կան, որոնք ուղղված են ցելյուլոզից և օրգանական այլ թափոններից էներգիա ստանալուն։ Սակայն դրանք դեռևս մշակման փուլում են։ Տարբերակում են հետևյալ տեսակի բիովառելիքներ.
Երկրորդ սերնդի բիովառելիքը այն տեսակն է, որ ստացվում է բիոզանգվածի պիրոլիզից, ինչպես նաև երկրորդ սերնդի հումքից ստացվող մեթանոլը, էթանոլը, բիոդիզելը։ Արագ պիրոլիզը թույլ է տալիս բիոզանգվածը վերածել հեղուկի, որի տեղափոխումը, պահպանումն ու օգտագործումը ավելի հեշտ և էժան են։ Հեղուկից կարելի է ստանալ էլեկտրակայանների, ավտոմեքենաների համար նախատեսված վառելիք։
Երկրորդ սերնդի բիովառելիքի սկզբնաղբյուր են հանդիսանում լիգնո-ցելյուլոզային միացությունները, որոնք մնում են սննդի արդյունաբերությունից։ Նման բիոզանգվածի կիրառումը միտված է օգտագործվող հողի կրճատմանը, որն ավելի պիտանի կլինի գյուղատնտեսության համար[16]։ Երկրորդ սերնդի բիովառելիքի հումքի աղբյուր են տարատեսակ բույսերը[17]։
Երկրորդ սերնդի` շուկայում վաճառվող բիովառելիքից հայտնի են կանադական Dynamotive և գերմանական CHOREN Industries GmbH ընկերությունների արտադրած բիոյուղերը (անգլ.՝ BioOil):
«Գերմանական էներգետիկ ընկերության» (Deutsche Energie-Agentur GmbH) գնահատականով պիրոլիզի եղանակով բիոզանգվածից ստացվող էներգիան կարող է բավարարել Գերմանիայում ավտոմեքենաների վառելիքի ընդհանուր պահանջարկի 20 %-ը։ Մինչև 2030 թվականը, կապված տեխնոլոգիաների զարգացման հետ, բիոզանգվածի պիրոլիզը կարող է բավարարել մեքենաների վառելիքի 35 %-ը, ընդ որում, նման արտադրանքի ինքնարժեքը կկազմի €0,80-ից քիչ։
Ստեղծվել է «Պիրոլիզի ցանց» հետազոտական կազմակերպությունը, որը միավորում է Եվրոպայի 15 երկրների, ԱՄՆ-ի և Կանադայի մասնագետներին։
Միանգամայն հեռանկարային է փշատերև տեսակների փայտից ստացվող հեղուկ բիովառելիքը։ Օրինակ` 70 % բևեկնախեժի, 25 % մեթանոլի և 5 % ացետոնի խառնուրդը հաջողությամբ կարող է փոխարինել А-80 տեսակի բենզինին։ Ընդ որում, այս դեպքում որպես հումք կարող են ծառայել փայտամշակումից ստացվող թափոնները. 1 տ հումքից կարելի է ստանալ 100 կգ վառելիք։
Երրորդ սերնդի վառելիքը ջրիմուռներից ստացված վառելիքն է։
ԱՄՆ-ի Էներգետիկայի դեպարտամենտը 1978-1996 թվականներին «Aquatic Species Program» ծրագրի շրջանակներում ուսումնասիրել է յուղի մեծ պարունակություն ունեցող ջրիմուռները։ Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ Կալիֆորնիան, Հավային ու Նյու Մեքսիկոն հարմար են ջրային բաց տարածություններում ջրիմուռների` արտադրության նպատակով աճեցման համար։ 6 տարվա ընթացքում մոտ 1.000 մ² մակերեսով տարածքում աճեցվել են ջրիմուռներ։ Նյու Մեքսիկոյի ջրավազանը ածխաթթու գազի կլանման մեծ էֆեկտիվություն է արձանագրել։ Բերքատվությունը կազմել է օրական 1 մ²-ուց 50 գր ջիմուռ։ 200.000 հա ջրավազանից կարող են արտադրել այնքան վառելիք, որ կբավարարի ԱՄՆ-ի ավտոմոբիլային վառելիքի պահանջարկի միայն 5 %-ը։ 200.000 հեկտարը ԱՄՆ-ի` ջրիմուռների աճեցմանը հարմար տարածքի 0.1 %-ն է։ Տեխնոլոգիան դեռ ունի բազմաթիվ խնդիրներ, օրինակ` ջրմուռների համար անհրաժեշտ են բարձր ջերմաստիճան (նրանց աճեցման համար հարմար է անապատային կլիման), ջերմաստիճանի կարգավորում, քանի որ բույսերը պետք է պահպանել ջերմաստիճանի գիշերային անկումից։ 1990-ական թվականներին ծրագիրը կյանքի չի կոչվել շուկայում նավթի ցածր գնի պատճառով։
Բացի ջրային բաց տարածություններում ջրիմուռների աճեցման տեխնոլոգիայից` գոյություն ունի նաև այլ տեխնոլոգիա. ջրիմուռ է աճեցվում էլեկտրակայանների հարևանությամբ գտնվող փոքր բիոռեակտորներում։ Ջերմաէլեկտրակայանների արտանետած ջերմությունը կարող է փակել բույսերի աճեցման համար անհրաժեշտ ջերմության 77 %-ը։ Այս տեխնոլոգիան ապահովագրված է ջերմաստիճանի օրական տատանումներից, չի պահանջում անապատային տաք կլիմա, այսինքն` գործնականում կարող է կիրառվել գործող ցանկացած ջէկ-ում։
Բիովառելիքային ճյուղի զարգացման քննադատները հայտարարում են, որ բիովառելիքի նկատմամբ աճող պահանջարկը գյուղատնտեսությամբ զբաղվողներին ստիպում է կրճատել մշակաբույսերի ցանքատարածությունները վառելիքային տեսակների հաշվին[18]։ Այսպես, եգիպտացորենից էթանոլի ստացման ժամանակ դիրտն օգտագործվում է թռչունների ու կենդանիների համար համակցված կեր պատրաստելու նպատակով։ Սոյայից բիոդիզելի ստացման ժամանակ ևս դիրտն օգտագործվում է համակցված կեր պատրաստելու համար։ Այսինքն` բիովառելիքի արտադրությունը գյուղատնտեսական հումքի մշակման ևս մեկ փուլ է ստեղծում։
Ներկայումս գոյություն ունեն վերականգնվող էներգիայի միջոցների խթանման շատ ձևեր։ Դրանցից շատերն աչքի են ընկնում իրենց էֆեկտիվությամբ` հավանության արժանանալով շուկայի ներկայացուցիչների կողմից։ Այդպիսի մեթոդներից են.
Կանաչ հավաստագրերը այն հավաստագրերն են, որոնք հաստատում են վերականգնվող էներգիայի հիմքով աշխատելը։ Նման հավաստագրեր ստանում են միայն որակավորմանը համապատասխանող արտադրողները։ Որպես կանոն, կանաչ հավաստագիրը հաստատում է 1 մՎտ/ժ գեներացիան, չնայած այս չափանիշը կարող է և փոփոխվել։ Կանաչ հավաստագիրը կարող է վաճառվել ինչպես ստացված էլեկտրաէներգիայի հետ, այնպես էլ առանձին` արտադրողին ապահովելով լրացուցիչ խրարուսանք։ Կանաչ հավաստագրերը պաշտպանելի դարձնելու համար կիրառվում են ծրագրային-տեխնիկական հատուկ միջոցառումներ (WREGIS, M-RETS, NEPOOL GIS): Որոշ ծրագրերի համաձայն` հավաստագրերը կարելի է կուտակել հետագայում օգտագործելու համար կամ փոխառել ընթացիկ տարում կիրառելու համար։ Կանաչ հավաստագրերի խթանման միջոց են ընկերության հանձն առած պարտականությունների կատարումը, որ ընկերությունը ստանձնել է կամովին կամ կառավարության պարտադրանքով։ Արտասահմանյան գրականության մեջ կանաչ հավաստագրերը հայտնի են նաև որպես Renewable Energy Certificates (RECs), Green tags, Renewable Energy Credits:
Վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումային գրավչությունը բարձրացնելու համար պետական մարմինները կարող են կիրառել ամբողջական կամ մասնակի փոխհատուցում նման էներգիայով աշխատող գեներատորներին միանալու դեպքում։ Ներկայումս միայն Չինաստանում է, որ ցանցային կազմակերպություններն ամբողջությամբ իրենց վրա են վերցնում տեխնոլոգիական միացման ծախսերը։
Աշխարհում ձեռք բերված փորձն է, որ թույլ է տալիս խոսել ֆիքսված հարկաչափի` որպես վերականգնվող էներգիայի կիրառման խթանման միջոց։ Նրա հիմքում ընկած են երեք հիմնական գործոններ.
Վերականգնվող էներգիայի ֆիքսված հարկաչափերը կարող են տարբերվել` կախված լինելով ոչ միայն վերականգնվող էներգիայի աղբյուրից, այլև վերականգնվող էներգիայի էլեկտրակայանի հզորությունից։ Նման համակարգի խթանման միջոցներից մեկը վերականգնվող էներգիայի շուկայական ֆիքսված գնի ավելացումն է։ Որպես կանոն, գնի ավելացումը կամ ֆիքսված հարկաչափը վճարվում է երկարաժամկետ ընթացքում (10-20 տարի)` դրանով երաշխավորելով կատարված ներդրումների վերադարձն ու շահույթի ապահովումը։
Խթանման նման համակարգը ենթադրում է ցանցին տրված էլեկտրաէներգիայի և էլեկտրականության բաշխիչ կազմակերպության կողմից դրա հետագա օգտագործման չափման հնարավորություն։ «Մաքուր չափման համակարգի» համապատասխան` վերականգնվող էներգիայի էլեկտրակայանի սեփականատերը ստանում է մանրածախ ապառիկ այն չափով, որը հավասար է ստացված էներգիային կամ ավելի է նրանից։ Օրենսդրության համաձայն` շատ երկրներում էլեկտրականություն արտադրող ընկերությունները պարտավոր են սպառողին մաքուր չափման համակարգով էլեկտրականություն տրամադրել։
Ամբողջ աշխարհում 2008 թվականին վերականգնվող էներգիայի բնագավառում կատարվել են հսկայական ներդրումներ. հողմաէներգետիկայի ոլորտում` $52.1 միլիարդ, արևային էներգետիկայի ոլորտում` $33,5 միլիարդ և բիովառելիքի ոլորտում` $16.9 միլիարդ։ Ամերիկայի երկրները այլընտրանքային էներգետիկայի ոլորտում կատարել են $30 միլիարդ, Չինաստանը` $15.6 միլիարդ, Հնդկաստանը` $4.1 միլիարդ ներդրում[19]։
2009 թվականին վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներն ամբողջ աշխարհում կազմել են $160 միլիարդ, իսկ 2010 թվականին՝ $211 միլիարդ։ 2010 թվականին հողմաէներգետիկայի ոլորտում ներդրվել է $94.7 միլիարդ, արևային էներգետիկայի ոլորտում` $26.1 միլիարդ և բիոզանգվածի ոլորտում` $11 միլիարդ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.