From Wikipedia, the free encyclopedia
Ստատիններ, կամ այսպես կոչված՝ β-հիդրօքսի β-մեթիլգլուտարիլ-CoA (HMG-CoA) ռեդուկտազի ինհիբիտորներ, լիպիդների քանակն իջեցնող դեղեր։ Դրանք ստեղծվել են բարձր ռիսկով հիվանդների մոտ սրտանոթային հիվանդացությունը և մահացություն իջեցնելու համար։ Ստատիններն էֆեկտիվ են և՛ առաջնային, և՛ երկրորդային կանխարգելման հարցում[1][2]։ Ստատինների կողմնակի էֆեկտներին են պատկանում մկանային ցավը, երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման բարձր ռիսկը, լյարդային ֆերմենտների խանգարումները[3]։ Հազվադեպ կարող են առաջանալ նաև կողմնակի սուր էֆեկտներ, օրինակ՝ մկանային վնասում։ Ստատինները արգելակում են HMG-CoA ռեդուկտազի աշխատանքը, ինչը կենտրոնական դեր ունի խոլեստերինի արտադրման գործում[4]։ Խոլեստերինի բարձր քանակները կապված են սրտանոթային հիվանդությունների առաջացման հետ[5]։
Ստատին | |
---|---|
Տեսակ | Դեղերի տեսակներ և group or class of chemical entities? |
Կիրառում | խոլեստերին իջեցնող դեղորայք |
Ազդեցության մեխանիզմ | HMG-CoA ռեդուկտազի արգելակում |
Կենսաբանական թիրախ | HMG-CoA ռեդուկտազ |
Քիմիական դասակարգում | ստատին |
Կլինիկական տվյալներ | |
Drugs.com | Statins |
2010 թ. դրությամբ շուկայում առկա են՝ աթորվաստատինը, ֆլուվաստատինը, լովաստատինը, պիտավաստատինը, պրավաստատինը, ռոզուվաստատինը և սիմվաստատինը։ Հասանելի են նաև մի քանի կոմբինացված տարբերակ, օրինակ՝ էզետիմիբ/սիմվաստատին։
Ուղեցույցները նախքան ստատին կիրառելը խորհուրդ են տալիս մոդիֆիկացնել կենսակերպը, որն իրենից ներկայացնում է խոլեստերոլ իջեցնող սննդակարգ և ֆիզիկական ակտիվություն[6][7]։ Եթե վերոնշյալների միջոցով թիրախային թվերին հնարավոր չի լինում հասնել, նշանակվում են ստատիններ։ Ստատինները հավասարապես են ազդում կանանց և տղամարդկանց վրա[8]։
2016 թվականին ԱՄՆ կանխարգելիչ ծառայությունների աշխատանքային խումբը 40-75 տարեկան անձանց, ովքեր սրտի իշեմիկ հիվանդության ամենաքիչը 1 ռիսկի գործոն ունեն և 10 տարվա սրտային հիվանդացության ռիսկը ամենաքիչը 10% է, խորհուրդ է տրվում նշանակել ստատին[9]։ Սրտի իշեմիկ հիվանդության ռիսկի գործոնները ներառում են արյան մեջ լիպիդների ոչ նորմալ քանակը, երկրորդ տիպի դիաբետը, զարկերակային գերճնշումը, ծխելը[9]։ Ապացույցների մեծ մասը ենթադրում է, որ ստատինները էֆեկտիվ են սրտային հիվանդացության կանխարգելման հարցում այն հիվանդների շրջանում, որոնք ունեն խոլեստերոլի բարձր մակարդակ, սակայն անամնեզում սրտային հիվանդություն չեն ունեցել։ 2013թ. Քոխրեյնի դիտարկումը հայտնաբերել է մահվան ռիսկի իջեցում առանց վնասման մասին ապացույցների[2]։ 5 տարի շարունակ ստատին ստացած ամեն 138-ից մահանում է 1 հոգի պակաս, և ամեն 49-ից սրտային հիվանդություն ձեռք է բերում մեկ հոգի պակաս[10]։ 2011 թվականի դիտարկումը նույնպես նմանատիպ եզրակացությունների է եկել[11]։ 2010 թվականի դիտարկումը եզրակացրել է, որ առանց սրտանոթային հիվանդությունների մարդկանց բուժելը իջեցնում է սրտանոթային պատահարների թիվը տղամարդկանց, բայց ոչ կանանց շրջանում, և երկու սեռերի մոտ էլ չի ազդում մահացության վրա[12]։ Նույն տարում հրապարակված երկու այլ մետաանալիզներ, որոնցից մեկում ներառված էին միայն կանայք, ցույց տվեցին որ առաջանային կանխարգելումը ոչ մի կերպ չի ազդում մահացության վրա[13][14]։ Առողջության և Կլինիկական Գերազանցության Ազգային Ինստիտուտը խորհուրդ է տալիս ստատինային թերապիան սկսել այն դեպքում, եթե սրտանոթային հիվանդացության ռիսկը չափահասի մոտ բարձր է 10%-ից[15]։ Սրտաբանության Ամերիկյան Քոլեջը և Սրտի Ամերիկյան Ասոցացիան խորհուրդ են տալիս ստատինային թերապիան սրտանոթային հիվանդությունների առաջնային կանխարգելման նպատակով նշանակել այն անձանց շրջանում, որոնց ՑԽԼ≥ 190 մգ/դլ կամ նրանց շրջանում, ովքեր հիվանդ են դիաբետով, տարիքը 40-75 է և ՑԽԼ=70-190 մգ/դլ է; կամ այն հիվանդների շրջանում, որոնց մոտ սրտամկանի ինֆարկտի կամ ինսուլտի առաջացման 10-ամյա ռիսկը 7.5% և ավելին է։ Վերջին խմբում ստատինի նշանակումը ավտոմատ չէր կատարվում, այլ միայն կլինիցիստ-պացիենտ ռիսկի քննարկումից հետո, երբ պացիենտը տեղեկացվում էր այլ ռիսկի գործոնների, կենսակերպը փոխելու անհրաժեշտության, ինչպես նաև ստատինի տված պոտենցիալ օգուտ-վնաս հարաբերության մասին։ Ավելին, եթե որոշման կայացման հարցում հստակություն չէր առաջանում, ապա ընտանեկան պատմությունը, կորոնար կալցիումի միավորը, սրունք-բազկային ինդեքսը և բորբոքման թեստը (hs-CRP ≥ 2.0 մգ/դլ) կարող են ազդել որոշման կայացման վրա։ Որպես հավելյալ գործոններ կիրառվում են ՑԽԼ ≥ 160 կամ շատ բարձր ռիսկ[16]։ Սրտաբանության Եվրոպական միությունը և Աթերոսկլերոզի Եվրոպական միությունը առաջնային կանխարգելման նպատակով ստատինների նշանակումը խորհուրդ է տալիս կախված ռիսկի ելքային միավորից և ՑԽԼ քանակից[17]։
Ստատիններն էֆեկտիվ են արդեն գոյություն ունեցող սրտանոթային հիվանդությամբ պացիենտների շրջանում մահացություն իջեցնելու գործում[18]։ Նրանք նաև նախատեսված են սրտի իշեմիկ հիվանդության բարձր ռիսկ ունեցողների շրջանում[19]։ Միջինում ստատինները կարող են իջեցնել ցածր խտության լիպոպրոտեիիների քանակը 1.8 մմոլ/լիտրով։ Սա 60%ով իջեցնում է սրտային պատահարների թիվը և 17 %-ով ինսուլտի առաջացման թիվը[20]։ Բարձր ինտենսիվության ստատինային թերապիան ավելի օգտավետ է այս գործում։ Տրիգլիցերիդների իջեցման և ԲԽԼ բարձրացման հարցում ստատինները պակաս էֆեկտիվ են քան ֆիբրատները կամ նիացինը[21][22]:Ստատինների դերը ուսումնասիրվել է սրտային և անոթային վիրաբուժության մեջ[23]։ Մահացությունը և կողմնակի սրտանոթային պատահարների քանակը իջել է ստատինի խմբում[24]։
Չնայած նրան, որ ուղիղ համեմատություն գոյություն չունի, բոլոր ստատինները էֆեկտիվ են անկած հզորությունից կամ խոլեստերինի մակարդակը իջեցնելու աստիճանից[11]։ Ստատինների միջև կան տարբերություններ. սիմվաստատինը և պրավաստատինը ավելի շատ կողմնակի էֆեկտներ ունեն[3]։ Սիմվաստատինի, պրավաստատինի և աթորվաստատինի համեմատությունը հիմնված պլացեբոյի համեմատ էֆեկտիվության վրա չի հայտնաբերել կարդիովասկուլյար հիվանդացության և մահացության միջև տարբերություն[25]։
Ընտանեկան հիպերխոլեստերինեմիայով հիվանդ երեխաների շրջանում ստատինները օգնում են իջեցնել խոլեստերինի քանակները[26]։ Սակայն նրանց երկարաժամկետ կիրառման անվտանգությունը հստակ չէ[27]։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ստատինը նշանակել 8 տարեկանից հետո կենսակերպը փոփոխելուց հետո միայն[28]։
Ընտանեկան հիպերխոլեստերինեմիայի դեպքում ստատինները պակաս էֆեկտիվ են ՑԽԼ իջեցնելու գործում, հատկապես հոմոզիգոտների շրջանում[29]։ Այս մարդիկ ՑԽԼ ընկալիչների կամ ապոլիպոպրոտեին B գեների դեֆեկտներ ունեն[30]։ Այդ երկուսն էլ պատասխանատու են ՑԽԼ-ի օրգանիզմից հեռացնելու համար։ Ընտանեկան հիպերխոլեստերինեմիայի բուժման ժամանակ ստատինները մնում են առաջին գծի դեղորայք[29], սակայն կարող է նաև անհրաժեշտ լինեն խոլեստերին իջեցնող այլ դեղեր[31]։ Հոմոզիգոտ մուտացիաների ժամանակ ստատինները կարող են օգտակար լինել մեծ դեղաչափերով և այլ խոլեստերին իջեցնող դեղերի հետ համակցված[32]։
2014թ. մետաանալիզը ցույց է տվել, որ կորոնար անգիոգրաֆիա անցած մարդկանց 53%-ի շրջանում ստատինները իջեցնում են կոնտրաստ-խթանված նեֆրոպաթիայի առաջացման ռիսկը։ Այս էֆեկտը ուժեղ է հատկապես նրանց շրջանում, ում մոտ առկա է նախորդող երիկամային դիսֆունկցիա կամ դիաբետ[33]։
Ստատինների ամենակարևոր կողմնակի էֆեկտները մկանային խնդիրներն են, դիաբետի ռիսկի բարձրացումը և լյարդի վնասման հետևանքով լյարդային ֆերմենտների քանակի բարձրացումն արյան մեջ[3][34]։ Սրա բացատրվում է այն փաստով, որ արգելակելով HMG-CoA ռեդուկտազի աշխատանքը, ստատինները արգելակում են նաև CoQ10 սինթեզը, որը կարևոր է մկանային բջիջների և արյան մեջ շաքարի կարգավորման գործում[35]։ Այլ հնարավոր կողմնակի էֆեկտներից են նեյրոպաթիան, ենթաստամոքսային գեղձի և լյարդի դիսֆունկցիան և սեռական դիսֆունկցիան։ Քոխրեյնի մետաանալիզներից մեկը ցույց է տվել, որ առաջնային կանխարգելման ժամանակ ստատինի կիրառման կլինիկական փորձարկումներում չկա ապացույց ստատինի և պացեբոյի թողած կողմնակի էֆեկտների տարբերության վերաբերյալ[36]։ Այլ մետաանալիզ հայտնաբերել է 39 %-ով կողմնակի էֆեկտների ավելացում ի համեմատ պլացեբո ստացող խմբի։ Խոսքը չի վերաբերվում ծանր կողմնակի էֆեկտներին[37]։ Հետազոտություններից մեկի հեղինակը նշում է, որ կողմնակի էֆեկտներն ավելի հաճախ են հանդիպում կլինիկական պրակտիկայում, քան ցույց է տրված ռանդոմիզացված կլինիկական փորձարկումներում[38]։ Համակարգային դիտարկումը եզրակացրել է, որ մետաանալիզը կարող է թերագնահատել ստատին ասոցացված մկանային ցավը, սակայն ռաբդոմիոլիզի հանդիպման հաճախականությունը շարունակում է մնալ ցածր` 1-2 դեպք 10000-ում[39]։
Ստատիների կիրառման հետ ասոցացված կոգնիտիվ խանգարման որոշ դեպքեր են գրանցվել[40]։ 2012թ. FDA-ը ստատինների պիտակների վրա ավելացրեց հնարավոր կոգնիտիվ խնդիրների առաջացման մասին զգուշացում` ելնելով հիշողության կորստի, մոռացկոտության և շփոթվածության առաջացման դեպքերի քանակի մեծացումից[41]։ Այս կողմնակի էֆեկտները հազվադեպ են, լուրջ չեն և անցնում են բուժումը դադարեցնելուց հետո[42]։ Բազմաթիվ համակարգային դիտարկումներ և մետաանալիզներ եկել են եզրակացության, որ առկա ապացուցողական տվյալները կապ չեն գտնում ստատինների կիրառման և կոգնիտիվ խանգարումների միջև[43][44][45][46][47]։
Հետազոտություններում ստատին ընդունող մարդկանց 10-15% ը մկանային խնդիրների առաջ են կանգնում[4]։ Այս կողմնակի էֆեկտի հանդիպման հաճախականությունը ավելի բարձր է քան ռանդոմիզացված կլինիկական փորձարկումներում[48] և քննարկումների ու բանավեճերի թեմա է[18][49]։ Հազվակի էֆեկտներից են միոպաթիաները, օրինակ` միոզիտը կամ անգամ ռաբդոմիոլիզը, որոնք կարող են կյանքին սպառնացող երիկամի վնասում առաջացնել։ Ստատին խթանված ռաբդոմիոլիզի առաջացման ռիսկը մեծանում է մեծ տարիքի, ֆիբրատների կիրառման, հիպոթիրեոիդիզմի դեպքում[50]։ Կոէնզիմ Q10 հավելումները երբեմն կարող են կիրառվել ստատին ասոցացված միոպաթիան բուժելու գործում[51][52]։
Գոյություն ունեն գրանցումներ 1998-2001 թվականներին ստատիններով բուժված 250000 մարդկանց մասին[53]։ Ռաբդոմիոլիզի պատահելիությունը 0.44-ը 10000-ի է աթորվաստատինով, ֆլուվաստատինով, լովաստատինով, պրավաստատինով և սիմվաստատինով բուժման ժամանակ։ Ցերիվաստատինի կիրառման ժամանակ այս ռիսկը տասնապատկվում է։ Նույնը պատահում է, եթե ստատինները համակցվում են ֆիբրատային բուժման հետ։ 2001թ. Ցերիվաստատինը հանվել է արտադրությունից[54]։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ հիդրոֆիլ ստատինները, ինչպիսիք են` ֆլուվաստսատինը, աթորվաստատինը, լովաստատինը ավելի քիչ տոքսիկ են քան լիպոֆիլները։ Ոչ բոլոր հետազոտություններ են գտել այդ կապը[55]։ Լովաստատինը խթանում է ատրոգին-1 գենի էքսպրեսիան, որը պատասխանատու է մկանային թելիկների վնասման համար[55]։
Ստատինի կիրառման և դիաբետի առաջացման միջև կապը մնում է անհայտ, և համակարգային դիտարկումների ու մետաանալիզների արդյունքները այս հարցում հակասական են[56][57][58]։ Բարձր դեղաչափերը դիաբետի առաջացման խթանման ավելի մեծ հավանականություն ունեն, սակայն սրտանոթային հիվանդությունների վրա ունեցած դրական ազդեցությունը գերակշռում է այս ռիսկերը[59]։ Հետդաշտանադադարային տարիքի կանանց շրջանում ստատինի կիրառումը դիաբետի առաջացման ավելի բարձր ռիսկ ունի[60]։ Դիաբետի առաջացման համար պատասխանատու հստակ մեխանիզմ հայտնի չէ[58]։ Ստատինները իջեցնում են ի պատասխան ինսուլինին` բջիջների կողմից արյան հոսքից գլյուկոզի կլանումը[58]։ Հնարավոր է, որ սա բացատրվի GLUT1 բջիջների համար պատասխանատու որոշ սպիտակուցների սինթեզի խանգարումով։ Այդ սինթեզի մեջ մեծ դեր ունի խոլեստերինը։
Մի քանի մետաանալիզներ ստատինի կիրառման հետևանքով քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացման միտում են նկատել, որոշները` հակառակը[61][62][63][64][65]։ Ստատինները կարող են իջեցնել կերակրափողային[66], կոլոռեկտալ[67], ստամոքսային քաղցկեղի[68][69], լյարդաբջջային կարցինոմայի[70] և հնարավոր է` շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը[71][72]։ Նրանք կարծես թե ոչ մի ազդեցություն չունեն թոքային[73], երիկամային[74], կրծքագեղձի[75], ենթաստամոքսային գեղձի[76], միզապարկի քաղցկեղի վրա[77]։
Ստատինի ընդունման համատեղումը ֆիբրատի կամ նիացինի հետ մեծացնում է ռաբդոմիոլիզի հավանականությունը մինչև 6-ը 10000-ի[53]։ Բարձր դեղաչափերով ստատինների կիրառման, ստատին-ֆիբրատ համատեղման, մկանային կծկումների, երիկամային ֆունկցիայի վատացման ժամանակ կարևոր է լյարդային ֆերմենտների և կրեատինինի հսկումը։ Թուրինջի և թուրինջի հյութի կիրառումը արգելակում է որոշակի ստատինների ազդեցությունը։ Դառը նարինջը կարող է թողնել նույն էֆեկտը[78]։ Դա իր հերթին բարձրացնում է արյան մեջ ստատինի մակարդակը` մեծացնելով կողմնակի էֆեկտների առաջացման ռիսկը։ Պրոտեազի ինհիբիտորների համատեղումը ստատինի հետ բարձրացնում է արյան մեջ ստատինի մակարդակը և մեծացնում միոպաթիայի առաջացման ռիսկը[79]։
Ստատինները արգելակելով HMG-CoA ռեդուկտազը` բլոքադայի են ենթարկում խոլեստերոլի սինթեզը լյարդում։ Սա կարևոր փաստ է, որովհետև շրջանառվող խոլեստերոլի մեծ մասը սինթեզվում է օրգանիզմում, այլ ոչ թե ստացվում է դիետայից։ Երբ լյարդն այլևս չի կարողանում խոլեստերին սինթեզել, դրա մակարդակն արյան մեջ իջնում է։ Խոլեստերինի սինթեզը հիմնականում գիշերն է տեղի ունենում[81], հետևաբար կարճ կիսատրոհման ժամանակով ստատինները ցանկալի է ընդունել գիշերը` էֆեկտն ուժեղացնելու նպատակով[82][83]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երկար ազդող ստատինների դեպքում ընդունման ժամը նշանակություն չունի[84]։
Ճագարների լյարդի բջիջները զգում են խոլեստերոլի քանակի իջեցումն արյան մեջ և սկսում են սինթեզել ՑԽԼ ընկալիչներ[85]։ Սա բերում է շրջանառվող ՑԽԼ իջեցմանը։
Արգելակելով HMG CoA ռեդուկտազը`ստատինները միաժամանակ արգելակում են խոլեստերոլի և սպեցիֆիկ պրենիլացված սպիտակուցների սինթեզը։ Այս էֆեկտը կարող է մասամբ ներառվել էնդոթելիալ ֆունկցիայի բարելավման, իմուն ֆունկցիայի մոդուլյացիայի և այլ կարդիովասկուլյար օգուտների մեջ[86][87][88][89][90][91][92]։ Բացի դրանից սպիտակուցի պրենիլացումը կարող է նշանակություն ունենալ ստատինների անցանկալի էֆեկտների առաջացման գործում, ինչպիսիք են միոպաթիան[93] և դիաբետը[94]։
Ինչպես նշվեց վերևում, ստատինները կանխարգելում են աթերոսկլերոզի զարգացումը։ ASTEROID կլինիկական փորձարկումը ցույց է տվել ստատինային թերապիայի ընթացքում աթերոմայի ռեգրեսիայի ուլտրաձայնային ուղիղ ապացույց[95]։ Հետազոտողները կարծում են, որ ստատինները սրտանոթային հիվանդությունները կանխարգելում են հետևյալ մեխանիզմներով[96]`
1. Էնդոթելիալ ֆունկցիայի լավացում
2. Բորբոքային պատասխանի մոդուլացիա
3. Աթերոսկլերոտիկ վահանիկի կայունացում
4. Թրոմբագոյացման կանխում
2008 թվականին JUPITER հետազոտությունը ցույց տվեց, որ ստատինի կիրառումը կարող է իջեցնել բարձր C-ռեակտիվ սպիտակուցի քանակը[97]։
ՑԽԼ-իջեցնող հատկությունը տարբերվում է տարբեր ստատինների միջև։ Ցերիվաստատինը ամենաուժեղ լիպիդ իջեցնող հատկությունն ունի, հաջորդիվ ռոզուվաստատինն է, աթորվաստատինը, սիմվաստատինը, լովաստատինը, պրավաստատինը, ֆլուվաստատինը[98]։
Ստատինների որոշ տեսակներ կարող են հանդիպել բնության մեջ, օրինակ` հասարակ կախասնկի կամ կարմիր խմորասնկի բրնձի մեջ։ Քիչ քանակությամբ ռանդոմիզացված հսկվող փորձարկումներ ցույց են տվել, որ այդ մթերքների կիրառումը կարող է իջեցնել արյան մեջ շրջանառվող խոլեստերինը[99]։
1971 թվականին ճապոնացի բիոքիմիկ Ակիրա Էնդոն սկսեց փնտրել խոլեստերոլ իջեցնող դեղորայք։ Հետազոտությունը ցույց էր տվել, որ խոլեստերինը մեծ մասամբ ստեղծվում է լյարդում HMG-CoA ռեդուկտազի միջոցով[100]։ Էնդոն և իր թիմը ենթադրում էր, որ որոշ միկրոօրգանիզմներ կարող են սինթեզել այդ ֆերմենտի արգելակիչներ` իրենց այլ միկրոօրգանիզմներից պաշպանելու նպատակով. մեվալոնատը բջջապատի կազմության մեջ մտնող բազմաթիվ նյութերի նախանյութն է[101]։ Սինթեզված առաջին ստատինը մեվաստատինն էր` ստացված Penicillinum citrinum-ի կողմից։ Մի բրիտանական խումբ նույն սկզբունքով Penicillinum brevicompactum-ից ստացավ ստատին[102] և 1976 թվականին հրապարակեց նյութ դրա հակասնկային հատկությունների մասին և ոչինչ չնշեց HMG-CoA քայքայման ունակության մասին։ Մեվաստատինը երբեք վաճառքի չհանվեց, իր ուռուցքածին, մկանաքայքայիչ կողմնակի հատկությունների պատճառով։ Մերք ընդ Քո (Merck & Co) ընկերության հիմնադիր Ռոյ Վագելոսը հետաքրքրվեց այս պրեպարատով և մի քանի այց կազմակերպեց դեպի Ճապոնիա։ 1978թ. Վերոնշյալ ընկերությունը լովաստատինն առանձնացրեց Aspergillus terreus-ից և վաճառքի հանեց այն Mevacor անվան տակ[100]։ Այդ ժամանակ արդեն իսկ կար առաջ քաշված տեսություն խոլեստերոլի և սրտանոթային հիվանդությունների կապի մասին։ Խոլեստերինը աթերոմայի գլխավոր բաղադրիչն է, և աթերոսկլերոտիկ վահանիկը հետագա անկայունացումը կարող է բերել սրտամկանի ինֆարկտի զարգացման։
Ստատիններն էֆեկտիվորեն վաճառելու համար, Մերքը պետք է տեղեկացներ հասարակությանը բարձր խոլեստերինի վտանգների մասին, և բժիշկները աշխատանքներ պետք է տանեին ստատինների անվտանգության վերաբերյալ։ Հանրային արշավների շնորհիվ Միացյալ Նահանգների բնակիչները տեղեկացան խոլեստերինի իրենց թվերի, «լավ» և «վատ» խոլեստերինի, իսկ դեղագործական ընկերությունները իրենց սեփական ստատիներն արտադրել։ 1994 թվականի ապրիլին հրապարակվեց Մերքի կողմից ֆինանսավորվող Սիմվաստատինի սկանդինավյան ապրելիության ուսումնասիրման հետազոտությունը։ Հետազոտողները փորձարկեցին սիմվաստատինը սրտային հիվանդություններով ու բարձր խոլեստերինով 4444 պացիենտների վրա։ 5 տարի անց հետազոտության արդյունքում պարզվեց, որ պացիենտների մոտ խոլեստերինը իջել է ելքայինի նկատմամբ 35%-ով, և սրտային պատճառով մահանալու ռիսկերը պակասել են 42%-ով[100][103]։ 1995 թվականին Զոկորն ու Մեվակորը շուրջ 1 միլիարդ դոլար եկամուտ բերեցին Մերքին[100]:Էնդոն 2006 թվականին Ճապոնիայի մրցանակ ստացավ, իսկ 2008 թվականին՝ Լասքեր-ԴըԲեյքի կլինիկական բժշկական մրցանակ։ 2012 թվականին Մայքլ Բրաունն ու Ջոզեֆ Գոլսթեյնը, ովքեր խոլեստերինի վերաբերյալ բացահայտումների համար Նոբելյան մրցանակ էին ստացել, նշեցին, որ միլիոնավոր մարդիկ, ում կյանքը երկարել է շնորհիվ ստատինային թերապիայի, պարտական են Ակիրա ԷՆդոյին[104]։
Համացանցի պսևդոգիտական քարոզի պատճառով վաղ 2010-ականներին Միացյալ Թագավորության շուրջ 200000 քաղաքացիներ դադարեցին օգտագործել ստատիններ։ Սրտի Բրիտանական Ֆոնդը եզրակացրեց, որ հետագա 10 տարիների ընթացքում դա կբերի հավելյալ 2000 սրտամկանի ինֆարկտի ու կաթվածի[105]։
Որոշ կլինիկական հետազոտություններ ցույց են տվել կապ ստատինների կիրառման և դեմենցիայի[106], թոքի քաղցկեղի[107], միջուկային կատարակտի[108], գերճնշման[109][110], և շագաանակագեղձի քաղցկեղի միջև[111]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.