From Wikipedia, the free encyclopedia
Սուլեյման Շահի դամբարան (արաբ․՝ ضريح سليمان شاه, թուրքերեն՝ Süleyman Şah Türbesi), ըստ օսմանյան ավանդության, Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապիի՝ Սուլեյման Շահի (մոտ 1178-1236) մասունքները ամփոփող դամբարան։ Այս պատմական դամբարանը 1236 թվականից սկսած ունեցել է երեք տեղադրություն․ բոլորն էլ ժամանակակից Սիրիայի տարածքում։
Սուլեյման Շահի դամբարան | |
---|---|
Տեսակ | թյուրբե և պատմության հուշարձան |
Երկիր | Սիրիա |
Վարչատարածք | Հալեպի մարզ |
ԲԾՄ | 475 ± 1 մետր |
Աշխարհագրական տեղադրություն | Սիրիա |
1263-1973 թվականներին առաջին տեղադրությունը եղել է ժամանակակից Սիրիայի Ալ-Ռակկայի մարզում՝ Ջաբեր ամրոցի մոտակայքում։
Լոզանի պայմանագրով (1923), Օսմանյան կայսրությունը տրոհելով Թուրքիայի, Սիրիայի և այլ պետությունների, դամբարանը մնում է Թուրքիայի սեփականությունը։
1973 թվականին, երբ Ջաբեր ամրոցի մոտակայքի տեղանքը անցավ Ասսադ լճի տակ, Թուրքիայի և Սիրիայի միջև պայմանագրով դամբարանը տեղափոխվեց 85 կիլոմետր հյուսիս Եփրատ գետի վրա Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանից 27 կիլոմետր հեռու։
2015 թվականի սկզբին՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Թուրքիան միակողմանի կրկին տեղափոխեց դամբարանը Սիրիայում մեկ այլ վայր՝ Թուրքիայի հետ սահմանից մոտ 180 մետր հեռավորության վրա, Կոբանիից 22 կիլոմետր արևմուտք և սիրիական Աշմե գյուղի անմիջապես հյուսիսում[1], որտեղ մոտավորապես 40 թուրք զինվորներ հսկում են դամբարանը[2]։ Թուրքիայի կառավարությունը նշեց, որ տեղափոխումը ժամանակավոր է[2], և դրանից դամբարանի կարգավիճակը չի փոխվի[3][4]։
Սուլեյման Շահը (մոտ 1178–1236), ըստ որոշ, բայց ոչ բոլոր օսմանյան ծագումնաբանությունների, Օսման I-ի՝ Օսմանյան կայսրության հիմնադրի, պապն էր[5]։ Ենթադրվում է, որ Սուլեյման Շահը խեղդվել է Եփրատ գետում, ներկայիս Սիրիայի Ռակկայի մարզում գտնվող Ջաբեր ամրոցի մոտ, և ,ըստ ավանդույթի, թաղված է եղել այդ ամրոցի մոտ՝ դամբարանում[6]։
Անկարայի պայմանագրի 9-րդ հոդվածը, որը ստորագրվել է Ֆրանսիայի և Թուրքիայի կողմից 1921 թվականին, սահմանում է, որ Սուլեյման Շահի դամբարանը (իր առաջին տեղում) «իր հարակից տարածքներով կմնա Թուրքիայի սեփականությունը, որը կարող է խնամակալներ նշանակել դրա համար և կարող է. այնտեղ բարձրացնել թուրքական դրոշը»։ Սկզբում դամբարանը հսկում էր 11 թուրք զինվորներից բաղկացած խորհրդանշական կայազորը[7]։
Թուրքիայի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև 2003 թվականի Արձանագրությունը Սուլեյման Շահի դամբարանի վերաբերյալ (դրա երկրորդ վայրում) Թուրքիային տրանզիտային իրավունք է տվել դեպի դամբարանը սիրիական տարածքով` դամբարանը պահպանելու և վերանորոգելու նպատակով[8]։ 2014 թվականից ի վեր Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը կարծես թե այն է, որ դամբարանի երկրորդ վայրի (1973 – 2015 փետրվար) շրջակայքի հողը հանդիսանում է կամ եղել է Թուրքիայի ինքնիշխան տարածքը[9]։ Թուրքիան դամբարանի այցելուներից պահանջել է անձնագրեր ունենալ[10]։ Սակայն մինչ օրս ոչ մի ապացույց չկա, որ այլ երկրներ, այդ թվում Սիրիան, հրապարակայնորեն պաշտպանել են այս դիրքորոշումը։
Սիրիական դիրքորոշումն այն է, որ առաջին տեղափոխմամբ վայրի ինքնիշխանության նկատմամբ Թուրքիան ցանկացած իրավունքից հրաժարվեց, և 2015 թվականի փետրվարին դամբարանի վերջին տեղափոխումը (դրա երրորդ վայրը) Անկարայի պայմանագրի խախտում է[11]։
1973 թվականին Ջաբեր ամրոցի շրջակայքը, որտեղ գտնվում էր դամբարանը, պետք է լցվեր ջրով, երբ Տաբկա ամբարտակը վերածվեց Ասսադ լճի։
Թուրքիայի և Սիրիայի միջև պայմանագրով դամբարանը տեղափոխվեց նոր տեղանք 85 կիլոմետր հյուսիս, բայց կրկին Եփրատ գետի ափին և կրկին Սիրիայում։
Մինչև 2015 թվականի փետրվարը Թուրքիան այստեղ պահում էր փոքր զորք՝ որպես պատվո պահակախումբ։
2012 թվականի օգոստոսի 5-ին՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ «Սուլեյման շահի գերեզմանը [Սիրիայում] և նրան շրջապատող հողը մեր տարածքն է։ Մենք չենք կարող անտեսել ոչ մի անբարենպաստ գործողություն այդ հուշարձանի նկատմամբ, քանի որ դա կլինի հարձակում մեր տարածքի վրա, ինչպես նաև հարձակում ՆԱՏՕ-ի հողի վրա։ . . Յուրաքանչյուրը գիտի իր պարտքը և կշարունակի անել այն, ինչ անհրաժեշտ է»[12]։
2014 թվականի մարտի 20-ին Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը (ԻԼԻՊ) սպառնաց, որ հարձակվի դամբարանի վրա, եթե տարածքը հսկող թուրքական զորքերը դուրս չբերվեն երեք օրվա ընթացքում[13][14]։ Թուրքիայի կառավարությունը արձագանքեց՝ ասելով, որ ցանկացած հարձակում կչեզոքացնեն և ոչ մի պահակային դուրս չի գալու դամբարանի տարածքից[13][15]։ Այնուամենայնիվ, հարձակում տեղի չունեցավ[14]։ Նման լարվածության պատճառով 2014 թվականին կամ ավելի վաղ դամբարանի կայազորի մարդկանց թիվը հասցվեց 38 հոգու[7]։
2014 թվականի մարտի 27-ին YouTube-ում հրապարակվել են զրույցի ձայնագրություններ, որոնք հավանաբար ձայնագրվել են այն ժամանակվա Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի գրասենյակում մարտի 13-ին, որում, իբր, ներգրավված են Ահմեդ Դավութօղլուն, ԱԳ նախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն, այն ժամանակ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Յաշար Գյուլերը՝ քննարկելով Թուրքիայի հնարավոր միջամտությունը կամ ներխուժումը Սիրիա՝ մարտի 30-ին կայանալիք Թուրքիայի տեղական ընտրություններից առաջ[16][17]։
2014 թվականի հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ ԻԼԻՊ-ը պատանդ էր պահում Մոսուլում թուրքական հյուպատոսության 49 աշխատակիցների, լուրեր էին տարածվել, որ Թուրքիան համաձայնել է հրաժարվել Սուլեյման Շահի դամբարանից՝ պատանդների ազատ արձակման դիմաց[7]։
2014 թվականի սեպտեմբերի 30-ին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը ասաց, որ ԻԼԻՊ-ի գրոհայինները առաջ էին շարժվում դեպի Սուլեյման Շահի դամբարանը։ Ավելի վաղ կառավարամետ «Ենի Շաֆաք» թերթը, հղում անելով անանուն աղբյուրներին, նշում էր, որ 1100 ԻԼԻՊ զինյալներ շրջապատել են դամբարանը[15]։ Հոկտեմբերի 1-ին, սակայն, նախագահ Էրդողանը հերքեց, որ ԻԼԻՊ-ը շրջապատել է գերեզմանը[18]։
2014 թվականի հոկտեմբերի 2-ին Թուրքիայի խորհրդարանը թույլատրել է թուրքական զինուժի կիրառումը ԻԼԻՊ-ի դեմ։ Խորհրդարանական բանավեճում հիշատակված փաստարկներից մեկը Սուլեյման Շահի դամբարանի անվտանգության աճող ռիսկերն էր[19]։
2015 թվականի սկզբին, ըստ Ալ-Ջազիրայի, դամբարանը շրջապատված էր ԻԼԻՊ-ի կողմից[7]։ BBC-ն, սակայն, նշել է, որ 2015 թվականի հունվարին ԻԼԻՊ-ին Քոբանիից դուրս մղելուց հետո քրդական Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումները (ԺՊՍ) և սիրիացի ապստամբները վերահսկողության տակ են վերցրել դամբարանը շրջապատող մի քանի գյուղեր ։
2015 թվականի փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը թուրքական զորքերի 572 շարասյունը՝ 39 տանկով և 57 զրահամեքենայով, մտավ Սիրիա Քոբանի տարածքով՝ տարհանելու 38 հոգանոց թուրքական զինվորական կայազորը[7], որը պահպանում էր Սուլեյման Շահի դամբարանը, և տեղափոխելու Սուլեյման Շահի մնացորդները մեկ այլ վայր[14]։ Այդ մնացորդները տեղափոխվել են Սիրիայում գտնվող մի վայր, որն ավելի մոտ է սահմանին, թուրքական զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքում, որից հետո հին դամբարանի մնացած մասը քանդվել է[14]։ Գիշերվա գրոհի ժամանակ մեկ զինվոր է մահացել[2][14]։
ԻԼԻՊ-ը չի խոչընդոտել թուրքական այս գործողությանը[7]։ Սիրիայի քուրդ տեղացի պաշտոնյան ասել է, որ քրդերը թուրքական ուժերին թույլ են տվել անցնել իրենց տարածքը, սակայն Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հերքել է նման համագործակցությունը[7]։ Սիրիայի քրդերի առաջնորդ Սալիհ Մուսլիմը բացահայտել է այս գործողության համար սիրիացի քրդերի և թուրքական ուժերի սերտ համագործակցությունն՝ Անկարայում (Թուրքիա) բարձր մակարդակի դրական պլանավորման և օպերացիայի մոնիտորինգի միջոցով[20]։ Գործողությունն անցել է հարթ, և սիրիացի քրդերի համակարգողները լքել են Անկարան[20]։ Թուրքական այս տարհանումից հետո, որը կոչվում է «Շահ Եփրատ» օպերացիան, Ալ Ջազիրան ենթադրեց, որ տարածքը «ամենայն հավանականությամբ» գտնվում է ԻԼԻՊ-ի ամբողջական վերահսկողության տակ[7]։
Այդ ժամանակից ի վեր դամբարանը գտնվում է Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքում՝ թուրքական սահմանից 180 մետր հեռավորության վրա[1], սիրիական Աշմե գյուղից անմիջապես հյուսիս[21]։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ տեղափոխումը միայն ժամանակավոր միջոց է[22] և դա չի նշանակում դամբարանի կարգավիճակի որևէ փոփոխություն[3][4]։ Սիրիական կառավարությունը հայտարարել է, որ հարձակումը «կոպիտ ագրեսիա» է, և որ Անկարան պատասխանատվություն է կրելու դրա հետևանքների համար[23]։
2018 թվականի ապրիլի 2-ին Թուրքիայի փոխվարչապետ Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ դամբարանը կտեղափոխվի իր սկզբնական վայրը Հյուսիսային Սիրիայում[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.