From Wikipedia, the free encyclopedia
Սլովակիայի հանրապետություն (սլովակ.՝ Slovenská republika) կամ պատմական գրականության մեջ նաև` Սլովակիայի առաջին հանրապետություն (սլովակ.՝ prvá Slovenská republika), պետություն, որ գոյություն է ունեցել 1939-1945 թվականներին ժամանակակից Սլովակիայի տարածքում (բացառությամբ` հարավային ու արևելյան շրջանների, որոնք, համաձայն Վիեննայի առաջին արբիտրաժի, Սլովակա-հունգարական պատերազմի արդյունքում անցել են Հունգարիային), Նացիստական Գերմանիայի հաճախորդ պետություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Սլովակիայի անկախությունը ճանաչել են միայն Առանցքի ուժերը և հարևան չեզոք երկրները, մինչև 1941 թվականը` նաև ԽՍՀՄ-ը։
| ||||
| ||||
Նշանաբան՝ | ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Բրատիսլավա | |||
Ազգություն | սլովակներ | |||
Կրոն | կաթոլիկություն | |||
Հիմն | «Հե՜յ, սլովակներ» | |||
Արժույթ | սլովակյան կրոնա | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | միակուսակցական խորհրդարանական երկիր | |||
Պետության գլուխ | նախագահ |
«Սլովակյան Հլինկովյան կուսակցությունը» (սլովակ.՝ Hlinkova slovenská ľudová strana, HSĽS) համագործակցում էր Հիտլերի հետ մինչև Չեխոսլովակիայի անկումը` նպատակ ունենալով Սլովակիան դուրս բերել Չեխոսլովակիայի կազմից, այդ պատճառով գերմանացիները կուսակցությանը իրենց դաշնակիցն էին համարում։
1939 թվականի մարտի 9-ին չեխոսլովակյան բանակի որոշ մասեր, որ հավատարիմ էին Պրահայի կառավարությանը, զբաղեցնում են Սլովակիայի տարածքը` Սլովակիայի հանրապետության նախագահ Յոզեֆ Տիսոյին հեռացնելով իշխանությունից։ 1939 թվականի մարտի 14-ին Սլովակիայի խորհրդարանը հռչակել է Սլովակիայի հանրապետության անկախությունը, իսկ գեմանական զորքերը օկուպացրել են Չեխիան։ Մարտի 18-ին պետական ու քաղաքական գործիչ Վոյտեխ Տուկան սլովակյան ազգայնականների առաջնորդ Ֆերդինանդ Դյուրչանսկու հետ ստորագրել է Գերմանիայի ու Սլովակիայի հանրապետության հարաբերությունների մասին պայմանագիրը։ Երեք օր անց Սլովակիան հարձակման է ենթարկվել հունգարական զորքերի կողմից։ Բախումն ավարտվել է Հունգարիայի տակտիկական հաղթանակով և Սլովակիայի տարածքների մի մասը Հունգարիային հանձնումով (ծայր արևելյան մի հատված Ստաչկինի գծով` Սոբրանցե)։
«Սլովակյան Հլինկովյան կուսակցության» չափավոր առաջնորդ Յոզեֆ Տիսոն դարձել է Սլովակիայի նախագահը, իսկ որպես հակակշիռ Գերմանիայի պնդումով վարչապետի ու ներքին գործերի նախարարների պաշտոնները զբաղեցրել են կուսակցության արմատական թևի առաջնորդները` Վոյտեխ Տուկան ու Ալեքսանդր Մախը։
Սլովակիայի հանրապետությունը դիվանագիտորեն ճանաչվել է Գերմանիայի, նրա դաշնակից մի շարք պետությունների ու չեզոք մի քանի երկրների կողմից` Իտալիա, Ճապոնիա, Խորվաթիա, Իսպանիա, ԽՍՀՄ (մինչև 1941 թվականը), Լիտվա, Էստոնիա, Շվեյցարիա, Սալվադոր և Վատիկան։
1939 թվականի սեպտեմբերի 1-ին` առավոտյան ժամը հինգին, սլովակյան «Բերնոլակ» բանակը Ֆերդինանդ Չատլոշի ղեկավարությամբ անցել է սահմանը և ռազմական գործողություններ սկսել Լեհաստանի երկրորդ հանրապետության զորքերի դեմ։ Արդյունքում Սլովակիան վերադարձրել է տարածքներ, որոնք կորցրել էր 1920-ական և 1938 թվականներին։ Հոկտեմբերի 7-ին հայտարարվել է «Բերնոլակի» դեմոբիլիզացման մասին։
Երկու տարի անց կազմավորվել է Սլովակիայի էքսպեդիցիոն կորպուսը, որը հետագայում պատերազմի ժամանակ ուղարկվել է ԽՍՀՄ։ Հետագայում այն վերակազմավորվել է Պահպանական երկրորդ, ապա` Արագ դիվիզիայի, որի մի մասը (մոտ 2.000 սլովակ զինվոր) 1943 թվականի հոկտեմբերի 30-ին Մելիտոպոլի մոտ անցել է խորհրդային կողմը։ 1943 թվականին Պահպանական երկրորդ դիվիզիայի մի քանի ստորաբաժանումներ 1943 թվականի աշնանը Մինսկի շրջանում զենքով անցել են պարտիզանների կողմը և կռվել գերմանացիների դեմ։
1941 թվականի աշնանը սլովակա-հունգարական հարաբերությունները կարգավորվել են Գերմանիայի ճնշմամբ։ Բեռլինում սլովակյան ու հունգարական կառավարությունների ղեկավարների` Վոյտեխ Տուկայի ու Լասլո Բարդոշիի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել գրանցելու սլովակյան ու հունգարական փոքրամասնությունների` նախկինում արգելված քաղաքական ու մշակութային կազմակերպությունները։
1942 թվականի մայիսի 15-ին Յոզեֆ Տիսոն հրաման է ստորագրել հրեաներին արևելք` մահվան ճամբարներ, վտարելու մասին:Այս օրենքը գործել է կես տարի։ 1942 թվականին Սլովակիայից արտաքսվել է 57.628 հրեա, որոնցից որոշ տվյալներով կենդանի են մնացել միայն 280-800 մարդ։
1943 թվականի հունիսին Վատիկանում իր դեսպան Կարոլ Սիդորի միջոցով Սլովակիայի կառավարությունը հուշագիր է ուղղել ԱՄՆ-ին, որոով հաստատել է, որ Սլովակիան նախկինում ստիպված է եղել հետևելու Բեռլինից եկող հրամաններին, սակայն, դրանով հանդերձ, հույս ունի պահելու իր անկախությունը պատերազմից հետո հնարավոր է չեխերի ու լեհերի հետ դաշնության շրջանակներում։
1944 թվականին, Սլովակիայի սահմաններին կարմիր բանակի մոտեցումով պայմանավորված, երկրում ստեղծվել է արևելասլովակյան բանակը։ Օգոստոսի 29-ին երկրում ապստամբություն է սկսվել նացիստական կառավարության դեմ, ինչի հետ կապված` երկիր են մտել Վերմախտի ուժերը։ Նրանց հաջողվել է զինաթափել արևելասլովակյան բանակի ուժերի մի մասը, սակայն մոտ երկու հազար զինծառայող անցել է ապստամբների կողմը։ Սկզբում գերմանացիներն այս շրջանում ունեին 40.000 զինվոր, սակայն ապստամբների բանակի աճի հետ ավելացրել են նաև իրենց բանակի զինվորների թիվը` հասցնելով 83.000-ի։ Հոկտեմբերի 28-ին ապստամբությունը ճնշվել է, սակայն մոտ 20.000 սլովակ անցել է կարմիր բանակի կողմը։ 1944 թվականի վերջերին Սլովակիան գրեթե ամբողջությամբ (բացառությամբ սահմանամերձ մի քանի շրջանների) անցել է Գերմանիայի տիրապետության տակ` գործնականում զրկվելով ինքնուրույնությունից։
1944 թվականի սեպտեմբերի 21-ին կարմիր բանակը Մեդզիլաբորցեի շրջանում անցել է Սլովակիայի սահմանը։ 1945 թվականի ապրիլի 4-ին ազատագրվել է Բրատիսլավան. Սլովակիայի առաջին հանրապետությունը ընկել է, և Սլովակիան կրկին դարձել է Չեխոսլովակիայի մի մասը։ 1945 թվականի մայիսի 8-ին Սլովակիայի առաջին հանրապետության վերջին վարչապետ Շտեֆան Տիսոն Կրեմսմյուստերի աբբայությունում ստորագրել է Սլովակիայի հանրապետության կապիտուլյացիայի ակտը։ 1947 թվականի նոյեմբերին Բրատիսլավայի ժողովրդական դատարանը Շտեֆան Տիսոյին ենթարկել է 30 տարվա ազատազրկման։ Նա չի ապրել մինչև իր պատժի վերջը և 1959 թվականի մարտի 28-ին մահացել է բանտում[1]։
1945 թվականի ապրիլին Յոզեֆ Տիսոն փախել է Բավարիա, որտեղ 1945 թվականի հունիսի 6-ին բռնվել է ամերիկյան բանակի կողմից և արտահանձնվել Չեխոսլովակիային։ Հենց այնտեղ էլ 1947 թվականի ապրիլի 18-ին կախվել է պետական դավաճանության մեղադրանքով։ Նրա հետ փախել է նաև նախկին արմատական վարչապետ Վոյտեխ Տուկան, սակայն նրան նույնպես բռնել են և հանձնել չեխոսլովակյան իշխանություններին։ Բրատիսլավայի ժողովրդական դատարանը Տուկային դատապարտել է մահապատժի, սակայն նա մահացել է բանտում մինչև դատավճռի իրագործումը։
Երկրի տարածքը բաժանվել է ժուպաների (Župa).
Երկրի օրենսդիր մարմինը եղել է Սլովակյան երկրի Սեյմը (Snem Slovenskej krajiny), երկրի ղեկավարը` նախագահը (Prezident), գործադիր մարմինը` կառավարությունը (vláda), որ բաղկացած է եղել կառավարության նախագահից (predseda vlády) ու նախարարներից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.