![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Sirius.jpg/640px-Sirius.jpg&w=640&q=50)
Սիրիուս
From Wikipedia, the free encyclopedia
Սիրիուս (լատին․՝ Sirius)ˌ ինչպես նաև α-Մեծ շան (լատին․՝ Canis Majoris), գիշերային երկնքի ամենապայծառ աստղը։ Թեև նրա լուսատվությունը 25 անգամ գերազանցում է Արևի լուսատվությանը, այնուամենայնիվ, աստղերի աշխարհում ռեկորդ չի համարվում։ Սիրիուսի բարձր տեսանելի պայծառությունը պայմանավորված է նրա հարաբերական մոտիկությամբ։ Սիրիուսին կարելի է տեսնել Երկրի ցանկացած շրջանից, բացառությամբ ծայր հյուսիսային շրջաններից։ Սիրիուսը Արեգակնային համակարգից հեռու է 8․6 լուսային տարի և համարվում է մեզ ամենամոտ աստղերից մեկը։ Այն հանդիսանում է A1 սպեկտրալ դասի հիմնական հաջորդականության աստղ։
![]() | |||
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | կրկնակի աստղ և նավիգացիոն աստղ | ||
Մասն է | Ձմեռային վեցանկյուն և Winter Triangle? | ||
Կազմված է | Sirius A?[1] և Sirius B?[1][2] | ||
Հեռավորություն | 8,6 ± 0,04 լուսային տարի | ||
Տեսանելի աստղային մեծություն | −1,46[3] (V) | ||
Համաստեղություն | Մեծ Շուն | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | −5,5 ± 0,4 km/s[4] | ||
Պարալաքս | 379,21 ± 1,58 մավ[5][6] | ||
Բացարձակ աստղային մեծություն | 11,8 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | A1Vm/DA2 և A1V+DA[7] | ||
Գույնի ցուցանիշ | 0 | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Շառավիղ | 1,711 արևային շառավիղ | ||
Լուսավորություն | 25,4 արեգակնային լուսատվություն | ||
Պտույտ | 16,7 ± 0,4 km/s[8] | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
1844 թվականին Ֆրիդրիխ Բեսելը ենթադրեց, որ Սիրիուսը կրկնակի աստղ է։ 1862 թվականին Ալվան Քլարկը հայտնաբերել է ուղեկից աստղ, որն ստացել է Սիրիուս B անվանումը (այստեղ լատինատառ B, քանի որ աստղերի բաղադրիչները կոչվում են մեծատառ լատիներեն տառերով)։ Տեսանելի աստղը երբեմն կոչում են Սիրիուս A։ Երկու աստղերը պտտվում են ընդհանուր զանգվածների կենտրոնի շուրջ՝ 20 աստղագիտական միավոր հեռավորությամբ, որը կազմում է մոտ 50 տարի։ 1915 թվականին Մաունթ Վիլսոնի աստղադիտարանի աստղագետները բացահայտեցին, որ Սիրիուս B֊ն սպիտակ թզուկ է (սա առաջին հայտնաբերված սպիտակ թզուկն է)։ Հետաքրքիրն այն է, որ սրանից կարելի է հետևություն անել, որ անցյալում Սիրիուս B֊ն պետք է շատ ավելի մեծ լիներ, քան Սիրիուս A֊ն, քանի որ էվոլյուցիայի գործընթացում այն արդեն հեռացել էր հիմնական հաջորդականությունից։
Սիրիուսի համակարգի տարիքը, ըստ ժամանակակից ուսումնասիրությունների, կազմում է մոտ 230 մլն տարի (գնահատումները տարբերվում են 200֊ից մինչև 300 միլիոն տարի)։ Սկզբում Սիրիուսի համակարգը բաղկացած է եղել B դասի երկու սպիտակ֊կապտավուն աստղերից․ մեկ բաղադրիչի զանգվածը (Սիրիուս B) 5 արեգակնային զանգված էր, երկրորդինը (Սիրիուս A)՝ 2 արեգակնային զանգված։ Այնուհետև, շուրջ 120 միլիոն տարի առաջ, ավելի մեծ զանգվածով Սիրիուս B֊ն այրվեց և դարձավ կարմիր հսկա, իսկ հետո գցեց արտաքին շերտը և վերածվեց ներկայիս սպիտակ թզուկ վիճակի[9]։ Սիրիուս B֊ի զանգվածը կազմում է արևի 1.02 զանգվածը, այն ամենածանր հայտնի սպիտակ թզուկներից է (տիպիկ սպիտակ թզուկների զանգվածը 0.5֊0.6 ☉ արևային զանգված է)։