![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b4/Joseph_Fiennes_%252843622434151%2529.jpg/640px-Joseph_Fiennes_%252843622434151%2529.jpg&w=640&q=50)
Սիրահարված Շեքսպիրը
From Wikipedia, the free encyclopedia
Սիրահարված Շեքսպիրը ( անգլ.՝ Shakespeare in Love), անգլոամերիկյան արտադրության ֆիլմ՝ նկարահանված 1998 թվականին Անգլիայում[14] Miramax Films և Universal Pictures կինոընկերությունների կողմից, Մարկ Նորմանի և Թոմ Սթոփփարդի սցենարի հիման վրա, Ջոզեֆ Ֆայնսի և Գվինեթ Փելթրոուի գլխավոր դերակատարմամբ։ Ֆիլմի ռեժիսորն է Ջոն Մադենը, պրոդյուսերները՝ Հարվի Վանշթեյնը, Դոննա Ջիլոթթին, Մարկ Նորմանը, Դեյվիդ Փարֆիթը և Էդուարդ Ցվիքը։ Ֆիլմն առաջին անգամ էկրանին ցուցադրվել է 1998 թ. դեկտեմբերի 11-ին։
Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած են երիտասարդ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի (Ջոզեֆ Ֆայնս) և Վիոլա դը Լեսսեպսի(Գվինեթ Փելթրոու) սիրային, ռոմանտիկ հարաբերություններն այն ժամանակ, երբ դրամատուրգը գրում էր իր ամենահայտնի սոնետներից մեկը՝ Ռոմեո և Ջուլիետը։ Ֆիլմում թույլ են տրված իրադարձությունների, ժամանակային և կերպարային շեղումներ։ Որոշ կերպարներ իրական են, որոշ կերպարներ և իրադարձություններ էլ վերցված են Շեքսպիրի մյուս հայտնի ստեղծագործություններից[15]։
Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում, մասնակցել է մեծ թվով կինոփառատոնների և բազմաթիվ մրցանակների է արժանացել որպես լավագույն ֆիլմ և այլ անվանակարգերում[16]։ Ամերիկյան կինոակադեմիայի 71-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը առաջադրվել է միանգամից տասներեք անվանակարգում, որից յոթում Օսկար մրցանակի է արժանացել այդ թվում նաև տարվա լավագույն ֆիլմ[17]։ Բրիտանական կինոակադեմիայի BAFTA 52-րդ մրցանակաբաշխությանը առաջադրվել է տասնչորս և շահել է չորս անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, երկրորդ պլանի լավագույն դերասան և լավագույն մոնտաժ[18]։ Ոսկե Գլոբուսի կողմից վեց անվանակարգերում առաջադրված լինելով՝ արժանացել է երեք Ոսկե Գլոբուսի[19]։ ինչպես նաև Բեռլինյան միջազգային կինոփառատոնում մեկ Արծաթե արջ մրցանակի։ Ընդհանուր թվով վաթսունինը մրցանակ է շահել։