From Wikipedia, the free encyclopedia
Սյուժե (ֆր.՝ sujet — առարկա), օգտագործվում է նաև դիպաշար[1] բառը։
1․ գրականության մեջ գործողությունների զարգացումը, իրադարձությունների ընթացքը պատմական, դրամատիկ և քնարավիպերգական երկերում։ «Սյուժե» բառը գրականության հետ կապված առաջին անգամ օգտագործել են XVII դ․ կլասիցիստներ Պ․ Կոռնելը և Ն․ Բուալոն՝ նկատի ունենալով, ինչպես Արիստոտելը, հին աշխարհի առասպելական հերոսների (օրինակ, Անտիգոնեի ու Կրեոնտի կամ Մեդեայի ու Յասոնի) կյանքի եղելությունները։ Սյուժեն (գլխավոր և երկրորդական սյուժետային գծերի հետ մեկտեղ) երկի բովանդակությունը մարմնավորող հիմնական միջոցներից մեկն է, որն արտացոլում է տվյալ պատմական ժամանակաշրջանը, ազգային ու սոցիալական հանգամանքները, գրողի հուզական-գաղափարական վերաբերմունքը կյանքի բնութագրական կողմերի և իրականության նկատմամբ։
Սյուժեի միջոցով է դրսևորվում կերպարների, նրանց բնավորության ու ներքին էության զարգացման պատմությունը։ Իր ողջ անկրկնելիությամբ և ինքնատիպությամբ սյուժեն ստեղծագործության ձևի (դրա հետ էլ՝ բուն ոճի) հիմնական կողմն է։ Սյուժեի զարգացման հիմքը կոնֆլիկտն է՝ հերոսների բախման միջոցով հասարակական հակադիր ուժերի պայքարի բացահայտումը։ Էպոսի պատմական զարգացման վաղ շրջանում նրա սյուժեն կառուցվել է դեպքերի համակցության ժամանակային, ժամանակագրական սկզբունքով։ Հետագայում եվրոպական էպոսում ի հայտ են եկել համակենտրոն սյուժեները՝ հիմնված միասնական կոնֆլիկտի վրա, որը հատկանշվում է իր հանգույցի, գագաթնակետի և հանգուցալուծման որոշակիությամբ։
2․ Կերպարվեստում՝ սյուժեն ստեղծագործությունում պատկերված որոշակի դեպքն է, իրավիճակը, որ հաճախ երևում է գործի անվան մեջ։ Ի տարբերություն թեմայի, սյուժեն ստեղծագործության գաղափարի կոնկրետ, մանրամասն և կերպարապատմողական բացահայտումն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.